1 Սամուել
8 Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին նշանակեց, որ Իսրայելում դատավորություն անեն: 2 Նրա առաջնեկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա:+ Նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում: 3 Սակայն Սամուելի որդիները չէին քայլում նրա ուղիներով. նրանք անազնիվ ճանապարհով էին շահ ստանում,+ կաշառք էին վերցնում+ և խեղաթյուրում էին արդարադատությունը:+
4 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր երեցները հավաքվեցին ու եկան Սամուելի մոտ՝ Ռամա: 5 Նրանք ասացին. «Դու ծերացել ես, իսկ քո որդիները չեն քայլում քո ուղիներով: Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս բոլոր ազգերի մեջ»:+ 6 Բայց Սամուելին դուր չեկավ,* որ նրանք ասացին, թե՝ «Մեզ թագավոր տուր, որ նա՛ դատի մեզ»: Եվ Սամուելը աղոթեց Եհովային: 7 Ի պատասխան՝ Եհովան ասաց նրան. «Արա այն ամենը, ինչ ժողովուրդն ասում է քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժել, այլ ինձ՝ որպես իրենց թագավորի:+ 8 Նրանք ինձ հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես վարվել են այն օրից ի վեր, երբ իրենց դուրս բերեցի Եգիպտոսից. շարունակ թողնում են ինձ+ և ուրիշ աստվածների են ծառայում:+ Եվ այժմ նույն կերպ էլ քեզ հետ են վարվում: 9 Հիմա լսիր նրանց: Սակայն լրջորեն զգուշացրու և ասա, թե ինչ իրավունքներ է ունենալու թագավորը, որն իշխելու է նրանց վրա»:
10 Այսպիսով՝ Սամուելը Եհովայի բոլոր խոսքերը հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին: 11 Նա ասաց. «Ահա թե ինչ անելու իրավունք կունենա այն թագավորը, որը կիշխի ձեզ վրա.+ նա ձեր որդիներին+ իր համար կառապաններ+ ու հեծյալներ կդարձնի,+ ոմանց էլ կհանձնարարի վազել իր կառքերի առաջից: 12 Ոմանց հազարապետներ+ ու հիսնապետներ+ կնշանակի, ոմանց էլ կպատվիրի, որ իր հողը հերկեն,+ բերքը հավաքեն,+ նաև պատերազմի իր զենքերն ու կառքերի մասերը պատրաստեն:+ 13 Իսկ ձեր դուստրերին խոհարար, հացթուխ և քսուքներ* պատրաստող կդարձնի:+ 14 Ձեր լավագույն արտերը, խաղողի ու ձիթենու այգիները+ նա կվերցնի և իր ծառաներին կտա: 15 Ձեր հացահատիկի արտերի ու խաղողի այգիների բերքի տասներորդ մասը կվերցնի և իր պալատականներին ու ծառաներին կտա: 16 Ձեր ծառաներին ու աղախիններին, ինչպես նաև ձեր լավագույն նախիրներն ու էշերը կվերցնի և իր համար կաշխատեցնի:+ 17 Ձեր հոտերի տասներորդ մասը կվերցնի,+ իսկ դուք նրա ծառաները կդառնաք: 18 Կգա մի օր, երբ դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով,+ բայց Եհովան ձեզ չի պատասխանի այդ օրը»:
19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելին ու ասաց. «Ո՛չ, մենք ուզում ենք՝ թագավոր իշխի մեզ վրա: 20 Այդպես մենք կլինենք մյուս բոլոր ազգերի նման. մեր թագավորը կդատի ու կառաջնորդի մեզ և կմղի մեր պատերազմները»: 21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և դրանք Եհովային հաղորդեց: 22 Եհովան էլ ասաց Սամուելին. «Լսիր նրանց և թագավոր նշանակիր, որ իշխի նրանց վրա»:+ Այդ ժամանակ Սամուելն ասաց իսրայելացիներին. «Ամեն մեկդ ձեր քաղաքը վերադարձեք»: