Ղևտական
24 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին պատվիրիր, որ ճրագների համար ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն, որպեսզի դրանք միշտ վառված լինեն:+ 3 Ահարոնը պետք է հոգ տանի, որ հանդիպման վրանում՝ Վկայության տապանակի կողքի վարագույրից դուրս, ճրագները երեկոյից մինչև առավոտ վառված լինեն Եհովայի առաջ: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: 4 Նա պետք է մշտապես հոգ տանի մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալի ճրագների մասին,+ որ դրանք միշտ վառված լինեն Եհովայի առաջ:
5 Վերցրու մանր աղացած ալյուր և 12 օղակաձև հաց թխիր: Յուրաքանչյուր հացի համար պետք է օգտագործվի երկու տասներորդ արդուի* չափ ալյուր: 6 Այդ հացերը պետք է դրվեն մաքուր ոսկուց պատրաստված սեղանին՝+ Եհովայի առաջ: Դրանք հարկավոր է երկու շարքով դասավորել իրար վրա՝ յուրաքանչյուր շարքում վեց հատ:+ 7 Յուրաքանչյուր շարքի վրա պետք է մաքուր կնդրուկ* դրվի, և հացի փոխարեն պետք է դա մատուցվի որպես հրկիզվող ընծա+ Եհովային: 8 Ամեն Շաբաթ օր քահանան պետք է հացերը դասավորի Եհովայի առաջ:+ Սա իսրայելացիների հետ կնքված մնայուն ուխտ է: 9 Հացերը Ահարոնինը և նրա որդիներինը կլինեն,+ և նրանք պետք է սուրբ վայրի տարածքում ուտեն դրանք,+ որովհետև դրանք անչափ սուրբ են ու քահանայի բաժինն են Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներից: Սա մնայուն կանոն է»:
10 Իսրայելացիների մեջ մի մարդ կար՝ իսրայելացի կնոջ որդի, որի հայրը եգիպտացի էր:+ Այդ մարդու ու մի իսրայելացու միջև կռիվ սկսվեց ճամբարում: 11 Իսրայելացի կնոջ որդին սկսեց անարգել ու հայհոյել Անունը:*+ Ուստի նրան բերեցին Մովսեսի մոտ:+ Նրա մոր անունը Սալոմիթ էր. նա Դանի ցեղից Դաբրիի աղջիկն էր: 12 Այդ մարդուն կալանքի վերցրին, մինչև որ հայտնի լիներ, թե Եհովան ինչ որոշում է կայացրել:+
13 Եհովան ասաց Մովսեսին. 14 «Ճամբարից դուրս հանեք հայհոյողին, և բոլոր նրանք, ովքեր լսել են նրա խոսքերը, թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին: Իսկ հետո ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան:+ 15 Ապա իսրայելացիներին ասա. «Եթե որևէ մեկը հայհոյի Աստծուն, պետք է պատասխան տա իր մեղքի համար: 16 Եհովայի անունն անարգողը անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Ողջ ժողովուրդը անպատճառ պետք է քարկոծի նրան: Եթե պանդուխտը անարգի Անունը, նա նույնպես պետք է մահվան մատնվի, ճիշտ ինչպես բնիկը:
17 Եթե որևէ մեկը ուրիշ մարդու կյանք խլի,* անպայման պետք է մահվան մատնվի:+ 18 Եթե ինչ-որ մեկը ուրիշի ընտանի կենդանուն հարվածի ու սպանի, պետք է փոխհատուցում տա. կենդանու դիմաց՝ կենդանի:* 19 Եթե որևէ մեկը վնաս հասցնի իր դրացուն, ապա ինչ ինքն է արել, նույնը նրան պետք է արվի:+ 20 Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ. ինչ վնաս որ նա հասցրել է մարդուն, նույնը նրան պետք է անել:+ 21 Ուրիշի կենդանուն սպանողը պետք է փոխհատուցի դրա դիմաց,+ իսկ մարդ սպանողը պետք է մահվան մատնվի:+
22 Մեկ օրենք պետք է լինի ձեզ համար՝ ինչպես պանդուխտի, այնպես էլ բնիկի համար,+ քանի որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:
23 Դրանից հետո Մովսեսը խոսեց իսրայելացիների հետ, և նրանք հայհոյողին ճամբարից դուրս տարան ու քարկոծեցին:+ Նրանք արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: