Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • es25 էջ 88–97
  • Սեպտեմբեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սեպտեմբեր
  • Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
  • Ենթավերնագրեր
  • 1 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 2 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 3 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 4 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 5 սեպտեմբերի, ուրբաթ
  • 6 սեպտեմբերի, շաբաթ
  • 7 սեպտեմբերի, կիրակի
  • 8 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 9 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 10 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 11 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 12 սեպտեմբերի, ուրբաթ
  • 13 սեպտեմբերի, շաբաթ
  • 14 սեպտեմբերի, կիրակի
  • 15 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 16 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 17 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 18 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 19 սեպտեմբերի, ուրբաթ
  • 20 սեպտեմբերի, շաբաթ
  • 21 սեպտեմբերի, կիրակի
  • 22 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 23 սեպտեմբերի, երեքշաբթի
  • 24 սեպտեմբերի, չորեքշաբթի
  • 25 սեպտեմբերի, հինգշաբթի
  • 26 սեպտեմբերի, ուրբաթ
  • 27 սեպտեմբերի, շաբաթ
  • 28 սեպտեմբերի, կիրակի
  • 29 սեպտեմբերի, երկուշաբթի
  • 30 սեպտեմբերի, երեքշաբթի
Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
es25 էջ 88–97

Սեպտեմբեր

1 սեպտեմբերի, երկուշաբթի

Մեզ համար լույս կճառագի, ինչպես արևածագին (Ղուկ. 1։78)։

Եհովան Հիսուսին օժտել է մարդկանց բոլոր խնդիրները լուծելու զորությամբ։ Հրաշքների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ զորություն ունի լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք մարդիկ սեփական ուժերով չեն կարող լուծել։ Օրինակ՝ նա ի զորու է վերացնել մարդկության խնդիրների արմատը՝ ժառանգած մեղքն ու դրա հետևանքները, այդ թվում՝ հիվանդություններն ու մահը (Մատթ. 9։1-6; Հռոմ. 5։12, 18, 19)։ Հիսուսի հրաշքները փաստում են, որ նա կարող է բուժել «ամեն.... հիվանդություն» և նույնիսկ հարություն տալ մահացածներին (Մատթ. 4։23; Հովհ. 11։43, 44)։ Նա նաև զորություն ունի հանդարտեցնելու կատաղի փոթորիկները և ազատելու մարդկանց չար ոգիներից (Մարկ. 4։37-39; Ղուկ. 8։2)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան իր Որդուն այդքան մեծ զորությամբ է օժտել։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Աստծու Թագավորության ներքո ապագայի վերաբերյալ նրա տված խոստումները կիրականանան։ Հիսուսի կատարած հրաշքներից իմանում ենք, թե նա ինչ է անելու ապագայում ավելի մեծ մասշտաբով որպես Աստծու Թագավորության Թագավոր։ w23.04, էջ 3, պրբ. 5-7

2 սեպտեմբերի, երեքշաբթի

Ոգին բացահայտում է ամեն բան, նույնիսկ Աստծու խորունկ մտքերը (1 Կորնթ. 2։10)։

Եթե մեծ ժողովում ես և զգում ես, որ քո ձեռքը հաճախ չի նկատվում, գուցե գայթակղություն առաջանա այլևս ձեռք չբարձրացնելու։ Բայց լավ կլինի՝ շարունակես ձգտել մեկնաբանություն տալ։ Յուրաքանչյուր հանդիպման համար մի քանի մեկնաբանություն պատրաստիր։ Այդ դեպքում, եթե քննարկման սկզբում քեզ չհարցնեն, ընթացքում դու դեռ հնարավորություն կունենաս պատասխանելու։ «Դիտարանի» ուսումնասիրությանը պատրաստվելիս մտածիր, թե յուրաքանչյուր պարբերություն ինչպես է կապված հոդվածի թեմայի հետ։ Այդպիսով քննարկման ընթացքում միշտ պատրաստ կլինես մեկնաբանելու։ Բացի այդ՝ կարող ես ձեռք բարձրացնել այն պարբերությունների ժամանակ, որոնցում աստվածաշնչյան այնպիսի խոր ճշմարտություններ են ընդգրկված, որոնց բացատրություններն ավելի բարդ են։ Նման հարցերին պատասխանելու համար հավանաբար քչերը ձեռք կբարձրացնեն։ Իսկ եթե մի քանի հանդիպում շարունակ քեզ չեն հարցնում, հանդիպումից առաջ կարող ես անցկացնողին ասել, թե որ պարբերության հարցին ես ուզում պատասխանել։ w23.04, էջ 21-22, պրբ. 9-10

3 սեպտեմբերի, չորեքշաբթի

Հովսեփը վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր Եհովայի հրեշտակը, և իր կնոջը իր տուն տարավ (Մատթ. 1։24)։

Հովսեփը հետևում էր Եհովայի տված առաջնորդությանը։ Դա նպաստում էր, որ նա ավելի լավ ամուսին լիներ։ Եհովան առնվազն երեք անգամ ընտանիքին առնչվող հարցերում հրահանգներ է տվել Հովսեփին։ Յուրաքանչյուր դեպքում էլ Հովսեփն անմիջապես հնազանդվել է, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար է եղել (Մատթ. 1։20; 2։13-15, 19-21)։ Աստծու առաջնորդությանը հետևելով՝ Հովսեփը պաշտպանել է Մարիամին, աջակցել է նրան և հոգ տարել նրա մասին։ Միայն պատկերացրու, թե այդ ամենը տեսնելով՝ Մարիամը որքան շատ էր սիրում ու հարգում Հովսեփին։ Սիրելի՛ ամուսիններ, դուք Հովսեփին ընդօրինակած կլինեք, եթե հետևեք ընտանիքին հոգ տանելու վերաբերյալ Աստվածաշնչում տեղ գտած խորհուրդներին։ Երբ կիրառեք այդ խորհուրդները, անգամ եթե այդպես վարվելը դժվար լինի, սեր դրսևորած կլինեք ձեր կնոջ հանդեպ և կամրացնեք ձեր ամուսնությունը։ Մի քույր, ով ավելի քան 20 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Երբ ամուսինս փնտրում է Եհովայի առաջնորդությունը և հետևում դրան, ես նրան ավելի շատ եմ հարգում։ Ես ինձ ապահով եմ զգում և վստահում եմ նրա կայացրած որոշումներին»։ w23.05, էջ 21, պրբ. 5

4 սեպտեմբերի, հինգշաբթի

Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի, մի ուղի, որը Սրբության ճանապարհ կկոչվի (Ես. 35։8)։

Բաբելոնից Իսրայել վերադարձած հրեաները պետք է «սուրբ ժողովուրդ» դառնային իրենց Աստծու համար (2 Օրենք 7։6)։ Իհարկե, դա չէր նշանակում, որ նրանք Եհովային հաճեցնելու համար փոփոխություններ անելու կարիք չունեին։ Բաբելոնում ծնված հրեաների մեծ մասը որդեգրել էր բաբելոնացիների մտածելակերպն ու արժեքները։ Իսրայել վերադառնալուց անգամ տասնամյակներ անց Կառավարիչ Նեեմիան ապշեց, որ Իսրայելում ծնված երեխաները չէին կարողանում խոսել հրեաների լեզվով (2 Օրենք 6։6, 7; Նեեմ. 13։23, 24)։ Ինչպե՞ս կարող էին այդ երեխաները սովորել սիրել Եհովային և պաշտել նրան, եթե չգիտեին եբրայերեն, այն հիմնական լեզուն, որով գրվել էր Աստծու Խոսքը (Եզր. 10։3, 44)։ Հստակ է, որ Բաբելոնից դուրս եկած հրեաները պետք է մեծ փոփոխություններ անեին։ Նրանց համար ավելի հեշտ կլիներ անել այդ փոփոխությունները, քանի որ արդեն ապրում էին Իսրայելում, որտեղ մաքուր երկրպագությունը աստիճանաբար վերականգնվում էր (Նեեմ. 8։8, 9)։ w23.05, էջ 15, պրբ. 6-7

5 սեպտեմբերի, ուրբաթ

Եհովան աջակցում է բոլոր նրանց, ովքեր ուր որ է կընկնեն, վեր է բարձրացնում բոլոր նրանց, ովքեր վհատությունից կռացած են (Սաղ. 145։14)։

Ցավոք, մեր նպատակներին հասնելու ճանապարհին մենք խոչընդոտների կբախվենք, նույնիսկ եթե կազմակերպված ենք և մեծ ցանկություն ունենք հասնելու դրանց։ Օրինակ՝ հնարավոր է՝ անսպասելի բաներ լինեն, որոնք կխլեն այն ժամանակը, որ կարող էինք տրամադրել մեր նպատակներին հասնելուն (Ժող. 9։11)։ Կամ էլ գուցե այնպիսի դժվարության բախվենք, որը մեզ կվհատեցնի և ուժասպառ կանի (Առակ. 24։10)։ Բացի այդ՝ անկատարության պատճառով գուցե այնպիսի սխալներ անենք, որոնք կհեռացնեն մեզ մեր նպատակներից (Հռոմ. 7։23)։ Խոչընդոտներից մեկն էլ կարող է լինել հոգնածությունը (Մատթ. 26։43)։ Խոչընդոտի բախվել դեռ չի նշանակում ձախողվել։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք պարբերաբար խնդիրներ և դժվարություններ ենք ունենալու։ Բայց այնտեղ նաև նշվում է, որ մենք կարող ենք հաղթահարել դրանք։ Երբ, չնայած խոչընդոտների, առաջ ենք շարժվում, փաստում ենք, որ ուզում ենք հաճեցնել Եհովային։ Անկասկած, նա շատ է ուրախանում, երբ տեսնում է, որ շարունակ ջանքեր ենք թափում մեր նպատակին հասնելու համար։ w23.05, էջ 30, պրբ. 14-15

6 սեպտեմբերի, շաբաթ

Հոտին օրինակ [եղեք] (1 Պետ. 5։3)։

Ռահվիրայությունը օգնում է երիտասարդ եղբայրներին արդյունավետորեն համագործակցել տարբեր մարդկանց հետ։ Այն սովորեցնում է նաև ողջամիտ բյուջե կազմել և հետևել դրան (Փիլիպ. 4։11-13)։ Լիաժամ ծառայությանը պատրաստվելու համար կարող ես ծառայել որպես ենթառահվիրա։ Իսկ ռահվիրայությունը կարող է լիաժամ ծառայության այլ դռներ բացել քո առաջ։ Օրինակ՝ գուցե հրավիրվես ծառայելու շինարարական որևէ նախագծում կամ Բեթելում։ Եղբայրները պետք է փորձեն համապատասխանել երեց ծառայելու սուրբգրային պահանջներին, ինչով էլ կկարողանան ծառայել իրենց հավատակիցներին։ Աստվածաշունչն ասում է, որ այդպիսի նպատակ ունեցող անհատը «լավ գործի է ձգտում» (1 Տիմոթ. 3։1)։ Նախ եղբայրը պետք է համապատասխանի ծառայող օգնական դառնալու չափանիշներին։ Ծառայող օգնականները աջակցում են երեցներին ժողովին առնչվող տարբեր հարցերում։ Թե՛ երեցները, թե՛ ծառայող օգնականները խոնարհաբար ծառայում են իրենց եղբայրներին ու քույրերին և եռանդորեն մասնակցում են քարոզչական գործին։ w23.12, էջ 28, պրբ. 14-16

7 սեպտեմբերի, կիրակի

Երբ դեռ պատանի էր, նա սկսեց ծառայել իր նախահայր Դավթի Աստծուն (2 Տար. 34։3)։

Հովսիան պատանի էր, երբ սկսեց ծառայել Եհովային։ Նա ցանկանում էր սովորել Եհովայի մասին և կատարել նրա կամքը։ Բայց այս երիտասարդ թագավորը բազմաթիվ դժվարությունների էր բախվում։ Ապրելով այնպիսի հասարակության մեջ, որտեղ մարդկանց մեծ մասը կեղծ աստվածների էր պաշտում՝ Հովսիան պետք է մաքուր երկրպագության կողմը բռներ, և նա քաջաբար արեց դա։ Հովսիան 20 տարեկան էլ չկար, երբ սկսեց երկիրը մաքրել կեղծ երկրպագությունից (2 Տար. 34։1, 2)։ Նույնիսկ եթե պատանի ես, կարող ես վճռել ընդօրինակել Հովսիային՝ փնտրելով Եհովային և սովորելով նրա հրաշալի հատկությունների մասին։ Այդպես վարվելը կնպաստի, որ անձդ Եհովային նվիրես։ Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա քո կյանքի վրա։ Լյուկ անունով մի եղբայր, ով 14 տարեկանում է մկրտվել, իր նվիրման օրը հետևյալն է ասել. «Այսուհետ Եհովային ծառայելը իմ կյանքում առաջին տեղում կլինի, և ես կձգտեմ ուրախացնել նրան» (Մարկ. 12։30)։ Եթե դու էլ որոշես այդպես վարվել, առատորեն կօրհնվես։ w23.09, էջ 11, պրբ. 12-13

8 սեպտեմբերի, երկուշաբթի

Հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեզ համար, առաջնորդում են ձեզ Տիրոջ գործում (1 Թեսաղ. 5։12)։

Երբ Պողոսը գրում էր այս նամակը, Թեսաղոնիկեի ժողովը մեկ տարուց էլ քիչ էր, ինչ կազմավորվել էր և նշանակված եղբայրները թերևս անփորձ էին ու հաճախ էին սխալներ թույլ տալիս։ Բայց նրանք արժանի էին հարգանքի։ Մինչ մոտենում է մեծ նեղությունը, գուցե մենք ավելի շատ կախված լինենք տեղի երեցների տված առաջնորդությունից, քան հիմա։ Հնարավոր է՝ այդ ժամանակ գլխավոր վարչության և մասնաճյուղի հետ կապ չլինի։ Ուստի անչափ կարևոր է, որ այսօրվանից սովորենք սիրել և հարգել մեր երեցներին։ Անկախ նրանից, թե ինչ կլինի՝ թող որ զգոն լինենք և չկենտրոնանանք նրանց անկատարության դրսևորումների վրա, այլ հիշենք, որ Եհովան Քրիստոսի միջոցով առաջնորդում է այդ հավատարիմ տղամարդկանց։ Ինչպես սաղավարտն է պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ փրկության հույսն է պաշտպանում մեր մտածելակերպը։ Մենք հասկանում ենք, որ այս աշխարհի առաջարկածը ոչ մի արժեք չունի (Փիլիպ. 3։8)։ Մեր հույսն օգնում է մեզ, որ հանգիստ ու հանդարտ մնանք։ w23.06, էջ 11-12, պրբ. 11-12

9 սեպտեմբերի, երեքշաբթի

Հիմար կինը աղմկարար է, նա տգետ է և ոչինչ չգիտի (Առակ. 9։13)։

«Հիմար կնոջ» հրավերը լսողները պետք է որոշեն՝ ընդունել այն, թե մերժել։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք մերժելու անբարո վարքը։ «Առակներ» գրքում նկարագրված «հիմար կինն» ասում է. «Գողացված ջրերը քաղցր են» (Առակ. 9։17)։ Ի՞նչ «գողացված ջրերի» մասին է խոսքը։ Աստվածաշունչը ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերությունները համեմատում է թարմացնող ջրի հետ (Առակ. 5։15-18)։ Օրինականապես ամուսնացած տղամարդն ու կինը կարող են բավականություն ստանալ սեռական հարաբերությունների պատշաճ ու մաքուր ձևերից։ Որքա՜ն է դա տարբերվում «գողացված ջրերից», որոնք կարող են վերաբերել ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններին։ Մարդիկ հաճախ դա անում են թաքուն, ինչպես որ գողերն են գաղտնաբար գործում։ «Գողացված ջրերը» հատկապես քաղցր կարող են թվալ նրանց, ովքեր կարծում են, թե իրենց արածը չի բացահայտվի։ Ինչպիսի՜ մոլորություն. չէ՞ որ Եհովան ամեն ինչ տեսնում է։ Աստծու հավանությունը կորցնելը ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Այդ ողբերգության մեջ ոչ մի «քաղցր» բան չկա (1 Կորնթ. 6։9, 10)։ w23.06, էջ 22, պրբ. 7-9

10 սեպտեմբերի, չորեքշաբթի

Եթե իմ կամքին հակառակ էլ անեմ, միևնույն է, դա ինձ վստահված պատասխանատվություն է, որ պետք է կատարեմ (1 Կորնթ. 9։17)։

Ժամանակի ընթացքում գուցե նկատես, որ մեխանիկորեն ես աղոթում կամ ծառայությունից այլևս հաճույք չես ստանում։ Եթե նման բան լինի, մի՛ մտածիր, թե այլևս չունես Եհովայի ոգին։ Անկատարության պատճառով երբեմն զգացմունքներդ կարող են կտրուկ փոխվել։ Եթե եռանդդ սկսել է մարել, մտածիր Պողոս առաքյալի օրինակի շուրջ։ Ճիշտ է, նա ձգտում էր ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, բայց նաև հասկանում էր, որ երբեմն գուցե ցանկություն չունենա անելու այն, ինչ պետք է անի։ Պողոսը վճռել էր կատարել իր ծառայությունը՝ անկախ նրանից, թե ինչ էր զգում տվյալ պահին։ Ուստի զգացմունքներիդ ազդեցության տակ որոշումներ մի՛ կայացրու։ Վճռիր ճիշտն անել՝ անկախ նրանից, թե ինչ ես զգում։ Եթե այդպես վարվես, կտեսնես, որ ժամանակի ընթացքում զգացմունքներդ փոխվում են (1 Կորնթ. 9։16)։ w24.03, էջ 11-12, պրբ. 12-13

11 սեպտեմբերի, հինգշաբթի

Այս եղբայրների հանդեպ անկեղծ սեր դրսևորեք (2 Կորնթ. 8։24)։

Մենք կարող ենք սեր ցուցաբերել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ՝ ընդունելով նրանց մեր ընկերական շրջապատ (2 Կորնթ. 6։11-13)։ Մեզանից շատերը այնպիսի ժողովներում են ծառայում, որտեղ տարբեր մշակույթների և ազգերի մարդիկ կան, ովքեր տարբեր բնավորության գծեր ունեն։ Մենք ավելի շատ կսիրենք մեր հավատակիցներին, եթե կենտրոնանանք նրանց լավ հատկությունների վրա։ Երբ սովորում ենք մարդկանց նայել Եհովայի աչքերով, փաստում ենք, որ սիրում ենք նրանց։ Մեծ նեղության ընթացքում մեր եղբայրների ու քույրերի հանդեպ սեր դրսևորելը կենսական է լինելու։ Որտե՞ղ ենք մենք պաշտպանություն գտնելու այդ ժամանակ։ Տեսնենք, թե Եհովան ինչ հրահանգ տվեց իր ժողովրդին, երբ Բաբելոնը հարձակման ենթարկվեց. «Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո տան խորքի սենյակները և հետևիցդ փակիր դռները։ Մի պահ թաքնվիր, մինչև որ անցնի իմ բարկությունը» (Ես. 26։20)։ Մեծ նեղության ժամանակ թերևս մենք էլ պետք է հետևենք այս հրահանգին։ w23.07, էջ 6-7, պրբ. 14-16

12 սեպտեմբերի, ուրբաթ

Այս աշխարհի բեմում տեսարանը փոխվում է (1 Կորնթ. 7։31)։

Խոհեմ մարդու համբավ ունեցիր։ Ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք մարդիկ ինձ ճանաչում են որպես խոհեմ, զիջող և հանդուրժող անձնավորություն, թե՞ ավելի շատ հայտնի եմ որպես խիստ, կոպիտ և իրասածի մարդ։ Լսո՞ւմ եմ մյուսների կարծիքը և հնարավորության դեպքում զիջում»։ Այն, թե ինչ չափով ենք խոհեմություն դրսևորում, ցույց է տալիս, թե որքանով ենք ընդօրինակում Եհովային և Հիսուսին։ Խոհեմ մարդը ճկունություն է դրսևորում, երբ իր հանգամանքները փոխվում են։ Հնարավոր է՝ անսպասելի դժվարություններ ունենանք, օրինակ, մեր առողջությունը հանկարծակի վատանա կամ էլ մեր երկրի տնտեսական ու քաղաքական վիճակի պատճառով մեր կյանքը տակնուվրա լինի (Ժող. 9։11)։ Մեզ համար փորձություն կարող է լինել նաև աստվածապետական նշանակման փոփոխությունը։ Մենք կարող ենք հարմարվել նոր հանգամանքներին, եթե ձեռնարկենք հետևյալ չորս քայլերը. 1) ընդունենք իրականությունը, 2) առաջ նայենք, 3) կենտրոնանանք դրականի վրա և 4) օգնենք ուրիշներին։ w23.07, էջ 21-22, պրբ. 7-8

13 սեպտեմբերի, շաբաթ

Դու շատ թանկագին մարդ ես (Դան. 9։23)։

Դանիելը բավականին երիտասարդ էր, երբ բաբելոնացիները գերեվարեցին նրան և տարան Բաբելոն, որը Երուսաղեմից շատ հեռու էր։ Չնայած նրա տարիքին՝ բաբելոնացի պաշտոնյաները տպավորվել էին նրանով։ Նրանք տեսնում էին իրենց «աչքի տեսածը», այն, որ Դանիելը «անթերի ու գեղեցիկ» էր և ազնվական ծագում ուներ (1 Սամ. 16։7)։ Դրա համար բաբելոնացիները կրթեցին նրան, որ դառնա իրենց հասարակության բարձր խավի անդամ (Դան. 1։3, 4, 6)։ Իսկ Եհովան Դանիելին սիրում էր այն բանի համար, որ այդ երիտասարդը որոշել էր նվիրված լինել իրեն։ Թերևս Դանիելը մոտ 20 տարեկան էր, երբ Եհովան նրան հիշատակեց Նոյի և Հոբի հետ, ովքեր տասնամյակներ շարունակ լավ անուն էին ստեղծել իր մոտ (Ծննդ. 5։32; 6։9, 10; Հոբ 42։16, 17; Եզեկ. 14։14)։ Դանիելը ապրեց երկար և ուշագրավ իրադարձություններով լի կյանքով, և այդ ողջ ընթացքում Եհովան շարունակում էր սիրել նրան (Դան. 10։11, 19)։ w23.08, էջ 2, պրբ. 1-2

14 սեպտեմբերի, կիրակի

Լիովին ըմբռնե[ք] ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ (Եփես. 3։18)։

Տուն գնելիս գուցե ցանկանաս անձամբ իմանալ քո ապագա տան հետ կապված ամեն մի մանրուք։ Նման մոտեցում կարող ենք ցուցաբերել նաև Աստվածաշունչը կարդալիս և ուսումնասիրելիս։ Եթե արագ կարդաս այն, պարզապես կծանոթանաս այնտեղ գրված հիմնական ճշմարտություններին՝ «Աստծու սուրբ խոսքի տարրական բաներին» (Եբր. 5։12)։ Բայց այդպես վարվելու փոխարեն «մտիր ներս» և ուշադրություն դարձրու բոլոր մանրամասներին։ Աստվածաշունչը լավագույնս ուսումնասիրելու կերպերից մեկն այն է, որ փորձես տեսնել, թե ինչպես են դրա տարբեր մասերը կապված իրար։ Փորձիր ոչ միայն հասկանալ, թե ինչին ես հավատում, այլ թե ինչու ես հավատում։ Աստծու Խոսքը լիովին հասկանալու համար մենք պետք է ուսումնասիրենք դրանում զետեղված խոր ճշմարտությունները։ Պողոս առաքյալը իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին հորդորեց ջանադրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, որ նրանք կարողանային «լիովին ըմբռնել ճշմարտությունը իր լայնությամբ, երկարությամբ, բարձրությամբ ու խորությամբ»։ Այդպիսով նրանք ավելի «խոր արմատներ կունենան և կանգնած կլինեն ամուր հիմքի»՝ իրենց հավատի հիմքի վրա (Եփես. 3։14-19)։ Մենք էլ պետք է նույնն անենք։ w23.10, էջ 18, պրբ. 1-3

15 սեպտեմբերի, երկուշաբթի

Եղբայրնե՛ր, տառապանքին դիմանալու և համբերատար լինելու հարցում ընդօրինակեք մարգարեներին, որոնք Եհովայի անունից խոսեցին (Հակ. 5։10)։

Աստվածաշնչում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Լավ կլինի՝ անձնական ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրես դրանք։ Օրինակ՝ թեև Դավիթը Իսրայելի թագավոր էր օծվել, երբ դեռ պատանի էր, բայց նախքան թագավոր դառնալը նա պետք է երկար տարիներ սպասեր։ Իսկ Սիմեոնն ու Աննան, մինչ սպասում էին խոստացված Մեսիային, հավատարմորեն շարունակում էին պաշտել Եհովային (Ղուկ. 2։25, 36-38)։ Նրանց օրինակներն ուսումնասիրելիս փորձիր գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչն է օգնել նրանց համբերություն դրսևորել։ Ի՞նչ օգուտներ են նրանք քաղել համբերատար լինելու շնորհիվ։ Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել նրանց»։ Դու կարող ես սովորել նաև այն մարդկանց օրինակներից, ովքեր համբերություն չեն դրսևորել (1 Սամ. 13։8-14)։ Դրանք ուսումնասիրելիս մտածիր այս հարցերի շուրջ. «Թերևս ի՞նչն է եղել նրանց անհամբերության պատճառը։ Ի՞նչ վատ հետևանքների է դա հանգեցրել»։ w23.08, էջ 25, պրբ. 15

16 սեպտեմբերի, երեքշաբթի

Մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը (Հովհ. 6։69)։

Պետրոս առաքյալը նվիրված մարդ էր. նա թույլ չտվեց, որ որևէ բան հետ պահի իրեն Հիսուսին հետևելուց։ Մի անգամ Պետրոսը փաստեց իր նվիրվածությունը, երբ Հիսուսն ասաց մի բան, ինչը նրա աշակերտները չհասկացան (Հովհ. 6։68)։ Առանց այդ մտքի բացատրությունը լսելու՝ շատերը դադարեցին Հիսուսին հետևելուց, բայց ոչ Պետրոսը։ Նա հասկանում էր, որ «հավիտենական կյանքի տանող խոսքերը» միայն Հիսուսն ունի։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսն ու մյուս առաքյալները լքելու էին իրեն։ Չնայած դրան՝ նա իր համոզվածությունն արտահայտեց այն բանում, որ Պետրոսը ոտքի կկանգնի և կշարունակի հավատարմորեն իրեն հետևել (Ղուկ. 22։31, 32)։ Հիսուսը հասկանում էր, որ «մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար» (Մարկ. 14։38)։ Ուստի անգամ երբ Պետրոսը ուրացավ նրան, նա ձեռք չքաշեց իր առաքյալից։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին, ակներևաբար, երբ նա մենակ էր (Մարկ. 16։7; Ղուկ. 24։34; 1 Կորնթ. 15։5)։ Դա պետք է որ անչափ քաջալերական լիներ վհատված առաքյալի համար։ w23.09, էջ 22, պրբ. 9-10

17 սեպտեմբերի, չորեքշաբթի

Երջանիկ են նրանք, ում անօրեն գործերը ներվել են, ում մեղքերը ջնջվել են (Հռոմ. 4։7)։

Աստված ամբողջությամբ ներում կամ ջնջում է նրանց մեղքերը, ովքեր հավատ են ցուցաբերում իր հանդեպ և այլևս չի մտաբերում դրանք (Սաղ. 32։1, 2)։ Այդպիսի մարդկանց Եհովան համարում է անմեղ և արդար նրանց ցուցաբերած հավատի հիման վրա։ Թեև Աբրահամը, Դավիթը և Աստծու այլ հավատարիմ ծառաներ արդար էին հայտարարվել, բայց, միևնույն է, նրանք մնում էին անկատար և մեղավոր։ Նրանց հավատի շնորհիվ էր, որ Աստված այս հավատարիմներին համարում էր անմեղ՝ հատկապես համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես հավատ չունեին իր հանդեպ (Եփես. 2։12)։ Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը հստակ ցույց տվեց, որ հավատը առանցքային դեր ունի Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու հարցում։ Այո՛, թե՛ Աբրահամը, թե՛ Դավիթը Աստծու ընկերներն էին, քանի որ հավատ էին ցուցաբերում նրա հանդեպ։ Նույնը կարող է լինել նաև մեր դեպքում։ w23.12, էջ 3, պրբ. 6-7

18 սեպտեմբերի, հինգշաբթի

Միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ մեր շուրթերի պտուղը՝ հանրորեն հռչակելով նրա անունը (Եբր. 13։15)։

Այսօր էլ բոլոր քրիստոնյաները մեծ պատիվ ունեն զոհաբերություններ մատուցելու Եհովային։ Նրանք դա անում են՝ օգտագործելով իրենց ժամանակը, էներգիան և միջոցները, որ առաջ տանեն Թագավորության շահերը։ Մենք ցույց կտանք, որ գնահատում ենք Եհովային պաշտելու մեր հնարավորությունը, եթե նրան ծառայելու հարցում մեր լավագույնն անենք։ Պողոս առաքյալն ընդգծեց, թե մեր երկրպագությանն առնչվող որ բաները չպետք է անտեսենք (Եբր. 10։22-25)։ Դրանցից են Եհովային աղոթելը, մեր հույսի մասին հրապարակորեն հռչակելը, ժողովներում միասին հավաքվելը և միմյանց քաջալերելը «ավելի մեծ ջանասիրությամբ՝ տեսնելով, որ [Եհովայի] օրը մոտենում է»։ «Հայտնություն» գրքի վերջին հատվածում արձանագրված են Եհովայի հրեշտակի խոսքերը, ով Աստծուն պաշտելու կարևորությունն ընդգծելու նպատակով երկու անգամ ասում է՝ «Աստծո՛ւն երկրպագիր» (Հայտն. 19։10; 22։9)։ Թող որ երբեք չմոռանանք Եհովայի մեծ հոգևոր տաճարի մասին այս խոր ճշմարտությունը և միշտ բարձր գնահատենք մեր փառահեղ Աստծուն պաշտելու թանկ հնարավորությունը։ w23.10, էջ 29, պրբ. 17-18

19 սեպտեմբերի, ուրբաթ

Եկեք սիրենք իրար (1 Հովհ. 4։7)։

Մենք բոլորս ուզում ենք շարունակ սեր դրսևորել միմյանց հանդեպ։ Սակայն կարևոր է հիշել Հիսուսի այն նախազգուշացումը, որ «շատ-շատերի սերը կսառչի» (Մատթ. 24։12)։ Հիսուսը չասաց, որ իր աշակերտների մեծ մասը այդպիսին կլինի։ Բայց մենք պետք է զգոն լինենք, որ սիրուց զուրկ այս աշխարհը չազդի մեզ վրա։ Սա ի մտի ունենալով՝ եկեք քննենք հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարող ենք ստուգել, թե որքանով է ամուր մեր սերը հավատակիցների հանդեպ»։ Դա կարող է երևալ այն բանից, թե ինչպես ենք վարվում որոշ իրավիճակներում (2 Կորնթ. 8։8)։ Այդպիսի մի իրավիճակի մասին նշեց Պետրոսը. «Ամենից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետ. 4։8)։ Այսինքն՝ այն, թե ինչպես ենք արձագանքում մեր հավատակիցների թերություններին և անկատարության դրսևորումներին, ցույց է տալիս, թե արդյոք նրանց հանդեպ մեր սերը ամուր է։ w23.11, էջ 10, պրբ. 12-13

20 սեպտեմբերի, շաբաթ

Սիրե՛ք իրար (Հովհ. 13։34)։

Մենք չենք կարող ասել, որ հնազանդվում ենք միմյանց սիրելու մասին Հիսուսի պատվերին, եթե ժողովում սեր դրսևորենք միայն ոմանց հանդեպ։ Իհարկե, Հիսուսի պես՝ մենք էլ գուցե ոմանց հետ ավելի մտերիմ լինենք, քան մյուսների (Հովհ. 13։23; 20։2)։ Բայց Պետրոս առաքյալը հիշեցրեց, որ պետք է ձգտենք սիրել մեր բոլոր եղբայրներին ու քույրերին և ունենալ, այնպիսի ջերմ կապվածություն, ինչպիսին ընտանիքի անդամներն են ունենում միմյանց հանդեպ (1 Պետ. 2։17)։ Պետրոսը հորդորում է նաև «սրտա՛նց ու ջերմորե՛ն սիրել իրար» (1 Պետ. 1։22)։ Այս համատեքստում «ջերմորեն» սիրելը ներառում է սիրել նաև նրան, ում դժվար է սիրել։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվես, եթե հավատակիցդ վիրավորի կամ ցավ պատճառի քեզ։ Առաջին արձագանքը թերևս նրան հատուցելը լինի, ոչ թե սեր դրսևորելը։ Բայց ինչպես Պետրոսն էր սովորել Հիսուսից, նման վարքը տհաճ է Աստծուն (Հովհ. 18։10, 11)։ Նա գրել է. «Չարի դիմաց չարով մի՛ հատուցեք, ոչ էլ վիրավորանքի դիմաց՝ վիրավորանքով, այլ հակառակը՝ օրհնեք» (1 Պետ. 3։9)։ Թույլ տուր, որ ջերմ սերը մղի քեզ լինել բարի ու նրբանկատ։ w23.09, էջ 29, պրբ. 9-11

21 սեպտեմբերի, կիրակի

Կանայք նույնպես պետք է լինեն.... իրենց սովորությունների մեջ չափավոր, ամեն ինչում հավատարիմ (1 Տիմոթ. 3։11)։

Զարմանալի է տեսնել, թե որքան արագ է երեխան մեծանում և դառնում չափահաս մարդ։ Այդ աճը կարծես ինքնաբերաբար է տեղի ունենում, սակայն հոգևորապես աճելու համար ջանքեր են պահանջվում (1 Կորնթ. 13։11; Եբր. 6։1)։ Դրա համար պետք է մտերիմ հարաբերություններ ունենանք Եհովայի հետ։ Մենք նաև սուրբ ոգու կարիքն ունենք, որ զարգացնենք Աստծուն հաճելի հատկություններ, ձեռք բերենք անհրաժեշտ հմտություններ և պատրաստվենք ստանձնելու պատասխանատվություններ, որ գուցե ունենանք ապագայում (Առակ. 1։5)։ Եհովան է ստեղծել տղամարդուն և կնոջը (Ծննդ. 1։27)։ Ակնհայտ է, որ նրանք ֆիզիկապես տարբերվում են իրարից, բայց նրանց միջև այլ տարբերություններ էլ կան։ Եհովան տղամարդուն և կնոջը կոնկրետ դերեր է տվել, և յուրաքանչյուրը պետք է անհրաժեշտ հատկություններ և հմտություններ զարգացնի իր հանձնարարությունները կատարելու համար (Ծննդ. 2։18)։ w23.12, էջ 18, պրբ. 1-2

22 սեպտեմբերի, երկուշաբթի

Բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ՝ նրանց մկրտելով Հոր [և] Որդու.... անունով (Մատթ. 28։19)։

Արդյո՞ք Հիսուսն ուզում էր, որ ուրիշները օգտագործեին իր Հոր անունը։ Իհա՛րկե։ Նրա օրերում որոշ կրոնական առաջնորդներ թերևս կարծում էին, որ Աստծու անունը այնքան սուրբ է, որ չի կարելի արտաբերել։ Բայց Հիսուսը երբեք թույլ չտվեց, որ նման ոչ սուրբգրային ավանդույթները հետ պահեն իրեն իր Հոր անունը պատվելուց։ Հիշենք այն դեպքը, երբ նա գերասացիների երկրում բուժեց մի դիվահար մարդու։ Մարդիկ այնքան էին վախեցել, որ աղաչեցին Հիսուսին հեռանալ, ուստի նա չմնաց այդ տարածքում (Մարկ. 5։16, 17)։ Սակայն Հիսուսը ցանկանում էր, որ այդ վայրում ապրող մարդիկ իմանային Եհովայի անունը։ Ուստի պատվիրեց այդ մարդուն, ում բուժել էր, պատմել ուրիշներին այն, ինչ Եհովան արեց նրա համար (Մարկ. 5։19)։ Այսօր էլ Հիսուսը ցանկանում է, որ մենք հայտնի դարձնենք իր Հոր անունը ամբողջ աշխարհում (Մատթ. 24։14; 28։20)։ Երբ այդպես ենք վարվում, ուրախացնում ենք մեր Թագավորին՝ Հիսուսին։ w24.02, էջ 10, պրբ. 10

23 սեպտեմբերի, երեքշաբթի

Շատ բաներ ես տարել հանուն իմ անվան (Հայտն. 2։3)։

Այս անհանգիստ ժամանակներում մեզ համար մեծ օրհնություն է լինել Եհովայի կազմակերպության մի մասը։ Գնալով աշխարհի վիճակը վատանում է, բայց Եհովան մեզ տվել է միասնական հոգևոր ընտանիք, որը օգնության աղբյուր է մեզ համար (Սաղ. 133։1)։ Նա նաև օգնում է մեզ, որ մեր ընտանեկան կապերը ամուր պահենք (Եփես. 5։33-6։1)։ Բացի այդ՝ տալիս է հասկացողություն և իմաստություն, ինչի շնորհիվ կարողանում ենք ներքին խաղաղություն պահպանել։ Եհովային հավատարիմ մնալու համար մենք պետք է ջանքեր գործադրենք։ Ինչո՞ւ։ Քանի որ հնարավոր է՝ երբեմն վիրավորվենք ուրիշների անկատարության դրսևորումներից կամ վհատվենք մեր իսկ թերությունների պատճառով, հատկապես եթե նույն սխալը մի քանի անգամ ենք անում։ Սակայն մենք պետք է շարունակենք ծառայել Եհովային, նույնիսկ՝ 1) երբ հավատակիցը վիրավորում է, 2) երբ մեր կողակիցը հիասթափեցնում է, և 3) երբ հիասթափվում ենք ինքներս մեզանից։ w24.03, էջ 14, պրբ. 1-2

24 սեպտեմբերի, չորեքշաբթի

Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով (Փիլիպ. 3։16)։

Ժամանակ առ ժամանակ գուցե լսես այնպիսի եղբայրների ու քույրերի մասին, ովքեր ընդլայնել են իրենց ծառայությունը։ Թերևս նրանք սովորել են Թագավորության քարոզիչների դպրոցում կամ տեղափոխվել են այնպիսի տարածքներ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Եթե հանգամանքներդ թույլ են տալիս, դու նույնպես կարող ես նման նպատակների ձգտել։ Եհովայի ժողովուրդը միշտ էլ կերպեր է փնտրում, որ ավելին անի (Գործ. 16։9)։ Բայց եթե հիմա հանգամանքներդ թույլ չեն տալիս ավելին անելու ծառայության մեջ, քեզ անարժեք մի՛ զգա։ Հիշիր, որ քրիստոնյայի համար կարևորն այն է, որ մինչև վերջ հավատարիմ մնա Եհովային (Մատթ. 10։22)։ Մի՛ մոռացիր, որ Եհովան թանկ է համարում այն ամենը, ինչ քո հնարավորության սահմաններում կարողանում ես անել իր համար։ Դա մկրտությունից հետո Հիսուսին հետևելու կարևոր կերպերից է (Սաղ. 26։1)։ w24.03, էջ 10, պրբ. 11

25 սեպտեմբերի, հինգշաբթի

Նա մեծահոգաբար ներեց բոլորիս հանցանքները (Կող. 2։13)։

Մեր երկնային Հայրը խոստանում է, որ կների մեզ (Սաղ. 86։5)։ Ուստի եթե իսկապես զղջում ենք մեր գործած մեղքերի համար, կարող ենք համոզված լինել, որ նա կվարվի իր խոստման համաձայն։ Հիշիր, որ Եհովան պահանջկոտ ու անթեք չէ։ Նա երբեք չի ակնկալում, որ անենք ավելին, քան ողջամտության սահմաններում կարող ենք։ Երբ Եհովային մեր լավագույնն ենք տալիս, նա թանկ է համարում մեր ջանքերը։ Կարող ենք մտածել Աստվածաշնչում հիշատակված այն մարդկանց մասին, ովքեր ամբողջ սրտով ծառայել են Եհովային։ Նրանց թվում էր Պողոս առաքյալը։ Տարիներ շարունակ եռանդորեն ծառայելով Եհովային՝ նա հսկայական տարածություններ էր անցնում և տարբեր վայրերում ժողովներ հիմնում։ Բայց երբ նրա հանգամանքները փոխվեցին նա չկորցրեց Աստծու հավանությունը զուտ այն պատճառով, որ այլևս չէր կարողանում ծառայության մեջ անել այնքան, որքան նախկինում։ Նա շարունակում էր անել այն, ինչ կարող էր, և Եհովան օրհնում էր նրան (Գործ. 28։30, 31)։ Մեր հանգամանքները նույնպես կարող են փոխվել։ Եհովայի համար կարևոր են մեր մղումները, ոչ թե մեր տվածի չափը։ w24.03, էջ 27, պրբ. 7, 9

26 սեպտեմբերի, ուրբաթ

Վաղ առավոտյան.... [Հիսուսը] գնաց ամայի մի տեղ ու սկսեց աղոթել (Մարկ. 1։35)։

Աղոթելու հարցում Հիսուսը լավ օրինակ է թողել իր աշակերտներին։ Իր ծառայության ընթացքում նա հաճախակի էր աղոթում։ Հիսուսը զբաղված գրաֆիկ ուներ և հաճախ շրջապատված էր լինում շատ մարդկանցով, ուստի աղոթելու համար նա պետք է հատուկ ժամանակ հատկացներ (Մարկ. 6։31, 45, 46)։ Օրինակ՝ նա արթնանում էր վաղ առավոտյան, որ կարողանար առանձնանալ և աղոթել։ Առնվազն մեկ անգամ Հիսուսն ամբողջ գիշեր աղոթեց կարևոր որոշում կայացնելուց առաջ (Ղուկ. 6։12, 13)։ Իսկ իր մահվանը նախորդող գիշերը նա անընդհատ աղոթում էր, որպեսզի կարողանար կատարել իր երկրային ծառայության ամենաբարդ հանձնարարությունը (Մատթ. 26։39, 42, 44)։ Հիսուսի օրինակից սովորում ենք, որ չնայած զբաղվածությանը՝ մենք պետք է ժամանակ հատկացնենք աղոթքին։ Դրա համար գուցե կարիք լինի առավոտյան շուտ արթնանալ կամ երեկոյան մի փոքր ուշ քնել։ Եթե այդպես վարվենք, ցույց կտանք, որ թանկ ենք համարում աղոթելու առանձնահատուկ պարգևը։ w23.05, էջ 3, պրբ. 4-5

27 սեպտեմբերի, շաբաթ

Աստված սուրբ ոգու միջոցով մեր սրտերը լցրել է իր սիրով (Հռոմ. 5։5)։

Ուշադրություն դարձնենք այսօրվա համարում նշված «լցնել» բառին։ Մի աստվածաշնչյան բառարանում այն նկարագրվում է որպես «առատ ջրի հոսք»։ Այս պատկերավոր նկարագրությունը հստակ ցույց է տալիս, թե որքան շատ է Եհովան սիրում օծյալներին։ Նրանք գիտեն, որ Աստված սիրում է նրանց (Հուդա 1)։ Նրանց զգացումները արտահայտված են Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերում. «Տեսեք, թե ինչպիսի՜ սեր է Հայրը դրսևորել մեր հանդեպ. մենք Աստծու զավակներ ենք կոչվում» (1 Հովհ. 3։1)։ Արդյո՞ք Եհովան սիրում է միայն օծյալ քրիստոնյաներին։ Ո՛չ, նա փաստել է, որ բոլորիս է սիրում։ Իսկ ո՞րն է Եհովայի սիրո ամենահամոզիչ ապացույցը։ Դա փրկագինն է՝ սիրո մեծագույն դրսևորումը ամբողջ տիեզերքում (Հովհ. 3։16; Հռոմ. 5։8)։ w24.01, էջ 28, պրբ. 9-10

28 սեպտեմբերի, կիրակի

Երբ Աստծուն օգնության կանչեմ, թշնամիներս հենց նույն օրը կնահանջեն։ Աստված ինձ հետ է. դա ես հաստատ գիտեմ (Սաղ. 56։9)։

Այսօրվա համարից տեսնում ենք, թե ինչ կերպով է Դավիթը հաղթահարել իր վախերը։ Թեև նրա կյանքը վտանգի տակ էր, նա խորհում էր այն մասին, թե Եհովան դեռ ինչեր է անելու իր համար ապագայում։ Նա գիտեր, որ Աստված փրկելու է իրեն ճիշտ ժամանակին. չէ՞ որ Եհովան արդեն հայտնել էր, որ Իսրայելի հաջորդ թագավորը Դավիթն է լինելու (1 Սամ. 16։1, 13)։ Դավիթն այնքան մեծ հավատ ուներ Եհովայի խոստումների հանդեպ, որ դրանք արդեն կատարված էր համարում։ Իսկ ի՞նչ է Եհովան խոստացել քեզ։ Մենք չենք ակնկալում, որ Եհովան կպաշտպանի մեզ մեր բոլոր խնդիրներից։ Բայց նա խոստացել է, որ նոր աշխարհում վերացնելու է այն բոլոր փորձությունները, որոնց բախվում ենք հիմա (Ես. 25։7-9)։ Մեր Ստեղծիչը բավականաչափ զորություն ունի, որ հարություն տա մահացածներին, բուժի մեր տկարությունները և վերացնի իր բոլոր հակառակորդներին (1 Հովհ. 4։4)։ w24.01, էջ 6, պրբ. 12-13

29 սեպտեմբերի, երկուշաբթի

Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներվել է, ում մեղքը ջնջվել է (Սաղ. 32։1)։

Խորհիր քո նվիրման ու մկրտության շուրջ։ Դու նվիրվել ես Եհովային ու մկրտվել, քանի որ ցանկացել ես նրա կողմը բռնել։ Հիշիր, թե ինչն օգնեց քեզ համոզվելու, որ գտել ես ճշմարտությունը։ Դու ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեցիր Եհովայի մասին և սկսեցիր հարգել ու սիրել նրան որպես քո երկնային Հոր։ Բացի այդ՝ հավատ զարգացրիր և զղջացիր քո մեղքերի համար։ Քո սիրտը մղեց քեզ թողնելու սխալ վարքը և ապրելու Աստծու կամքին ներդաշնակ։ Եվ երբ զգացիր, որ նա ներել է քեզ, մեծ թեթևացում ապրեցիր (Սաղ. 32։2)։ Դու սկսեցիր հաճախել ժողովի հանդիպումներին և պատմել ուրիշներին քո սովորած հրաշալի ճշմարտությունների մասին։ Այժմ լինելով Աստծուն նվիրված ու մկրտված քրիստոնյա՝ դու քայլում ես կյանքի ճանապարհով և վճռական ես չշեղվելու դրանից (Մատթ. 7։13, 14)։ Շարունակիր Եհովային նվիրված մնալու և նրա պատվիրաններին հնազանդվելու հարցում ամուր և հաստատուն լինել։ w23.07, էջ 17, պրբ. 14; էջ 19, պրբ. 19

30 սեպտեմբերի, երեքշաբթի

Հավատարիմ է Աստված. նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, փորձության ժամանակ նաև ելք կբացի ձեր առաջ ու կօգնի դիմանալ (1 Կորնթ. 10։13)։

Քո նվիրման աղոթքի շուրջ խորհրդածելը քեզ ուժ կտա, որ պայքարես ցանկացած գայթակղության դեմ։ Օրինակ՝ ուրիշի կողակցի հետ երբեք ֆլիրտ չես անի. չէ՞ որ այդ աղոթքում Եհովային խոստացել ես նման բաներ չանել։ Եթե անպատշաճ զգացմունքներ չզարգացնես քո սրտում, հետագայում ստիպված չես լինի պայքարել դրանցից ձերբազատվելու համար։ Այդպես վարվելով՝ դու «կհեռանաս» «մեղավոր մարդկանց.... ճանապարհից» (Առակ. 4։14, 15)։ Խորհելով այն մասին, թե որքան վճռական էր Հիսուսը իր Հորը ուրախացնելու հարցում՝ դու առանց հապաղելու և հաստատակամորեն կհրաժարվես ցանկացած բանից, ինչը կտհաճեցնի Աստծուն, նրան, ում նվիրվել ես (Մատթ. 4։10; Հովհ. 8։29)։ Իրականում, փորձություններն ու գայթակղությունները հնարավորություն են տալիս փաստելու, որ վճռական ես շարունակ Հիսուսին հետևելու։ Համոզված եղիր, որ Եհովան կօգնի քեզ այդ հարցում։ w24.03, էջ 9-10, պրբ. 8-10

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը