Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 19 էջ 48–էջ 51 պարբ. 3
  • Հիսուսը սովորեցնում է մի սամարացի կնոջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը սովորեցնում է մի սամարացի կնոջ
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՇԱՏ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԱԼ
  • Սովորեցնում է սամարացի մի կնոջ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ջրհորի մոտ եկած կինը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ջրհորի մոտ՝ Սամարացի կնոջ հետ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ո՞ր երկրպագությունն է ընդունում Աստված
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 19 էջ 48–էջ 51 պարբ. 3
Հիսուսը ջրհորի մոտ խոսում է մի սամարացի կնոջ հետ

ԳԼՈՒԽ 19

Հիսուսը սովորեցնում է մի սամարացի կնոջ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։3–43

  • ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՍԱՄԱՐԱՑԻ ԿՆՈՋԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

  • ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՃԵԼԻ Է ԱՍՏԾՈՒՆ

Հրեաստանից դեպի հյուսիս՝ Գալիլեա գնալիս Հիսուսն ու իր աշակերտները անցնում են Սամարիայի շրջանով։ Կեսօրին մոտ, ճամփորդությունից հոգնած, նրանք կանգ են առնում Սյուքար քաղաքի մոտակայքում գտնվող մի ջրհորի մոտ, որ հանգստանան։ Այդ ջրհորը, ամենայն հավանականությամբ, դարեր առաջ Հակոբն էր փորել կամ մարդ էր վարձել, որ փորեն։ Այն պահպանվել է մինչ օրս և գտնվում է ժամանակակից Նաբլուս քաղաքի մոտակայքում։

Մինչ Հիսուսը հանգստանում է ջրհորի մոտ, նրա աշակերտները գնում են մոտակա քաղաք՝ ուտելիք գնելու։ Այդ ընթացքում մի սամարացի կին է գալիս՝ ջրհորից ջուր հանելու։ Հիսուսն ասում է նրան. «Ջո՛ւր տուր խմեմ» (Հովհաննես 4։7)։

Հիսուսը նստած է ջրհորի մոտ, աշակերտները հեռանում են, և մի սամարացի կին մոտենում է ջրհորին

Արմատացած նախապաշարումների պատճառով հրեաներն ու սամարացիները ընդհանուր առմամբ առնչություն չեն ունենում միմյանց հետ։ Ուստի կինը զարմացած հարցնում է. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր խնդրում»։ Հիսուսը պատասխանում է. «Եթե իմանայիր, թե որն է Աստծու ձրի պարգևը և այն, թե ով է քեզ ասում՝ «ջուր տուր խմեմ», դու կխնդրեիր նրան, և նա քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը ասում է. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, որ ջուր հանես, իսկ ջրհորը խորն է։ Ուրեմն որտեղի՞ց քեզ այդ կենդանի ջուրը։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր նախահայր Հակոբը, որ տվեց մեզ այս ջրհորը, որտեղից ինքն էր խմում, նաև իր որդիներն ու անասունները» (Հովհաննես 4։9–12)։

Հիսուսն ասում է. «Բոլոր նրանք, ովքեր խմեն այս ջրից, նորից կծարավեն։ Իսկ ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի։ Այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար» (Հովհաննես 4։13, 14)։ Թեև Հիսուսը հոգնած է, բայց սամարացի կնոջը սիրով հայտնում է կյանք պարգևող ճշմարտությունը։

Ապա կինն ասում է. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որ այլևս չծարավեմ ու չգամ այս վայրը՝ ջուր հանելու»։ Հիսուսը, ըստ ամենայնի ցանկանալով փոխել զրույցի թեման, ասում է նրան. «Գնա՛, կանչի՛ր ամուսնուդ, և եկեք այստեղ»։ Իսկ կինը պատասխանում է. «Ես ամուսին չունեմ»։ Կարելի է պատկերացնել, թե որքան է կինը զարմանում, երբ Հիսուսը ասում է նրան. «Լա՛վ ասացիր, թե՝ «ամուսին չունեմ», որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն մարդը, որի հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ» (Հովհաննես 4։15–18)։

Այդ խոսքերը լսելով՝ սամարացի կինը հասկանում է, որ Հիսուսը սովորական մարդ չէ։ Նա ասում է. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես»։ Ապա ցույց տալով, որ իրեն հետաքրքրում են հոգևոր բաները՝ կինն ասում է. «Մեր նախահայրերը [սամարացիները] այս սարի [մոտակայքում գտնվող Գարիզին լեռան] վրա էին երկրպագություն անում, բայց դուք [հրեաները] ասում եք, թե Երուսաղեմն է այն վայրը, որտեղ մարդիկ պետք է երկրպագություն անեն» (Հովհաննես 4։19, 20)։

Սակայն Հիսուսը բացատրում է, որ կարևոր չէ, թե որտեղ է մատուցվում երկրպագությունը։ Նա ասում է. «Գալիս է ժամը, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք Հորը և ո՛չ էլ Երուսաղեմում»։ Ապա ավելացնում է. «Գալիս է ժամը և հիմա էլ է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։21, 23, 24)։

Ճշմարիտ երկրպագուներ փնտրելիս Հայրը հաշվի է առնում ոչ թե այն, թե որտեղ են նրանք երկրպագում իրեն, այլ թե ինչպես են դա անում։ Սամարացի կինը անչափ տպավորվում է այդ խոսքերից։ «Ես գիտեմ, որ Մեսիան, որը Քրիստոս է կոչվում, գալու է,— ասում է նա։— Եվ երբ որ գա, նա մեզ ամեն ինչ բացահայտ կասի» (Հովհաննես 4։25)։

Այդ ժամանակ Հիսուսը մի կարևոր ճշմարտություն է հայտնում. «Ես, որ խոսում եմ քեզ հետ, ես հենց նա եմ» (Հովհաննես 4։26)։ Միայն պատկերացրեք. սամարացի կինը, որը կեսօրին եկել է ջուր տանելու, Հիսուսի կողմից մեծ պատվի է արժանանում, և Հիսուսը նրան բացահայտ ասում է մի բան, ինչը դեռ ոչ մեկի չի ասել. այն, որ ինքն է Մեսիան։

ՇԱՏ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԱԼ

Աշակերտները, որ գնացել էին Սյուքար՝ ուտելիք գնելու, վերադառնում են Հիսուսի մոտ։ Նրանք տեսնում են, որ նա դեռ նստած է Հակոբի ջրհորի մոտ և զրուցում է մի սամարացի կնոջ հետ։ Երբ աշակերտները գալիս են, կինը թողնում է իր սափորը և գնում քաղաք։

Հիսուսի աշակերտները վերադառնում են ջրհորի մոտ, իսկ սամարացի կինը հեռանում է

Հասնելով Սյուքար՝ կինը քաղաքի մարդկանց պատմում է այն ամենը, ինչ իրեն ասել էր Հիսուսը։ Նա ասում է. «Եկե՛ք ու տեսե՛ք այն մարդուն, որն ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ»։ Ապա թերևս նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար կինը հարցնում է. «Արդյոք նա՞ չէ Քրիստոսը» (Հովհաննես 4։29)։ Դա կարևոր հարց էր, որը Մովսեսի օրերից ի վեր հետաքրքրում էր մարդկանց (2 Օրենք 18։18)։ Լսելով կնոջ խոսքերը՝ սամարացիները ցանկանում են գնալ և անձամբ տեսնել Հիսուսին։

Սյուքարում սամարացի կինը պատմում է մարդկանց այն ամենը, ինչ Հիսուսը ասել էր իրեն

Այդ ընթացքում աշակերտները Հիսուսին առաջարկում են ուտել իրենց բերած կերակուրից։ Բայց նա ասում է. «Ես ուտելու կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»։ Աշակերտները զարմանում են և հարցնում են միմյանց. «Ինչ-որ մեկը նրան ուտելու բա՞ն է բերել»։ Հիսուսն ասում է. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (Հովհաննես 4։32–34)։ Այս խոսքերը մեծ նշանակություն ունեն նրա բոլոր հետևորդների համար։

«Գործ» ասելով՝ Հիսուսը նկատի չունի հացահատիկի հունձը, որը պետք է արվի մոտ չորս ամիս հետո, այլ նկատի ունի հոգևոր հունձը, ինչը երևում է նրա հետևյալ խոսքերից. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար։ Արդեն հնձվորն էլ ստանում է իր վարձը և բերք է հավաքում հավիտենական կյանքի համար, որպեսզի թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան» (Հովհաննես 4։35, 36)։

Ակներևաբար, Հիսուսը հասկանում է, թե ինչ արդյունքներ է բերելու սամարացի կնոջ հետ իր հանդիպումը։ Սյուքարի բնակիչներից շատերը այդ կնոջ տված վկայության շնորհիվ սկսում են հավատալ Հիսուսին, քանի որ կինը ասում է այդ մարդկանց. «Նա ինձ ասաց այն բոլոր բաները, որ ես արել եմ» (Հովհաննես 4։39)։ Ուստի երբ Սյուքար քաղաքի բնակիչները գալիս են ջրհորի մոտ, խնդրում են Հիսուսին, որ չհեռանա և ավելի շատ բան սովորեցնի իրենց։ Նա համաձայնվում է և երկու օր մնում է Սամարիայում։

Հիսուսի խոսքերը լսելով՝ ավելի շատ սամարացիներ են հավատում նրան։ Այդ մարդիկ ասում են կնոջը. «Այլևս քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ իսկապես այս մարդն է աշխարհի փրկիչը» (Հովհաննես 4։42)։ Անշուշտ, սամարացի կինը հիանալի օրինակ է այն հարցում, թե ինչպես կարող ենք վկայություն տալ Քրիստոսի մասին և հետաքրքրություն արթնացնել մարդկանց մեջ, որպեսզի նրանք ցանկանան ավելի շատ բան իմանալ։

Ինչպես նշվեց, հունձը սկսվելու է միայն չորս ամիս անց։ Հավանաբար, դա գարու հունձն է, որն այդ տարածքում սկսվում է գարնանը։ Ուստի, ամենայն հավանականությամբ, այժմ նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսն է։ Իսկ դա նշանակում է, որ մ.թ. 30թ. Պասեքը նշելուց հետո Հիսուսն ու իր աշակերտները մոտ ութ ամիս անցկացրել են Հրեաստանում և այնտեղ ուսուցանել են ու մկրտել մարդկանց։ Այժմ նրանք Սամարիայից ճանապարհ են ընկնում դեպի հյուսիս՝ իրենց հայրենի երկիր՝ Գալիլեա։ Ի՞նչ է նրանց այնտեղ սպասում։

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՍԱՄԱՐԱՑԻՆԵՐԸ

Սամարիա կոչվող շրջանը գտնվում էր Գալիլեայի և Հրեաստանի միջև։ Սամարիայի հարավում Հրեաստանն էր, հյուսիսում՝ Գալիլեան։ Սողոմոն թագավորի մահից հետո Իսրայելի տասներկու ցեղերից տասը, որ բնակվում էին հյուսիսում, առանձնացան Հուդայի և Բենիամինի ցեղերից։

Այդ տասը ցեղերի մեջ տարածվեց հորթի երկրպագությունը։ Ուստի մ.թ.ա. 740թ.-ին Եհովան թույլ տվեց, որ ասորեստանցիները գրավեն Սամարիան։ Զավթիչները բնակչության մեծամասնությանը գերի տարան և այդ տարածքը բնակեցրին Ասորեստանյան կայսրության այլ վայրերից տեղահանված մարդկանցով։ Օտար աստվածներ երկրպագող այդ մարդիկ ամուսնանում էին երկրում մնացած իսրայելացիների հետ։ Ժամանակի ընթացքում այդ տարածքում ապրող մարդիկ հիմնեցին երկրպագության այնպիսի ձև, որն իր մեջ ընդգրկում էր Աստծու Օրենքով սահմանված որոշ հավատալիքներ ու սովորույթներ, օրինակ՝ թլփատությունը։ Սակայն երկրպագության այդ ձևը չէր կարող համարվել ճշմարիտ երկրպագություն (2 Թագավորներ 17։9–33; Եսայիա 9։9)։

Հիսուսի օրերում սամարացիները ընդունում էին Մովսեսի գրքերը, բայց Երուսաղեմի տաճարում երկրպագություն չէին մատուցում։ Տարիներ շարունակ նրանք երկրպագություն էին մատուցում մի տաճարում, որը կառուցվել էր Գարիզին լեռան վրա։ Լեռը գտնվում էր Սյուքար քաղաքից ոչ հեռու։ Անգամ այդ տաճարի կործանումից հետո սամարացիները շարունակում էին Գարիզին լեռան վրա երկրպագություն մատուցել։ Հիսուսի ծառայության ժամանակաշրջանում սամարացիների և հրեաների միջև ակնհայտ թշնամանք կար (Հովհաննես 8։48)։

  • Ինչո՞ւ է սամարացի կինը զարմանում, երբ Հիսուսը սկսում է խոսել իր հետ։

  • Ի՞նչ է Հիսուսը սովորեցնում նրան կենդանի ջրի և երկրպագության վայրի մասին։

  • Ինչպե՞ս է Հիսուսը կնոջը հայտնում, թե ով է ինքը, և ըստ Հիսուսի խոսքերի՝ ո՞րն է Աստծուն հաճելի երկրպագությունը։

  • Ի՞նչ եզրակացություն է անում սամարացի կինը Հիսուսի մասին և ի՞նչ է անում հետո։

  • Ի՞նչ են արել Հիսուսն ու իր աշակերտները մ.թ. 30թ. Պասեքից հետո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը