Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/1 էջ 9–11
  • Մխիթարիր սգավորին, ինչպես Հիսուսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մխիթարիր սգավորին, ինչպես Հիսուսը
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քո ներկայությունը կարող է մխիթարել
  • Կարեկցանքով լսիր
  • Խոսքեր, որ դարմանում են վերքերը
  • Գործնական օգնություն
  • «Հավատում եմ»
    2011 Դիտարան
  • «Լաց լինողների հետ լաց եղեք»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Հավատում եմ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ինչպե՞ս կարող են օգնել ուրիշները
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
Ավելին
2010 Դիտարան
w10 11/1 էջ 9–11

Մխիթարիր սգավորին, ինչպես Հիսուսը

ՂԱԶԱՐՈՍԸ՝ Հիսուսի մտերիմ ընկերը, հիվանդացավ։ Նրա քույրեր Մարթան ու Մարիամը Հիսուսին լուր ուղարկեցին այդ մասին։ Ղազարոսի հիվանդությունը շատ լուրջ էր, ու նա մահացավ։ Ընկերներն ու հարևանները եկան մխիթարելու քույրերին (Հովհաննես 11։19)։ Երբ Հիսուսը հասավ Բեթանիա, որտեղ ապրում էին նրանք, Ղազարոսին արդեն գերեզման էին դրել։ Այն, թե ինչ խոսքերով Հիսուսը մխիթարեց սգավորներին և ինչպես վարվեց Մարթայի ու Մարիամի հետ, կարող է օգտակար լինել մեզ համար, երբ ուզում ենք մխիթարել հարազատ կորցրած անհատին։

Քո ներկայությունը կարող է մխիթարել

Բեթանիա հասնելու համար Հիսուսը երկու օր ճանապարհ գնաց։ Նա անցավ Հորդանան գետը, գնաց Երիքով, իսկ այնտեղից ոլորուն զառիվեր ճանապարհներով բարձրացավ Բեթանիա։ Իմանալով, որ Հիսուսը գալիս է և ուր որ է կհասնի՝ Մարթան իսկույն դուրս եկավ նրան դիմավորելու։ Հիսուսի գալստի մասին տեղեկացրին նաև Մարիամին։ Նա նույնպես շտապ վեր կացավ ու գնաց նրան տեսնելու (Հովհաննես 10։40–42; 11։6, 17–20, 28, 29)։ Այո՛, Հիսուսի ներկայությունն արդեն իսկ մխիթարության աղբյուր էր սգացող քույրերի համար։

Նմանապես, մենք էլ մեր ներկայությամբ կարող ենք մխիթարել վշտի մեջ լինողներին։ Սկոտն ու Լիդիան, որոնք դժբախտ պատահարի պատճառով կորցրել են իրենց վեց տարեկան որդուն՝ Թեոյին, պատմում են. «Ուզում էինք, որ մեր հարազատներն ու ընկերները մեր կողքին լինեն։ Պատահածի մասին լսելուն պես նրանք գիշերվա կեսին հիվանդանոց եկան»։ Իսկ ի՞նչ խոսքերով մխիթարեցին նրանց ընկերները։ «Այդ պահին կարիք չկար ինչ-որ բան ասելու։ Նրանց ներկայությունն ամեն ինչ ասում էր»։

Աստվածաշնչում կարդում ենք, որ երբ Հիսուսը տեսավ Ղազարոսի համար ողբացողներին, «հուզվեց», և նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։33–35, 38)։ Հիսուսը ուրիշների ներկայությամբ արտասվելը տղամարդուն անվայել բան չէր համարում։ Նա հասկանում էր նրանց ցավը և կորուստը։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։ Երբ այցելում ենք հարազատ կորցրած անհատին, չպետք է անհարմար զգալ արտասվելուց (Հռոմեացիներ 12։15)։ Մյուս կողմից՝ պետք չէ ստիպել, որ նա արտասվի։ Ոմանք գուցե նախընտրեն ազատություն տալ իրենց զգացմունքներին, երբ մենակ են։

Կարեկցանքով լսիր

Հիսուսը հավանաբար արդեն գիտեր, թե ինչպես կարող է մխիթարել Մարթային ու Մարիամին, սակայն թույլ տվեց, որ առաջինը նրանք արտահայտվեն (Հովհաննես 11։20, 21, 32)։ Իսկ երբ սկսեց խոսել Մարթայի հետ, մի հարց ուղղեց նրան, ապա շարունակեց լսել (Հովհաննես 11։25–27)։

Սգավորին մխիթարելու համար նախ պետք է ուշադիր լսենք նրան։ Այդպես վարվելով ցույց կտանք, որ անկեղծորեն հետաքրքրված ենք նրանով։ Սակայն զգույշ եղիր, որ չստիպես նրան խոսել, երբ նա նախընտրում է լուռ մնալ։ Գուցե նա թույլ է և հանգստանալու կարիք ունի։

Հարազատի կորուստը սգացող մարդիկ երբեմն չեն կարողանում իրենց հույզերն արտահայտել, երբեմն էլ մի քանի անգամ նույն բանի մասին են խոսում։ Ոմանք էլ ազատություն են տալիս իրենց զգացմունքներին։ Օրինակ՝ և՛ Մարիամը, և՛ Մարթան Հիսուսին ասացին. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա» (Հովհաննես 11։21, 32)։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը։ Նա համբերությամբ և կարեկցանքով լսեց։ Չփորձեց նրանց համոզել, որ չտխրեն։ Հիսուսն, ինչ խոսք, հասկանում էր, թե հարազատ կորցրած մարդն ինչ մեծ ցավ կարող է ապրել։

Եթե չգիտես, թե ինչ խոսքեր ասես նրան, պարզապես հարցրու. «Կուզե՞ս խոսել այդ մասին»։ Իսկ հետո ամենայն ուշադրությամբ լսիր նրան։ Նայիր նրա դեմքին ու փորձիր հասկանալ, թե ինչ է նա զգում։

Սակայն երբեմն դժվար է հասկանալ դիմացինի զգացմունքները։ Լիդիան բացատրում է. «Ժամանակի ընթացքում մեր կարիքները փոխվեցին։ Երբեմն չէինք կարողանում զսպել մեզ և արտասվում էինք մարդկանց ներկայությամբ։ Մխիթարության խոսքեր էինք ուզում լսել նրանցից։ Մեր ընկերները միշտ փորձում էին հասկանալ, թե ինչ ենք զգում»։

Հիսուսն այս հարցում նույնպես կատարյալ օրինակ է թողել։ Նա գիտեր, որ տարբեր մարդիկ տարբեր կերպով են կրում իրենց վիշտը (2 Տարեգրություն 6։29)։ Նա Մարիամի հետ չվարվեց այնպես, ինչպես Մարթայի հետ։ Մարթան ուզում էր արտահայտվել, ուստի Հիսուսը խոսեց նրա հետ։ Իսկ Մարիամը լուռ արտասվում էր, այդ պատճառով նա ոչինչ չասաց նրան (Հովհաննես 11։20–28, 32–35)։ Ի՞նչ ենք սովորում Հիսուսից։ Լավ կլինի՝ թույլ տանք, որ սգավորը ինքը սկսի խոսել ու արտահայտել իր վիշտը, և պատրաստ լինենք լսելու նրան։ Դա կթեթևացնի նրա վիճակը։

Խոսքեր, որ դարմանում են վերքերը

Երբ Մարիամն ու Մարթան Հիսուսին ասացին՝ «եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա», նա չմեղադրեց նրանց և ոչ էլ վիրավորվեց այդ խոսքերից։ Փոխարենը՝ վստահեցրեց Մարթային՝ ասելով. «Քո եղբայրը հարություն կառնի» (Հովհաննես 11։23)։ Ընդամենը մի քանի բառով Հիսուսն օգնեց նրան, որ առաջ նայի, և հիշեցրեց հարության հույսի մասին։

Հարազատ կորցրած անհատի հետ խոսելիս հիշիր, որ թեև քիչ, բայց ջերմ խոսքերը դարմանում են կսկիծը։ Սփոփիչ խոսքեր կարելի է նաև գրել։ Այդպիսի նամակներն ու բացիկները երկար ժամանակ կարող են մխիթարության աղբյուր լինել, քանի որ սգավորը դրանք կարող է հետագայում նորից կարդալ։ Քեթը, որը կորցրեց իր կողակցին, ինը ամիս հետո նորից սկսեց կարդալ իր ստացած բոլոր բացիկները։ «Այդ ժամանակ դրանք ավելի շատ օգնեցին ու մխիթարեցին ինձ»,— ասում է նա։

Իսկ ի՞նչ կարելի է գրել բացիկում։ Կարող ես գրել հանգուցյալի մասին. նշել նրա լավ հատկություններից որևէ մեկը կամ պատմել մի հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել, երբ նրա հետ ժամանակ ես անցկացրել։ Քեթն ասում է. «Բոբի և նրա բնավորության մասին ջերմ խոսքերը մերթ ստիպում էին ինձ ժպտալ, մերթ լաց լինել։ Նրա հետ պատահած զվարճալի պատմությունները կարդալիս ծիծաղում էի և վերհիշում մեր համատեղ երջանիկ կյանքը։ Որոշ բացիկներում էլ Աստվածաշնչից համարներ էին մեջբերված, որոնք հիմա անչափ հարազատ են դարձել իմ սրտին»։

Գործնական օգնություն

Հիսուսը Ղազարոսին հարություն տվեց և այդպիսով դարմանեց սգավորների ցավը (Հովհաննես 11։43, 44)։ Սակայն մենք ի զորու չենք մահացածին հարություն տալու։ Այնուամենայնիվ, կարող ենք գործնական օգնություն ցույց տալ։ Օրինակ՝ ճաշ պատրաստել, նրան մխիթարելու եկած մարդկանց կացարանով ապահովել, լվացք անել, հոգ տանել փոքր երեխաներին, փոխադրամիջոց տրամադրել և օգնել առօրյա մանր-մունր գործերում։ Անկեղծ սիրո դրսևորումը նույնիսկ փոքր գործերով անկասկած նա շատ կգնահատի։

Վշտի մեջ լինող անհատը մի որոշ ժամանակ գուցե ուզենա մենակ մնալ։ Ուստի լավ կլինի հարմար ժամանակ ընտրել նրան այցելելու համար։ «Չես կարող նախապես իմանալ, թե երբ տխուր կլինես և երբ՝ ուրախ»,— ասում է զավակ կորցրած մի մայր։ Ոմանք այդպիսի մարդկանց այցելում են նրանց համար անմոռանալի օրերի։ Այնպիսի օրերին, ինչպիսիք են հարսանեկան տարեդարձը կամ մահվան օրը, նրանց կողքին գտնվելով՝ կլինես իսկական ընկեր, որը պատրաստ է դժվար պահերին նեցուկ լինելու (Առակներ 17։17)։

Հիսուսը Մարթային մխիթարեց՝ ասելով, որ նրա եղբայրը հարություն է առնելու։ Այնուհետև հարցրեց. «Հավատո՞ւմ ես դրան»։ Մարթան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր» (Հովհաննես 11։24–27)։ Հիսուսը հարության հույսի մասին խոսել էր դեռ մինչև Բեթանիա գալը, երբ իր աշակերտներին ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է, բայց ես գնամ արթնացնեմ նրան» (Հովհաննես 11։11)։ Փաստորեն, նա վստահեցրեց իր հետևորդներին, որ մահացածները հարություն են առնելու։

Իսկ դու հավատո՞ւմ ես, որ Հիսուսը հարություն է տալու մահացածներին։ Եթե այո, ապա այս հրաշալի հույսի մասին խոսիր նաև հարազատ կորցրած մարդկանց հետ։ Գործնական օգնություն ցույց տուր նրանց։ Եթե այդպես վարվես, քո խոսքերն ու գործերը կմխիթարեն ու կսփոփեն նրանց (1 Հովհաննես 3։18)։

[քարտեզ 9-րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ՍԱՄԱՐԻԱ

ՊԻՐԵԱ

Երիքով

Երուսաղեմ

Բեթանիա

Հորդանան գետ

Աղի ծով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը