Օսեե
Մարդիկ խարդախություն են անում,+
Տներ են ներխուժում և գողություն անում,
Ավազակային հարձակումներ են գործում ճանապարհներին:+
2 Եվ չեն էլ մտածում, որ ես հիշելու եմ իրենց բոլոր չարագործությունները:+
Հիմա նրանք շրջապատված են իրենց չար գործերով:
Նրանց արածները ուղիղ աչքիս առաջ են:
3 Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին
Եվ իրենց խաբեությամբ՝ իշխաններին:
4 Նրանք բոլորը շնացողներ* են՝
Բորբոքված, ինչպես հացթուխի վառած փուռը,
Որի կրակը թեժացնելու կարիք անգամ չկա,
Մինչ նա հունցում է խմորը և սպասում, որ այն բարձրանա:
5 Թագավորի ուրախության օրը իշխանները վատացել են,
Գինուց տաքացած՝ ցասումով են լցվել:+
Թագավորը բարեկամության ձեռք է մեկնել ծաղրասերներին:
6 Ժողովուրդը մոտենում է նրան փռի պես վառվող սրտերով:*
Ամբողջ գիշեր հացթուխը քնած է,
Իսկ առավոտյան փռում կրկին բորբոքված կրակ է վառվում:
7 Նրանք բոլորը փռի պես բորբոքված են
Եվ լափում են իրենց ղեկավարներին:*
Նրանց բոլոր թագավորներն ընկել են.+
Նրանցից ոչ մեկը ինձ օգնության չի կանչում:+
8 Եփրեմը այլ ազգերի հետ է խառնվում:+
Նա ասես միայն մի կողմից թխված բլիթ լինի:*
9 Օտարները սպառել են նրա ուժը,+ բայց նա չի հասկանում դա:
Նրա մազերը սպիտակել են, բայց նա չի նկատում դա:
10 Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում,+
Բայց չնայած այս ամենին՝ նա չի վերադառնում իր Աստված Եհովայի մոտ+
Եվ չի փնտրում նրա աջակցությունը:
11 Եփրեմը աղավնու պես միամիտ է, անխոհեմ.*+
Նա Եգիպտոսին է օգնության կանչում,+ Ասորեստանին է դիմում:+
12 Բայց ուր էլ գնա, իմ ցանցը նրա վրա կնետեմ,
Ցած իջեցնելով՝ կբռնեմ նրանց ինչպես երկնքի թռչունների:
Կպատժեմ, ինչպես և զգուշացրել եմ նրան:*+
13 Վա՜յ նրան, որովհետև փախչում է ինձանից:
Թող կործանվի, որովհետև ոտնահարում է իմ օրենքը:
Թեև ես պատրաստ էի փրկագնել նրան, բայց նա ստեր է խոսում իմ մասին:+
14 Նա սրտանց չէր օգնության կանչում ինձ,+
Թեպետև լացուկոծ էր անում իր անկողնում:
Կտրվածքներ էր անում իր վրա՝ ցորեն ու գինի խնդրելով,
Բայց իմ դեմ է դուրս եկել:
15 Ես խրատում էի նրան, զորացնում նրա բազուկները,
Բայց նա, չարիք նյութելով, իմ դեմ է դուրս գալիս:
16 Նա փոխեց իր ընթացքը, բայց չգնաց դեպի ավելի վսեմը,*
Անհուսալի դարձավ, ինչպես թուլացած լարով աղեղը:+
Նրա իշխանները սրով կընկնեն իրենց հանդուգն խոսքերի պատճառով:
Դրա համար նա ծաղրի առարկա կդառնա Եգիպտոսում»:+