Քրիստոսը դիմում է ժողովներին
«Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 2։1)։
1, 2. Ինչո՞ւ մենք պետք է հետաքրքրվենք, թե Քրիստոսն ինչ ասաց Փոքր Ասիայում գտնվող յոթ ժողովների։
ԵՀՈՎԱՅԻ միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, քրիստոնեական ժողովի Գլուխն է։ Քրիստոսը գործի է դնում իր գլխավորությունը, որպեսզի իր օծյալ հետևորդների ժողովն անարատ պահի, և նա դա անում է՝ նրանց գովելով և ուղղելով (Եփեսացիս 5։21–27)։ Դրա օրինակ է այն, ինչ որ գրված է «Յայտնութիւն» գրքի 2–րդ և 3–րդ գլուխներում, որտեղ կարող ենք կարդալ Հիսուսի ազդու և սիրով լի պատգամները՝ ուղղված Փոքր Ասիայում գտնվող յոթ ժողովների։
2 Նախքան Հիսուսի՝ յոթ ժողովներին ուղղված խոսքերը լսելը Հովհաննես առաքյալը պատիվ ունեցավ տեսնելու ‘Տիրոջ օրվա’ վերաբերյալ տեսիլքը (Յայտնութիւն 1։10, տե՛ս ԱՆԹ, ծան.)։ Այդ «օրը» սկսվեց այն ժամանակ, երբ 1914 թ.–ին հաստատվեց Մեսիական Թագավորությունը։ Ուստի այն, ինչ Քրիստոսն ասաց ժողովներին, շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար այս վերջին օրերում։ Նրա տված քաջալերանքը և խորհուրդները օգնում են մեզ հաղթահարել այս ‘չար ժամանակներում’ մեզ հանդիպող դժվարությունները (Բ Տիմոթէոս 3։1–5)։
3. Ի՞նչ են խորհրդանշում ‘աստղերը’, ‘հրեշտակները’ և ‘ոսկե ճրագակալները’, որ տեսել էր Հովհաննես առաքյալը։
3 Հովհաննեսը տեսավ փառավորված Հիսուս Քրիստոսին, որը «եօթն աստղերն իր աջ ձեռքումն [ունի]» և «եօթը ոսկի ճրագակալների [այսինքն՝ ժողովների] մէջ ման է գալիս»։ ‘Աստղերը’ «եօթը եկեղեցիների [ժողովների] հրեշտակներն են» (Յայտնութիւն 1։20; 2։1)։ Աստղերը երբեմն խորհրդանշում են հրեշտակներին՝ ոգեղեն արարածներին, սակայն Քրիստոսը մարդու միջոցով չէր փոխանցի ոգեղեն էակների համար նախատեսված պատգամներ։ Հետևաբար տրամաբանական է, որ այդ ‘աստղերը’ խորհրդանշեն ոգով օծված վերակացուներին և նրանցից կազմված երեցների խորհուրդներին։ «Հրեշտակներ» բառը կապված է նրանց դերի հետ՝ որպես պատգամավորների։ Քանի որ Աստծո կազմակերպությունը մեծացել է, «հաւատարիմ ու իմաստուն տնտեսը» որպես վերակացուներ է նշանակել սուրբգրային պահանջներին համապատասխանող մարդկանց, որոնք պատկանում են Հիսուսի «այլ ոչխարների» թվին (Ղուկաս 12։42–44; Յովհաննէս 10։16)։
4. Ինչպե՞ս են երեցները, ուշադրություն ընծայելով Հիսուսի՝ ժողովներին ուղղված խոսքերին, օգուտներ քաղում։
4 ‘Աստղերը’ գտնվում են Հիսուսի աջ ձեռքում՝ նրա զորության, ղեկավարության, բարեհաճության և պաշտպանության տակ։ Հետևաբար նրանք հաշվետու են նրան։ Մեր օրերում երեցները, ուշադրություն ընծայելով յոթ ժողովներից յուրաքանչյուրին ուղղված նրա խոսքերին, իմանում են, թե ինչպես կարելի է վարվել նման իրավիճակներում։ Անշուշտ, բոլոր քրիստոնյաներն էլ պետք է ականջ դնեն Աստծո Որդուն (Մարկոս 9։6)։ Եվ այսպես, ի՞նչ կարող ենք սովորել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հիսուսն ասում ժողովներին։
Եփեսոսի հրեշտակին
5. Ինչպիսի՞ քաղաք էր Եփեսոսը։
5 Հիսուսը Եփեսոսի ժողովին և՛ գովեց, և՛ հանդիմանեց (ընթերցեք Յայտնութիւն 2։1–7-ը)։ Փոքր Ասիայի արևմտյան ափին գտնվող այս հարուստ առևտրական և կրոնական կենտրոնում էր կառուցված Արտեմիս աստվածուհու հսկայական տաճարը։ Թեև Եփեսոսը լի էր անբարոյականությամբ, կեղծ կրոնով և մոգությամբ, Աստված օրհնեց Պողոս առաքյալի և այլոց ծառայությունն այս քաղաքում («Գործք առաքելոց», 19–րդ գլուխ)։
6. Ինչպե՞ս են այսօր քրիստոնյաները հավատարմություն պահում հին եփեսացի քրիստոնյաների պես։
6 Քրիստոսը գովեց Եփեսոսի ժողովին՝ ասելով. «Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն եւ գտար որ սուտ են»։ Այսօր նույնպես Հիսուսի ճշմարիտ հետևորդների ժողովները աչքի են ընկնում բարի գործերով, ջանասիրությամբ ու տոկունությամբ։ Նրանք չեն հանդուրժում կեղծ եղբայրներին, որոնք ցանկանում են դիտվել որպես առաքյալներ (Բ Կորնթացիս 11։13, 26)։ Ինչպես եփեսացիները, հավատարիմ քրիստոնյաներն այսօր ‘չարերին չեն կարողանում համբերել’։ Այդ իսկ պատճառով նրանք, ցանկանալով մաքուր պահել Եհովայի երկրպագությունը և պաշտպանել ժողովը, չեն շփվում անզեղջ հավատուրացների հետ (Գաղատացիս 2։4, 5; Բ Յովհաննէս 8–11)։
7, 8. Ի՞նչ լուրջ խնդիր կար Եփեսոսի ժողովում, և ինչպե՞ս կարող ենք վարվել նման դեպքում։
7 Սակայն եփեսացի քրիստոնյաները լուրջ խնդիր ունեին։ Հիսուսն ասաց. «Քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես»։ Ժողովի անդամները կարիք ունեին կրկին իրենց սրտում բորբոքելու իրենց առաջին սերը Եհովայի հանդեպ (Մարկոս 12։28–30; Եփեսացիս 2։4; 5։1, 2)։ Մենք նույնպես պետք է զգուշանանք Աստծո հանդեպ մեր առաջին սերը կորցնելուց (Գ Յովհաննէս 3)։ Բայց ի՞նչ կարող ենք անել, եթե հարստանալու ցանկությունը կամ հաճույքների ետևից ընկնելը սկսում է գլխավոր տեղ զբաղեցնել մեր կյանքում (Ա Տիմոթէոս 4։8; 6։9, 10)։ Մենք պետք է ջերմեռանդորեն աղոթենք Աստծուն, որ օգնի մեզ այդ հակումները փոխարինել խոր սիրով ու երախտագիտությամբ իր հանդեպ այն բոլոր բաների համար, որ նա ու իր Որդին արել են հանուն մեզ (Ա Յովհաննէս 4։10, 16)։
8 Քրիստոսը եփեսացիներին հորդորեց. «Յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա»։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրանք չանեին։ Հիսուսն ասաց. «Ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը»։ Եթե բոլոր «ոչխարները» կորցնեին իրենց առաջին սերը, ապա «ճրագակալը»՝ ժողովը, այլևս գոյություն չէր ունենա։ Լինելով եռանդուն քրիստոնյաներ՝ եկեք ամեն ինչ անենք, որ ժողովը, հոգևոր իմաստով, լույս արձակի (Մատթէոս 5։14–16)։
9. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք աղանդավորությանը։
9 Ի պատիվ իրենց՝ եփեսացիները «Նիկողայոսեանների գործերն» ատում էին։ «Յայտնութիւն» գրքում գրվածից բացի ուրիշ ոչինչ հայտնի չէ այդ աղանդի ծագման, ուսմունքների ու սովորությունների մասին։ Քանի որ Հիսուսը դատապարտեց մարդկանց հետևելը, մենք պետք է միշտ ատենք աղանդավորությունը ճիշտ այնպես, ինչպես եփեսացի քրիստոնյաները (Մատթէոս 23։10, ԱՆԹ)։
10. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր ականջ են դնում ոգու խոսքերին։
10 «Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»,— ասաց Հիսուսը։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը Աստծո սուրբ ոգով էր խոսում (Եսայիա 61։1; Ղուկաս 4։16–21)։ Ուստի մենք պետք է ականջ դնենք այն խոսքերին, որ այժմ Աստված նրա միջոցով ասում է սուրբ ոգու օգնությամբ։ Սուրբ ոգու առաջնորդությամբ Հիսուսը խոստացավ. «Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է»։ Օծյալների համար, որոնք հետևում են սուրբ ոգու խոսքերին, դա նշանակում է անմահություն «Աստուծոյ [երկնային] դրախտի մէջ», այսինքն՝ Եհովայի անմիջական ներկայությամբ։ «Մեծ բազմությունը», որը նույնպես ականջ է դնում ոգու ասածներին, կվայելի երկրային դրախտը, որտեղ նրա անդամները կխմեն ‘կյանքի ջրի գետից’ (Արևմտ. Աստ.) և կբժշկվեն այդ գետի ափերին աճող ծառերի տերևներով (Յայտնութիւն 7։9; 22։1, 2; Սաղմոս 37։29)։
11. Ինչպե՞ս կարող ենք նպաստել, որ մարդիկ սիրեն Եհովային։
11 Եփեսացիները կորցրել էին իրենց առաջին սերը։ Իսկ ի՞նչ, եթե նման բան է կատարվում այսօրվա ժողովում։ Թող որ յուրաքանչյուրս, խոսելով մարդկանց հետ Եհովայի՝ սիրով լի ճանապարհների մասին, իր ներդրումն ունենա այն բանում, որ նրանք սիրեն նրան։ Մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել այն սիրո համար, որ Աստված ցուցաբերել է՝ իր սիրելի Որդուն փրկանք տալով (Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 5։8)։ Երբ որ տեղին է, կարող ենք Աստծո սիրո մասին խոսել հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տալիս և ծրագրին մասնակցելիս։ Կարող ենք հենց մեր սերը Եհովայի հանդեպ դրսևորել՝ նրա անունը փառաբանելով քրիստոնեական ծառայության ժամանակ (Սաղմոս 145։10–13)։ Այո՛, մեր խոսքերով ու գործերով կարող ենք շատ բան անել կրկին բորբոքելու կամ էլ զորացնելու ժողովի առաջին սերը։
Զմյուռնիայի հրեշտակին
12. Ի՞նչ է պատմությունը փաստում Զմյուռնիա քաղաքի ու նրա կրոնական սովորությունների մասին։
12 Քրիստոսը՝ «Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր եւ կենդանացաւ» հարության միջոցով, գովեց Զմյուռնիայի ժողովին (ընթերցեք Յայտնութիւն 2։8–11-ը)։ Զմյուռնիան (այժմ՝ Իզմիր, Թուրքիա) կառուցվել էր Փոքր Ասիայի արևմտյան ափին. քաղաքում հույներն էին բնակվում։ Սակայն Մ.թ.ա. մոտ 580–ին լիդիացիները ավերեցին այն։ Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդները վերակառուցեցին Զմյուռնիան նոր տեղում։ Այն մտավ հռոմեական Ասիա պրովինցիայի մեջ ու դարձավ առևտրի բարգավաճող կենտրոն, որը հայտնի էր իր հասարակական շենքերով։ Այստեղ էր կառուցված Տիբերիոս կայսեր տաճարը, ինչով էլ այդ քաղաքը նաև կայսրի պաշտամունքի կենտրոն դարձավ։ Նրա երկրպագուները պետք է մի պտղունց խունկ ծխեին ու ասեին՝ «կայսրն է Տերը»։ Քրիստոնյաները չէին կարող այդպես վարվել, քանի որ նրանց համար «Հիսուն էր Տերը»։ Այդ պատճառով էլ նրանք հալածանքների էին ենթարկվում (Հռովմայեցիս 10։9)։
13. Թեև զմյուռնացի քրիստոնյաները աղքատ էին, ի՞նչ իմաստով էին նրանք հարուստ։
13 Բացի այն, որ զմյուռնացի քրիստոնյաները ‘նեղություններ’ էին կրում, նրանք նաև աղքատ էին, հավանաբար, տնտեսական սահմանափակումների պատճառով, որոնք նրանց նկատմամբ կիրառվում էին կայսրին չերկրպագելու համար։ Եհովայի ներկայիս ծառաները նույնպես ենթարկվում են այսպիսի փորձությունների (Յայտնութիւն 13։16, 17)։ Չնայած իրենց աղքատությանը՝ նրանք զմյուռնացի քրիստոնյաների նման հոգևորապես են հարուստ, իսկ կարևորը հենց սա է (Առակաց 10։22; Գ Յովհաննէս 2)։
14, 15. Ի՞նչ մխիթարություն կարող են օծյալները ստանալ Յայտնութիւն 2։10–ից։
14 Զմյուռնիայում ապրող հրեաների մեծ մասը «սատանայի ժողովք» էր, քանի որ հակասուրբգրային ավանդություններ էր պահում, մերժում էր Աստծո Որդուն և հայհոյում էր Հիսուսի՝ ոգուց ծնված հետևորդներին (Հռովմայեցիս 2։28, 29)։ Սակայն վերջիններիս համար որքա՜ն մխիթարական կարող են լինել Հիսուսի հետևյալ խոսքերը. «Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Յայտնութիւն 2։10)։
15 Հիսուսը չէր վախենում մեռնել հանուն Եհովայի գերիշխանության (Փիլիպպեցիս 2։5–8)։ Թեև Սատանան այժմ պատերազմ է մղում օծյալ մնացորդի անդամների դեմ, նրանք չեն վախենում այն տառապանքներից, որ իրենք՝ որպես խումբ, պետք է կրեն՝ հալածանք, բանտարկություն կամ բռնի մահ (Յայտնութիւն 12։17)։ Նրանք հաղթելու են աշխարհին։ Քրիստոսը հարություն առած օծյալներին խոստանում է ոչ թե մի այնպիսի ծաղկեպսակ, որը տրվում էր հեթանոսական խաղերում հաղթողներին և որը թառամում էր, այլ «կեանքի պսակը», որը նրանք կստանան՝ որպես երկնքում ապրող անմահ էակներ։ Ինչպիսի՜ անգին նվեր։
16. Եթե ծառայում ենք այնպիսի ժողովում, որը նման է Զմյուռնիայի ժողովին, ո՞ր հարցի վրա մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք։
16 Ի՞նչ կարող ենք անել, եթե մենք, անկախ այն բանից՝ մեր հույսը երկնային է թե երկրային, ծառայում ենք այնպիսի ժողովում, որը նման է Զմյուռնիայի ժողովին։ Նման դեպքում եկեք օգնենք մեր հավատակիցներին, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այն հիմնական պատճառի վրա, թե ինչու է Աստված թույլատրում հալածանքը. դա տիեզերական գերիշխանության հարցն է։ Ամեն մի Եհովայի վկա, անարատություն պահելով, ապացուցում է Սատանայի ստախոս լինելը, ինչպես նաև, որ մարդը նույնիսկ հալածանքի դեպքում կարող է անսասան մնալ ու ջատագովել Աստծո իրավունքը՝ լինելու որպես Տիեզերքի Գերիշխան (Առակաց 27։11)։ Եկեք քաջալերենք մեր հավատակիցներին, որ տոկան հալածանքին. արդյունքում՝ մենք ամեն ժամանակ «աներկիւղ [կ]պաշտենք [Եհովային] սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը», այո, հավիտյան (Ղուկաս 1։68, 69, 74, 75)։
Պերգամոնի հրեշտակին
17, 18. Պերգամոնն ինչպիսի՞ երկրպագության կենտրոն էր, և ի՞նչ կարող էր պատահել անհատին, եթե նա մերժեր մասնակցել այդպիսի երկրպագությանը։
17 Պերգամոնի ժողովը թե՛ գովասանք և թե՛ հանդիմանություն ստացավ (ընթերցեք Յայտնութիւն 2։12–17-ը)։ Պերգամոնը գտնվում էր Զմյուռնիայից 80 կիլոմետր հյուսիս։ Այս քաղաքի կրոնական մթնոլորտը լցված էր հեթանոսությամբ։ Քաղդեացի մոգերը (աստղագուշակները), ինչպես երևում է, Բաբելոնից փախել–եկել էին այստեղ։ Հիվանդները հավաքվում էին բժշկության չաստված Ասկլեպիոսի հանրահայտ տաճարում, որ գտնվում էր Պերգամոնում։ Այս քաղաքը, որտեղ կար տաճար՝ Օգոստոս կայսրին պաշտելու համար, կոչվել է «վաղ կայսրության ժամանակներում կայսերական պաշտամունքի գլխավոր կենտրոն» («Բրիտանական հանրագիտարան», 1959 թ., հատոր 17–րդ, էջ 507, անգլ.)։
18 Պերգամոնում էր գտնվում նաև մի զոհասեղան՝ նվիրված Զևսին։ Այս քաղաքը նաև մի վայր էր, որտեղ բնակիչները Սատանայի ներշնչմամբ աստվածացնում էին մարդկանց։ Զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց, թե այդ ժողովը բնակվում էր այնտեղ, որտեղ «սատանայի աթոռն» էր։ Այն անհատը, որը, մերժելով երկրպագել կայսրին, Եհովայի գերիշխանությունն էր պաշտպանում, կյանքն էր վտանգի տակ դնում։ Աշխարհը մինչև հիմա էլ Սատանայի իշխանության տակ է գտնվում, և ազգային խորհրդանիշները ներկայումս պաշտամունքի առարկա են դարձել (Ա Յովհաննէս 5։19)։ Առաջին դարից մինչև մեր օրերը բազմաթիվ հավատարիմ քրիստոնյաներ են նահատակվել այն քրիստոնյայի պես, որին Հիսուսն անվանեց «իմ Անտիպաս հաւատարիմ վկան[, որը] սպանուեցաւ ձեր մէջ»։ Եհովա Աստված ու Հիսուս Քրիստոսը անշուշտ հիշում են այսպիսի անձնվեր ծառաներին (Ա Յովհաննէս 5։21)։
19. Ի՞նչ արեց Բաղաամը, և ինչի՞ց պետք է բոլոր քրիստոնյաները զգուշանան։
19 Քրիստոսը նաև խոսեց ‘Բաղաամի վարդապետության’ մասին։ Նյութական հարստություն ձեռք բերելու մարմաջով լցված՝ կեղծ մարգարե Բաղաամը փորձեց անիծել Իսրայել ազգին։ Բայց Աստված նրա անեծքը փոխեց օրհնության։ Այդժամ Բաղաամը, մովաբացիների թագավոր Բաղակի հետ խորհրդակցելով, բազմաթիվ իսրայելացիների ներքաշեց կռապաշտության ու սեռական անբարոյականության մեջ։ Քրիստոնյա երեցները պետք է նույնքան հաստատակամ լինեն ժողովի անարատությունը պահպանելու հարցում, ինչպես Փենեհեսը, որը քայլեր ձեռք առավ ընդդեմ Բաղաամի խարդավանքների (Թուոց 22։1–25։15; Բ Պետրոս 2։15, 16; Յուդա 11)։ Անշուշտ, բոլոր քրիստոնյաներն էլ պետք է զգուշանան կռապաշտությունից ու ժողովի մեջ սեռական անբարոյականություն մտցնելուց (Յուդա 3, 4)։
20. Եթե քրիստոնյան սկսում է հավատուրաց մտքեր սնուցել իր մեջ, ի՞նչ պետք է նա անի։
20 Պերգամոնի ժողովին մեծ վտանգ էր սպառնում, քանի որ նա թույլ էր տվել, որ իր մեջ «Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ» լինեն։ Քրիստոսն այս ժողովին ասաց. «Ապաշխարհիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը»։ Աղանդավորականները ուզում են քրիստոնյաներին հոգևորապես վնասել. ովքեր վճռել են ժողովում բաժանումներ մտցնել, չեն ժառանգի Աստծո Թագավորությունը (Հռովմայեցիս 16։17, 18; Ա Կորնթացիս 1։10; Գաղատացիս 5։19–21)։ Ցանկացած քրիստոնյա, որը սկսում է հավատուրաց մտքեր սնուցել իր մեջ և ուզում է տարածել դրանք, պետք է հաշվի առնի Քրիստոսի նախազգուշացումը։ Վատ հետևանքներից խուսափելու համար նա պետք է զղջա ու հոգևոր օգնություն խնդրի ժողովի երեցներից (Յակոբոս 5։13–18)։ Շատ կարևոր է անհապաղ գործել, քանզի Հիսուսը արագորեն գալիս է դատաստան իրագործելու։
21, 22. Ովքե՞ր են ուտում «թագցրած մանանայից», և ի՞նչ է դա խորհրդանշում։
21 Հարկ չկա, որ հավատարիմ օծյալ քրիստոնյաներն ու նրանց անձնվեր ընկերները վախենան գալիք դատաստանից։ Օրհնություններ են սպասում բոլոր նրանց, ովքեր ականջ են դնում Հիսուսի խորհրդին, որը տրվում է Աստծո սուրբ ոգու առաջնորդությամբ։ Օրինակ՝ այն օծյալները, ովքեր հաղթում են աշխարհին, հրավեր կստանան ուտելու «թագցրած մանանայից», և նրանց կտրվի «սպիտակ խիճ», որի վրա «նոր անուն» է գրված։
22 Աստված իսրայելացիներին կերակրեց մանանայով, երբ նրանք 40 տարի գտնվում էին անապատում։ Այդ ‘հացից’ փոքր քանակությամբ պահվել էր ուխտի տապանակում՝ ոսկե սափորի մեջ. այսպիսով՝ այն թաքցված էր խորանի Սրբությունների Սրբությունում, որտեղ հրաշքով գոյություն ունեցող լույսը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը (Ելից 16։14, 15, 23, 26, 33; 26։34; Եբրայեցիս 9։3, 4)։ Ոչ ոք իրավունք չուներ ուտել այդ մանանայից։ Սակայն Հիսուսի օծյալ հետևորդները հարություն առնելիս ‘հագնում են անմահություն’, ինչը խորհրդանշվում է «թագցրած մանանայից» ուտելով (Ա Կորնթացիս 15։53–57)։
23. Ի՞նչ են նշանակում «սպիտակ խիճ» և «նոր անուն» արտահայտությունները։
23 Սև խիճը հռոմեական դատարանում նշանակում էր դատապարտություն, իսկ սպիտակ խիճը՝ արդարացում։ Այն, որ Հիսուսը «սպիտակ խիճ» է տալիս հաղթանակող օծյալ քրիստոնյաներին, ցույց է տալիս, որ նա նրանց համարում է անմեղ, մաքուր, անարատ։ Քանի որ հռոմեացիները խճաքարեր էին օգտագործում, որպեսզի թույլտվություն ունենային ներկա լինելու կարևոր իրադարձություններին, «սպիտակ խիճ» ստանալը կարող է նաև նշանակել, որ օծյալներին թույլատրվում է տեղ ունենալ երկնքում Գառան հարսանիքի ժամանակ (Յայտնութիւն 19։7–9)։ ‘Նոր անունը’ ակներևաբար նշանակում է Հիսուսի հետ լինելու պատիվն ունենալ՝ որպես երկնային Թագավորության ժառանգակիցներ։ Որքա՜ն է այս ամենը քաջալերում օծյալներին, ինչպես նաև Եհովայի ծառայության մեջ նրանց ընկերակիցներին, որոնք հույս են փայփայում ապրել դրախտային երկրի վրա։
24. Հավատուրացության առնչությամբ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենանք։
24 Խելացի կլինի հիշել, որ Պերգամոնի ժողովի հոգևոր բարեկեցությանը հավատուրացներն էին սպառնում։ Եթե նման բան է տեղի ունենում մեր ժողովում, ապա եկեք ամբողջությամբ մերժենք հավատուրացների գաղափարները ու ճշմարտության մեջ ‘գնանք’ (Յովհաննէս 8։32, 44; Գ Յովհաննէս 4)։ Քանի որ կեղծ ուսուցիչները կամ այն անհատները, ովքեր հակված են հավատուրացության, կարող են ապականել ողջ ժողովը, մենք պետք է անսասան լինենք հավատուրացության դեմ՝ երբեք թույլ չտալով նրանց, որ մեզ համոզեն չհնազանդվելու ճշմարտությանը (Գաղատացիս 5։7–12; Բ Յովհաննէս 8–11)։
25. Քրիստոսի՝ ո՞ր ժողովներին ուղղած պատգամները կքննարկվեն հաջորդ հոդվածում։
25 Մտածելու տեղիք տվող ինչպիսի՜ խոսքերով փառավորված Հիսուս Քրիստոսը գովեց ու խորհուրդներ տվեց Փոքր Ասիայի յոթ ժողովներից երեքին։ Սակայն նա սուրբ ոգու առաջնորդությամբ մնացած չորս ժողովներին էլ դեռ ասելու շատ բան ունի։ Նրա պատգամները՝ ուղղված Թյուատիրի, Սարդեսի, Ֆիլադելֆիայի և Լավոդիկեի ժողովներին, կքննարկվեն հաջորդ հոդվածում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ պետք է ուշադրություն ընծայենք Հիսուսի՝ ժողովներին ուղղած խոսքերին։
• Ինչպե՞ս կարող ենք օգնել ժողովին վերագտնելու առաջին սերը։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Զմյուռնիայի նյութապես աղքատ քրիստոնյաներն իրականում հարուստ էին։
• Խորհրդածելով Պերգամոնի ժողովի կացության մասին՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք հավատուրաց մտքերին։
[քարտեզ 10–րդ էջի վրա]
ՓՈՔՐ ԱՍԻԱ
Հունաստան
Զմյուռնիա
Եփեսոս
Պերգամոն
Թյուատիր
Սարդես
Ֆիլադելֆիա
Լավոդիկե
[նկար 12–րդ էջի վրա]
«Մեծ բազմությունը» կվայելի երկրային դրախտը
[նկարներ 13–րդ էջի վրա]
Քրիստոնյաները, թեև հալածվում են, հաղթում են աշխարհին