Ելք
29 «Ահա թե ինչ պետք է անես Ահարոնին ու նրա որդիներին սրբագործելու* համար, որպեսզի նրանք ծառայեն ինձ որպես քահանաներ. վերցրու մեկ մատղաշ ցուլ ու երկու անարատ արու ոչխար,+ 2 ինչպես նաև անթթխմոր հացեր, յուղով հունցած օղակաձև անթթխմոր հացեր և վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ,+ որոնք պետք է պատրաստվեն ցորենի մանր աղացած* ալյուրից: 3 Դրանք տեղավորիր զամբյուղի+ մեջ և բեր դիր իմ առաջ, նաև բեր ցուլն ու երկու արու ոչխարները:
4 Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ+ և ջրով լվացվել տուր* նրանց:+ 5 Հետո Ահարոնին հագցրու երկար զգեստը,+ եփուդի* տակից հագնելու անթև վերնահագուստը, եփուդը և կրծքապանակը: Հետո եփուդի գոտին ամուր կապիր նրա մեջքին:+ 6 Գլխափաթթոցը նրա գլխին դիր և նվիրման սուրբ նշանը* կապիր գլխափաթթոցի վրա:+ 7 Վերցրու օծման յուղը+ և նրա գլխին լցնելով՝ օծիր նրան:+
8 Այնուհետև իմ առաջ բեր Ահարոնի որդիներին ու նրանց հագցրու երկար զգեստները,+ 9 կապիր նրանց գոտիները, ինչպես որ Ահարոնինը, ու նրանց գլխադիրները դիր գլխներին: Քահանայությունը նրանց է պատկանելու. սա մնայուն կանոն է:+ Այսպես պետք է Ահարոնին ու նրա որդիներին նշանակես, որ ծառայեն ինձ որպես քահանաներ:*+
10 Ապա ցուլը բեր հանդիպման վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը ցլի գլխին դնեն:+ 11 Ցուլը մորթիր Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 12 Վերցրու ցլի արյունից ու մատով քսիր զոհասեղանի եղջյուրներին,+ իսկ մնացած ամբողջ արյունը լցրու զոհասեղանի հիմքի մոտ:+ 13 Վերցրու փորի ամբողջ ճարպը,+ լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և այրիր զոհասեղանի վրա,+ որ դրանց ծուխը վեր բարձրանա: 14 Իսկ ցլի միսը, կաշին ու աղիքների պարունակությունը այրիր ճամբարից դուրս: Սա մեղքի զոհ է:
15 Հետո բեր արու ոչխարներից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դրա գլխին դնեն:+ 16 Մորթիր արու ոչխարը, ապա վերցրու դրա արյունն ու շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 17 Ոչխարը կտոր-կտոր արա, լվա դրա փորոտիքն ու սրունքները+ և այդ բոլոր կտորները գլխի հետ միասին հերթով շարիր զոհասեղանի վրա: 18 Ոչխարն ամբողջությամբ այրիր զոհասեղանի վրա, որ դրա ծուխը վեր բարձրանա: Սա Եհովային մատուցվող ողջակեզ է, որի բույրը հաճելի է* նրան:+ Սա հրկիզվող ընծա է Եհովային:
19 Ապա բեր մյուս արու ոչխարը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն դրա գլխին:+ 20 Ոչխարը մորթիր, վերցրու դրա արյունից ու քսիր Ահարոնի և նրա որդիների աջ ականջի բլթակին, նրանց աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: Հետո արյունը շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին: 21 Վերցրու զոհասեղանի վրայի արյունից, նաև օծման յուղից+ և ցողիր Ահարոնի ու նրա հագուստների, ինչպես նաև նրա որդիների ու նրանց հագուստների վրա, որպեսզի Ահարոնն ու նրա որդիները և նրանց հագուստները սուրբ լինեն:+
22 Վերցրու արու ոչխարի ճարպը, այսինքն՝ դմակը, փորի ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, ինչպես նաև երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը+ և աջ ոտքը. սա քահանաների նշանակման համար մատուցվող արու ոչխարն է:+ 23 Նաև Եհովայի առաջ դրված անթթխմոր հացերի զամբյուղից վերցրու մի կլոր հաց, մի օղակաձև հաց՝ յուղով հունցած, և մի լոշիկ: 24 Այդ ամենը դիր Ահարոնի ու նրա որդիների ձեռքերին և տարուբերելով երերացնելու ընծա մատուցիր Եհովային: 25 Հետո դրանք վերցրու նրանց ձեռքից և զոհասեղանին եղած ողջակեզի վրա դնելով՝ այրիր, որ Եհովան առնի դրանց հաճելի* բուրմունքը: Դա հրկիզվող ընծա է Եհովային:
26 Այնուհետև վերցրու Ահարոնի նշանակման համար մատուցված արու ոչխարի կրծքամասը+ և երերացրու այն՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային. դա քո բաժինը կլինի: 27 Ապա որպես քահանաների բաժին առանձնացրու* Ահարոնի ու նրա որդիների նշանակման համար մատուցված արու ոչխարի կրծքամասը, որը մատուցվել է որպես երերացնելու ընծա,+ և ոտքը, որը մատուցվել է որպես սուրբ բաժին: 28 Դրանք պետք է Ահարոնինը և նրա որդիներինը լինեն որպես սուրբ բաժին. սա մնայուն կանոն է, որին պետք է հետևեն իսրայելացիները: Դա կլինի իսրայելացիների տված սուրբ բաժինը՝+ այն սուրբ բաժինը, որ նրանք Եհովային կտան իրենց խաղաղության զոհերից:+
29 Ահարոնի սուրբ հանդերձանքը+ կօգտագործեն իր որդիները,+ որոնք կհաջորդեն իրեն, երբ օծվեն ու քահանա նշանակվեն: 30 Ահարոնի որդիներից այն քահանան, որը կհաջորդի նրան և կմտնի հանդիպման վրան՝ սուրբ վայրում ծառայություն անելու, յոթ օր շարունակ պետք է կրի այդ հագուստները:+
31 Վերցրու նշանակման համար մատուցված արու ոչխարի միսը և սուրբ վայրում եփիր այն:+ 32 Ահարոնն ու նրա որդիները հանդիպման վրանի մուտքի մոտ պետք է ուտեն+ ոչխարի միսը և զամբյուղի միջի հացը: 33 Նրանք պետք է ուտեն այն, ինչով քավություն է արվել իրենց քահանա նշանակելու* և սրբագործելու համար: Բայց քահանա չեղող* ոչ մի մարդ չի կարող ուտել դրանք, որովհետև դրանք սուրբ են:+ 34 Իսկ եթե նշանակման արարողության զոհի մսից ու հացից մինչև առավոտ ինչ-որ բան մնա, ապա այդ մնացորդը այրիր:+ Այն չի կարելի ուտել, քանի որ սուրբ է:
35 Ահարոնի ու նրա որդիների հետ կապված ամեն բան արա այնպես, ինչպես պատվիրեցի քեզ: Նրանց քահանա նշանակելու* արարողությունը յոթ օր կտևի:+ 36 Ամեն օր քավության համար մեկ ցուլ մատուցիր որպես մեղքի զոհ. այդպիսով մաքրագործիր զոհասեղանը և օծելով սրբագործիր այն:+ 37 Զոհասեղանի քավության համար քեզանից յոթ օր կպահանջվի. այն պետք է սրբագործես, որ անչափ սուրբ դառնա:+ Զոհասեղանին դիպչողը պետք է սուրբ լինի:
38 Ահա թե ինչ պետք է մշտապես մատուցվի զոհասեղանի վրա. ամեն օր մեկ տարեկան երկու արու գառ մատուցեք:+ 39 Մի գառը մատուցեք առավոտյան, իսկ մյուսը՝ մթնշաղին:*+ 40 Առաջին գառան հետ պետք է մատուցվի մանր աղացած ալյուր՝ մեկ տասներորդ արդուի* չափ, որը պետք է խառնած լինի մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղի հետ: Նաև պետք է մեկ քառորդ հիմեն գինի մատուցեք որպես ըմպելիքի ընծա: 41 Երկրորդ արու գառը, որը մատուցվելու է մթնշաղին, մատուցեք հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ, ինչպես որ առավոտյան: Այն մատուցեք Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: 42 Այս ողջակեզը ամեն օր սերնդեսերունդ պետք է մատուցվի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ իմ՝ Եհովայիս առաջ, որտեղ ես կհայտնվեմ իմ ժողովրդին ու կխոսեմ քեզ հետ:+
43 Այնտեղ ես կհայտնվեմ իսրայելացիներին, և իմ փառքով այդ վայրը կսրբագործվի:+ 44 Ես կսրբագործեմ հանդիպման վրանն ու զոհասեղանը, կսրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ: 45 Ես կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ ու նրանց Աստվածը կլինեմ:+ 46 Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ իրենց Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսից, որպեսզի բնակվեմ իրենց մեջ:+ Ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»: