Դասեր՝ Հիսուսի ծննդյան պատմությունից
ՀԻՍՈՒՍԻ ծննդյան հետ կապված դեպքերը հետաքրքրություն են ներկայացնում միլիոնավոր մարդկանց համար։ Այդ մասին են խոսում այն բազում տեսարաններն ու բեմադրությունները, որ ցուցադրվում են Ծննդյան տոների ժամանակ ողջ աշխարհում։ Պետք է նշել, սակայն, որ թեև այդ իրադարձությունները կարող են հետաքրքրություն շարժել, Աստվածաշնչում դրանք գրի առնելու նպատակը մարդկանց զվարճություն պատճառելը չէր։ Այդ իրադարձությունները, որ Աստծո կողմից ներշնչված Գրությունների մաս են կազմում, գրվել են մեզ ուսուցանելու և ուղղելու համար (Բ Տիմոթէոս 3։16)։
Նախ՝ եթե Աստված ցանկանար, որ քրիստոնյաները տոնեին Հիսուսի ծնունդը, ապա Աստվածաշնչում պետք է որ տրվեր նրա ծննդյան ճշգրիտ օրը։ Արդյո՞ք այդպես է։ Նշելով, որ Հիսուսը ծնվել էր այն ժամանակ, երբ հովիվները գիշերը բաց երկնքի տակ հսկում էին իրենց հոտերը՝ 19–րդ դարի աստվածաշնչագետ Ալբերտ Բարնզը հետևյալ եզրակացությունն է անում. «Այստեղից պարզ է դառնում, որ մեր Փրկիչը ծնվել է նախքան դեկտեմբերի 25–ը.... Տարվա այդ ժամանակ ցուրտ է, հատկապես՝ բարձրալեռնային այնպիսի վայրում, ինչպիսին Բեթլեհեմն է։ Աստված գաղտնի է պահել [Հիսուսի] ծննդյան օրը.... Այն իմանալը կարևոր չէ, հակառակ դեպքում՝ Աստված հոգ կտաներ, որ դա գրի առնվեր ու պահպանվեր»։
Բոլոր չորս Ավետարաններում, սակայն, բավական հստակ կերպով տեղեկացվում է, թե որ օրն է Հիսուսը մահացել։ Դա տեղի է ունեցել Պասեքի ժամանակ, որ նշվում էր գարնանը՝ հրեական նիսան ամսվա 14–րդ օրը։ Ավելին՝ Հիսուսը հատուկ պատվեր էր տվել իր հետևորդներին հիշել այդ օրը (Ղուկաս 22։19)։ Ի տարբերություն դրա՝ Աստվածաշնչում ոչ մի պատվեր չի տրվում ո՛չ Հիսուսի, ո՛չ էլ, իհարկե, որևէ այլ անհատի ծնունդը նշելու վերաբերյալ։ Ցավոք, Հիսուսի ծննդյան օրվա շուրջ ընթացող վիճաբանությունների պատճառով մարդկանց ուշադրությունից վրիպում են այն շատ ավելի կարևոր դեպքերը, որ տեղի են ունեցել այդ ժամանակ։
Ծնողներ՝ Աստծո կողմից ընտրված
Իսրայելի բազմահազար ընտանիքներից ինչպիսի՞ ծնողներ ընտրեց Աստված իր Որդու համար։ Կարևորություն տվե՞ց արդյոք այնպիսի բաների, ինչպիսիք են բարձր դիրքն ու հարստությունը։ Ո՛չ. Եհովան ուշադրություն դարձրեց ծնողների հոգևոր հատկություններին։ Տեսնենք, թե փառաբանության ինչ երգ երգեց Մարիամը այն բանից հետո, երբ իմացավ, որ արժանացել է Մեսիայի մայրը դառնալու պատվին (այդ երգը արձանագրված է Ղուկաս 1։46–55-ում)։ Նա մասնավորապես ասաց. «Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը.... Որովհետեւ իր աղախնի խոնարհութեանը մտիկ տուաւ»։ Մարիամը խոնարհաբար իրեն ցածր էր համարում՝ որպես Եհովայի աղախին։ Իսկ որ ավելի կարևոր է՝ նրա երգում տեղ գտած փառաբանության գեղեցիկ խոսքերը ցույց են տալիս, որ նա հոգևորապես տրամադրված անձնավորություն էր և լավ գիտեր Աստվածաշունչը։ Ու թեև Մարիամը Ադամի մեղավոր հետնորդներից էր, սակայն ամենահարմար կինն էր Աստծո Որդու երկրային մայրը դառնալու։
Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա ամուսնու մասին, որ որդեգրել էր Հիսուսին։ Հովսեփը լավ հյուսն էր։ Քանի որ նա պատրաստ էր իր քրտինքով աշխատելու, ուստի կարող էր ապահովել իր մեծացող ընտանիքը. ի վերջո, նրանք հինգ տղա և առնվազն երկու աղջիկ ունեցան (Մատթէոս 13։55, 56)։ Հովսեփը հարուստ չէր։ Երբ Մարիամն իր առաջնեկին տարավ Աստծո տաճարը, Հովսեփն ըստ երևույթին իրեն վատ էր զգում, քանի որ ի վիճակի չէր գառ զոհաբերելու։ Գառի փոխարեն՝ նա ներկայացրեց այն, ինչ սահմանված էր աղքատների համար։ Ահա թե Աստծո օրենքում ինչ էր ասվում որդի ծնած կնոջ վերաբերյալ. «Եթէ նորա ձեռքը չ’հասնէ գառն բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ, մէկը ողջակէզի՝ եւ միւսը մեղքի պատարագի համար, եւ քահանան քաւութիւն անէ նորա համար, եւ նա մաքրուի» (Ղեւտացոց 12։8; Ղուկաս 2։22–24)։
Աստվածաշունչը Հովսեփին անվանում է «արդար» (Մատթէոս 1։19)։ Օրինակ՝ մինչև Հիսուսի ծնվելը նա սեռական հարաբերությունների մեջ չմտավ իր կնոջ հետ. շնորհիվ դրա՝ կասկած չէր կարող առաջանալ այն հարցում, թե ով էր Հիսուսի իսկական Հայրը։ Միևնույն հարկի տակ ապրող նորապսակ զույգի համար այնքան էլ հեշտ չէր լինի հեռու մնալ ինտիմ հարաբերություններից։ Դա ցույց է տալիս, թե որքան էին նրանք գնահատում Աստծո Որդու ծնողները լինելու առանձնաշնորհումը (Մատթէոս 1։24, 25)։
Մարիամի նման՝ Հովսեփը նույնպես հոգևորապես տրամադրված անհատ էր։ Ամեն տարի նա իր ընտանիքի հետ եռօրյա ճամփորդություն էր կատարում Նազարեթից Երուսաղեմ՝ Պասեքի տոնակատարությանը մասնակցելու, ինչը ենթադրում է, որ այդ ընթացքում նա չէր կարող աշխատել (Ղուկաս 2։41)։ Նաև պետք է որ Հովսեփը սովորեցրած լիներ պատանի Հիսուսին սովորություն դարձնել ամեն շաբաթ հաճախել տեղի սինագոգում անցկացվող հանդիպումներին, որոնց ժամանակ ընթերցվում և մեկնաբանվում էր Աստծո Խոսքը (Ղուկաս 2։51; 4։16)։ Անկասկած, իր Որդու երկրային ծնողներին ընտրելու հարցում Աստված ճիշտ որոշում էր կայացրել։
Մեծ օրհնություն՝ հասարակ մարդկանց համար
Կեսարի հրամանին հնազանդվելով՝ Հովսեփը գնաց իր նախնիների քաղաքը՝ գրանցվելու (մարդահամարի հետ կապված), թեպետ իր կնոջ համար դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ նրա ծննդաբերելու օրերն էին։ Երբ նրանք հասան Բեթլեհեմ, չկարողացան կացարան գտնել. այդ ընթացքում շատ մարդ էր եկել քաղաք։ Հանգամանքների բերումով նրանք ստիպված եղան մնալ ախոռում։ Հենց այնտեղ էլ ծնվեց Հիսուսը։ Մանկիկին դրեցին մսուրի մեջ։ Եհովան միջոցներ ձեռնարկեց՝ այդ խոնարհ անհատների հավատն ամրացնելու և նրանց հավաստիացնելու համար, որ մանկիկի ծնունդը իսկապես տեղի է ունեցել իր կամքով։ Արդյոք նա այդ նպատակով երեցներից բաղկացած պատվիրակությո՞ւն ուղարկեց նրանց մոտ։ Ո՛չ, Աստված այդ մասին տեղեկացրեց աշխատասեր հովիվներին, որ գիշերը դրսում հսկում էին իրենց հոտերը։
Աստծո հրեշտակը հայտնվեց նրանց և պատվիրեց գնալ Բեթլեհեմ, որտեղ նրանք կգտնեին նորածին Մեսիային՝ «մսուրի մէջ դրուած»։ Արդյո՞ք այդ խոնարհ մարդիկ հանկարծակիի եկան կամ ընկան տարակուսանքի մեջ՝ լսելով, որ Մեսիան ախոռում է։ Ամենևի՛ն։ Նրանք անմիջապես թողեցին իրենց հոտերը և գնացին Բեթլեհեմ։ Երբ հովիվները գտան Հովսեփին ու Մարիամին՝ փոքրիկ Հիսուսի հետ, փոխանցեցին նրանց Աստծո հրեշտակի խոսքերը։ Դա, ինչ խոսք, ամրապնդեց այդ զույգի հավատը և վստահությունն այն հարցում, որ ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես նախատեսել էր Աստված։ Իսկ հովիվները «ետ դառան». նրանք «Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան» (Ղուկաս 2։8–20)։ Այո՛, Եհովան ճիշտ էր վարվել՝ տեղի ունեցածի մասին հայտնելով աստվածավախ հովիվներին։
Այս ամենից սովորում ենք, թե ինչպիսին պետք է լինենք Եհովայի բարեհաճությանն արժանանալու համար։ Հարկ չկա հարստության կամ բարձր դիրքի ձգտելու։ Փոխարենը՝ Հովսեփի ու Մարիամի, ինչպես նաև հովիվների նման պետք է հնազանդվենք Աստծուն և ցույց տանք, որ սիրում ենք նրան՝ հոգևորը նյութականից վեր դասելով։ Իրոք որ, մենք լավ դասեր կարող ենք քաղել Հիսուսի ծննդյան պատմությունից, եթե խորհրդածենք դրա շուրջ։
[նկար 7–րդ էջի վրա]
Ի՞նչ կարելի է եզրակացնել այն բանից, որ Մարիամը զոհաբերեց երկու աղավնի
[նկար 7–րդ էջի վրա]
Աստված նախընտրեց Հիսուսի ծննդյան մասին հայտնել խոնարհ հովիվներին