Ընթերցողների հարցերը
Ընդունա՞կ է արդյոք Բանսարկու Սատանան կարդալ մարդկանց մտքերը։
Թեև չենք կարող անառարկելիորեն պնդել, թվում է, որ ո՛չ Սատանան, ո՛չ էլ նրա դևերը մեր մտքերը կարդալու ընդունակություն չունեն։
Ուշադրություն դարձրեք այն նկարագրական անուններին, որ վերագրվում են Սատանային։ Նա կոչվում է Սատանա (Հակառակորդ), Բանսարկու (Զրպարտիչ), Օձ (հոմանիշ է Խաբեբա անվանմանը), Փորձիչ և Ստախոս (Յոբ 1։6; Մատթէոս 4։3; Յովհաննէս 8։44; Բ Կորնթացիս 11։3; Յայտնութիւն 12։9)։ Այս նկարագրական անուններից և ոչ մեկը չի ենթադրում, թե Սատանան կարողություն ունի կարդալու մարդու միտքը։
Ի տարբերություն Սատանայի՝ Եհովա Աստված նկարագրվում է որպես «սիրտերը քննող» (Առակաց 17։3; Ա Թագաւորաց 16։7; Ա Մնացորդաց 29։17)։ «Չ’կայ մի արարած աներեւոյթ նորա [Եհովայի] երեսից,— հստակորեն ասվում է Եբրայեցիս 4։13–ում.— բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը»։ Զարմանալի չէ, որ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, շնորհել է սրտերը քննելու կարողություն։ Հարություն առած Հիսուսը պարզ ասաց. «Ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. եւ կ’տամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ» (Յայտնութիւն 2։23)։
Աստվածաշունչը չի ասում, թե Սատանան ընդունակ է քննելու մարդկանց սիրտն ու միտքը։ Սա կարևոր հանգամանք է, քանզի Պողոս առաքյալը վստահեցնում է մեզ, որ քրիստոնյաները «[Սատանայի] խորհուրդներին անտեղեակ [չեն]» (Բ Կորնթացիս 2։11)։ Ուստի մենք կարիք չունենք վախենալու, թե Սատանան մի այնպիսի արտասովոր կարողություն ունի, ինչից մենք լիովին գուցե անտեղյակ ենք։
Բայցևայնպես, սա չի նշանակում, թե մեր Թշնամին չի կարող նշմարել մեր թուլություններն ու խոցելի տեղերը։ Սատանան դարեր շարունակ է ուսումնասիրել մարդկային վարքը։ Նա կարիք չունի մտքեր կարդալու ունակության տիրապետելու, որպեսզի նշմարի, թե ինչպիսի վարքագիծ ունենք, զվարճության որ ձևերով ենք ձգտում զբաղվել, կամ որպեսզի լսի, թե ինչի մասին ենք խոսում և այլն։ Մեր դեմքի արտահայտությունն ու կեցվածքը նույնպես կարող են նրան հնարավորություն տալ իմանալու, թե ինչի մասին ենք մտածում կամ ինչ ենք զգում։
Սակայն ընդհանրապես Սատանան օգտագործում է այն նույն հնարքները, որոնք որ օգտագործել էր Եդեմի պարտեզում՝ սուտ, խաբեություն, ապատեղեկատվություն (Ծննդոց 3։1–5)։ Թեև քրիստոնյաները կարիք չունեն վախենալու, որ Սատանան կկարդա իրենց մտքերը, այդուհանդերձ նրանք իրոք հիմքեր ունեն անհանգստանալու, թե ինչ մտքեր Սատանան կարող է փորձել սերմանել իրենց գլխում։ Նա ցանկանում է, որ քրիստոնյաները «մտքով ապականուած եւ ճշմարտութիւնիցը հեռացած» լինեն (Ա Տիմոթէոս 6։5)։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ Սատանայի աշխարհը մարդկանց հեղեղում է ապականող տեղեկություններով ու զվարճություններով։ Այս կատաղի հարձակմանը դեմ կենալու համար քրիստոնյաները պետք է պաշտպանեն իրենց միտքը՝ կրելով «փրկութեան սաղաւարտն» (Եփեսացիս 6։17)։ Նրանք սա անում են՝ իրենց միտքը լցնելով աստվածաշնչյան ճշմարտություններով և խուսափելով Սատանայի աշխարհի գարշելի տարրերի հետ շփվելուց։
Սատանան ահարկու թշնամի է։ Բայց մենք կարիք չունենք հիվանդագին վախով համակվելու նրա կամ նրա դևերի հանդեպ։ Յակոբոս 4։7–ը մեզ հավաստիացնում է. «Հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից»։ Եթե հետևենք այս խորհրդին, ապա կկարողանանք Հիսուսի պես ասել, որ Սատանան ոչ մի իշխանություն չունի մեզ վրա (Յովհաննէս 14։30, ԱՆԹ)։