Մոտեցեք Աստծուն
«Ես չեմ մոռանա քեզ»
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ հոգ տանո՞ւմ է իր ժողովրդի մասին։ Եթե այո, ապա որքա՞ն հոգատար է նա։ Այս հարցերի պատասխանները կարող ենք իմանալ միայն Աստծուց, այլ խոսքով՝ Աստվածաշնչից։ Քննենք Եսայիա 49։15 համարը։
Եհովան Եսայիա մարգարեի միջոցով նկարագրում է իր ժողովրդի հանդեպ ունեցած խոր զգացմունքները. նա օգտագործում է մի պատկերավոր օրինակ, որը կարող է մինչև հոգու խորքը հուզել յուրաքանչյուրիս։ Աստված ասում է. «Մի՞թե կինը կարող է մոռանալ իր կաթնակեր երեխային, որ չխղճա իր որովայնի որդուն»։ Առաջին հայացքից՝ այս հարցի պատասխանն ակնհայտ է. կերակրող մայրը չի կարող մոռանալ իր կաթնակեր մանկանը։ Նրա փոքրիկը լիովին կախված է իրենից՝ օր ու գիշեր. երեխան չի լռի, մինչև որ մայրը չբավարարի նրա կարիքները։ Բայց Եսայիա 49։15-ում տրվող հարցն ավելի խոր իմաստ ունի։
Ինչո՞ւ է մայրը կերակրում իր փոքրիկին և հոգում նրա բոլոր կարիքները։ Լացը կտրելու համա՞ր միայն։ Իհարկե ոչ։ Բնական է, որ մայրը «խղճում է իր որովայնի որդուն»։ «Խղճալ» թարգմանված եբրայերեն բայը ունի նաև «ողորմություն ցուցաբերելու» իմաստ (Ելք 33։19; Եսայիա 54։10)։ Այդ բառը կարող է նշանակել «խոր կարեկցանք», որը դրսևորվում է անօգնական և անպաշտպան մարդու հանդեպ։ Կաթնակեր երեխայի հանդեպ մոր ունեցած կարեկցանքը ամենաուժեղ զգացմունքներից է, որ կարող ենք պատկերացնել։
Ցավոք, կան մայրեր, ովքեր չեն խղճում իրենց փոքրիկին. նորածինն ուզում է կուրծք ուտել, բայց մայրը չի տալիս։ «Նույնիսկ նա կարող է մոռանալ»,— ասում է Եհովան։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ տղամարդիկ ու կանայք «անհավատարիմ են, բնական կապվածություն չունեն» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Այսօր շատ ենք լսում այնպիսի մայրերի մասին, ովքեր անփույթ են, վատ են վերաբերվում իրենց նորածնին և նույնիսկ լքում են նրան։ Մեկնաբանելով Եսայիա 49։15 համարը՝ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատությունում ասվում է. «Մայրերը մեղսական են և երեխաներին սիրելու փոխարեն՝ երբեմն ստորաբար են վարվում նրանց հետ։ Այո՛, նույնիսկ այս սերը, որ մեծագույնն է, կարող է չքանալ»։
Բայց Եհովան վստահեցնում է. «Ես չեմ մոռանա քեզ»։ Հիմա ավելի լավ կարող ենք հասկանալ Եսայիա 49։15-ում նշված հարցի էությունը։ Այդ հարցը ավելի շատ հակադրություն, քան համեմատություն։ Երկրի երեսին գուցեև գտնվեն մայրեր, ովքեր կարեկցանք չեն դրսևորում իրենց անօգնական մանկիկի հանդեպ, բայց Եհովան երբեք չի դադարի կամ չի մոռանա կարեկցանք դրսևորել իր երկրպագուների նկատմամբ։ Պատահական չէ, որ վերոհիշյալ աշխատությունում Եսայիա 49։15-ի առնչությամբ ասվում է. «Սա Հին Կտակարանում Աստծու սիրո մեծ դրսևորումներից մեկն է, եթե ոչ մեծագույնը»։
Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Աստվածը խորապես կարեկից է (Ղուկաս 1։78)։ Թերևս ցանկանաս իմանալ, թե ինչպես կարելի է մտերմանալ Եհովայի հետ։ Սիրառատ Աստվածը իր երկրպագուներին հավաստիացնում է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5)։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր փետրվար ամսվա համար