Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. երաժշտական գործիքներ
«Գովաբանե՛ք նրան եղջերափող հնչեցնելով։ Գովաբանե՛ք նրան տավիղով ու քնարով։ Գովաբանե՛ք նրան դափով ու շուրջպարով։ Գովաբանե՛ք նրան նվագալարերով ու սրինգով։ Գովաբանե՛ք նրան քաղցրահնչյուն ծնծղաներով։ Գովաբանե՛ք նրան զրնգուն ծնծղաներով» (ՍԱՂՄՈՍ 150։3–5)։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ շատ կարևոր դեր է խաղացել Եհովա Աստծու երկրպագության մեջ։ Երբ իսրայելացիները ապահով անցան Կարմիր ծովով, Մովսեսի քույր Մարիամը և մյուս կանայք հաղթանակի երգ երգեցին ու դափերով պարեցին. իսրայելացիները նոր էին ազատվել եգիպտացիների հետապնդումից, բայց արդեն պատրաստ էին երգելու, նվագելու և պարելու։ Սա ցույց է տալիս, որ երաժշտությունը մեծ դեր է ունեցել նրանց կյանքում (Ելք 15։20)։ Դարեր անց Դավիթ թագավորը հազարավոր երաժիշտների նշանակեց, որ խորանում նվագով փառաբանեն Աստծուն։ Այդ պրակտիկան շարունակվեց Սողոմոնի կառուցած տաճարում (1 Տարեգրություն 23։5)։
Ինչի՞ց էին պատրաստված հին երաժշտական գործիքները։ Ի՞նչ ձև ունեին դրանք, ինչպե՞ս էին հնչում և ե՞րբ էին օգտագործվում։
Երաժշտական գործիքների տեսակները
Աստվածաշնչում նկարագրվող երաժշտական գործիքները պատրաստում էին թանկարժեք փայտից, կենդանու կաշվից, եղջյուրից և մետաղից։ Որոշ գործիքներ զարդարում էին փղոսկրով։ Գործիքների լարերը պատրաստում էին բուսական թելերից և կենդանու աղիքներից։ Գրեթե ոչ մի հնագույն գործիք չի պահպանվել, սակայն դրանց պատկերները հասել են մեզ։
Աստվածաշնչյան ժամանակների երաժշտական գործիքները կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի. լարային գործիքներ՝ ինչպիսիք են տավիղը, քնարը (1) և ջնարը (2), փողային գործիքներ՝ եղջերափող (3), փող (4), սրինգ, կամ՝ շվի (5), հարվածային գործիքներ՝ դափ (6), սիստր (7), ծնծղա (8) և զանգակ (9)։ Այս գործիքների նվագակցությամբ ընթերցում էին բանաստեղծություններ, պարում էին ու երգում (1 Սամուել 18։6, 7)։ Իսկ ամենակարևորն այն էր, որ երգն ու երաժշտությունը՝ այդ աստվածային պարգևը, մեծ տեղ ուներ Աստծուն մատուցվող երկրպագության մեջ (1 Տարեգրություն 15։16)։ Եկեք այդ գործիքներին անդրադառնանք ավելի մանրամասնորեն։
Լարային գործիքներ։ Տավիղը և քնարը թեթև գործիքներ էին, ուստի հեշտ էր տեղափոխելը։ Դրանք ունեին փայտե շրջանակ, որի վրա ձգված էին լարերը։ Դավիթը լարային գործիք էր նվագում Սավուղ թագավորի խռովված հոգին հանգստացնելու համար (1 Սամուել 16։23)։ Այս գործիքներով նվագել են Սողոմոնի տաճարի նվիրման ժամանակ, ինչպես նաև այլ ուրախալի առիթներով, օրինակ՝ տոնակատարություններին (2 Տարեգրություն 5։12; 9։11)։
Ջնարը տեսքով տարբերվում էր տավիղից, սակայն նույնպես լարեր ուներ։ Դրանք անցնում էին հնչարկղի վրայով։ Լարերի տատանումը հաճելի հնչյուններ էր արձակում, որոնք նման էին դասական կիթառի հնչյուններին։ Լարերը պատրաստում էին միահյուսված բուսական թելերից կամ կենդանիների աղիքներից։
Փողային գործիքներ։ Աստվածաշունչը բավական հաճախ է հիշատակում փողային գործիքների մասին։ Ամենահին փողային գործիքներից է եղջերափողը։ Խոյի եղջյուրի պարունակությունը հանում էին և ստանում բարձր, ականջ ծակող հնչյուններ արձակող գործիք։ Եղջերափողի միջոցով ռազմիկներին կանչում էին մարտի և ղեկավարում նրանց գործողությունները (Դատավորներ 3։27; 7։22)։
Փողային գործիքների մեկ այլ տեսակ էր մետաղյա փողը։ Մեռյալ ծովի ձեռագրերում կար մի արձանագրություն, ըստ որի՝ մետաղյա փողերը բավական մեծ ձայնածավալ ունեին։ Եհովան պատվիրել էր Մովսեսին պատրաստել երկու արծաթե փող՝ զանազան նպատակների համար (Թվեր 10։2–7)։ Սողոմոնի տաճարի հանդիսավոր բացմանը 120 փողեր իրենց հզոր ձայնով է՛լ ավելի տպավորիչ դարձրին այդ իրադարձությունը (2 Տարեգրություն 5։12, 13)։ Փողերը տարբեր երկարության էին լինում։ Կային փողեր, որոնց երկարությունը՝ ծայրոցից (մունդշտուկից) մինչև ձագարաձև փողաբերան, անցնում էր 90 սանտիմետրից։
Իսրայելացիների սիրելի փողային գործիքներից էր սրինգը։ Սրնգի ուրախ և քաղցրահնչուն ձայնը ընտանեկան հավաքույթների, խնջույքների, ինչպես նաև հարսանիքների ժամանակ բարձրացնում էր մարդկանց տրամադրությունը (1 Թագավորներ 1։40; Եսայիա 30։29)։ Այդ քնարական ձայնը կարելի էր լսել նաև սգո արարողությունների ժամանակ (տե՛ս էջ 14) (Մատթեոս 9։23)։
Հարվածային գործիքներ։ Տոնակատարությունների ժամանակ իսրայելացիները նվագում էին զանազան հարվածային գործիքներ։ Դրանց արձակած ռիթմիկ հնչյունները չէին կարող անտարբեր թողնել։ Դափը պատրաստում էին կենդանու կաշվից, որը ձգում էին և ամրացնում փայտե շրջանակին։ Շրջանակին թույլ ամրացված էին լինում նաև զանգուլակներ։ Երբ երաժիշտը կամ պարողը ձեռքով հարվածում էր դափին, այն թմբուկի ձայն էր հանում, իսկ երբ թափահարում էր, զանգուլակները ռիթմիկ զնգզնգում էին։
Մեկ այլ հարվածային գործիք էր սիստրը։ Այն ուներ մետաղյա օվալաձև շրջանակ և բռնակ, ինչպես նաև շրջանակին ամրացված ձողեր, որոնց վրա անցկացված էին կլորավուն թիթեղիկներ։ Երբ սիստրը կտրուկ թափահարում էին, այն զնգզնգում էր։
Բրոնզե ծնծղան նույն չափի երկու սկավառակ էր։ Երբ այդ սկավառակները հարվածում էին իրար, զիլ ձայն էր դուրս գալիս։ Կար նաև փոքր ծնծղա, որի սկավառակները ամրացնում էին ձեռքի երկու մատներին։ Սա նույնպես սուր ձայն էր արձակում, սակայն մեծ ծնծղայից տարբերվում էր ուժգնությամբ (Սաղմոս 150։5)։
Հետևում են նրանց օրինակին
Այսօր Եհովայի վկաները իրենց հանդիպումները սկսում և ավարտում են երաժշտությամբ և երգով։ Իսկ մեծ հավաքույթների ժամանակ հնչում է նվագախմբային երաժշտություն, որը կատարվում է ժամանակակից լարային, փողային և հարվածային գործիքներով։
Իրենց երկրպագության մեջ տեղ տալով երգին ու երաժշտությանը՝ Եհովայի վկաները հետևում են հին իսրայելացիների և առաջին դարի քրիստոնյաների օրինակին (Եփեսացիներ 5։19)։ Աստծու վաղեմի ծառաների պես՝ Եհովայի վկաներն այսօր երգով ու երաժշտությամբ փառաբանում են Աստծուն։
[նկարներ 23-րդ էջի վրա]
(գործիքների չափերի հարաբերությունը պահպանված չէ)
(տե՛ս հրատարակությունը)