9 սեպտեմբերի, երեքշաբթի
Հիմար կինը աղմկարար է, նա տգետ է և ոչինչ չգիտի (Առակ. 9։13)։
«Հիմար կնոջ» հրավերը լսողները պետք է որոշեն՝ ընդունել այն, թե մերժել։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք մերժելու անբարո վարքը։ «Առակներ» գրքում նկարագրված «հիմար կինն» ասում է. «Գողացված ջրերը քաղցր են» (Առակ. 9։17)։ Ի՞նչ «գողացված ջրերի» մասին է խոսքը։ Աստվածաշունչը ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերությունները համեմատում է թարմացնող ջրի հետ (Առակ. 5։15-18)։ Օրինականապես ամուսնացած տղամարդն ու կինը կարող են բավականություն ստանալ սեռական հարաբերությունների պատշաճ ու մաքուր ձևերից։ Որքա՜ն է դա տարբերվում «գողացված ջրերից», որոնք կարող են վերաբերել ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններին։ Մարդիկ հաճախ դա անում են թաքուն, ինչպես որ գողերն են գաղտնաբար գործում։ «Գողացված ջրերը» հատկապես քաղցր կարող են թվալ նրանց, ովքեր կարծում են, թե իրենց արածը չի բացահայտվի։ Ինչպիսի՜ մոլորություն. չէ՞ որ Եհովան ամեն ինչ տեսնում է։ Աստծու հավանությունը կորցնելը ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Այդ ողբերգության մեջ ոչ մի «քաղցր» բան չկա (1 Կորնթ. 6։9, 10)։ w23.06, էջ 22, պրբ. 7-9
10 սեպտեմբերի, չորեքշաբթի
Եթե իմ կամքին հակառակ էլ անեմ, միևնույն է, դա ինձ վստահված պատասխանատվություն է, որ պետք է կատարեմ (1 Կորնթ. 9։17)։
Ժամանակի ընթացքում գուցե նկատես, որ մեխանիկորեն ես աղոթում կամ ծառայությունից այլևս հաճույք չես ստանում։ Եթե նման բան լինի, մի՛ մտածիր, թե այլևս չունես Եհովայի ոգին։ Անկատարության պատճառով երբեմն զգացմունքներդ կարող են կտրուկ փոխվել։ Եթե եռանդդ սկսել է մարել, մտածիր Պողոս առաքյալի օրինակի շուրջ։ Ճիշտ է, նա ձգտում էր ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, բայց նաև հասկանում էր, որ երբեմն գուցե ցանկություն չունենա անելու այն, ինչ պետք է անի։ Պողոսը վճռել էր կատարել իր ծառայությունը՝ անկախ նրանից, թե ինչ էր զգում տվյալ պահին։ Ուստի զգացմունքներիդ ազդեցության տակ որոշումներ մի՛ կայացրու։ Վճռիր ճիշտն անել՝ անկախ նրանից, թե ինչ ես զգում։ Եթե այդպես վարվես, կտեսնես, որ ժամանակի ընթացքում զգացմունքներդ փոխվում են (1 Կորնթ. 9։16)։ w24.03, էջ 11-12, պրբ. 12-13
11 սեպտեմբերի, հինգշաբթի
Այս եղբայրների հանդեպ անկեղծ սեր դրսևորեք (2 Կորնթ. 8։24)։
Մենք կարող ենք սեր ցուցաբերել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ՝ ընդունելով նրանց մեր ընկերական շրջապատ (2 Կորնթ. 6։11-13)։ Մեզանից շատերը այնպիսի ժողովներում են ծառայում, որտեղ տարբեր մշակույթների և ազգերի մարդիկ կան, ովքեր տարբեր բնավորության գծեր ունեն։ Մենք ավելի շատ կսիրենք մեր հավատակիցներին, եթե կենտրոնանանք նրանց լավ հատկությունների վրա։ Երբ սովորում ենք մարդկանց նայել Եհովայի աչքերով, փաստում ենք, որ սիրում ենք նրանց։ Մեծ նեղության ընթացքում մեր եղբայրների ու քույրերի հանդեպ սեր դրսևորելը կենսական է լինելու։ Որտե՞ղ ենք մենք պաշտպանություն գտնելու այդ ժամանակ։ Տեսնենք, թե Եհովան ինչ հրահանգ տվեց իր ժողովրդին, երբ Բաբելոնը հարձակման ենթարկվեց. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո տան խորքի սենյակները և հետևիցդ փակիր դռները։ Մի պահ թաքնվիր, մինչև որ անցնի իմ բարկությունը» (Ես. 26։20)։ Մեծ նեղության ժամանակ թերևս մենք էլ պետք է հետևենք այս հրահանգին։ w23.07, էջ 6-7, պրբ. 14-16