1 Թագավորներ
12 Ռոբովամը գնաց Սյուքեմ,+ որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որ նրան թագավոր դարձներ:+ 2 Նաբատի որդի Հերոբովամը լսեց այդ մասին (նա դեռ Եգիպտոսում էր, քանի որ Սողոմոն թագավորի պատճառով փախել ու ապրում էր այնտեղ):+ 3 Նրա հետևից մարդ ուղարկեցին: Հերոբովամն ու Իսրայելի ողջ ժողովը եկան Ռոբովամի մոտ և ասացին. 4 «Հայրդ մեր լուծը ծանրացրել է,+ բայց եթե դու հեշտացնես քո հոր սահմանած դժվարին ծառայությունը ու թեթևացնես մեզ վրա դրված ծանր* լուծը, մենք կծառայենք քեզ»:
5 Նա էլ ասաց նրանց. «Գնացեք ու երեք օր հետո վերադարձեք ինձ մոտ»: Եվ ժողովուրդը գնաց:+ 6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք: Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանեմ ժողովրդին»: 7 Նրանք էլ ասացին. «Եթե այսօր դու ժողովրդի ծառան դառնաս, դրական պատասխան տաս ու կատարես նրա խնդրանքը, նա ընդմիշտ քո ծառան կլինի»:
8 Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+ 9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11 Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»:
12 Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց՝ ասելով, որ երրորդ օրը վերադառնան իր մոտ:+ 13 Բայց թագավորը, մերժելով երեցների խորհուրդը, խստությամբ պատասխանեց ժողովրդին: 14 Նա հետևեց երիտասարդների խորհրդին և ասաց. «Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»: 15 Եվ այսպես՝ թագավորը չլսեց ժողովրդին, քանի որ Եհովան էր դեպքերին այդպիսի ընթացք տվել,+ որպեսզի կատարվի այն խոսքը, որ Եհովան սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին:+
16 Տեսնելով, որ թագավորը չուզեց իրենց լսել՝ իսրայելացիներն ի պատասխան ասացին. «Մենք ի՞նչ առնչություն ունենք Դավթի հետ: Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք: Վերադարձիր քո աստվածների մոտ, ո՛վ Իսրայել: Հիմա դու քո տան* մասին հոգա, ո՛վ Դավիթ»: Եվ իսրայելացիները գնացին իրենց տները:*+ 17 Բայց Ռոբովամը շարունակեց թագավորել Հուդայի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա:+
18 Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատանք կատարողների վերակացու Ադորամին+ հանձնարարությամբ ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց նրանք քարկոծելով սպանեցին նրան: Սակայն Ռոբովամ թագավորը հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ:+ 19 Այսպիսով՝ իսրայելացիները ապստամբեցին+ Դավթի տան դեմ և մինչ օրս չեն ենթարկվում նրան:
20 Հենց որ իսրայելացիները լսեցին, որ Հերոբովամը վերադարձել է, ժողով գումարեցին, կանչեցին նրան և ողջ Իսրայելի թագավորը դարձրին:+ Հուդայի ցեղից բացի՝ ուրիշ ոչ մեկը հավատարիմ չմնաց Դավթի տանը:+
21 Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ, անմիջապես հավաքեց Հուդայի ողջ ցեղը և Բենիամինի ցեղը՝ 180 000 լավ պատրաստված* ռազմիկների, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորական իշխանությունը իրեն՝ Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնեն:+ 22 Այդ ժամանակ ճշմարիտ Աստված ասաց Սեմայիային՝+ ճշմարիտ Աստծու մարդուն. 23 «Հուդայի թագավոր Ռոբովամին՝ Սողոմոնի որդուն, Հուդայի ամբողջ ցեղին, Բենիամինի ցեղին և մնացած ժողովրդին ասա. 24 «Եհովան ասում է. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր իսրայելացի եղբայրների դեմ: Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև դա իմ կամքով է եղել»»»:+ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին և վերադարձան տուն, ինչպես որ Եհովան պատվիրեց նրանց:
25 Հերոբովամը Եփրեմի լեռնային շրջանում ամրացրեց* Սյուքեմն+ ու բնակվեց այնտեղ: Հետո այնտեղից գնաց և ամրացրեց* Փանուելը:+ 26 Հերոբովամն իր մտքում ասաց. «Հիմա թագավորությունը հետ կդառնա Դավթի տանը:+ 27 Եթե մարդիկ շարունակեն գնալ Երուսաղեմ ու Եհովայի տանը զոհեր մատուցել,+ նրանց սիրտը դեպի իրենց տերը կդառնա՝ Հուդայի թագավոր Ռոբովամը: Նրանք հաստատ կսպանեն ինձ ու կվերադառնան Հուդայի թագավոր Ռոբովամի մոտ»: 28 Խորհրդատուների հետ խորհրդակցելուց հետո թագավորը ոսկե երկու հորթ պատրաստեց+ և ասաց ժողովրդին. «Ձեզ համար դժվար է Երուսաղեմ բարձրանալը: Ո՛վ Իսրայել, ահա՛ քո Աստվածը, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսից»:+ 29 Եվ մեկը դրեց Բեթելում,+ իսկ մյուսը՝ Դանում:+ 30 Այս բանը մարդկանց մեղքի դրդեց.+ նրանք գնում էին Դան՝ հորթին երկրպագելու:
31 Հերոբովամը բարձունքների վրա պաշտամունքի տներ կառուցեց և ժողովրդից քահանաներ նշանակեց, որոնք ղևտացիներ չէին:+ 32 Նա նաև ութերորդ ամսի 15-րդ օրը տոն հաստատեց՝ այն տոնի նման, որը Հուդայում էին նշում:+ Բեթելում իր կառուցած զոհասեղանի վրա+ Հերոբովամը զոհեր մատուցեց իր պատրաստած հորթերին: Այնտեղ նա քահանաներ նշանակեց, որ ծառայեն իր կառուցած սրբավայրերում: 33 Իր ընտրած ամսի՝ ութերորդ ամսի 15-րդ օրը Բեթելում կառուցած զոհասեղանի վրա նա սկսեց զոհեր մատուցել: Հերոբովամը տոն հաստատեց իսրայելացիների համար. նա մոտեցավ զոհասեղանին, որ զոհեր մատուցի՝ այրելով դրանք: