2 Տարեգրություն
22 Երուսաղեմի բնակիչները Հովրամից հետո թագավոր դարձրին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային,* քանի որ արաբացիների հետ Հուդայի բանակի վրա հարձակված հրոսակախմբերը* սպանել էին նրա ավագ որդիներին:+ Այսպիսով՝ Հովրամի որդի Օքոզիան Հուդայի թագավորը դարձավ:+ 2 Օքոզիան 22 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և մեկ տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Գոթողիա+ էր. նա Ամրիի+ թոռնուհին* էր:
3 Օքոզիան նույնպես գնաց Աքաաբի ընտանիքի հետքերով,+ որովհետև նրա մայրը չար խորհուրդներ էր տալիս նրան: 4 Օքոզիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես որ Աքաաբն ու նրա ընտանիքն էին արել, որովհետև իր հոր մահից հետո Աքաաբի ընտանիքն էր դարձել իր խորհրդատուն, և հենց դա էլ կործանեց նրան: 5 Նրանց խորհրդով էր, որ նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝+ Ասորիքի թագավոր Ազայելի+ դեմ պատերազմելու, սակայն նետաձիգները վիրավորեցին Հովրամին: 6 Ուստի Հովրամը վերադարձավ Հեզրայել,+ որպեսզի բուժվի այն վերքերից, որ նրանք հասցրել էին իրեն Ռամայում,* երբ նա պատերազմում էր Ասորիքի թագավոր Ազայելի դեմ:+
Օքոզիան՝* Հուդայի թագավոր Հովրամի+ որդին, գնաց Հեզրայել՝ տեսակցելու Աքաաբի որդի Հովրամին,+ քանի որ նա վիրավոր* էր:+ 7 Բայց Աստված Օքոզիայի՝ Հովրամին այցելելու առիթն օգտագործեց, որպեսզի կործանի Օքոզիային: Երբ նա եկավ Հովրամի մոտ, նրանք գնացին Նամեսիի թոռ* Հեուին+ ընդառաջ, որին Եհովան օծել էր Աքաաբի տունը բնաջինջ անելու համար:+ 8 Երբ Հեուն իրագործում էր Աքաաբի տան դեմ կայացված դատավճիռը, հանդիպեց Հուդայի իշխաններին և Օքոզիայի եղբայրների որդիներին, որոնք Օքոզիային էին ծառայում, ու սպանեց նրանց:+ 9 Հետո նա սկսեց փնտրել Օքոզիային: Նրան բռնեցին Սամարիայում, որտեղ նա թաքնվել էր, և բերեցին Հեուի մոտ: Նրան սպանեցին, ապա թաղեցին,+ որովհետև այսպես էին մտածում. «Նրա պապը Հովսափատն է, որն ամբողջ սրտով Եհովային էր ծառայում»:+ Օքոզիայի տնից մեկը չմնաց, որ ունակ լիներ թագավորելու:
10 Երբ Օքոզիայի+ մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մահացել է, վերացրեց Հուդայի սերնդի բոլոր թագաժառանգներին:+ 11 Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովրամ+ թագավորի դուստր Հոսաբեեն (նա Հովիադա+ քահանայի կինն էր և Օքոզիայի քույրը) թաքցրել էր Հովասին, Գոթողիային չհաջողվեց նրան սպանել:+ 12 Հովասին վեց տարի թաքցված պահեցին ճշմարիտ Աստծու տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում: