Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
«Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին» (Բ Տիմոթէոս 2։15)։
1. Ո՞ր փոփոխություններն են վտանգում մեր հոգևոր բարեկեցությունը։
ԱՇԽԱՐՀՆ անընդհատ փոխվում է։ Մենք տեսնում ենք, թե մարդիկ գիտության ու տեխնիկայի բնագավառում ինչ տպավորիչ հաջողությունների են հասնում, որոնք, սակայն, ուղեկցվում են բարոյական արժեքների կտրուկ անկմամբ։ Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, քրիստոնյաները պետք է դիմադրեն աշխարհի հակաաստվածային ոգուն։ Այդուհանդերձ, աշխարհի փոխվելուն զուգընթաց փոխվում են նաև մեզ առնչվող շատ բաներ։ Մանկությունից անցնում ենք չափահասության։ Գուցե ձեռք բերենք կամ կորցնենք հարստություն, առողջություն, սիրելի ընկերներ։ Շատ այսպիսի փոփոխություններ դուրս են մեր հսկողությունից, ուստի դրանք կարող են առաջացնել նոր ու մեծ խնդիրներ, որոնք գուցե վտանգեն մեր հոգևոր բարեկեցությունը։
2. Ի՞նչ փոփոխություններ էին տեղի ունեցել Դավիթի կյանքում։
2 Քչերն են իրենց կյանքում այնպիսի արմատական փոփոխություններ տեսել, ինչպիսին որ Դավիթը՝ Հեսսեի որդին։ Դավիթն անհայտ պատանի հովվից արագորեն դարձավ համբավավոր ազգային հերոս։ Ավելի ուշ նա ստիպված էր փախստական կյանքով ապրել, որովհետև նրան, ինչպես մի կենդանու, հետապնդում էր մի նախանձ թագավոր։ Հետո Դավիթը դարձավ թագավոր ու նվաճող։ Նա իր վրա զգաց ծանր մեղք գործելու հետևանքները։ Նրա ընտանիքում եղան ողբերգություններ ու երկպառակություններ։ Նա հարստություն ձեռք բերեց, ծերացավ ու զգաց ծերության բերած դժվարությունները։ Չնայած իր կյանքում եղած բազմաթիվ փոփոխություններին՝ Դավիթը միշտ վստահում ու ապավինում էր Եհովային ու նրա սուրբ ոգուն։ Նա ‘ջանք արեց, որ իր անձն ընտիր կանգնեցնի Աստծո առաջ’, և Աստված օրհնեց նրան (Բ Տիմոթէոս 2։15)։ Թեև մեր հանգամանքները տարբերվում են Դավիթի հանգամանքներից, մենք կարող ենք նրանից սովորել, թե ինչպես լուծել կյանքում առաջացող խնդիրները։ Նրա օրինակը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչ անենք, որ Աստծո սուրբ ոգին միշտ մեզ հետ լինի կյանքում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակ։
Դավիթի խոնարհությունը հրաշալի օրինակ է մեզ համար
3, 4. Ինչպե՞ս պատանի հովիվ Դավիթի անունը հռչակվեց ամբողջ երկրով մեկ։
3 Պատանեկության տարիներին Դավիթը նույնիսկ իրենց ընտանիքում բարձր համարում չուներ։ Երբ Սամուել մարգարեն եկավ Բեթլեհեմ, Դավիթի հայրը մարգարեին ներկայացրեց իր ութ որդիներից յոթին։ Դավիթին՝ ամենակրտսեր որդուն, թողել էին դաշտում, որ ոչխարներին արածեցնի։ Բայց Եհովան նրա՛ն էր ընտրել լինելու Իսրայելի ապագա թագավոր։ Դավիթին դաշտից կանչեցին։ Աստվածաշունչն ասում է. «Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ» (Ա Թագաւորաց 16։12, 13)։ Դավիթն ամբողջ կյանքում ապավինեց Աստծո ոգուն։
4 Շուտով այս պատանի հովվի անունը հռչակվելու էր ամբողջ երկրով մեկ։ Նրան կանչեցին ծառայելու թագավորին ու նվագելու նրա համար։ Նա սպանեց Գողիաթին՝ մի ահարկու, հսկա ռազմիկի, որից վախենում էին նույնիսկ փորձառու իսրայելացի զինվորները։ Դավիթը նշանակվեց զորավար ու հաղթեց փղշտացիներին։ Ժողովուրդը սիրեց նրան։ Մարդիկ երգ ձոնեցին Դավիթին։ Ավելի վաղ Սավուղ թագավորի խորհրդականներից մեկը երիտասարդ Դավիթի մասին ասել էր, որ նա ոչ միայն «քնար ածել գիտէ», այլև «քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է» (Ա Թագաւորաց 16։18; 17։23, 24, 45–51; 18։5–7)։
5. Ի՞նչը կարող էր Դավիթին դարձնել գոռոզ անձնավորություն, և որտեղի՞ց գիտենք, որ նա այդպիսին չդարձավ։
5 Հռչակ, գեղեցիկ արտաքին, երիտասարդություն, ճարտասանություն, երաժշտական ընդունակություններ, վարպետություն ռազմական գործում, Աստծո բարեհաճություն. թվում է՝ Դավիթն ամեն ինչ ուներ։ Այս բաներից յուրաքանչյուրը կարող էր նրան դարձնել գոռոզ անձնավորություն, սակայն նման բան տեղի չունեցավ։ Ուշադրություն դարձնենք, թե Դավիթն ինչ պատասխանեց Սավուղ թագավորին, որն իր աղջկան առաջարկեց նրան որպես կին։ Իսկական խոնարհություն դրսևորելով՝ Դավիթն ասաց. «Ես ո՞վ եմ, եւ ի՞նչ է իմ կեանքը, իմ հօր ազգատոհմը՝ Իսրայէլի մէջ, որ թագաւորին փեսայ դառնամ» (Ա Թագաւորաց 18։18)։ Մեկնաբանելով այս համարը՝ մի աստվածաշնչագետ գրել է. «Դավիթն ուզում էր ասել, որ ինքը ո՛չ իր հատկանիշների, ո՛չ սոցիալական դիրքի և ո՛չ էլ տոհմաբանության հիման վրա չի կարող փոքր–ինչ անգամ հավակնել թագավորի փեսան լինելու պատվին»։
6. Ինչո՞ւ պետք է խոնարհություն մշակենք։
6 Դավիթը խոնարհ էր, որովհետև ընդունում էր, որ Եհովան ամեն հարցում անհասանելիորեն գերազանցում է անկատար մարդկանց։ Դավիթն ուղղակի զարմանում էր, որ Աստված նույնիսկ ուշադրություն է դարձնում մարդուն (Սաղմոս 144։3)։ Նա նաև գիտեր, որ ցանկացած բան, որ կարող էր իրեն ‘մեծացնել’, Եհովայի խոնարհության շնորհիվ էր. Աստված ինքն իրեն խոնարհեցրեց, որպեսզի զորացնի, պաշտպանի ու հոգ տանի Դավիթի մասին (Սաղմոս 18։35, ՆԱ)։ Ի՜նչ գեղեցիկ դաս մեզ համար։ Երբեք չպետք է թույլ տանք, որ մեր ընդունակությունները, ձեռբերումները կամ առանձնաշնորհումները մեզ դարձնեն մեծամիտ անձնավորություն։ «Ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չ’առածի պէս»,— գրեց Պողոս առաքյալը (Ա Կորնթացիս 4։7)։ Որպեսզի ունենանք Աստծո սուրբ ոգին ու վայելենք Նրա բարեհաճությունը, պետք է մեր մեջ խոնարհություն մշակենք ու միշտ դրսևորենք այն (Յակոբոս 4։6)։
«Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք»
7. Սավուղ թագավորին սպանելու ի՞նչ հնարավորություն ունեցավ Դավիթը։
7 Դավիթը չհպարտացավ իր հռչակով, բայց ահա Սավուղ թագավորը, որից Աստծո ոգին գնացել էր, Դավիթի համբավի պատճառով լցվեց մահացու նախանձով նրա հանդեպ։ Թեպետ Դավիթը ոչ մի վատ բան չէր արել, նա իր կյանքը փրկելու համար ստիպված էր փախչել ու անապատում ապրել։ Մի անգամ Սավուղ թագավորը, երբ անողոքաբար հետապնդում էր Դավիթին, մտավ մի քարայր՝ չիմանալով, որ Դավիթն ու նրա մարդիկ թաքնվել են հենց այդ քարայրում։ Դավիթի ընկերները հորդորեցին նրան օգտվելու իբր թե Աստծո կողմից ստեղծված հնարավորությունից ու սպանել Սավուղին։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էին նրանք մթության մեջ փսփսում Դավիթի ականջին. «Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կ’մատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան» (Ա Թագաւորաց 24։3–7)։
8. Ինչո՞ւ Դավիթը խուսափեց վրեժխնդիր լինելուց։
8 Դավիթը չցանկացավ վնասել Սավուղին։ Դրսևորելով հավատ ու համբերություն՝ նա անտրտունջ հարցի լուծումը թողեց Եհովային։ Երբ թագավորը դուրս եկավ քարայրից, Դավիթը կանչեց նրա ետևից ու ասաց. «Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրեժը քեզանից առնէ. բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ» (Ա Թագաւորաց 24։13)։ Թեև Դավիթը գիտեր, որ Սավուղն իր հանդեպ ճիշտ չէր վարվում, այնուամենայնիվ նա վրեժխնդիր չեղավ նրանից և ոչ էլ անարգալից կերպով խոսեց նրա հետ կամ նրա մասին։ Դավիթին ուրիշ առիթներ էլ ներկայացան վրեժ լուծելու, սակայն նա խուսափեց դրանից. նա իր հույսը դրեց Եհովայի վրա (Ա Թագաւորաց 25։32–34; 26։10, 11)։
9. Ինչո՞ւ չպետք է վրեժխնդիր լինենք, եթե հակառակության կամ հալածանքի ենք հանդիպում։
9 Դու էլ Դավիթի պես գուցե հայտնվես ծանր իրավիճակներում։ Հնարավոր է, որ հակառակության հանդիպես կամ հալածանք կրես դպրոցի աշակերտների, աշխատակիցների, ընտանիքի անդամների ու այլոց կողմից, որոնք չեն բաժանում քո հավատը։ Վրեժխնդիր մի՛ եղիր։ Սպասիր Եհովային՝ նրանից խնդրելով իր սուրբ ոգին։ Այդ անձնավորությունները, որ հավատ չունեն, գուցե տպավորվեն քո լավ վարքով ու հավատ ձեռք բերեն (Ա Պետրոս 3։1)։ Ամեն դեպքում, վստահ եղիր, որ Եհովան գիտի քո իրավիճակի մասին ու ինչ–որ բան կանի այդ ուղղությամբ համապատասխան ժամանակին։ Պողոս առաքյալը գրեց. «Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. այլ բարկութեան տեղ տուէք. որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը» (Հռովմայեցիս 12։19)։
«Խրատ լսեցէք»
10. Ինչպե՞ս Դավիթը մեղք գործեց ու ինչպե՞ս փորձեց ծածկել դա։
10 Անցան տարիներ։ Դավիթը դարձավ հանրահայտ թագավոր՝ բոլորի կողմից սիրված։ Նա աչքի ընկավ ուշագրավ հավատարմությամբ, գրեց գեղեցիկ սաղմոսներ՝ ի փառաբանություն Եհովայի։ Այս բաները հեշտությամբ կարող էին տպավորություն ստեղծել, թե նա մի մարդ է, որը երբևէ ծանր մեղք չի գործի։ Սակայն հենց այդպես էլ եղավ։ Մի օր նա իր տան տանիքից նայում էր մի կնոջ, որը լողանում էր։ Դավիթը հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Իմանալով, որ նրա անունը Բերսաբե է, և որ նրա ամուսինը՝ Ուրիան, պատերազմում է՝ Դավիթը մարդ ուղարկեց այդ կնոջ ետևից ու սեռական հարաբերություն ունեցավ նրա հետ։ Հետագայում նրան իմաց տրվեց, որ Բերսաբեն հղիացել է։ Ինչպե՜ս նա կխայտառակվեր, եթե մարդիկ իմանային իրականությունը։ Ըստ Մովսիսական օրենքի՝ շնությունը ամենածանր մեղքերից էր։ Դավիթը հավանաբար խորհում էր, թե այդ մեղքը կարելի է ծածկել։ Նա նամակ ուղարկեց բանակ՝ պատվիրելով, որ Ուրիային Երուսաղեմ ուղարկեն։ Դավիթը հույս ուներ, որ Ուրիան իր կնոջ հետ կպառկի, բայց դա չպատահեց։ Հուսահատված՝ Դավիթը Ուրիային ետ ուղարկեց՝ նրա հետ դնելով նամակ՝ հասցեագրված Հովաբ զորապետին։ Նամակում նա պատվիրում էր, որ Ուրիային այնպիսի տեղ դնեն մարտում, որ թշնամին նրան սպանի։ Հովաբը ենթարկվեց, և Ուրիան սպանվեց։ Այն բանից հետո, երբ Բերսաբեն, ըստ ընդունված կարգի, սգաց իր ամուսնու մահը, Դավիթն ամուսնացավ նրա հետ (Բ Թագաւորաց 11։1–27)։
11. Ի՞նչ պատմություն Նաթանն արեց Դավիթին, և ինչպե՞ս վերջինս արձագանքեց։
11 Կարծես թե ամեն ինչ եղավ ըստ ծրագրվածի, թեև Դավիթը պետք է որ իմանար, որ Եհովան տեսնում էր այդ ամենը (Եբրայեցիս 4։13)։ Անցան ամիսներ, ու երեխան ծնվեց։ Աստծո ցուցումով Նաթան մարգարեն գնաց Դավիթի մոտ։ Մարգարեն թագավորին մի պատմություն արեց, թե ինչպես մի հարուստ մարդ, որ շատ ոչխարներ ուներ, վերցրեց ու մորթեց մի աղքատ մարդու միակ, շատ սիրելի գառնուկին։ Այս պատմությունը արթնացրեց Դավիթի արդարության զգացումը, բայց նրա մտքով չանցավ, թե որն էր դրա նպատակը։ Դավիթն իսկույն դատապարտեց հարուստ մարդու արարքը։ Բարկությամբ համակված՝ նա ասաց Նաթանին. «Այդ բանն անող մարդը մահի որդի է» (Բ Թագաւորաց 12։1–6)։
12. Ի՞նչ դատաստան արեց Եհովան Դավիթին։
12 «Այն մարդը դու ես»,— պատասխանեց մարգարեն։ Դավիթն ինքն իրեն էր դատապարտել։ Անտարակույս, նրա վրդովմունքը արագորեն տեղի տվեց ամոթի ու վշտի խոր զգացումին։ Նա շփոթահար լսում էր Նաթանին, մինչ նա ասում էր Եհովայի դատաստանը, որից հնարավոր չէր խուսափել։ Մխիթարության ու սփոփանքի ոչ մի խոսք չկար։ Դավիթն արհամարհել էր Եհովայի խոսքը՝ չարություն գործելով։ Մի՞թե նա թշնամու սրով չէր սպանել Ուրիային։ Ուրեմն սուրն անպակաս էր լինելու Դավիթի տնից։ Մի՞թե նա Ուրիայի կնոջը «ծածուկ» չառավ։ Ուրեմն նման չարիք էլ նա էր տեսնելու, բայց ոչ «ծածուկ», այլ հրապարակավ (Բ Թագաւորաց 12։7–12)։
13. Ինչպե՞ս Դավիթն արձագանքեց Եհովայի խրատին։
13 Ի պատիվ իրեն՝ Դավիթը չհերքեց իր մեղքը։ Նա չսկսեց բարկացած հակառակել Նաթան մարգարեին։ Դավիթը չմեղադրեց ուրիշներին և չարդարացրեց իր արարքը։ Նա գիտակցեց իր պատասխանատվությունը կատարած մեղքի համար՝ ասելով. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ» (Բ Թագաւորաց 12։13)։ 51–րդ սաղմոսում նկարագրված է, թե այդ մեղքը ինչ ցավ ու տառապանք պատճառեց Դավիթին, և թե որքան խորն էր նրա զղջումը։ Նա աղաչում էր Եհովային. «Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից»։ Նա հավատում էր, որ Եհովան, ողորմածություն ցուցաբերելով, չի անարգի մեղքի պատճառով «կոտրուած ու փշրուած սիրտը» (Սաղմոս 51։11, 17)։ Դավիթը շարունակեց ապավինել Եհովայի սուրբ ոգուն։ Թեպետ Աստված չպաշտպանեց նրան իր կատարած մեղքի դառը հետևանքներից, նա ներեց նրան։
14. Ինչպե՞ս պետք է արձագանքենք Եհովայի խրատին։
14 Բոլորս էլ անկատար ենք ու մեղանչում ենք (Հռովմայեցիս 3։23)։ Երբեմն, հնարավոր է, ծանր մեղք գործենք, ինչպես Դավիթը։ Ճիշտ ինչպես սիրառատ հայրն է խրատում իր երեխաներին, այնպես էլ Եհովան է ուղղում նրանց, ովքեր ուզում են ծառայել իրեն։ Թեև խրատը օգտակար է, այն հեշտ չէ ընդունել, իսկ երբեմն էլ «տրտմութիւն» է պատճառում (Եբրայեցիս 12։6, 11)։ Բայց եթե ‘լսենք խրատը’, կարող ենք հաշտություն ունենալ Եհովայի հետ (Առակաց 8։33)։ Որպեսզի Եհովայի ոգին միշտ մեզ վրա լինի, պետք է ընդունենք տրված խրատը ու ջանանք արժանանալ Նրա հավանությանը։
Հույս չդնենք անկայուն հարստության վրա
15. ա) Ինչպե՞ս են ոմանք օգտագործում իրենց հարստությունը։ բ) Ինչպե՞ս էր Դավիթը ցանկանում օգտագործել իր հարստությունը։
15 Ոչ մի վկայություն չկա, թե Դավիթը բարձր սոցիալական կարգավիճակ է ունեցել կամ թե ունևոր ընտանիքից է դուրս եկել։ Սակայն նա թագավոր եղած ժամանակ վիթխարի հարստության տեր դարձավ։ Ինչպես գիտենք, շատերը ագահաբար հարստություն են կուտակում կամ էլ այն ծախսում են միայն եսասիրական նպատակներով։ Մյուսներն իրենց փողը օգտագործում են իրենց փառաբանելու համար (Մատթէոս 6։2)։ Սակայն Դավիթը իր հարստությունն այլ կերպ օգտագործեց։ Նա փափագում էր բարձր պատվի արժանացնել Եհովային։ Դավիթը Նաթանին հայտնեց, որ ցանկանում է Եհովայի համար մի տաճար կառուցել, որպեսզի այնտեղ դրվի ուխտի տապանակը, որն այն ժամանակ Երուսաղեմում «վրանի մէջ է[ր] բնակվում»։ Եհովային դուր եկավ Դավիթի մտադրությունը, բայց Նաթանի միջոցով ասաց, որ տաճարը կկառուցի նրա որդի Սողոմոնը (Բ Թագաւորաց 7։1, 2, 12, 13)։
16. Ի՞նչ պատրաստություններ տեսավ Դավիթը տաճարի շինարարության համար։
16 Դավիթը պատրաստություններ տեսավ այդ հսկայական շինարարության համար։ Նա Սողոմոնին ասաց. «Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ չ’կայ որովհետեւ շատ է. նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել. բայց դու աւելացրու նորանց վերայ»։ Իր սեփական ունեցվածքից նա նվիրաբերեց 3 000 տաղանդ ոսկի ու 7 000 տաղանդ արծաթa (Ա Մնացորդաց 22։14; 29։3, 4)։ Դա ցուցադրական առատաձեռնության դրսևորում չէր, այլ Եհովա Աստծո հանդեպ հավատի ու անձնվիրության արտահայտություն։ Ընդունելով, որ Եհովան է իր ամբողջ հարստության աղբյուրը՝ նա ասաց Աստծուն. «Ամեն բան քեզանից է, եւ քո ձեռիցն ստացած՝ տուինք քեզ» (Ա Մնացորդաց 29։14)։ Դավիթի առատաձեռնությունը մղեց նրան անել հնարավոր ամեն ինչ հանուն ճշմարիտ երկրպագության առաջխաղացման։
17. Ա Տիմոթէոս 6։17–19-ում գրված խորհուրդն ինչպե՞ս է հավասարապես վերաբերում հարուստներին ու աղքատներին։
17 Նման ձևով, թող որ մեր նյութականը տրամադրենք բարի գործերի համար։ Նյութապաշտական կյանքով ապրելու փոխարեն՝ ավելի լավ է փնտրել Աստծո հավանությունը. սա է իսկական իմաստությունն ու երջանկությունը։ Պողոսը գրեց. «Ներկայ աշխարհիս հարուստներին պատուիրիր որ չ’գոռոզանան, եւ ոչ էլ ունայն մեծութեան վերայ [«անկայուն հարստությանը», ԱՆԹ] յոյս դնեն, այլ կենդանի Աստուծոյ վերայ որ ամեն բան տալիս է մեզ առատապէս վայելելու համար։ Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինեն։ Իրանց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն» (Ա Տիմոթէոս 6։17–19)։ Ինչպիսի տնտեսական կացության մեջ էլ լինենք, եկեք ապավինենք Աստծո ոգուն ու այնպիսի կյանքով ապրենք, որը մեզ ‘Աստծով հարուստ’ կդարձնի (Ղուկաս 12։21)։ Ոչինչ այնքան արժեքավոր չէ, ինչպես մեր սիրառատ երկնային Հոր հավանությանն արժանանալը։
‘Քո անձն ընտիր կանգնեցրու Աստծո առաջ’
18. Ինչո՞ւ է Դավիթը քրիստոնյաների համար գերազանց օրինակ։
18 Իր ամբողջ կյանքում Դավիթը Եհովայի հավանությունը փնտրեց։ Երգելով՝ նա բացականչեց. «Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը» (Սաղմոս 57։1)։ Նրա վստահությունը Եհովայի հանդեպ իզուր չէր։ Դավիթը ծերացավ ‘օրերով կշտացած’ (Ա Մնացորդաց 23։1)։ Չնայած որ նա լուրջ սխալներ գործեց, նա հիշվում է որպես Աստծո բազմաթիվ վկաներից մեկը, որը ուշագրավ հավատ է ունեցել (Եբրայեցիս 11։32)։
19. Ինչպե՞ս կարող ենք մեր անձը ընտիր ներկայացնել Աստծուն։
19 Երբ քո կյանքում փոփոխություններ են կատարվում, հիշիր, որ Եհովան, ինչպես որ Դավիթին նեցուկ եղավ, զորացրեց և ուղղեց, նույնը կարող է քեզ համար անել։ Պողոս առաքյալի կյանքում, ինչպես Դավիթի, շատ փոփոխություններ եղան։ Սակայն նա նույնպես հավատարիմ մնաց Աստծուն՝ ապավինելով նրա սուրբ ոգուն։ Նա գրեց. «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց» (Փիլիպպեցիս 4։12, 13 ԱԱ)։ Եթե Եհովային ապավինենք, ապա նա կօգնի մեզ հաջողության հասնել։ Նա ուզո՛ւմ է, որ մենք հաջողության հասնենք։ Եթե լսենք ու մոտենանք նրան, նա կտա մեզ անհրաժեշտ զորությունը՝ իր կամքն անելու համար։ Ու եթե շարունակենք ապավինել Աստծո ոգուն, ի վիճակի կլինենք ‘մեր անձը ընտիր կանգնեցնելու Աստծո առաջ’ այժմ ու ամբողջ հավիտենության ընթացքում (Բ Տիմոթէոս 2։15)։
[ծանոթագրություններ]
a Մերօրյա հաշվումներով Դավիթի նվիրատվությունը կազմում էր ավելի քան 1 200 000 000 ամերիկյան դոլար։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ հպարտությունից։
• Ինչո՞ւ չպետք է վրեժխնդիր լինենք։
• Տրված խրատի վերաբերյալ ի՞նչ տեսակետ պետք է ունենանք։
• Ինչո՞ւ պետք է ապավինենք Աստծուն և ոչ թե հարստությանը։
[նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Դավիթն ապավինեց Աստծո ոգուն ու փնտրեց նրա հավանությունը։ Դու նույնը անո՞ւմ ես
[նկար 18–րդ էջի վրա]
«Ամեն բան քեզանից է, եւ քո ձեռիցն ստացած՝ տուինք քեզ»