Երանի՜ ձեզ, Հայտնություն գիրքն ընթերցողներ
«Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ» (Յայտնութիւն 1։3)։
1. Ի՞նչ պայմաններում էր գտնվում Հովհաննես առաքյալը, երբ գրեց «Հայտնություն» գիրքը, և ի՞նչ նպատակով գրի առնվեցին այդ տեսիլքները։
«ԵՍ՝ ՅՈՎՀԱՆՆԷՍԸ.... եղայ այն կղզում, որ կոչւում է Պատմոս՝ Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար» (Յայտնութիւն 1։9)։ Այստեղ էր, որ Հովհաննես առաքյալը գրեց Ապոկալիպսիս կամ Հայտնություն գիրքը։ Ենթադրվում է, որ նա գերի էր տարվել Պատմոս կղզի Հռոմի կայսր Դոմետիանոսի իշխանության օրոք (մ.թ. 81—96 թթ.), որն ուժեղացրել էր կայսեր պաշտամունքը և, միաժամանակ, սկսել հալածանքը քրիստոնյաների դեմ։ Պատմոս կղզում եղած ժամանակ Հովհաննեսին մի շարք տեսիլքներ տրվեցին, որոնք նա գրի առավ։ Այդ տեսիլքները նա գրի առավ ոչ թե առաջին քրիստոնյաներին վախեցնելու, այլ նրանց ամրապնդելու, մխիթարելու և քաջություն ներշնչելու նպատակով՝ վրա հասած և գալիք փորձությունների պայմաններում (Գործք 28։22; Յայտնութիւն 1։4; 2։3, 9, 10, 13)։
2. Ինչո՞ւ են այն պայմանները, որոնցում գտնվում էին Հովհաննեսն ու իր հավատակիցները, հատկանշական նաև մեր օրերում ապրող քրիստոնյաների համար։
2 Պայմանները, որոնցում գրվել է Աստվածաշնչի այս գիրքը, հատկանշական են նաև մեր օրերում ապրող քրիստոնյաների համար։ Հովհաննեսը հալածվում էր, քանի որ վկայում էր Եհովա Աստծո և նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին։ Թե՛ նա, և թե՛ իր հավատակիցները ապրում էին թշնամական մթնոլորտում, որովհետև, թեպետ ջանում էին օրինակելի քաղաքացիներ լինել, բայց իրենց սկզբունքները թույլ չէին տալիս երկրպագություն մատուցել կայսրին (Ղուկաս 4։8)։ Այսօր էլ որոշ երկրներում ճշմարիտ քրիստոնյաները գտնվում են համանման իրավիճակներում, որտեղ կառավարությունն իրեն իրավունք է վերապահում սահմանելու, թե կրոնական հարցերում ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ։ Հետևաբար, որքա՜ն մխիթարական են հնչում Հայտնություն գրքի ներածական խոսքերը. «Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ. որովհետեւ մօտ է ժամանակը» (Յայտնութիւն 1։3)։ Այո՛, Հայտնություն գիրքն ուշադրությամբ կարդացող և այս խոսքերին հնազանդվող մարդիկ կարող են իսկապես երջանկություն գտնել և բազում օրհնություններ ստանալ։
3. Ո՞վ է Հովհաննես առաքյալին տրված Հայտնության Աղբյուրը։
3 Իսկ ո՞վ է Հայտնության գլխավոր Աղբյուրը, և ինչպե՞ս է Հայտնությունը փոխանցվել։ Բացման խոսքերում կարդում ենք. «Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստուած ցոյց տուեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով. եւ իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառայ Յովհաննէսին» (Յայտնութիւն 1։1)։ Պարզ ասած, Հայտնության հիմնական Աղբյուրը Եհովա Աստվածն է, որն այն տվեց Հիսուսին, իսկ վերջինս հրեշտակի միջոցով հաղորդեց Հովհաննեսին։ Գրքի հետագա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժողովներին պատգամներ փոխանցելու և Հովհաննեսին տեսիլքներ տալու համար Հիսուսը օգտագործեց նաև սուրբ հոգին (Յայտնութիւն 2։7, 11, 17, 29; 3։6, 13, 22; 4։2; 17։3; 21։10 համեմատիր Գործք 2։33)։
4. Եհովան դեռևս ի՞նչ միջոցներ է երկրի վրա օգտագործում իր ժողովրդին առաջնորդելու համար։
4 Եհովան հիմա էլ երկրի վրա գտնվող իր ծառաներին ուսուցանում է իր Որդու՝ «եկեղեցու գլխի» միջոցով (Եփեսացիս 5։23, ԱԹ; Եսայիա 54։13; Յովհաննէս 6։45)։ Իր ժողովրդին Եհովան սովորեցնում է նաև իր սուրբ հոգու միջոցով (Յովհաննէս 15։26; Ա Կորնթացիս 2։10)։ Եվ ինչպես Հիսուսը առաջին դարի ժողովներին հոգևոր սնունդ մատակարարեց «իր ծառայ Յովհաննէսի» միջոցով, այնպես էլ այսօր նա օգտագործում է երկրի վրա գտնվող իր օծյալ «եղբայրներից» բաղկացած «հաւատարիմ եւ իմաստուն ծառային», որպեսզի վերջինս «կերակուր տա ժամանակին» իր տան մնացած անդամներին ու նրանց կողմնակիցներին (Մատթէոս 24։45—47, ԱԹ; 25։40)։ Երջանիկ են նրանք, ովքեր ճանաչում են հոգևոր սննդի տեսքով ստացած «բարի շնորհների» Աղբյուրին և ընդունում նրա կողմից հայթայթված միջոցները (Յակոբոս 1։17)։
Հիսուսի առաջնորդած ժողովները
5. ա) Քրիստոնեական ժողովներն ու նրանց վերակացուներն ինչպե՞ս են խորհրդանշված։ բ) Չնայած մարդկային անկատարությանը՝ ինչի՞ գիտակցումը կարող է նպաստել մեր ուրախությանը։
5 Հայտնություն գրքի առաջին գլուխներում քրիստոնեական ժողովները համեմատվում են ճրագակալների (կամ աշտանակների) հետ, իսկ վերակացուները՝ հրեշտակների (պատգամաբերների) և երկնքի աստղերի հետ (Յայտնութիւն 1։20)։a Քրիստոսը դիմում է Հովհաննեսին, որպեսզի գրի առնի իր մասին հետևյալը. «Այսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է եօթը ոսկէ աշտանակների միջեւ» (Յայտնութիւն 2։1)։ Ասիայի յոթ ժողովներին ուղղված յոթ պատգամներն ընթերցելով՝ կարելի է եզրակացնել, որ մ.թ. առաջին դարի ժողովների անդամները, այդ թվում նաև երեցները, ունեին իրենց ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը։ Պարագան նույնն է և մեր օրերում։ Հետեվաբար, մեր ուրախությունը կկրկնապատկվի, եթե միշտ մեր հիշողության մեջ պահենք այն իրողությունը, որ Քրիստոսը՝ մեր Գլուխը, շրջում է ժողովներում։ Նրան ստույգ հայտնի է, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Այլ կերպ ասած՝ վերակացուները գտնվում են նրա «աջ ձեռքում», այսինքն՝ իր հսկողության ու առաջնորդության ներքո և հաշիվ պետք է տան, թե ժողովներում ինչպես են կատարում իրենց հովվական պարտականությունը (Գործք 20։28; Եբրայեցիս 13։17)։
6. Ի՞նչն է ցույց տալիս, որ միայն վերակացուները չեն, որ պատասխանատու են Քրիստոսի առջև։
6 Այնուհանդերձ, ինքներս մեզ խաբած կլինենք, եթե մտածենք, թե միայն վերակացուներն են Քրիստոսի առջև պատասխանատու իրենց կատարած գործերի համար։ Իր տված պատգամներից մեկում Քրիստոսն ասաց. «Բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ե՛ս եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը եւ հատուցելու եմ ձեզ՝ իւրաքանչիւրիդ ըստ իր գործերի» (Յայտնութիւն 2։23)։ Այս խոսքը կարելի է ընդունել որպես զգուշացում, միաժամանակ, նաև, քաջալերություն. զգուշացում, քանզի Քրիստոսը գիտի մեր թաքնված մղումները, և քաջալերություն, քանի որ նա վստահեցնում է, որ տեղյակ է մեր թափած ջանքերի մասին ու, անկասկած, կօրհնի մեզ, եթե մեր ձեռքից եկածն անենք (Մարկոս 14։6—9; Ղուկաս 21։3, 4)։
7. Հին Ֆիլադելֆիա քաղաքի քրիստոնյաներն ինչպե՞ս էին ‘պահել Հիսուսի համբերության խոսքը’։
7 Քրիստոսի պատգամը՝ ուղղված հին Լիդիայի Ֆիլադելֆիա քաղաքի ժողովին, իրենից ներկայացնում է ոչ թե հանդիմանություն, այլ՝ խոստում, որը ծայրաստիճան պետք է հետաքրքրի մեզ։ «Քանի որ պահեցիր իմ համբերութեան խօսքը, ես էլ քե՛զ պիտի պահեմ քո փորձութեան ժամին, որ պիտի գայ ամբողջ տիեզերքի վրայ՝ փորձութեան ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին» (Յայտնութիւն 3։10)։ «Պահեցիր իմ համբերութեան խօսքը» թարգմանված հունարեն արտահայտությունը կարող է նշանակել նաև «պահեցիր համբերության մասին իմ ասածները»։ 8–րդ համարը ցույց է տալիս, որ Ֆիլադելֆիայի քրիստոնյաները ոչ միայն հնազանդվել էին Քրիստոսի տված պատվիրաններին, այլև հետևել հավատարմորեն համբերելու նրա խորհրդին (Մատթէոս 10։22; Ղուկաս 21։19)։
8. ա) Հիսուսն ի՞նչ խոստացավ հին Ֆիլադելֆիա քաղաքի քրիստոնյաներին։ բ) Մեր օրերում ո՞ւմ է վերաբերում «փորձութեան ժամը» արտահայտությունը։
8 Հիսուսն ավելացրեց, որ ինքը կպահպանի նրանց «փորձութեան ժամին»։ Մենք չգիտենք, թե այն ժամանակվա քրիստոնյաների հատկապես ո՛ր փորձությանն էին մատնանշում այս խոսքերը։ Ու թեպետ մ.թ. 96–ին Դոմետիանոս կայսեր մահից հետո հալածանքը կարճատև դադար էր առել, սակայն Տրայանոս կայսեր (մ.թ. 98—117 թթ.) օրոք հալածանքի մի նոր ալիք բարձրացավ, որն, անկասկած, իր հետ կրկնակի փորձություններ բերեց։ Սակայն, հիմնական «փորձութեան ժամը» գալու էր «Տիրոջ օրում»՝ մեր ապրած «վերջի ժամանակում» (Յայտնութիւն 1։10, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ., տողատակի ծանոթ.; Դանիէլ 12։4)։ Սուրբ հոգով օծված քրիստոնյաները բացառիկ փորձությունների մի ժամանակաշրջանի միջով անցան հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և նրանից անմիջապես հետո։ Այնուհանդերձ, «փորձութեան ժամը» դեռ ընթացքի մեջ է։ Այն շարունակում է իր ազդեցությունը թողնել «այս աշխարհքի վերայ» (ԱԹ), այդ թվում նաև մեծ բազմությունը կազմող միլիոնավոր մարդկանց, ովքեր հույս ունեն վերապրելու մեծ նեղությունից (Յայտնութիւն 3։10; 7։9, 14)։ Երջանիկ կլինենք, եթե պահենք ‘համբերության մասին Հիսուսի ասածը’. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։
Ուրախ են հնազանդվելու Եհովայի գերիշխանությանը
9, 10. ա) Եհովայի գահի տեսիլքն ինչպե՞ս պիտի ազդի մեզ վրա։ բ) Հայտնություն գրքի ընթերցանությունը ինչպե՞ս կարող է նպաստել մեր երջանկությանը։
9 Հայտնության 4–րդ և 5–րդ գլուխներում նկարագրված Եհովայի գահի և նրա երկնային արքունիքի տեսիլքը մեզ ակնածանքի զգացումով պիտի լցնի։ Խորապես տպավորիչ են երկնային հզոր արարածների՝ Եհովային ուղղված սրտաբուխ գովասանությունները նրա արդար գերիշխանությանն ուրախությամբ հնազանդվելիս (Յայտնութիւն 4։8—11)։ Եկեք մեր ձայներն էլ միացնենք այն անհատների ձայներին, ովքեր բացականչում են. «Նա, որ նստած է աթոռի վրայ, ինչպէս եւ Գառը, թող օրհնեալ, բարձրացեալ եւ փառաւորեալ լինի յաւիտեանս յաւիտենից» (Յայտնութիւն 5։13)։
10 Սա գործնականում նշանակում է ուրախությամբ հնազանդվել Եհովայի կամքին բոլոր հարցերում։ Պողոս առաքյալը գրեց. «Ինչ որ անէք խօսքով եւ գործով, բոլորն արէք Տէր Յիսուսի անունով. գոհութիւն մատուցեցէք նրանով Աստծուն եւ Հօրը» (Կողոսացիս 3։17)։ Հայտնություն գրքի ընթերցանությունը մեզ իսկապես երջանկություն կբերի, եթե մտքով ու սրտանց ընդունենք Եհովայի գերիշխանությունը և մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում հաշվի առնենք իր կամքը։
11, 12. ա) Սատանայի համաշխարհային համակարգը ինչպե՞ս է ցնցվելու և ոչնչանալու։ բ) Ո՞վ ‘կկարողանա կանգնել’՝ համաձայն Հայտնության 7–րդ գլխի։
11 Եհովայի գերիշխանությանն ուրախությամբ հնազանդվելն ընկած է անձնական և ընդհանրապես մարդու երջանկության հիմքում։ Շուտով մի «մեծ երկրաշարժ» ցնցելու է Սատանայի համաշխարհային համակարգի հիմքերը և մեկընդմիշտ ոչնչացնելու է այն։ Նրանց համար, ովքեր մերժում են հնազանդվել Քրիստոսի երկնային Թագավորությանը՝ Աստծո օրինական գերիշխանությունը ներկայացնող կառավարությանը, ապաստարանի տեղ չի լինելու։ Մարգարեության մեջ կարդում ենք. «Երկրի թագաւորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զօրավորները եւ ամեն ծառայ եւ ամեն ազատ թաքցրին իրանց անձերը այրերի եւ սարերի ժայռերի մէջ, եւ ասում էին սարերին եւ ժայռերին. Վայր ընկէք մեզ վերայ, եւ ծածկեցէ՛ք մեզ աթոռի վերայ նստողի երեսիցը, եւ Գառի բարկութիւնիցը. որ նրա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել» (Յայտնութիւն 6։12, 15—17, ԱԹ)։
12 Այդ հարցին պատասխանում է հաջորդ գլուխը, որտեղ ներկայացվում են մեծ նեղությունից եկած «շատ ժողովուրդ» կազմող մարդիկ՝ «կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին», ինչպես նկարագրում է Հովհաննես առաքյալը (Յայտնութիւն 7։9, 14, 15, ԱԹ)։ Աստծո գահի առջև կանգնած լինելը ցույց է տալիս, որ նրանք ընդունում են այդ գահը և լիովին հնազանդվում են Եհովայի Գերիշխանությանը։ Ուստի, նրանք արժանի են Աստծո հավանությանը։
13. ա) Երկրի բնակիչների մեծամասնությունը ո՞ւմ է երկրպագում, և ի՞նչ է խորհրդանշում նրանց ճակատի կամ աջ ձեռքի վրայի դրոշմը։ բ) Հետևաբար, ինչո՞ւ է համբերություն դրսևորելն այդքան անհրաժեշտ։
13 Իսկ Հայտնության 13–րդ գլխում նկարագրվում է երկրի բնակիչների մնացած մասը Սատանայի՝ գազանի տեսքով պատկերված քաղաքական համակարգին երկրպագելիս։ Նրանք դրոշմ են առնում իրենց «աջ ձեռքի եւ ճակատի վրայ» ի նշան այն բանի, որ թե՛ մտածելակերպով, թե՛ գործելակերպով աջակցում են այդ համակարգին (Յայտնութիւն 13։1—8, 16, 17)։ Այնուհետև 14–րդ գլխում շարունակվում է. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին եւ կամ նրա նշանի դրոշմն առաւ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրայ, այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակիցը, որ անխառն լցուած է նրա բարկության բաժակի մէջ.... Եւ այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը, որոնք պահում են Աստծու պատուիրանները եւ Յիսուսի հանդէպ իրենց հաւատը» (Յայտնութիւն 14։9, 10, 12)։ Ժամանակն առաջ է ընթանում, ու դրա հետ մեկտեղ անչափ կարևոր է դառնում այն հարցը, թե՝ ո՞ւմ կողմնակիցն ես դու. Եհովայի և նրա գերիշխանությա՞ն, թե՞ գազանով խորհրդանշված քաղաքական չար համակարգի։ Երանի՜ նրանց, ովքեր, հրաժարվելով գազանի դրոշմն ընդունելուց, կհամբերեն և հավատարմորեն կշարունակեն հնազանդվել Եհովայի գերիշխանությանը։
14, 15. Ո՞ր պատգամով է ընդհատվում Արմագեդոնի նկարագրությունը, և ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար։
14 «Ամբողջ աշխարհի» կառավարիչների ընթացքը տանում է դեպի ընդհարում Եհովայի հետ, որի պատճառը գերիշխանության հարցն է։ Ընդհարման տակ հասկացվում է Արմագեդոնը՝ «Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ» պատերազմը (Յայտնութիւն 16։14, 16)։ Եհովայի դեմ պատերազմելու համար հավաքված երկրի իշխանների նկարագրությունը անսպասելիորեն ընդհատվում է. Հիսուսն անձամբ ընդհատում է տեսիլքը և ասում. «Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց ամօթոյքները չերեւան» (Յայտնութիւն 16։15)։ Հիսուսը, հավանաբար, ի նկատի ուներ տաճարի պահապան ղևտացիներին, որոնց, ժամապահության ընթացքում քնած գտնելիս, մերկացնում և հրապարակավ խայտառակում էին։
15 Վերոհիշյալ պատգամի իմաստը հստակ է. եթե ցանկանում ենք վերապրել Արմագեդոնից, ապա հոգևորապես արթուն պիտի մնանք և պահենք մեր այլաբանական հագուստները, որոնք բնորոշում են մեզ որպես Եհովա Աստծո հավատարիմ վկաներ։ Երանի՜ կլինենք, եթե խուսափենք հոգևորապես քնած վիճակից և, առանց թուլանալու, եռանդորեն շարունակենք մասնակցել Աստծո հաստատած Թագավորության «յաւիտենական աւետիսը» տարածելու գործին (Յայտնութիւն 14։6)։
«Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»
16. Ինչո՞ւ են Հայտնության եզրափակիչ գլուխներն առանձնահատուկ ուրախության պատճառ հանդիսանում։
16 Հայտնություն գրքի ընթերցողներին մնում է միայն հրճվել՝ կարդալով եզրափակիչ գլուխները, որտեղ նկարագրվում է մեր ունեցած սքանչելի հույսի՝ նոր երկնքի ու նոր երկրի մասին, այսինքն՝ երկնային արդար Թագավորության, որը կառավարելու է մարդկային նոր, արդեն մաքրված հասարակությանը, և այս ամենը «Ամենակալ Տէր Աստծո» փառքի համար (Յայտնութիւն 21։22)։ Տեսիլքների սքանչելի շարքն ավարտվելիս պատգամաբեր հրեշտակն ասում է Հովհաննեսին. «Այս խօսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մօտ՝ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։ «Ահա գալիս եմ շուտով։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»» (Յայտնութիւն 22։6, 7)։
17. ա) Հայտնություն 22։6 խոսքը մեզ ի՞նչ բանում է վստահեցնում։ բ) Ո՞ր հարցում պետք է զգոն լինենք։
17 Հայտնության երանելի ընթերցողները կհիշեն, որ համանման խոսքերի նրանք հանդիպել են նաև գրքի բացման խոսքերում (Յայտնութիւն 1։1, 3)։ Դրանք մեզ վստահեցնում են այն բանում, որ Աստվածաշնչի այս վերջին գրքում մարգարեացված բոլոր խոսքերը «լինելու են շուտով»։ Մենք այնքան ենք մոտեցել վերջին ժամանակի ավարտին, որ Հայտնության մեջ մարգարեացված նշանակալից դեպքերը, անկասկած, շուտով և արագորեն իրար հաջորդելով, վրա են հասնելու։ Հետևաբար, Սատանայի համակարգում նկատելի որևէ թվացյալ կայունություն մեզ չպիտի գցի քնի մեջ։ Զգոն ընթերցողը կմտաբերի այն նախազգուշացումները, որ տրվեցին Ասիայի յոթ ժողովներին ուղղված պատգամներում, և կխուսափի նյութապաշտության, կռապաշտության, անբարոյականության, հոգևոր սառած վիճակի կամ հավատուրաց աղանդավորության մեջ ընկնելուց։
18, 19. ա) Հիսուսն ինչո՞ւ է գալու, և, ըստ Հովհաննեսի խոսքերի, ինչի՞ հույսը մենք ունենք։ բ) Ի՞նչ նպատակով է «գալիս» Եհովան։
18 Հայտնություն գրքում Հիսուսը բազմիցս անգամներ հայտարարում է. «Գալիս եմ շուտով» (Յայտնութիւն 2։16; 3։11; 22։7, 20ա)։ Նա գալու է ի կատար ածելու դատավճիռը «մեծն Բաբելոնի», Սատանայի քաղաքական համակարգի և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր մերժում են հնազանդվել Եհովայի՝ ներկայումս Մեսիական թագավորությամբ ներկայացված գերիշխանությանը։ Ամբողջ սրտով միանում ենք Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերին. «Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս» (Յայտնութիւն 22։20բ)։
19 Իսկ Եհովան հայտարարում է. «Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի» (Յայտնութիւն 22։12)։ Մինչ սպասում ենք հավիտենական կյանքի վարձատրությանը՝ լինի դա խոստացված «նոր երկնքում», թե՝ «նոր երկրի» վրա, թող որ մենք էլ եռանդորեն մեր ձայները միացնենք այն հրավերքին, որն ուղղված է բոլոր ազնվասիրտ մարդկանց. «Ե՛կ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի» (Յայտնութիւն 22։17)։ Հուսով ենք, որ նրանք էլ կդառնան ներշնչված և ոգևորիչ Հայտնություն գրքի երանելի ընթերցողները։
[ծանոթագրություն]
a Տես «Հայտնության փառահեղ գագաթնակետը մոտ է» գրքի 28, 29, 136 էջերը և տողատակի ծանոթագրությունը (անգլ.)։
Հարցեր կրկնողության համար
◻ Եհովան ինչպե՞ս է հաղորդել Հայտնությունը, և ի՞նչ ենք սովորում դրանից։
◻ Ինչո՞ւ ուրախ պիտի լինենք՝ կարդալով Ասիայի յոթ եկեղեցիներին ուղղված պատգամները։
◻ Ինչպե՞ս կարող ենք ապահով լինել «փորձութեան ժամին»։
◻ Ի՞նչ երջանկություն է սպասվում մեզ ապագայում, եթե պահենք Հայտնության գրքում գրի առնված խոսքերը։
[նկար 25–րդ էջի վրա]
Երանի՜ նրանց, որոնք ընդունում են ավետիսների Աղբյուրին։
[նկար 26–րդ էջի վրա]
Երանի՜ նրանց, որ արթուն են։