Իմաստուն առաջնորդություն ամուսնական զույգերի համար
«Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը ինչպէս Տիրոջը։ Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը» (ԵՓԵՍԱՑԻՍ 5։22, 25)։
1. Ո՞րն է ամուսնության վերաբերյալ ճիշտ տեսակետը։
ՀԻՍՈՒՍՆ ասաց, որ Աստված տղամարդուն և կնոջը միավորեց ամուսնական կապով, որ նրանք «մէկ մարմին» լինեն (Մատթէոս 19։5, 6)։ Ամուսնությունը ներառում է բնավորության տարբեր գծեր ունեցող երկու անձնավորությունների, որոնք սովորում են ընդհանուր հետաքրքրություններ գտնել և ձգտում են հասնել իրենց առջև դրված ընդհանուր նպատակներին։ Ամուսնությունը ամբողջ կյանքի համար է. այն ժամանակավոր համաձայնություն չէ, որը կարելի է հեշտությամբ չեղյալ հայտարարել։ Շատ երկրներում դժվար չէ ամուսնալուծվել, սակայն քրիստոնյաների համար ամուսնությունը սուրբ է։ Ամուսնությանը վերջ է դրվում միայն չափազանց լուրջ պատճառով (Մատթէոս 19։9)։
2. ա) Ի՞նչը կարող է օգնության աղբյուր լինել ամուսնական զույգերի համար։ բ) Ինչո՞ւ է կարևոր ձգտել հաջող դարձնել ամուսնությունը։
2 Ամուսնության հարցերով մի խորհրդատու ասել է. «Լավ ամուսնությունը շարունակական փոփոխությունների պրոցես է, քանի որ ամուսինները անընդհատ նոր հարցերի են բախվում, տարբեր պրոբլեմների են դիմագրավում և օգտագործում են կյանքի յուրաքանչյուր փուլում առկա ռեսուրսները»։ Քրիստոնյա ամուսինների համար այդ ռեսուրսներից են՝ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները, հավատակիցների աջակցությունը, Եհովայի հետ աղոթքի միջոցով մտերիմ հարաբերություններ ունենալը։ Հաջող ամուսնությունը դիմանում է դժվարություններին ու տարիների ընթացքում ամուսիններին պարգևում երջանկություն և գոհունակություն։ Իսկ որ ավելի կարևոր է, այն պատիվ է բերում Եհովա Աստծուն՝ ամուսնության Հիմնադրին (Ծննդոց 2։18, 21–24; Ա Կորնթացիս 10։31; Եփեսացիս 3։15; Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։
Ընդօրինակեք Հիսուսին ու նրա ժողովին
3. ա) Բացատրեք, թե որն է Պողոսի՝ ամուսիններին ուղղած խորհրդի հիմնական միտքը։ բ) Ի՞նչ հրաշալի օրինակ է թողել Հիսուսը։
3 Երկու հազար տարի առաջ Պողոս առաքյալը մի իմաստուն խորհուրդ տվեց քրիստոնյա ամուսիններին՝ գրելով. «Ինչպէս եկեղեցին [այսինքն՝ ժողովը] հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ։ Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, ինչպէս Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն եւ իր անձը մատնեց նորա համար» (Եփեսացիս 5։24, 25)։ Ի՜նչ հիանալի համեմատություն է այստեղ բերված։ Խոնարհաբար ենթարկվելով իրենց ամուսիններին՝ քրիստոնյա կանայք ժողովին են ընդօրինակում գլխավորության սկզբունքն ընդունելու և պահելու հարցում։ Քրիստոնյա ամուսինները, շարունակելով բարենպաստ և ոչ բարենպաստ ժամանակներում սիրել իրենց կանանց, փաստում են, որ սերտորեն հետևում են Քրիստոսի օրինակին, որը սիրում էր ժողովին և հոգ էր տանում նրա մասին։
4. Ինչպե՞ս կարող է ամուսինը հետևել Հիսուսի օրինակին։
4 Քրիստոնյա ամուսինը իր ընտանիքի գլուխն է, սակայն նա նույնպես գլուխ ունի՝ Հիսուսը (Ա Կորնթացիս 11։3)։ Ուստի ինչպես Հիսուսը հոգ տարավ իր ժողովին, այնպես էլ ամուսինն է սիրով հոգում իր ընտանիքի ֆիզիկական ու հոգևոր կարիքները, նույնիսկ եթե դրա համար հարկ է լինում զոհողություններ անել։ Նա իր ընտանիքի բարօրությունը վեր է դասում իր ցանկություններից ու նախասիրություններից։ Հիսուսն ասաց. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12)։ Այս սկզբունքը առանձնակի ուժ է ստանում ամուսնական կյանքում։ Պողոսն ընդգծեց այս հանգամանքը, երբ ասաց. «Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. ....ոչ ով իր անձը չէ ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նորան» (Եփեսացիս 5։28, 29)։ Ամուսինը պետք է իր կնոջը կերակրի ու պահպանի, այսինքն՝ փայփայի նույն ջանասիրությամբ, ինչպիսի ջանասիրությամբ որ իրեն է կերակրում ու փայփայում։
5. Ինչպե՞ս կարող է կինը ընդօրինակել քրիստոնեական ժողովին։
5 Աստվածավախ կինը քրիստոնեական ժողովը դիտում է որպես օրինակ։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նրա հետևորդները ուրախությամբ թողեցին իրենց զբաղմունքները ու հետևեցին նրան։ Հիսուսի մահից հետո էլ նրանք շարունակեցին հնազանդվել նրան։ Եվ արդեն գրեթե 2 000 տարի է, ինչ ճշմարիտ քրիստոնեական ժողովը ենթարկվում է Քրիստոսին և ամեն ինչում հետևում է նրա առաջնորդությանը։ Նմանապես, քրիստոնյա կինը չի արհամարհում իր ամուսնուն ու նվազ կարևորություն չի տալիս ամուսնության մեջ գլխավորության սուրբգրային սկզբունքին։ Նա թիկունք է կանգնում իր ամուսնուն և ենթարկվում է նրան, համագործակցում է նրա հետ՝ այդպիսով քաջալերելով նրան։ Եթե ամուսինն ու կինը երկուստեք այսպիսի սիրալիր կերպով վարվեն, նրանց ամուսնությունը կհաջողվի, և նրանք ուրախություն կստանան իրենց փոխհարաբերություններից։
«Բնակուեցէք նորանց հետ»
6. Ի՞նչ խորհուրդ է տվել Պետրոսը ամուսնուն, և ինչո՞ւ է դա կարևոր։
6 Պետրոս առաքյալը նույնպես խորհուրդ է տվել ամուսնական զույգերին։ Սակայն նրա խոսքերը առանձնապես վերաբերում են ամուսիններին։ Նա գրել է. «Իմաստութիւնով բնակուեցէք [ձեր կանանց] հետ. ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով, իբրեւ կեանքի շնորհքի ժառանգակիցներ. որ ձեր աղօթքը չ’խափանուի» (Ա Պետրոս 3։7)։ Պետրոսի խորհրդի լրջությունը երևում է այս համարի վերջին բառերից։ Եթե ամուսինը պատիվ չի տալիս իր կնոջը, ապա դա չի կարող չանդրադառնալ Եհովայի հետ նրա փոխհարաբերությունների վրա։ Նրա աղոթքները կխափանվեն։
7. Ինչպե՞ս ամուսինը պետք է պատիվ տա իր կնոջը։
7 Իսկ ինչպե՞ս կարող է ամուսինը պատվել իր կնոջը։ Կնոջը պատվել նշանակում է նրան վերաբերվել քնքշությամբ, հարգանքով և արժանապատվությամբ։ Կնոջ հանդեպ այսպիսի վերաբերմունքը շատերին գուցե հեքիաթ թվա։ Հունարենի մի մասնագետ գրում է. «Հռոմեական օրենքով՝ կինը իրավունքներ չուներ։ Այդ օրենքի տակ՝ նա ընդմիշտ երեխա էր մնում։ .... Նա ամբողջությամբ ենթարկվում էր իր ամուսնուն և լիովին նրա հսկողության տակ էր»։ Ինչպե՜ս էր սա տարբերվում քրիստոնեական ուսմունքներից։ Քրիստոնյա ամուսինը պատվում էր իր կնոջը։ Կնոջ հետ վարվելիս նա առաջնորդվում էր քրիստոնեական սկզբունքներով, ոչ թե իր քմահաճույքներով։ Բացի այդ, ամուսինը ‘իմաստություն’ էր գործադրում կնոջ հանդեպ իր վերաբերմունքի մեջ՝ հաշվի առնելով, որ նա տկար անոթ է։
‘Տկար անոթ’. ի՞նչ իմաստով
8, 9. Ի՞նչ առումներով են կանայք հավասար տղամարդկանց։
8 Ասելով, որ կինը ‘տկար անոթ’ է՝ Պետրոսը նկատի չուներ, որ կանայք մտավոր կամ հոգևոր առումով ավելի թույլ են, քան տղամարդիկ։ Ճիշտ է, քրիստոնյա տղամարդիկ ժողովում ունեն առանձնաշնորհումներ, որոնք կանայք չեն ակնկալում ստանալ։ Բացի այդ, ընտանիքում կանայք ենթակա են իրենց ամուսիններին (Ա Կորնթացիս 14։35; Ա Տիմոթէոս 2։12)։ Այնուամենայնիվ, բոլորից՝ թե՛ տղամարդկանցից և թե՛ կանանցից, հավասարապես պահանջվում են հավատ, տոկունություն և բարձր բարոյականություն։ Ինչպես Պետրոսն ասաց, և՛ ամուսինը, և՛ կինը «կեանքի շնորհքի ժառանգակիցներ» են։ Ինչ վերաբերում է փրկության հարցին, նրանք երկուսն էլ հավասար են Աստծու առջև (Գաղատացիս 3։28)։ Պետրոսն իր նամակն ուղղել էր առաջին դարի օծյալ քրիստոնյաներին։ Հետևաբար նրա խոսքերը քրիստոնյա ամուսիններին հիշեցրել են, որ իրենք ու իրենց կանայք, լինելով «Քրիստոսի ժառանգակիցներ», նույն երկնային հույսն ունեն (Հռովմայեցիս 8։17)։ Գալու էր մի օր, որ այդ տղամարդիկ ու կանայք ծառայելու էին որպես քահանաներ ու թագավորներ Աստծու երկնային Թագավորությունում (Յայտնութիւն 5։10)։
9 Օծյալ քրիստոնյա կանայք ամենևին էլ ստորադաս չէին իրենց օծյալ քրիստոնյա ամուսիններից։ Նույնը, ըստ էության, կարելի է ասել երկրային հույս ունեցողների մասին։ «Մեծ բազմության» մեջ մտնող թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք իրենց հագուստները լվանում և սպիտակեցնում են Գառան արյամբ։ Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք «ցերեկ եւ գիշեր» ամբողջ աշխարհում պատմում են Եհովայի փառքը (Յայտնութիւն 7։9, 10, 14, 15)։ Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք անհամբերությամբ սպասում են «Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնել[ուն]», երբ կվայելեն «ճշմարիտ կեանքը» (ԷԹ) (Հռովմայեցիս 8։21; Ա Տիմոթէոս 6։19)։ Բոլոր քրիստոնյաները, անկախ այն բանից՝ օծյալ են, թե «ուրիշ ոչխարներից» են, ծառայում են Եհովային որպես ‘մեկ հոտ’ ‘մեկ հովվի’ հոգածության ներքո (Յովհաննէս 10։16)։ Քրիստոնյա ամուսինն ու կինը միմյանց պատվելու ի՜նչ զորավոր պատճառ ունեն։
10. Ի՞նչ իմաստով են կանայք ‘տկար անոթ’։
10 Այդ դեպքում ի՞նչ իմաստով են կանայք ‘տկար անոթ’։ Պետրոսը հավանաբար նկատի ուներ այն փաստը, որ տղամարդկանց համեմատությամբ կանայք, ընդհանրապես, փոքրամարմին են և ֆիզիկապես թույլ։ Կանայք ծննդաբերելու սքանչելի կարողությամբ են օժտված, բայց քանի որ նրանք, ինչպես բոլոր մարդիկ, անկատար են, այդ բնական պրոցեսը ազդում է նրանց առողջության վրա։ Որդեծնության տարիքի կանայք պարբերաբար գուցե ֆիզիկական անհարմարություններ զգան։ Նրանք, անշուշտ, հատուկ հոգատարության և ուշադրության կարիք են զգում այդ անհարմարությունների կամ հղիության ու ծննդաբերության ժամանակ, որոնք մեծ ուժեր են պահանջում նրանցից։ Իր կնոջը պատվող ամուսինը, հասկանալով, որ կինը աջակցության կարիք ունի, մեծապես կնպաստի իրենց ամուսնության հաջողությանը։
Կրոնապես բաժանված ընտանիքում
11. Ի՞նչ իմաստով կարող է ամուսնությունը հաջողվել, նույնիսկ եթե կողակիցները տարբեր կրոնական հայացքներ ունեն։
11 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն կողակիցների մասին, որոնց հայացքները կրոնի հարցում բաժանվում են, քանի որ նրանցից մեկը ամուսնանալուց որոշ ժամանակ անց ընդունել է քրիստոնեական ճշմարտությունը, իսկ մյուսը՝ ոչ։ Կարո՞ղ են նրանք հաջողության հասնել ամուսնական կյանքում։ Շատերի փորձը ցույց է տվել, որ այո։ Տարբեր կրոնական հայացքներ ունեցող ամուսինն ու կինը կարող են հաջող ամուսնություն ունենալ այն իմաստով, որ նրանց ամուսնությունը կարող է պահպանվել ու երկուսին էլ երջանկություն բերել։ Բացի այդ, նրանց ամուսնությունը շարունակում է ուժի մեջ մնալ Եհովայի աչքում. նրանք շարունակում են մնալ «մէկ մարմին»։ Ուստի քրիստոնյա կողակցին խորհուրդ է տրվում մնալ անհավատ կողակցի հետ, եթե վերջինս համաձայն է։ Եթե ընտանիքում երեխաներ կան, նրանք օգուտներ կստանան քրիստոնյա ծնողի հավատարիմ ընթացքից (Ա Կորնթացիս 7։12–14)։
12, 13. Հետևելով Պետրոսի խորհրդին՝ ինչպե՞ս կարող է քրիստոնյա կինը օգնել իր անհավատ ամուսնուն։
12 Պետրոսը կրոնապես բաժանված ընտանիքում ապրող քրիստոնյա կանանց սիրալիր խորհուրդ է տալիս։ Նրա խոսքերը, ըստ էության, կիրառելի են նաև նույնանման իրավիճակում գտնվող քրիստոնյա ամուսինների նկատմամբ։ Պետրոսը գրում է. «Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2)։
13 Եթե կինը կարողանում է իր հավատի մասին նրբանկատորեն պատմել ամուսնուն, շատ լավ է։ Իսկ եթե նա չի ցանկանում լսե՞լ։ Դա նրա ընտրությունն է։ Բայց հուսահատվելու կարիք չկա, քանի որ քրիստոնեական վարքով նույնպես կարելի է մեծ վկայություն տալ։ Շատ ամուսիններ, որոնք սկզբում չեն հետաքրքրվել իրենց կողակցի հավատով կամ նույնիսկ հակառակություն են ցույց տվել, իրենց կանանց վարքը տեսնելով՝ սկսել են ճիշտ տրամադրվել հավիտենական կյանքի հանդեպ (Գործք 13։48, ՆԱ)։ Նույնիսկ եթե ամուսինը չի ընդունում քրիստոնեական ճշմարտությունը, այնուամենայնիվ, կինը իր վարքով կարող է հաճելիորեն զարմացնել ամուսնուն, ինչը դրական ազդեցություն կթողնի ամուսնական հարաբերությունների վրա։ Մի ամուսին, որի կինը Եհովայի վկա է, խոստովանեց, որ ինքը երբեք չի կարող ապրել Վկաների բարձր չափանիշներով։ Բայցևայնպես, նա իրեն անվանեց «հմայիչ կնոջ երջանիկ ամուսին» և մի լրագրի ուղարկած իր նամակում ջերմորեն գովեց իր կնոջն ու նրա հավատակիցներին։
14. Ինչպե՞ս կարող է ամուսինը օգնել իր անհավատ կնոջը։
14 Նման ձևով, քրիստոնյա ամուսինները, ովքեր կիրառել են Պետրոսի խորհրդում ամփոփված սկզբունքը, իրենց վարքով ‘շահել’ են իրենց կանանց։ Նրանց անհավատ կանայք նկատել են, որ ամուսինները պատասխանատվության զգացում են ձեռք բերել, դադարել են փողը ծխելու, խմելու և մոլեխաղերի վրա վատնելուց, ինչպես նաև անպարկեշտ լեզու օգտագործելուց։ Կանանցից ոմանք ծանոթացել են քրիստոնեական ժողովի որոշ անդամների հետ։ Նրանք խորապես տպավորվել են սիրառատ քրիստոնեական եղբայրությամբ և տեսնելով եղբայրների վերաբերմունքը միմյանց հանդեպ՝ մոտեցել են Եհովային (Յովհաննէս 13։34, 35)։
«Սրտի ծածուկ մարդը»
15, 16. Ինչպիսի՞ վարքով կարող է քրիստոնյա կինը ‘շահել’ իր անհավատ ամուսնուն։
15 Ինչպիսի՞ վարքով կարող է կինը ‘շահել’ իր ամուսնուն։ Դա այն վարքն է, որը քրիստոնյա կանայք, անկասկած, զարգացնում են իրենց մեջ։ Պետրոսն ասում է. «Ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիւսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը. այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է։ Որովհետեւ այսպէս էլ մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց յոյսն Աստուծոյ վերայ էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով։ Ինչպէս Սառան հնազանդ էր Աբրահամին, նորան տէր կոչելով, որի որդիներ էք եղել դուք, որ բարեգործ լինէք եւ մի երկիւղից չ’վախենաք» (Ա Պետրոս 3։3–6)։
16 Պետրոսը քրիստոնյա կնոջը խորհուրդ է տալիս մեծ նշանակություն չտալ իր արտաքինին։ Դրա փոխարեն՝ լավ կլինի, եթե նա իր ամուսնու ուշադրությունը հրավիրի այն բանի վրա, թե Աստվածաշնչի ուսուցումները ինչ դրական ազդեցություն են թողել իր ներքին անձնավորության վրա։ Թող ամուսինը տեսնի, որ իր կինը նոր անձնավորություն է «հագել»։ Հնարավոր է նա այդ նոր անձնավորությունը հակադրի կնոջ հին անձնավորությանը (Եփեսացիս 4։22–24)։ Անշուշտ, ամուսինը կզգա, որ կնոջ «հեզ եւ հանդարտ հոգ[ին]» թարմացնում և գրավում է իրեն։ Այդպիսի տրամադրվածությունը, բացի ամուսնուն հաճելի լինելուց, «Աստուծոյ առաջին շատ թանգագին է» (Կողոսացիս 3։12)։
17. Ինչո՞վ է Սարրան հիանալի օրինակ քրիստոնյա կանանց համար։
17 Սարրայի մասին խոսվում է որպես օրինակի, և ամուսնացած քրիստոնյա կանայք պետք է ընդօրինակեն նրան՝ անկախ այն բանից՝ իրենց ամուսինները քրիստոնյա են, թե՝ ոչ։ Սարրան, անկասկած, Աբրահամին վերաբերվում էր ինչպես իր գլխի և նույնիսկ իր սրտում էր նրան «տէր» կոչում (Ծննդոց 18։12)։ Սակայն դա Սարրային չէր նսեմացնում։ Այն, որ նա հոգևորապես ուժեղ կին էր, հստակ երևում էր Եհովայի հանդեպ նրա դրսևորած ամուր հավատից։ Անշուշտ, նա մաս է կազմում այն ‘վկաների բազմության’, որոնց հավատի օրինակը պետք է մղի մեզ «համբերութեամբ վազե[լու] մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը» (Եբրայեցիս 11։11; 12։1)։ Քրիստոնյա կնոջ համար բոլորովին էլ նսեմացում չէ Սարրայի պես կին լինելը։
18. Ո՞ր սկզբունքները պետք է հիշի ամուսինը կամ կինը կրոնապես բաժանված ընտանիքում։
18 Կրոնապես բաժանված ընտանիքում նույնպես ամուսինը ընտանիքի գլուխն է։ Եթե նա ճշմարտության մեջ է, ապա հաշվի կառնի իր կնոջ համոզմունքները, բայց, միևնույն ժամանակ, զիջումների չի գնա հավատի հարցում։ Եթե կինն է ճշմարտության մեջ, ապա նա նույնպես զիջումների չի գնա հավատի հարցում (Գործք 5։29)։ Այդուհանդերձ, կինը հարցականի տակ չի դնի իր ամուսնու գլխավորությունը։ Նա կհարգի նրա դիրքը և կմնա ‘իր ամուսնու օրենքի’ տակ (Հռովմայեցիս 7։2)։
Աստվածաշնչի իմաստուն առաջնորդությունը
19. Որո՞նք են ճնշումներից մի քանիսը, որ լարվածություն են առաջ բերում ընտանիքում, սակայն ինչպե՞ս կարելի է դիմադրել դրանց։
19 Այսօր շատ հանգամանքներ կան, որոնք կարող են լարվածություն առաջ բերել ամուսնական հարաբերություններում։ Որոշ ամուսիններ թերանում են կատարել իրենց պատասխանատվությունները։ Որոշ կանայք հրաժարվում են ընդունել իրենց ամուսինների գլխավորությունը։ Կան ընտանիքներ, որտեղ կողակիցներից մեկը դաժան վերաբերմունքի է արժանանում մյուսի կողմից։ Տնտեսական ճնշումները, մարդկային անկատարությունը, աշխարհի ոգին՝ իր անբարոյականությամբ ու արժեքների վերաբերյալ աղավաղված պատկերացումներով՝ այս բոլորը կարող են փորձության ենթարկել քրիստոնյայի նվիրվածությունը։ Այդուհանդերձ, Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվող ամուսիններն ու կանայք, ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվեն, Եհովայի օրհնությանն են արժանանում։ Նույնիսկ եթե կողակիցներից միայն մեկն է կիրառում Աստվածաշնչի սկզբունքները, ապա դա ավելի լավ է, քան եթե ոչ ոք չի կիրառում դրանք։ Բացի այդ, Եհովան սիրում և աջակցում է իր այն ծառաներին, որոնք նույնիսկ ծանր հանգամանքներում հավատարիմ են մնում իրենց ամուսնական երդմանը։ Նա չի մոռանում իր հանդեպ նրանց ցուցաբերած նվիրվածությունը (Սաղմոս 18։25, ՆԱ; Եբրայեցիս 6։10; Ա Պետրոս 3։12)։
20. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պետրոսը բոլոր քրիստոնյաներին։
20 Ամուսնացած քրիստոնյաներին խորհուրդ տալով՝ Պետրոս առաքյալն իր ասելիքը ավարտեց քաջալերանքի խոսքերով։ Նա գրեց. «Վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք։ Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. այլ ընդ հակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուեցաք, որ օրհնութիւնը ժառանգէք» (Ա Պետրոս 3։8, 9)։ Սա իմաստուն խորհուրդ է բոլորի և հատկապես ամուսնացած զույգերի համար։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս են քրիստոնյա ամուսինները ընդօրինակում Հիսուսին։
• Ինչպե՞ս են քրիստոնյա կանայք ընդօրինակում ժողովին։
• Ո՞ր կերպերով կարող են ամուսինները պատվել իրենց կանանց։
• Ո՞րն է լավագույն վարվելակերպը այն քրիստոնյա կնոջ համար, որի ամուսինը չի ընդունում նրա հավատը։
[նկար 16–րդ էջի վրա]
Քրիստոնյա ամուսինը սիրում ու հոգ է տանում իր կնոջը
Քրիստոնյա կինը հարգում ու պատվում է իր ամուսնուն
[նկար 17–րդ էջի վրա]
Ի տարբերություն հռոմեական օրենքի՝ քրիստոնեական ուսմունքները պահանջում էին ամուսնուց պատվել իր կնոջը
[նկար 18–րդ էջի վրա]
«Մեծ բազմության» մաս կազմող և՛ տղամարդիկ, և՛ կանայք անձկագին սպասում են Դրախտում հավիտենական կյանքը ժառանգելու ժամանակին
[նկար 20–րդ էջի վրա]
Սարրան Աբրահամին համարում էր իր տերը