Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մկրտվե՞մ, թե ոչ (մաս 1): Մկրտության նշանակությունը
    Երիտասարդները հարցնում են
    • Եհովայի վկաների համաժողովի ժամանակ մի պատանի մկրտվում է լողավազանում

      ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

      Մկրտվե՞մ, թե ոչ (մաս 1): Մկրտության նշանակությունը

      Ամեն տարի մկրտվում են շատ պատանիներ, որոնք մեծացել են Եհովայի վկաների ընտանիքներում։ Դո՞ւ էլ ես մտածում այդ քայլը կատարելու մասին։ Եթե այո, ապա պետք է հասկանաս նվիրման և մկրտության նշանակությունը։

      • Ի՞նչ է մկրտությունը

      • Ի՞նչ է նվիրումը

      • Ինչո՞ւ է մկրտությունը կարևոր

      • Ինչ են ասում հասակակիցներդ

      • Սխալ տեսակետներ և փաստեր

      Ի՞նչ է մկրտությունը

      Ըստ Աստվածաշնչի՝ մկրտությունը ջրի մեջ ամբողջությամբ ընկղմվելն է, ոչ թե մարդու վրա ջուր ցողելը։ Այն կարևոր խորհրդանշական իմաստ ունի։

      • Ջրի մեջ ընկղմվելով՝ հանրորեն ցույց ես տալիս, որ այդուհետ միայն քո ուզածը անելու համար չես ապրելու։

      • Ջրից դուրս գալով՝ ցույց ես տալիս, որ սկսում ես նոր կյանք, որի գլխավոր նպատակը Աստծուն հաճեցնելն է։

      Մկրտվելով հանրորեն ցույց ես տալիս քո հավատն առ այն, որ Եհովան իրավունք ունի բարու և չարի չափանիշներ սահմանելու, ինչպես նաև պաշտոնապես հայտարարում ես նրա կամքը կատարելու քո խոստման մասին։

      Մտածիր: Ինչո՞ւ պետք է հանրորեն ցույց տաս, որ կյանքդ Եհովային ես նվիրել։ Տես 1 Հովհաննես 4։19 և Հայտնություն 4։11 համարները։

      Ի՞նչ է նվիրումը

      Նախքան մկրտությունը դու պետք է նվիրվես Եհովային։ Ինչպե՞ս։

      Անձնական աղոթքում դու խոստանում ես Եհովային, որ կծառայես նրան հավիտյան և կկատարես նրա կամքը՝ անկախ հանգամանքներից և ուրիշների որոշումներից։

      Մկրտությամբ դու հանրորեն ցույց ես տալիս, որ նվիրվել ես Աստծուն։ Դրանով դու նաև ցույց ես տալիս, որ արդեն Եհովային ես պատկանում և ոչ թե քեզ (Մատթեոս 16։24)։

      Մտածիր: Ինչո՞ւ կարող ենք ասել, որ կյանքդ կբարելավվի, երբ այն Եհովային նվիրես։ Տես Եսայիա 48։17, 18 և Եբրայեցիներ 11։6 համարները։

      Ինչո՞ւ է մկրտությունը կարևոր

      Հիսուսն ասաց, որ մկրտությունը պահանջ է իր աշակերտների համար (Մատթեոս 28։19, 20)։ Հետևաբար մկրտությունը շարունակում է պահանջ լինել քրիստոնյաների համար։ Ավելին՝ Աստվածաշնչում ասվում է, որ մկրտությունը անհրաժեշտ է փրկության համար (1 Պետրոս 3։21)։

      Այդուհանդերձ, դու պետք է մկրտվես Եհովայի հանդեպ սիրուց և երախտագիտության զգացումից մղված։ Դու պետք է ունենաս սաղմոսերգուի մտայնությունը, որն ասաց. «Ինչո՞վ հատուցեմ Եհովային ինձ արած իր բոլոր բարիքների համար.... [Պիտի] Եհովայի անունը կանչեմ։ Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ» (Սաղմոս 116։12–14)։

      Մտածիր: Ի՞նչ լավ բաներ է արել Եհովան քեզ համար, և ինչպե՞ս կարող ես վարձահատույց լինել նրան։ Տես 2 Օրենք 10։12, 13; Հռոմեացիներ 12։1։

      Ինչ են ասում հասակակիցներդ

      Միջին

      «Ճիշտ է, նվիրվելիս լուրջ խոստում ես տալիս Եհովային, սակայն Եհովայի նվիրված ծառաների կյանքը լի է օրհնություններով։ Վերջիվերջո, նա մեզանից ավելի լավ հոգ կտանի մեր մասին» (Միջին)։

      Էմբեր

      «Եհովան արդեն ցույց է տվել իր սերը քո հանդեպ։ Մկրտվելով դու կարող ես ցույց տալ նրա հանդեպ ունեցած քո սերը։ Մկրտությունը մեծ պատասխանատվություն է, բայցև մեծ օրհնություն» (Էմբեր)։

      Ջուլիան

      «Աստծուն նվիրվելն ու մկրտվելը ամենակարևոր որոշումներն են, որոնք մարդը կարող է կայացնել։ Սակայն չպետք է վախենալ։ Եթե պատրաստված ես և դա անում ես ճիշտ մղումներով, դա կլինի քո կայացրած լավագույն որոշումը» (Ջուլիան)։

      Սխալ տեսակետներ և փաստեր

      ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ։ Միայն չափահաս տարիքում է մարդ բավականաչափ հասուն, որ մկրտվի։

      ՓԱՍՏ։ Անհատի հասունությունը հիմնականում կախված է ոչ թե տարիքից, այլ Աստծու հանդեպ սիրուց և նրան հնազանդվելու պատրաստակամությունից։ Լինելով պատանիներ՝ Հովսեփը, Սամուելը և Հովսիան այդպիսի հասունություն դրսևորեցին։ Շատ պատանիներ այսօր նույն կերպ են վարվում։

      Աստվածաշնչում ասվում է. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11)։

      ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ։ Եթե ընկերներդ մկրտվում են, դու էլ պետք է մկրտվես։

      ՓԱՍՏ։ Նվիրվելու և մկրտվելու որոշումը անձնական է, որը պետք է սրտից բխի: Այն ընդամենը արարողություն չէ, որը պետք է անես ի նշան չափահասության, ինչ է թե ուրիշներն են այդպես արել կամ ակնկալում են քեզնից, որ այդպես վարվես։

      Աստվածաշնչում ասվում է. «[Աստծու] ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն» (Սաղմոս 110։3)։

      ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ։ Եթե մկրտված չես, ապա հաշվետու չես քո արարքների համար։

      ՓԱՍՏ։ Դու հաշվետու ես դառնում Աստծու առաջ ոչ թե մկրտությունից հետո, այլ այն ժամանակ, երբ իմանում ես, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ նրա տեսանկյունից։

      Աստվածաշնչում ասվում է. «Հետևաբար, եթե որևէ մեկը գիտի այն, ինչ ճիշտ է, բայց չի անում, դա մեղք է» (Հակոբոս 4։17)։

      ԱՌԱՋԱՐԿ։ Եթե նվիրված ու մկրտված քրիստոնյա լինելու պատասխանատվությունը վախեցնում է քեզ, ապա քայլեր ձեռնարկիր, որ հասկանաս վախերդ ու հաղթահարես դրանք։ Այդ հարցում քեզ կարող է օգնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 37-րդ գլուխը։

      Վերհիշենք։ Ինչո՞ւ է մկրտվելը կարևոր

      • Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մկրտությունը պահանջ է։

      • Մկրտությունը անհրաժեշտ է փրկվելու համար։

      • Եհովային որպես նվիրված և մկրտված քրիստոնյա ծառայելը մեծ առանձնաշնորհում է։

  • Մկրտվե՞մ, թե՞ ոչ (մաս 2): Պատրա՞ստ եմ մկրտությանը
    Երիտասարդները հարցնում են
    • Աղջիկը Աստվածաշնչի և դրա վրա հիմնված գրականության մեջ մկրտության թեմայի վերաբերյալ փնտրտուքներ է անում

      ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

      Մկրտվե՞մ, թե՞ ոչ (մաս 2): Պատրա՞ստ եմ մկրտությանը

      Եթե Աստվածաշնչի չափանիշների համաձայն ես ապրում և ձգտում ես մտերմանալ Եհովայի հետ, բնականաբար մտածում ես մկրտվելու մասին։ Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ՝ պատրաստ ես այդ քայլն անելու, թե ոչ։a

      Այս հոդվածում՝

      • Որքա՞ն գիտելիքներ պետք է ունենամ

      • Ի՞նչ պետք է անեմ

      • Ինչ են ասում հասակակիցներդ

      Որքա՞ն գիտելիքներ պետք է ունենամ

      Մկրտությունը դպրոցական քննություն չէ, ուստի մեծ քանակությամբ նյութեր անգիր անելու կարիք չկա։ Սակայն քեզ հարկավոր կլինի «բանականությունդ» գործի դնել և ամրապնդել հավատդ այն բանում, որ Աստվածաշնչի սովորեցրածը ճշմարտություն է (Հռոմեացիներ 12:1)։ Օրինակ՝

      • Համոզվա՞ծ ես, որ Աստված գոյություն ունի և արժանի է, որ երկրպագես իրեն։

        Աստվածաշնչում ասվում է. «Նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբրայեցիներ 11։6)։

        Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն» (Եբրայեցիներ 3:4)։ «Ինչո՞ւ պետք է երկրպագեմ նրան» (Հայտնություն 4:11):

        Օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 1։ Ինչո՞ւ հավատալ Աստծուն» հոդվածը։

      • Համոզվա՞ծ ես, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։

        Աստվածաշնչում ասվում է. «Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։

        Հարցրու ինքդ քեզ. «Համոզվա՞ծ եմ, որ Աստվածաշնչում մարդկանց գաղափարները չեն արձանագրված» (Եսայիա 46:10; 1 Թեսաղոնիկեցիներ 2:13):

        Օգնության կարիք ունե՞ս: Տես «Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 1. ուսումնասիրիր Աստվածաշունչը» հոդվածը։

      • Համոզվա՞ծ ես, որ Եհովան քրիստոնեական ժողովի միջոցով է իրագործում իր նպատակը։

        Աստվածաշնչում ասվում է. «[Աստծուն] լինի փառքը ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով բոլոր սերունդներում հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Եփեսացիներ 3։21)։

        Հարցրու ինքդ քեզ. «Ժողովների ժամանակ սովորածս բաներին վերաբերվում եմ որպես մարդկային գաղափարների՞, թե՞ աստվածային իմաստության» (Մատթեոս 24:45)։ «Կանոնավոր հաճախո՞ւմ եմ ժողովներին, անգամ այն օրերին, երբ ծնողներս չեն կարողանում (եթե նրանք թույլ են տալիս)» (Եբրայեցիներ 10:24, 25):

        Օգնության կարիք ունե՞ս: Տես «Ինչո՞ւ արժե հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին» հոդվածը։

      Ի՞նչ պետք է անեմ

      Մկրտվելու համար հարկավոր չէ կատարյալ լինել։ Սակայն պետք է հստակ ցույց տաս, որ իսկապես ցանկանում ես «հեռանալ չարից և բարին գործել» (Սաղմոս 34։14)։ Օրինակ՝

      • Աստվածաշնչի չափանիշներո՞վ ես առաջնորդվում։

        Աստվածաշնչում ասվում է. «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16)։

        Հարցրու ինքդ քեզ: «Ինչի՞ց է երևում, որ ըմբռնողականությունս «մարզել եմ ճիշտն ու սխալը զանազանելու համար»» (Եբրայեցիներ 5։14)։ «Կարո՞ղ եմ մտաբերել այնպիսի դեպքեր, երբ դիմակայել եմ հասակակիցներիս ճնշմանը։ Ինչպիսի՞ ընկերներ ունեմ. նրանք խրախուսո՞ւմ են ինձ ճիշտն անել» (Առակներ 13:20):

        Օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչպե՞ս կարող եմ մարզել խիղճս» հոդվածը։

      • Պատասխանատվությա՞մբ ես մոտենում քայլերիդ։

        Աստվածաշնչում ասվում է. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմեացիներ 14։12)։

        Հարցրու ինքդ քեզ. «Որքանո՞վ եմ ազնիվ ինքս ինձ և ուրիշների հետ» (Եբրայեցիներ 13:18)։ «Ընդունո՞ւմ եմ սխալներս, թե՞ հակված եմ թաքցնել դրանք կամ մեղքը բարդել ուրիշների վրա» (Առակներ 28:13):

        Օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչպե՞ս վարվեմ, եթե սխալ բան եմ արել» հոդվածը։

      • Շարունակո՞ւմ ես մտերմանալ Աստծու հետ։

        Աստվածաշնչում ասվում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։

        Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ եմ անում, որ ավելի մտերմանամ Աստծու հետ։ Որքա՞ն հաճախ եմ Աստվածաշունչ կարդում» (Սաղմոս 1:1, 2)։ «Կանոնավոր աղոթո՞ւմ եմ» (1 Թեսաղոնիկեցիներ 5:17): «Կոնկրետ բաների մասի՞ն եմ աղոթում։ Ընկերներս մտերի՞մ են Եհովայի հետ» (Սաղմոս 15:1, 4):

        Օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 2. Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձրու» և «Ինչո՞ւ պետք է աղոթեմ» հոդվածները։

      ԱՌԱՋԱՐԿ. Մկրտությանը նախապատրաստվելիս կարդա «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 37-րդ գլուխը։ Հատկապես ուշադրություն դարձրու 308-րդ և 309-րդ էջերի շրջանակներին։

      a Կարդա «Մկրտվե՞մ, թե ոչ (մաս 1)» հոդվածը՝ իմանալու համար, թե որն է Աստծուն նվիրվելու և մկրտվելու կարևորությունն ու նշանակությունը։

      Ինչ են ասում հասակակիցներդ

      Գաբրիելա

      ««Երիտասարդները հարցնում են» գրքի՝ մկրտությանը վերաբերող շրջանակի օգնությամբ ես նկատեցի, թե որ հարցերում պետք է փոփոխություններ անեմ նախքան մկրտությունս։ Այն նաև նպաստեց, որ այնպիսի նպատակներ դնեի, որոնք կկարողանայի իրականացնել մկրտությունից հետո։ Թեև Եհովային նվիրվելը մեծ պատասխանատվություն է, սակայն դա նաև ամենամեծ առանձնաշնորհումն է» (Գաբրիելա):

      Քեյլըբ

      «Պողոսը Տիմոթեոսին ուղղված նամակում ասել էր. «Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր» (2 Տիմոթեոս 3։14)։ Ժամանակ հատկացրու, որ ուսումնասիրես Աստծու Խոսքը ու համոզվես, որ սովորածդ ճշմարտություն է։ Դու Եհովային ես նվիրվում, ոչ թե մարդկանց, հետևաբար մկրտվելիս քեզ համար ամենակարևոր բանը Եհովային ուրախացնելը պետք է լինի» (Քեյլըբ):

      Վերհիշենք։ Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել մկրտությանը

      Քննիր հավատալիքներդ։ Համոզվա՞ծ ես, որ Աստված գոյություն ունի և արժանի է, որ երկրպագես իրեն։ Համոզվա՞ծ ես, որ Աստվածաշունչը Աստծու կողմից է ներշնչված, և որ Եհովան կազմակերպության միջոցով է իրագործում իր կամքը։

      Քննիր վարքդ։ Եհովայի չափանիշներո՞վ ես առաջնորդվում։ Պատասխանատվությա՞մբ ես մոտենում քայլերիդ։ Շարունակո՞ւմ ես մտերմանալ Աստծու հետ։

  • Մկրտվե՞մ, թե՞ ոչ (մաս 3): Ի՞նչն է ինձ խանգարում
    Երիտասարդները հարցնում են
    • Մի մարդ մկրտվում է լճում, իսկ մյուսները դիտում են մկրտությունը

      ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

      Մկրտվե՞մ, թե՞ ոչ (մաս 3)։ Ի՞նչն է ինձ խանգարում

      Անհանգստանո՞ւմ ես, երբ մտածում ես Աստծուն նվիրվելու և մկրտվելու մասին։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ հաղթահարել այդ զգացումը։

      Այս հոդվածում՝

      • Իսկ եթե մկրտվելուց հետո լուրջ մեղք գործե՞մ

      • Ի՞նչ անեմ, եթե վախենում եմ հավելյալ պատասխանատվություններից

      • Ի՞նչ անեմ, եթե Աստծուն ծառայելու համար ինձ անարժան եմ զգում

      • Ինչ են ասում հասակակիցներդ

      Իսկ եթե մկրտվելուց հետո լուրջ մեղք գործե՞մ

      Անհանգստության պատճառը։ Հնարավոր է՝ ճանաչում ես ինչ-որ մեկին, ով մկրտվելուց հետո լուրջ մեղք է գործել և զրկվել է ընկերակցությունից (1 Կորնթացիներ 5։11–13)։ Գուցե վախենում ես, որ քեզ հետ էլ նույնը կպատահի։

      «Երբ առաջին անգամ մտածեցի մկրտվելու մասին, մեղք գործելու միտքը վախեցրեց ինձ։ Պատկերացրի, թե դա ինչպես կազդի ծնողներիս վրա» (Ռեբեկա)։

      Գլխավոր համար. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը.... Թող նա վերադառնա դեպի Եհովան, որը կողորմի նրան, ու դեպի մեր Աստվածը, որովհետև նա մեծահոգաբար կների» (Եսայիա 55։7)։

      Մտածիր։ Թեև չզղջացող քրիստոնյաները զրկվում են ընկերակցությունից, սակայն Եհովան ներում է խոնարհ մարդկանց, որոնք զղջում են և ցանկանում են ուղղվել (Սաղմոս 103։13, 14; 2 Կորնթացիներ 7։11)։

      Բացի այդ՝ նույնիսկ անկատար լինելով՝ դու Աստծու օգնությամբ կարող ես պայքարել մեղք գործելու գայթակղության դեմ (1 Կորնթացիներ 10։13)։ Վերջիվերջո դու ես որոշում՝ ինչպես վարվել։

      «Սկզբում վախենում էի, թե մկրտվելուց հետո հնարավոր է՝ լուրջ սխալ գործեմ, բայց հետո հասկացա, որ չմկրտվելով սխալ կգործեմ։ Սկսեցի գիտակցել, որ ապագայի անհանգստությունները չպետք է այսօր ինձ հետ պահեն ճիշտ որոշումներ կայացնելուց» (Քերըն)։

      Ամփոփում։ Եթե ցանկանաս, կարող ես խուսափել լուրջ սխալներ անելուց։ Եհովայի ծառաները իրենց կյանքով փաստում են սա (Փիլիպպեցիներ 2։12)։

      Հավելյալ օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչպե՞ս կարող եմ դիմադրել գայթակղությանը» հոդվածը։

      Ի՞նչ անեմ, եթե վախենում եմ հավելյալ պատասխանատվություններից

      Անհանգստության պատճառը։ Թերևս ճանաչում ես երիտասարդների, ովքեր իրենց ծառայությունը ընդլայնելու համար տեղափոխվել են հեռավոր վայրեր։ Գուցե անհանգստանում ես, որ քեզնից էլ է ակնկալվում նման կերպ վարվել։

      «Մկրտված քրիստոնյաները առանձնաշնորհում ունեն ծառայելու Եհովային տարբեր կերպերով, սակայն ոչ բոլորն են պատրաստ ընդլայնել իրենց ծառայությունը, և ոչ բոլորի հանգամանքներն են թույլ տալիս դա անել» (Մարի)։

      Գլխավոր համար. «Բայց ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4)։

      Մտածիր։ Քեզ ուրիշների հետ համեմատելու փոխարեն, ուշադրություն դարձրու, թե ինչ է ասվում Մարկոս 12։30-ում. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով»։

      Այստեղ ասվում է, որ պետք է ծառայես Եհովային քո ամբողջ սրտով, ոչ թե ուրիշի։ Եթե իրոք սիրում ես Եհովային, ապա նրան քո լավագույնը տալու կերպեր կգտնես։

      «Ճիշտ է, մկրտությունը լուրջ քայլ է, բայց այն ծանր բեռ չէ։ Լավ ընկերները կօգնեն քեզ դժվար պահերին։ Եթե աստիճանաբար սկսես պատասխանատվություններ ստանձնել, ապա իրոք երջանիկ կլինես։ Իսկ չմկրտվելով ինքդ քեզ ես վատություն անում» (Ջուլիա)։

      Ամփոփում։ Գնահատանք զարգացրու Աստծու՝ քո նկատմամբ դրսևորած սիրո հանդեպ։ Այն կմղի, որ տաս նրան քո լավագույնը (1 Հովհաննես 4։19)։

      Հավելյալ օգնության կարիք ունե՞ս։ Տես «Պատասխանատո՞ւ անձնավորություն եմ» հոդվածը։

      Ի՞նչ անեմ, եթե Աստծուն ծառայելու համար ինձ անարժան եմ զգում

      Անհանգստության պատճառը։ Եհովան տիեզերքի Գերիշխանն է, նրա համեմատ մենք ոչինչ ենք։ Թերևս մտածում ես, որ նա անգամ չի նկատում քեզ։

      «Քանի որ ծնողներս Եհովայի վկաներ են, մտածում էի, որ Եհովայի հետ իմ մտերմությունը ուղղակի «ժառանգել եմ» նրանցից. նա ինձ չի ձգել դեպի իրեն» (Նատալի)։

      Գլխավոր համար. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհաննես 6։44)։

      Մտածիր։ Այն փաստը, որ մտածում ես մկրտության մասին, թերևս ցույց է տալիս, որ նա ձգել է քեզ դեպի իրեն և ուզում է ավելի մտերիմ փոխհարաբերություններ ունենալ քեզ հետ։ Իսկ դու ի՞նչ կանես։ Արդյո՞ք քայլեր չես ձեռնարկի նրա հետ մտերմանալու համար։

      Հիշիր նաև, որ Եհովան անձամբ է չափանիշներ սահմանում, թե ում ձգի դեպի իրեն։ Ո՛չ մենք, ո՛չ էլ ուրիշները չենք կարող դա անել։ Իր Խոսքում Աստված հավաստիացնում է, որ եթե մոտենանք իրեն, նա էլ կմոտենա մեզ (Հակոբոս 4։8)։

      «Այն փաստը, որ դու ճանաչում ես Եհովային, և նա ձգել է քեզ դեպի իրեն, ցույց է տալիս, որ նա սիրում է քեզ։ Երբ սկսում ես մտածել, թե արժանի չես ծառայել Եհովային, հիշիր, որ դա միայն քո կարծիքն է։ Եհովան այլ կերպ է մտածում, իսկ նա միշտ ճիշտ է» (Սելինա)։

      Ամփոփում։ Եթե համապատասխանում ես մկրտվելու համար սահմանված աստվածաշնչյան չափանիշներին, ապա դու կարող ես դառնալ Եհովայի վկա։ Հիշիր՝ նա արժանի է, որ երկրպագես իրեն (Հայտնություն 4։11)։

      Հավելյալ օգնության կարիք ունե՞ս։ Տես «Ինչո՞ւ պետք է աղոթեմ» հոդվածը։

      Ինչ են ասում հասակակիցներդ

      Սքայ

      «Սխալ գործելու վախը չպետք է քեզ հետ պահի մկրտվելուց։ Դա նման է մրցավազքի։ Եթե վախենաս ընկնելուց, գուցե որոշես չվազել։ Բայց ընկնելու դեպքում կարող ես նորից ոտքի կանգնել։ Եթե չսկսես վազել, երբեք չես զգա հաղթանակի համը» (Սքայ)։

      Վինիսիո

      «Ավտովթարների վախը երիտասարդներին հետ չի պահում վարորդական վկայական ձեռք բերելուց։ Մկրտության դեպքում էլ է այդպես։ Ապագայի մասին անհանգստանալու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք Եհովայի հետ ունեցած մեր մտերմությունը ամուր պահելու վրա» (Վինիսիո)։

      Վերհիշենք։ Ի՞նչն է ինձ խանգարում մկրտվել

      • Լուրջ սխալ գործելու վախը։ Եթե ցանկանաս, կարող ես խուսափել լուրջ սխալներ անելուց։ Եհովայի ծառաները իրենց կյանքով փաստում են սա։

      • Պատասխանատվություններ ստանձնելու վախը։ Գնահատանք զարգացրու Աստծու՝ քո նկատմամբ դրսևորած սիրո հանդեպ։ Այն կմղի, որ տաս նրան քո լավագույնը։

      • Անարժան լինելու վախը։ Եթե համապատասխանում ես մկրտվելու համար սահմանված աստվածաշնչյան չափանիշներին, ապա դու կարող ես դառնալ Եհովայի վկա։ Հիշիր՝ նա արժանի է, որ երկրպագես իրեն։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը