Մեր ընթերցողները հարցնում են
Երկրագունդը կործանվելո՞ւ է
▪ Ոմանք հավատում էին, որ երկրագունդը կործանվելու է 2011թ. հոկտեմբերի 21-ին։ Հոկտեմբերի 21-ն անցավ, բայց այդպիսի բան տեղի չունեցավ։ Ռադիոհաղորդավար Հարոլդ Քեմպինգի մարգարեությունը սուտ դուրս եկավ։ Նա ասել էր, որ 2011թ. մայիսի 21-ը ահեղ դատաստանի օր է լինելու. սարսափելի երկրաշարժը ցնցելու է ողջ երկրագունդը, իսկ հինգ ամիս հետո՝ հոկտեմբերի 21-ին, Երկիր մոլորակը վերանալու է։
Երկիրը, սակայն, երբեք չի կործանվելու։ Երկրի Ստեղծիչը դա թույլ չի տա։ Նրա Խոսքում՝ Աստվածաշնչում, ասվում է. «Դու ամուր հաստատել ես երկիրը, որ այն կանգուն մնա» (Սաղմոս 119։90)։
Աստվածաշնչի որոշ ընթերցողներ գուցե առարկեն՝ ասելով, որ մեր մոլորակը կործանվելու է կրակով, և հիմք բերեն 2 Պետրոս 3։7, 10 համարները. «Այժմյան երկինքներն ու երկիրը նույն խոսքով պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը.... Բայց Եհովայի օրը գողի պես կգա, երբ երկինքը շառաչյունով կանցնի, իսկ տարրերը, սաստիկ շիկացած, կլուծվեն, և երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն»։
Արդյո՞ք Պետրոս առաքյալի խոսքերը պետք է բառացիորեն հասկանանք։ Ո՛չ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ դեպքում այս համարների միտքը ներդաշնակ չի լինի Պետրոսի նամակին և, ընդհանրապես, ամբողջ Աստվածաշնչին։ Եթե բառացի հասկանանք, ըստ այս խոսքերի, երկինքները, այսինքն՝ տիեզերքը՝ անթիվ-անհամար աստղերը և մնացած բոլոր բաները, կայրվեն և կոչնչանան զուտ այն պատճառով, որ տիեզերքի ինչ-որ մի փոքրիկ կետում կան չար մարդիկ։ Կոչնչացնեի՞ք կիլոմետրերով ձգվող ծովափը զուտ այն պատճառով, որ մի ավազահատիկ ձեզ դուր չի գալիս։ Դա անտրամաբանական կլիներ։ Նմանապես, Եհովան չի ոչնչացնի իր ստեղծած ողջ տիեզերքը զուտ այն պատճառով, որ ապստամբություն է ծագել իր ստեղծագործություններից մեկում՝ Երկրի վրա։
Բացի այդ, նման տեսակետը հակասում է Հիսուսի հետևյալ խոսքերին. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5; Սաղմոս 37։29)։ Մի՞թե սիրող հայրը իր ընտանիքի համար կկառուցեր հարմարավետ տուն և հետո այն կայրեր (Սաղմոս 115։16)։ Դա անհավանական է։ Եհովան միայն Ստեղծիչ չէ. Եհովան նաև սիրող Հայր է (Սաղմոս 103։13; 1 Հովհաննես 4։8)։
Պետրոսը «երկիր» բառն օգտագործում է փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով մարդկային հասարակությունը, այս համարում՝ չար հասարակությունը։ Ուշադրություն դարձնենք, որ Պետրոսը զուգահեռ է անցկացնում Նոյի օրերի Ջրհեղեղի հետ (2 Պետրոս 3։5, 6)։ Այդ ժամանակ կործանվեցին միայն չար մարդիկ. Երկիր մոլորակը չկործանվեց, իսկ արդար Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին։ Նմանապես, «երկինքներ» բառը առաքյալն օգտագործել է փոխաբերական իմաստով։ Այս համարում «երկինքները» վերաբերում են մարդկային կառավարություններին։ Այսպիսով՝ անուղղելի ամբարիշտները վերանալու են, ինչպես նաև՝ մարդկային կառավարությունները, որոնք փոխարինվելու են Աստծու երկնային կառավարությամբ՝ Թագավորությամբ (Դանիել 2։44)։
Եվ այսպես՝ կործանվելո՞ւ է երկրագունդը։ Ո՛չ։ Կործանվելու է փոխաբերական երկիրը, կամ՝ չար մարդկային հասարակությունը, իսկ Երկիրը և աստվածավախ մարդկային հասարակությունը մնալու են հավիտյան (Առակներ 2։21, 22)։