Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/1 էջ 23–26
  • Փոքրիկ գրություն, որ փոխեց կյանքս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փոքրիկ գրություն, որ փոխեց կյանքս
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խուլ եմ մեծանում
  • «Ինքնամփոփ» աշխարհում
  • Ընկերական հարաբերություններ, որ բարձր եմ գնահատում
  • Ուղեկցում եմ իմ շատ սիրելի ընկերոջը
  • Գնահատի՛ր խուլ եղբայրներին ու քույրերին
    2009 Դիտարան
  • «Ես տեսա, բայց չհասկացա»
    2013 Դիտարան
  • Խուլ եմ, բայց պատրաստակամ՝ սովորեցնելու ուրիշներին
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Այժմ ինձ պիտանի եմ զգում
    2015 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 1/1 էջ 23–26

Կենսագրություն

Փոքրիկ գրություն, որ փոխեց կյանքս

Պատմում է Իրեն Հոխստենբախը

1972 թվականն էր։ Ես 16 տարեկան էի։ Մի երեքշաբթի՝ երեկոյան, ծնողներիս հետ գնացել էի Էյնդհովեն (Բարբանտի մարզ, Նիդերլանդներ)՝ կրոնական հանդիպման մասնակցելու։ Մի տեսակ անորոշ վիճակում էի և շատ կուզենայի ուրիշ տեղ լինել։ Այդ ընթացքում ինձ մոտեցան երկու աղջիկներ և մի գրություն փոխանցեցին։ Ահա թե ինչ էր ասվում այնտեղ. «Սիրելի՛ Իրեն, մենք շատ ենք ուզում օգնել քեզ»։ Ես չէի էլ կարող պատկերացնել, թե որքան էր այդ գրությունը փոխելու կյանքս։ Սակայն մինչ կներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, կցանկանայի մի փոքր պատմել իմ մասին։

ԵՍ ԾՆՎԵԼ եմ Ինդոնեզիայի Բելիտունգ կղզում։ Հիշում եմ արևադարձային գոտում գտնվող այդ կղզու ձայները՝ արմավենիների խշշոցը, մոտակա գետի մեղմ կարկաչը, բակում խաղացող երեխաների ծիծաղը, ինչպես նաև մեր տան մեջ լսվող երաժշտության ձայնը։ 1960 թ.–ին, երբ ընդամենը չորս տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Նիդերլանդներ։ Այդ երկար ճանապարհորդությունը կատարեցինք նավով։ Հետս վերցրել էի իմ սիրած խաղալիքը՝ թմբուկները ձեռքին մի փոքրիկ ծաղրածու, որի հանած ձայնը առանձնապես է տպավորվել հիշողությանս մեջ։ Երբ դարձա յոթ տարեկան, հիվանդացա, ինչի հետևանքով կորցրեցի լսողությունս։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ մի ձայն չեմ լսել։ Մնացել են միայն հուշերս...

Խուլ եմ մեծանում

Ծնողներս սիրով հոգ էին տանում իմ մասին։ Դրա շնորհիվ սկզբում այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է նշանակում լինել խուլ։ Ինձ զվարճություն էր պատճառում նույնիսկ լսողական սարքը, որն, ի դեպ, քիչ օգուտ էր տալիս։ Հարևանությամբ ապրող երեխաները կավիճով «պատմություններ» էին գրում մայթի վրա՝ ինձ հետ հաղորդակցվելու համար։ Ես պատասխանում էի բանավոր, չնայած որ ձայնս չէի լսում։

Մեծանալով՝ կամաց–​կամաց սկսեցի հասկանալ, որ տարբերվում եմ շրջապատի մարդկանցից։ Նաև նկատեցի, որ խուլ լինելուս պատճառով ոմանք ծաղրում էին ինձ, ոմանք էլ՝ խուսափում ինձանից։ Սկսեցի ինձ մեկուսացած ու միայնակ զգալ։ Հիմա արդեն հասկանում էի, թե ինչ է նշանակում խուլ լինել, և որքան ավելի էի մեծանում, այնքան ավելի էի վախենում լսող մարդկանց աշխարհից։

Որպեսզի կարողանայի խուլերի համար նախատեսված հատուկ դպրոց հաճախել, Լիմբուրգի մարզում գտնվող գյուղից ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Էյնդհովեն քաղաքը։ Այնտեղ հայրս սկսեց աշխատանք փնտրել, իսկ եղբայրս ու քույրերս գնացին նոր դպրոց։ Որքա՜ն երախտապարտ եմ, որ հանուն ինձ նրանք այդպիսի փոփոխություններ կատարեցին։ Դպրոցում սովորեցի կարգավորել ձայնիս բարձրությունը և ավելի պարզ արտասանել բառերը։ Չնայած որ ուսուցիչները չէին սովորեցնում ժեստերի լեզուն, ես այն սովորեցի համադասարանցիներիցս։

«Ինքնամփոփ» աշխարհում

Թեև ծնողներս մեծ ջանքեր էին թափում ինձ հետ հաղորդակցվելու, բայց միևնույն է, ես շատ բաներ չէի կարողանում հասկանալ։ Օրինակ՝ գլխի չէի ընկնում, որ նրանք Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ են ուսումնասիրում։ Հիշում եմ, սակայն, որ մի օր ընտանիքով գնացինք մի տեղ, ուր մեծ թվով մարդիկ կային։ Աթոռների վրա նստած՝ նրանք նայում էին առջևի մասում գտնվող բեմահարթակին, երբեմն ծափահարում էին և ժամանակ առ ժամանակ ոտքի կանգնում։ Թե ինչու էին այդ մարդիկ այդպես անում, չէի հասկանում. բավական ժամանակ անց միայն իմացա, որ եղել եմ Եհովայի վկաների համաժողովում։ Էյնդհովենում ծնողներս տանում էին ինձ մի փոքրիկ դահլիճ։ Թեև այնտեղ ինձ հանգիստ էի զգում, քանի որ բոլորը բարի էին, և ծնողներս էլ, ինչպես երևում էր, ուրախ էին, սակայն չէի հասկանում, թե ինչու ենք միշտ գնում այնտեղ։ Հիմա գիտեմ, որ փոքրիկ դահլիճը Եհովայի վկաների Թագավորության սրահն էր։

Դժբախտաբար, ներկաներից ոչ մեկը չէր կարողանում ինձ համար թարգմանել ծրագիրը։ Հիմա եմ հասկանում, որ նրանք ուզում էին ինձ օգնել, բայց չգիտեին՝ ինչպես վարվել խուլ անհատի հետ։ Հանդիպումների ժամանակ ինձ մենակ էի զգում և մտքումս ասում էի. «Երանի դպրոցում լինեի՝ այստեղ լինելու փոխարեն»։ Մի անգամ, երբ նորից այդ մտքերով էի տարված, երկու երիտասարդ աղջիկներ փոքրիկ թղթի վրա արագորեն ինչ–​որ բան գրեցին ու տվեցին ինձ։ Դա հենց այն գրությունն էր, որի մասին սկզբում խոսեցի։ Մտքովս անգամ չէր անցնի, որ այդ փոքրիկ գրությունը սկիզբ էր դնելու ընկերական այնպիսի հարաբերությունների, որոնց շնորհիվ ազատվելու էի իմ «ինքնամփոփ» աշխարհից։

Ընկերական հարաբերություններ, որ բարձր եմ գնահատում

Քոլեթն ու Հերմինը՝ վերոհիշյալ երկտողը գրած աղջիկները, 20 տարեկանից մի քիչ էին անց։ Հետագայում իմացա, որ նրանք տեղափոխվել էին Եհովայի վկաների այդ ժողովը՝ ծառայելու որպես լիաժամ ռահվիրաներ (լիաժամ քարոզիչներ)։ Չնայած Քոլեթն ու Հերմինը իրականում լավ չգիտեին ժեստերի լեզուն, բայց ես կարողանում էի հասկանալ աղջիկների խոսքերը նրանց շրթունքների շարժումներից։ Այս ձևով բավական լավ էինք հաղորդակցվում։

Ծնողներս շատ ուրախացան, երբ Քոլեթն ու Հերմինը առաջարկեցին Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ։ Այս աղջիկները, սակայն, շատ ավելին արեցին։ Նրանք ջանում էին թարգմանել ինձ համար Թագավորության սրահում անցկացվող հանդիպումների ծրագիրը, նաև այնպես էին անում, որ սկսեմ շփվել ժողովի մյուս անդամների հետ։ Բացի այդ, օգնում էին, որ կարողանամ մատուցումներ ներկայացնել քարոզչական ծառայության ժամանակ, ինչպես նաև պատրաստել Աստվածապետական դպրոցի առազադրանքները։ Պատկերացնո՞ւմ եք. արդեն համարձակություն ունեի լսող մարդկանց առջև ելույթ ունենալու։

Ավելին՝ Քոլեթն ու Հերմինը օգնեցին ինձ վստահել իրենց։ Նրանք համբերատարությամբ լսում էին ինձ ու երբեք չէին ծաղրում, թեև հաճախ էինք ծիծաղում իմ սխալների վրա։ Բացի այդ, իմ ներկայությունից աղջիկները իրենց կաշկանդված չէին զգում։ Նրանք փորձում էին հասկանալ իմ զգացմունքները և ինձ հետ վարվում էին հավասարի պես։ Այդ բարի աղջիկները ինձ հրաշալի նվեր պարգևեցին՝ իրենց սերն ու ընկերությունը։

Իսկ ամենակարևորը՝ նրանք սովորեցրին ինձ, որ հարկավոր է ճանաչել մեր Աստծուն՝ Եհովային, ու վերաբերվել նրան որպես մի վստահելի ընկերոջ։ Նրանք բացատրեցին, որ Եհովան տեսնում է ինձ՝ Թագավորության սրահում նստած, և հասկանում է, թե ինչ է նշանակում լինել խուլ։ Որքա՜ն երախտապարտ եմ, որ սերն Աստծո հանդեպ միավորեց երեքիս՝ դարձնելով ընկերներ։ Ես շատ զգացված էի Եհովայի ցուցաբերած հոգատարությունից, ու նրա նկատմամբ սիրուց մղված՝ նվիրվեցի նրան և 1975 թ. հուլիսին խորհրդանշեցի դա ջրի մկրտությամբ։

Ուղեկցում եմ իմ շատ սիրելի ընկերոջը

Հետագա տարիներին ծանոթացա շատ ուրիշ եղբայրների ու քույրերի հետ։ Եղբայրներից մեկի հետ առանձնապես մտերմացա, արդյունքում՝ 1980 թ.–ին ամուսնացանք։ Ամուսնությունից շատ չանցած՝ ռահվիրայական ծառայություն սկսեցի։ 1994 թ.–ին ամուսնուս՝ Հարիի հետ նշանակվեցինք հատուկ ռահվիրաներ Հոլանդիայում՝ ժեստերի լեզվով խոսողների շրջանում։ Մեկ տարի անց, սակայն, նոր նշանակում ստացանք, որ դժվարություն էր ներկայացնում ինձ համար։ Ամուսինս, որը խուլ չէ, դարձավ շրջանային վերակացուի օգնական, և ես նրա հետ միասին պետք է այցելեի տարբեր ժողովներ։

Ահա թե ինչպես եմ վարվում. երբ որևէ ժողով այցելում ենք առաջին անգամ, անմիջապես սկսում եմ ծանոթանալ հնարավորին չափ շատ եղբայրների ու քույրերի հետ։ Հայտնում եմ նրանց իմ խուլ լինելու մասին ու խնդրում, որ խոսեն դանդաղ և այդ ընթացքում ինձ նայեն։ Հանդիպումներին աշխատում եմ մեկնաբանություն տալ անմիջապես։ Նաև խնդրում եմ որևէ մեկին այդ շաբաթվա ընթացքում լինել իմ թարգմանիչը թե՛ հանդիպումների ժամանակ, թե՛ քարոզչական ծառայության ընթացքում։

Նման մոտեցումն այնքան արդյունավետ է, որ եղբայրներից ու քույրերից ոմանք մոռանում են իմ խուլ լինելու մասին, ինչի հետևանքով երբեմն հայտնվում եմ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ՝ նրանք պատմում են, որ ինձ փողոցում տեսնելով՝ ի նշան ողջույնի՝ մեքենայից ազդանշան են տալիս, որին ես, իհարկե, չեմ արձագանքում։ Պատահում է, որ ես էլ եմ մոռանում իմ սահմանափակ հնարավորությունների մասին. ասենք՝ երբ ինչ–​որ գաղտնի բան եմ շշնջում ամուսնուս ականջին։ Եթե նա կարմրում է, հասկանում եմ, որ իմ «փսփսոցը» չափազանց բարձր էր։

Երբեմն շատ անսպասելի ձևով ինձ օգնում են երեխաները։ Ժողովներից մեկում, ուր այցելել էինք առաջին անգամ, ինը տարեկան մի տղա նկատեց, որ սրահում ոմանք վարանում էին հետս խոսել և որոշեց այդ ուղղությամբ ինչ–​որ բան անել։ Նա մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս, տարավ սրահի մեջտեղն ու ամբողջ ձայնով բղավեց. «Թույլ տվեք ծանոթացնել ձեզ Իրենի հետ։ Նա խուլ է»։ Այդ խոսքերից հետո ներկաները մոտեցան և սկսեցին ինձ հետ ծանոթանալ։

Շրջանային ծառայության մեջ ամուսնուս ուղեկցելով՝ ավելի ու ավելի շատ ընկերներ եմ ձեռք բերում։ Որքա՜ն է տարբերվում այսօրվա կյանքս այն օրերից, երբ միայնակ էի ու մեկուսացած։ Սկսած այն օրվանից, երբ Քոլեթն ու Հերմինը տվեցին ինձ վերոհիշյալ գրությունը՝ զգացել եմ, թե ինչ բան է իսկական ընկերությունը և հանդիպել եմ այնպիսի մարդկանց, ովքեր ինձ շատ հարազատ են դարձել։ Իսկ որ ամենակարևորն է՝ ես ճանաչել եմ Եհովա Աստծուն, որ ամենաթանկագին ընկերն է (Հռովմայեցիս 8։38, 39)։ Ահա թե ինչպես փոքրիկ գրությունը փոխեց կյանքս։

[նկար 24–րդ էջի վրա]

Հիշում եմ իմ սիրած խաղալիքի ձայնը

[նկարներ 25–րդ էջի վրա]

Ծառայության ժամանակ և ամուսնուս՝ Հարիի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը