ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ
1 Այս նամակը գրում եմ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով նշանակվել եմ Քրիստոս Հիսուսի առաքյալ, որպեսզի հռչակեմ այն խոստացված կյանքի մասին, որը տրվում է Քրիստոս Հիսուսի հետ միավորվածներին:+ 2 Գրում եմ Տիմոթեոսին՝ իմ սիրելի զավակին:+
Թող Աստված՝ Հայրը, և մեր Տեր Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն ու գթասրտություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:
3 Երախտապարտ եմ Աստծուն, ում ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ նախահայրերի պես, և դա անում եմ մաքուր խղճով: Գիշեր ու ցերեկ անդադար հիշատակում եմ քեզ իմ ջերմեռանդ աղոթքներում: 4 Ես հիշում եմ քո արցունքները և շատ եմ ցանկանում տեսնել քեզ, որ սիրտս ուրախությամբ լցվի: 5 Մտաբերում եմ քո անկեղծ հավատը,+ ինչպիսին նախ քո տատիկը՝ Լոիդան, և քո մայրը՝ Եվնիկեն են ունեցել: Վստահ եմ, որ դու մինչև հիմա էլ ունես այդպիսի հավատ:
6 Ուստի հիշեցնում եմ քեզ, որ կրակի պես վառ պահես եռանդդ Աստծու պարգևի հանդեպ, որը տրվեց քեզ, երբ ձեռքերս քեզ վրա դրեցի:+ 7 Աստծու տված ոգին մեր մեջ ոչ թե վախկոտություն է առաջացնում,+ այլ լցնում է զորությամբ,+ սիրով ու ողջամտությամբ: 8 Ուրեմն երբեք ամոթ չզգաս ո՛չ մեր Տիրոջ մասին վկայություն տալու համար,+ ո՛չ էլ ինձ համար, որ բանտարկված եմ հանուն նրա, այլ Աստծու զորությանն ապավինելով՝+ պատրաստ եղիր կրելու քո բաժին դժվարությունները:+ 9 Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ լինելու+ ոչ թե մեր գործերի շնորհիվ, այլ շնորհիվ իր անզուգական բարության*+ և հանուն իր իսկ նպատակի: Այդ բարությունը Աստված դեռ շատ վաղուց էր որոշել դրսևորել մեր հանդեպ Քրիստոս Հիսուսի միջոցով: 10 Իսկ հիմա այն ակներև է դարձել մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսի ի հայտ գալու շնորհիվ,+ որը վերացրեց մահը+ և բարի լուրի միջոցով հայտնեց մեզ,+ թե ինչպես ձեռք բերենք կյանք+ և անքայքայելի մարմին:+ 11 Այդ բարի լուրը հայտնելու համար եմ ես նշանակվել քարոզիչ, առաքյալ և ուսուցիչ:+
12 Հենց այդ պատճառով էլ կրում եմ այս դժվարությունները:+ Սակայն չեմ ամաչում,+ քանի որ գիտեմ Աստծուն, ում հավատացել եմ, և համոզված եմ, որ այն, ինչ վստահել եմ նրան, նա կարող է պահպանել մինչև գա Դատաստանի օրը:+ 13 Ինձնից լսած ճիշտ* ուսմունքները շարունակիր չափանիշ* համարել+ և դրսևորել այն հավատն ու սերը, որ ունես Քրիստոս Հիսուսի հետ միավորված լինելու շնորհիվ: 14 Պահպանիր քեզ վստահված այս հիանալի գանձը սուրբ ոգու օգնությամբ, որը մեր մեջ է:+
15 Դու գիտես, որ Ասիա պրովինցիայում+ բոլորը երես են թեքել ինձնից, այդ թվում՝ Ֆիգելոսն ու Հերմոգենեսը: 16 Բայց Օնեսիֆորոսը+ հաճախ է ինձ քաջալերել և չի խուսափել ինձնից իմ բանտարկված լինելու պատճառով: Թող Տերը գթասիրտ լինի նրա տնեցիների հանդեպ: 17 Դեռ ավելին, երբ նա Հռոմում էր, ջանադրաբար ինձ էր փնտրում և ի վերջո գտավ: 18 Թող Տեր Եհովան* գթասիրտ լինի նրա հանդեպ Դատաստանի օրը: Դու լավ գիտես, թե որքան բան է նա ինձ համար արել Եփեսոսում:
2 Զավա՛կս,+ շարունակիր ուժ ստանալ այն անզուգական բարության շնորհիվ, որ դրսևորում է Քրիստոս Հիսուսը: 2 Ինձնից լսած ամեն բան, որ շատ վկաների կողմից էլ է հաստատվել,+ ուսուցանիր* վստահելի մարդկանց, ովքեր համապատասխան որակներ ունեն իրենց հերթին ուրիշներին ուսուցանելու համար: 3 Որպես Քրիստոս Հիսուսի լավ զինվոր՝+ պատրաստ եղիր կրելու քո բաժին դժվարությունները:+ 4 Զինվորագրողի հավանությանը ձգտող ոչ մի զինվոր կողմնակի գործերով չի զբաղվում, որ շահույթ ստանա:* 5 Մրցումների մասնակցող ոչ մի մարզիկ պսակ չի ստանում, եթե չի մրցում կանոնների համաձայն:+ 6 Տքնաջան աշխատող հողագործը արժանի է առաջինը համտեսելու պտուղը: 7 Միշտ մտածիր իմ ասածների մասին: Տերը կօգնի քեզ, որ ամեն ինչ խորությամբ հասկանաս:
8 Հիշիր, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ,+ և որ նա Դավթի սերնդից էր:+ Հենց այդ մասին է իմ քարոզած բարի լուրը,+ 9 ինչի համար էլ չարչարվում եմ և բանտի կապանքների մեջ եմ որպես հանցագործ:+ Այդուհանդերձ, Աստծու խոսքը կապանքների մեջ չէ:+ 10 Դրա համար էլ ես համբերությամբ տանում եմ ամեն ինչ հանուն ընտրվածների,+ որ նրանք էլ Քրիստոս Հիսուսի միջոցով փրկվեն և հավիտենական փառք ստանան: 11 Արժանահավատ է այն, ինչ ասում եմ. եթե նրա հետ մահացանք, նրա հետ էլ կապրենք,+ 12 եթե շարունակենք դիմանալ, նաև կթագավորենք նրա հետ,+ եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա,+ 13 և եթե նույնիսկ անհավատարիմ լինենք, Աստված, միևնույն է, հավատարիմ կմնա իր խոսքին, որովհետև նա չի կարող դեմ գնալ ինքն իրեն:
14 Շարունակիր հիշեցնել նրանց այս ամենը և հորդորիր Աստծու առաջ, որ չվիճեն բառերի շուրջ, ինչը բացարձակապես անօգուտ է և լսողներին միայն վնաս է պատճառում: 15 Լավագույնդ արա, որ Աստծու հավանությանն արժանանաս, լինես այնպիսի աշխատող, ով ամաչելու ոչ մի պատճառ չունի, այնպիսի մեկը, ով ճշմարտության խոսքը ճիշտ է մատուցում:+ 16 Խուսափիր սուրբ բաները ոտնահարող դատարկ զրույցներից,+ որովհետև դրանք մարդուն ավելի ու ավելի են մխրճում Աստծուն տհաճ վարքի մեջ: 17 Նման զրույցներ վարողների խոսքերը փտախտի պես տարածվում են: Այդպիսիներից են Հիմենեոսն ու Ֆիլետոսը:+ 18 Նրանք շեղվել են ճշմարտությունից և ասում են, թե հարությունն արդեն եղել է.+ այդպիսով կործանում են ոմանց հավատը: 19 Բայց չնայած դրան՝ Աստծու գցած ամուր հիմքը կանգուն կմնա: Դրա վրա այս խոսքերն են գրված որպես կնիք՝ «Եհովան* ճանաչում է նրանց, ովքեր իրենն են»+ և «Եհովայի անունը կանչող ամեն ոք+ թող մերժի սխալ բաները»:
20 Մեծ տան մեջ ոչ միայն ոսկե և արծաթե անոթներ կան, այլև փայտե ու կավե: Կան, որ պատվավոր նպատակով գործածվելու համար են, և կան, որ ոչ պատվավոր նպատակով գործածվելու համար են: 21 Նա, ով իրեն հեռու կպահի այդ վերջիններից, կլինի պատվավոր նպատակով օգտագործվող գործիք՝* սրբագործված,* իր տիրոջը օգտակար, պատրաստ անելու ամեն բարի գործ: 22 Այնպես որ փախիր երիտասարդական ցանկություններից, ջանադրաբար ձգտիր ճիշտն անել, հավատ ու սեր դրսևորել և խաղաղություն ունենալ՝ ընկերակցելով նրանց հետ, ովքեր կանչում են Տիրոջը մաքուր սրտով:
23 Նաև մերժիր հիմար և անիմաստ քննարկումները՝+ իմանալով, որ դրանք վիճաբանություններ են առաջ բերում: 24 Մինչդեռ Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորին մեղմությամբ* վերաբերվի,+ ուսուցանելու ունակ լինի, վատ վերաբերմունքի արժանանալիս ինքնատիրապետում դրսևորի+ 25 և հեզ* ոգով խրատի բացասաբար տրամադրվածներին:+ Թերևս Աստված հնարավորություն ընձեռի նրանց, որ զղջան* և այդպիսով ճշգրտորեն հասկանան ճշմարտությունը:+ 26 Այդ դեպքում նրանք խելքի կգան ու կազատվեն Բանսարկուի թակարդից՝ հասկանալով, որ նա ողջ-ողջ բռնել էր իրենց, որպեսզի իր կամքն անել տար:+
3 Իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ կլինեն. 2 մարդիկ կլինեն եսասեր, փողասեր, պարծենկոտ, գոռոզ, անարգանքով խոսող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, 3 մարդկային ջերմ զգացմունքներից զուրկ,* համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարին* չսիրող, 4 դավաճան, համառ, հպարտ, Աստծուն սիրելու փոխարեն հաճույքները սիրող, 5 արտաքուստ աստվածանվեր, բայց իրենց ապրելակերպով հակառակը փաստող:*+ Հեռու մնա այդպիսիներից: 6 Նման մարդկանցից ոմանք խորամանկորեն ընտանիքներ են մտնում և գերում մեղքերի բեռի տակ ընկած թուլակամ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով, 7 և որոնք, ինչքան էլ սովորում են, երբեք չեն կարողանում ինչպես հարկն է հասկանալ ճշմարտությունը:
8 Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են հակառակվում ճշմարտությանը: Նրանց միտքն ամբողջովին ապականված է, և քանի որ հավատի համաձայն չեն վարվում, չունեն Աստծու հավանությունը: 9 Սակայն նրանց հաջողությունը երկար չի տևի, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսինը ակնհայտ դարձավ:+ 10 Իսկ ինչ վերաբերում է քեզ, դու ճշգրտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ձգտել ես ունենալ նույն ապրելակերպը,+ նույն նպատակը, ինչ ես, ընդօրինակել ես իմ հավատը, համբերատարությունը, սերը և դիմացկունությունը: 11 Դու գիտես իմ հալածանքների ու չարչարանքների մասին, ինչպիսիք կրել եմ Անտիոքում,+ Իկոնիոնում+ և Լյուստրայում:+ Ես կրեցի այդ հալածանքները, բայց Տերն ազատեց ինձ այդ ամենից:+ 12 Իրականում բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն:+ 13 Իսկ չար և խարդախ մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ խաբելով ու խաբվելով:+
14 Բայց դու շարունակիր հետևել քո սովորած բաներին, որոնց ճշմարտացիության մեջ համոզվել ես.+ չէ՞ որ գիտես, թե ումից ես սովորել դրանք: 15 Դու վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը,+ որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ և օգնել, որ Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատի շնորհիվ փրկվես:+ 16 Ամբողջ գիրքը* Աստծու ներշնչմամբ է գրված+ և օգտակար է. օգնում է սովորեցնել,+ ցույց տալ սխալը, ուղղել, խրատել Աստծու արդար չափանիշների համաձայն,+ 17 որպեսզի Աստծուն ծառայող մարդը լիովին ունակ և ամբողջովին սպառազինված լինի ամեն բարի գործ անելու համար:
4 Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև, ով դատելու է+ ողջերին ու մեռածներին,+ և ով հայտնի է դարձնելու իրեն+ ու գալու է իր թագավորությամբ,+ ես ամենայն լրջությամբ պարտավորեցնում եմ քեզ. 2 խոսքը քարոզիր,+ արա դա հրատապության զգացումով* թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ, ուղղիր,+ խիստ նախազգուշացում տուր և հորդորիր: Այս ամենն անելիս գործի դիր մեծ համբերատարություն և սովորեցնելու վարպետություն:*+ 3 Կգա ժամանակ, երբ մարդիկ չեն ցանկանա լսել ճիշտ* ուսմունքը,+ այլ իրենց ցանկություններով կշարժվեն և իրենց ականջին հաճելի բաներ խոսող ուսուցիչներ կփնտրեն:+ 4 Նրանք երես կթեքեն ճշմարտությունից և ուշադրություն կդարձնեն հորինված պատմություններին: 5 Բայց դու ամեն ինչում պահպանիր սթափ դատողությունդ, դիմացիր նեղություններին,+ շարունակիր քարոզել բարի լուրը* և լիարժեքորեն կատարիր քո ծառայությունը:+
6 Ահա ես ինքս ինձ որպես ըմպելիքի ընծա+ ամբողջությամբ մատուցում եմ զոհասեղանի վրա. մոտեցել է իմ ազատվելու* ժամանակը:+ 7 Ես մղել եմ վեհ պատերազմը,+ ավարտել եմ մրցավազքը,+ հավատի մեջ ամուր եմ մնացել: 8 Այժմ Տերը՝ արդար դատավորը,+ ինձ համար պատրաստ պահել է արդարներին տրվող պսակը,+ որը նա որպես վարձատրություն կտա ինձ, երբ օրը գա:+ Նա այն կտա ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր փափագով սպասում են իր ի հայտ գալուն:
9 Ամեն ինչ արա, որ հնարավորինս շուտ ինձ մոտ գաս: 10 Բանն այն է, որ Դեմասը+ լքեց ինձ ու գնաց Թեսաղոնիկե, քանի որ սիրեց այս աշխարհը:* Իսկ Կրեսկեսը գնաց Գաղատիա, Տիտոսն էլ՝ Դալմատիա: 11 Միայն Ղուկասն է ինձ հետ: Քեզ հետ Մարկոսին էլ բեր, որովհետև ծառայության մեջ ես նրա օգնության կարիքն ունեմ: 12 Իսկ Տյուքիկոսին+ ուղարկել եմ Եփեսոս: 13 Երբ գաս, հետդ բեր այն թիկնոցը, որ թողել եմ Տրովադայում՝ Կարպոսի մոտ, նաև գլանաձև ձեռագրերը, հատկապես մագաղաթները:*
14 Դարբին Ալեքսանդրոսը ինձ շատ վնաս պատճառեց: Եհովան* կհատուցի նրան իր արածների համար:+ 15 Դու էլ զգուշացիր նրանից, որովհետև նա բուռն կերպով հակառակվում էր մեր բոլոր ասածներին:
16 Դատավարության ժամանակ, երբ առաջին անգամ պետք է պաշտպանեի ինքս ինձ, ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, բոլորը լքեցին ինձ: Ինչևէ, թող Աստված դրա համար հաշիվ չպահանջի նրանցից: 17 Բայց Տերն իմ կողքին էր և զորություն տվեց, որ իմ միջոցով բարի լուրը հիմնովին քարոզվի ու հասնի բոլոր ազգերին:+ Եվ Տերը ազատեց ինձ առյուծի երախից:+ 18 Նա ինձ կազատի ամեն չարիքից և կփրկի՝ տանելով իր երկնային թագավորություն:+ Թող նրան փառք տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:
19 Բարևներս փոխանցիր Պրիսկային և Ակյուղասին,+ ինչպես նաև Օնեսիֆորոսի+ տնեցիներին:
20 Երաստոսը+ մնաց Կորնթոսում, իսկ Տրոֆիմոսին+ թողեցի Միլետոսում, քանի որ հիվանդ էր: 21 Ամեն ինչ արա, որ մինչև ձմեռ գաս:
Քեզ բարևում է Եվբուլոսը, ինչպես նաև Պուդեսը, Լինոսը, Կլավդիան և բոլոր եղբայրները:
22 Թող Տերը օրհնի քեզ քո ցուցաբերած ոգու համար: Թող նա անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ:
Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Բռց.՝ «առողջ»:
Կամ՝ «օրինակ»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «վստահիր», «փոխանցիր»:
Կամ հնարավոր է՝ «առօրյա գործերով չի զբաղվում»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «անոթ»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «նրբանկատությամբ»:
Կամ՝ «մեղմ»:
Կամ՝ «փոխեն իրենց միտքը»:
Կամ՝ «ընտանիքի անդամների հանդեպ կապվածություն չունեցող»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «բայց դրա [աստվածանվեր լինելու] զորությունը մերժող»:
Ըստ ամենայնի, խոսքը այն սուրբ գրքերի մասին է, որոնք հետագայում դարձան Աստվածաշնչի մի մասը:
Կամ՝ «եռանդորեն»:
Կամ՝ «արվեստ»:
Բռց.՝ «առողջ»:
Բռց.՝ «ավետարանչի գործն արա»:
Կամ՝ «կյանքից հեռանալու»:
Կամ՝ «այս համակարգը»: Բառարանում տես «Աշխարհ»:
Այսինքն՝ կաշվե ձեռագրերը:
Տես հավելված Ա5: