Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/15 էջ 24–էջ 27 պարբ. 11
  • Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ դատավորների կարիք կար
  • (Դատաւորաց 1։1–3։6)
  • Եհովան դատավորներ է վերկացնում
  • (Դատաւորաց 3։7–16։31)
  • Այլ անօրինություններ Իսրայելում
  • (Դատաւորաց 17։1–21։25)
  • Ազատագրումը մոտ է
  • Աստվածաշնչի գիրք համար 7. Դատավորներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Դատավորներ | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ
    2003 Դիտարան
  • Հեփթայեն պահում է Եհովային տված իր երդումը
    2007 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 1/15 էջ 24–էջ 27 պարբ. 11

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից

ԻՆՉՊԵ՞Ս է Եհովան արձագանքում, երբ իր ժողովուրդը երես է դարձնում իրենից ու սկսում է պաշտել կեղծ աստվածների։ Ինչպե՞ս է նա վարվում, երբ նրանք կրկին ու կրկին անհնազանդություն են ցույց տալիս իր հանդեպ և նրան կանչում են միայն այն ժամանակ, երբ նեղության մեջ են ընկնում։ Արդյո՞ք նման դեպքերում Եհովան փրկության ելք է տալիս նրանց։ «Դատաւորաց» գիրքը պատասխանում է այս և ուրիշ կարևոր հարցերի։ Այս գիրքը ամբողջացվել է Սամուել մարգարեի կողմից մ.թ.ա. 1100–ին և ընդգրկում է մոտ 330 տարվա պատմություն՝ սկսած Հեսուի մահից մինչև Իսրայելի առաջին թագավորի թագադրումը։

«Դատաւորաց» գիրքը՝ որպես Աստծու զորավոր խոսքի, կամ՝ պատգամի մի մաս, մեծ կարևորություն ունի մեզ համար (Եբրայեցիս 4։12)։ Այս գրքի անչափ հետաքրքիր պատմությունները օգնում են մեզ ավելի լավ ճանաչել Աստծուն։ Մենք դրանցից սովորում ենք բաներ, որոնք ամրացնում են մեր հավատը և օգնում են մեզ վառ պահել Աստծու նոր աշխարհում հավիտենական կյանքով ապրելու հույսը (Ա Տիմոթէոս 6։12, 19; Բ Պետրոս 3։13)։ Այն գործերը, որ Եհովան անում է հանուն իր ժողովրդի փրկության, նախաշողն են այն ավելի մեծ ազատագրման, որ նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապագայում կբերի։

Ինչո՞ւ դատավորների կարիք կար

(Դատաւորաց 1։1–3։6)

Այն բանից հետո, երբ Քանանի թագավորները ջախջախիչ պարտություն են կրում Հեսուի զորքերից, Իսրայելի ամեն մի ցեղ ստանում է իր ժառանգությունը ու զբաղեցնում իր տարածքը։ Բայցևայնպես, իսրայելացիները Քանանի բնակիչներին դուրս չեն հանում երկրից։ Դա անչափ վտանգավոր ծուղակ է դառնում Իսրայելի համար։

Հեսուի օրերից հետո եկող սերունդը ‘չի ճանաչում ոչ Տիրոջը և ոչ էլ այն գործերը, որ նա արել է Իսրայելի համար’ (Դատաւորաց 2։10)։ Ավելին, ժողովուրդը սկսում է ամուսնական կապեր հաստատել քանանացիների հետ ու ծառայել նրանց աստվածներին։ Հետևաբար Եհովան իսրայելացիներին թշնամիների ձեռքն է մատնում։ Բայց երբ կեղեքումը խստանում է, Իսրայելի որդիները ճշմարիտ Աստծուն են աղաղակում օգնության համար։ Այսպիսի կրոնական, սոցիալական ու քաղաքական ֆոնի վրա է մեզ ներկայանում դատավորների պատմությունը, որոնց Եհովան վեր է կացնում փրկելու համար իր ժողովրդին նրա թշնամիներից։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ.

1։2, 4 — Ինչո՞ւ է առաջինը Հուդայի ցեղը ընտրվում իրեն հատկացված հողերը զբաղեցնելու համար։ Ընդունված կարգի համաձայն՝ այս առանձնաշնորհումը պետք է տրվեր Հակոբի առաջնեկի՝ Ռուբենի ցեղին։ Սակայն Հակոբը մահանալուց առաջ իր մարգարեությունն ասելիս կանխագուշակեց, որ Ռուբենը ‘գերազանց չէր լինելու’, քանի որ կորցրել էր անդրանիկության իրավունքը։ Շմավոնն ու Ղևին, որոնք դաժանություն էին գործադրել, պետք է ցրված լինեին Իսրայելում (Ծննդոց 49։3–5, 7)։ Ուստի նրանցից հետո հաջորդը Հուդան էր՝ Հակոբի չորրորդ որդին։ Շմավոնի ցեղը, որի ժառանգությունը Հուդայի ցեղի բաժնից տրվեց, փոքր շրջաններ ստացավ Հուդայի ընդարձակ տարածքի տարբեր մասերում (Յեսու 19։9)։a

1։6, 7 — Ինչո՞ւ էին պարտված թագավորների ձեռքերի ու ոտքերի բութ մատները կտրում։ Ձեռքի կամ ոտքի բութ մատները կորցրած անհատը ակներևաբար պիտանի չէր մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպե՞ս կարող էր զինվորը առանց ձեռքերի բութ մատների բռնել սուրը կամ նիզակը։ Իսկ ոտքերի բութ մատները կորցրած անհատը չէր կարող ինչպես հարկն է հավասարակշռություն պահպանել։

Դասեր մեզ համար

2։10–12. Մենք պետք է Աստվածաշնչի ուսումնասիրության կանոնավոր ծրագիր ունենանք, որպեսզի ‘չմոռանանք Եհովայի բոլոր բարիքները’ (Սաղմոս 103։2)։ Ծնողները պետք է Աստծու Խոսքի ճշմարտությունները արմատավորեն իրենց զավակների սրտում (Բ Օրինաց 6։6–9)։

2։14, 21, 22. Եհովան նպատակային ձևով է թույլ տալիս, որ իր անհնազանդ ժողովրդին չարիք պատահի նրան պատժելու, մաքրելու համար, նաև այն բանի համար, որ մղի նրան վերադառնալու դեպի իրեն։

Եհովան դատավորներ է վերկացնում

(Դատաւորաց 3։7–16։31)

Դատավորների քաջագործությունների ուշագրավ պատմությունը սկսվում է այն դեպքով, որ Գոթոնիելը վերջ է դնում Միջագետքի մի թագավորի ութամյա իշխանությանը Իսրայելում։ Ավովդը, դիմելով համարձակ գործողությունների, սպանում է Էգղոնին՝ Մովաբի գեր թագավորին։ Անվեհեր Սամեգարը, առանց կողմնակի օգնության, եզների խթանով 600 փղշտացի է սպանում։ Բարակը ու նրա տասը հազար թեթև զինված մարտիկները Դեբորա մարգարեուհու քաջալերանքով ու Եհովայի աջակցությամբ ջախջախում են Սիսարայի հզոր բանակը։ Եհովան վեր է կացնում Գեդեոնին և նրան ու նրա 300 մարդկանց հաղթանակ է շնորհում մադիանացիների դեմ։

Հեփթայեի միջոցով Եհովան Իսրայելին ազատում է ամմոնացիների լծից։ Թովղան, Հայիրը, Աբեսսանը, Ելոնը և Աբդոնը նույնպես Իսրայելի 12 դատավորների թվում են։ Դատավորների կառավարման դարաշրջանը ավարտվում է Սամսոն դատավորի կառավարումով, որը կռվում է փղշտացիների դեմ։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ.

4։8 — Ինչո՞ւ Բարակը պնդեց, որ Դեբորա մարգարեուհին իր հետ մարտի դաշտ գնա։ Ըստ ամենայնի, Բարակը իրեն անվստահ էր զգում Սիսարայի դեմ ինքնուրույն դուրս գալու։ Մարգարեուհու ներկայությունը Բարակին ու նրա մարդկանց վստահություն կներշնչեր, որ Աստված կառաջնորդեր իրենց ու քաջություն կտար։ Հետևաբար այն, որ Բարակը պնդեց, որ Դեբորան ուղեկցի իրեն, ամուր հավատի նշան էր և ոչ թե անվճռականության։

5։20 — Ինչպե՞ս աստղերը երկնքից պատերազմեցին հօգուտ Բարակի։ Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչ էր դա՝ հրեշտակների օգնությո՞ւն, ասուպային հո՞սք, որը Սիսարայի իմաստունների կողմից մեկնաբանվեց որպես չարագուշակ նշան, թե՞ Սիսարայի համար արված աստղագուշակություններ, որոնք չիրականացան։ Մի բան հաստատ է. Աստված այսպես թե այնպես միջամտել էր այդ կռվին։

7։1–3; 8։10 — Ինչո՞ւ Եհովան ասաց, որ Գեդեոնի 32 000 մարդիկ չափազանց շատ էին թշնամու 135 000–անոց զորքի դեմ դուրս գալու համար։ Պատճառն այն էր, որ Եհովան էր Գեդեոնին ու նրա մարդկանց հաղթանակ տալու։ Աստված չէր ուզում, որ նրանք մտածեին, թե իրենց սեփական ուժերով են հաղթել մադիանացիներին։

11։30, 31 — Երբ Հեփթայեն ուխտ արեց, արդյո՞ք նա մարդկային զոհ նկատի ուներ։ Նման բան ակներևաբար Հեփթայեի միտքը չէր գա, քանի որ Օրենքում հստակ ասվում էր. «Ձեր մէջ չ’գտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող» (Բ Օրինաց 18։10)։ Այնուամենայնիվ, Հեփթայեն իր մտքում նկատի ուներ անձ և ոչ թե անասուն։ Իսրայելացիները զոհաբերության համար պիտանի անասուններին հավանաբար տանը չէին պահում։ Բացի այդ, Հեփթայեն մեծ բան արած չէր լինի, եթե խոստանար ընդամենը կենդանական զոհ մատուցել։ Նա գիտակցում էր, որ նա, ով որ իր տնից դուրս գար իրեն դիմավորելու, շատ հավանական է, որ իր դուստրը լիներ։ Այդ անձնավորությանը ‘ողջակեզ էին մատուցելու’, այսինքն՝ նրան նվիրելու էին Եհովայի ծառայությանը այն իմաստով, որ նա իր ողջ ժամանակն ու ջանքերը ներդնելու էր սրբարանի հետ կապված գործեր կատարելու մեջ։

Դասեր մեզ համար

3։10. Հոգևոր նպատակներ հետապնդելիս մեր հաջողությունը կախված է ոչ թե մեր իմաստությունից, այլ Եհովայի ոգուց (Սաղմոս 127։1)։

3։21. Ավովդն իր սուրը բանեցրեց հմտորեն և առանց վախենալու։ Մենք պետք է հմտանանք «Հոգու սուրը» գործածելու մեջ, որն «Աստուծոյ խօսքն է»։ Սա նշանակում է, որ մենք պետք է ծառայության մեջ անվախորեն գործածենք Գրությունները (Եփեսացիս 6։17; Բ Տիմոթէոս 2։15)։

6։11–15; 8։1–3, 22, 23. Գեդեոնի համեստությունը մեզ երեք կարևոր բան է սովորեցնում։ 1) Եթե ծառայության մեջ առանձնաշնորհում է մեզ տրվում, ապա պետք է խորհրդածենք այդ առանձնաշնորհման բերած պատասխանատվության մասին և ոչ թե կենտրոնանանք այն անվան ու հեղինակության վրա, որ գուցե կապված է այդ նշանակման հետ։ 2) Եթե առնչվում ենք վիճասեր մարդկանց հետ, համեստություն դրսևորելը իմաստություն է։ 3) Համեստությունը պաշտպանում է մեզ մեր դիրքի մասին չափազանց անհանգստանալուց։

6։17–22, 36–40. Մենք նույնպես պետք է զգույշ լինենք ու չհավատանք ամեն մի «ներշնչյալ արտահայտության» (ՆԱ)։ Փոխարենը՝ պետք է «փորձե[նք] հոգիները [«ներշնչյալ արտահայտությունները», ՆԱ] թէ արդեօք Աստուածանից են» (Ա Յովհաննէս 4։1)։ Նոր նշանակված քրիստոնյա երեցը իմաստություն կդրսևորի, եթե նախ խորհրդակցի ավելի փորձառու երեցի հետ՝ հավաստիանալու համար, որ այն խորհուրդը, որ ուզում է տալ, ամբողջությամբ հիմնված է Աստծու Խոսքի վրա։

6։25–27. Գեդեոնը շրջահայացություն դրսևորեց՝ չցանկանալով զուր տեղը գրգռել իր հակառակորդների բարկությունը։ Բարի լուրը քարոզելիս մենք պետք է զգույշ լինենք, որ մեր խոսելաձևով չվիրավորենք մարդկանց։

7։6. Եհովայի ծառայության մեջ մենք պետք է Գեդեոնի 300 մարդկանց պես լինենք զգոն ու զգաստ։

9։8–15. Ի՜նչ անխոհեմություն կլինի, եթե գործենք հպարտությունից մղված և ունենանք դիրքի կամ իշխանության հասնելու ձգտումներ։

11։35–37. Հեփթայեի լավ օրինակը, անկասկած, մեծ դեր էր խաղացել այն բանում, որ նրա աղջիկն իր մեջ ամուր հավատ ու անձնազոհության ոգի էր զարգացրել։ Այսօր ծնողները կարող են այդպիսի օրինակ լինել իրենց երեխաների համար։

11։40, (ՆԱ). Երբ գովում ենք Եհովայի ծառայության մեջ պատրաստակամություն հանդես բերող անհատին, դա նրան քաջալերում է։

13։8. Ծնողները պետք է աղոթեն Եհովային, որ նա իրենց առաջնորդություն տա երեխաների դաստիարակության հարցում, և պետք է հետևեն այդ առաջնորդությանը (Բ Տիմոթէոս 3։16)։

14։16, 17; 16։16. Լացի ու նվնվոցի միջոցով ճնշում գործադրելը կարող է վնասել փոխհարաբերությունները (Առակաց 19։13; 21։19)։

Այլ անօրինություններ Իսրայելում

(Դատաւորաց 17։1–21։25)

«Դատաւորաց» գրքի վերջին մասը երկու ուշագրավ պատմություն է պարունակում։ Առաջինը վերաբերում է Միքա անունով մի մարդու, որն իր տանը կուռք է դնում և մի ղևտացի է վարձում, որպեսզի վերջինս քահանայություն անի իր համար։ Լայիս, կամ՝ Լեսեմ քաղաքը կործանելուց հետո Դանի ցեղի մարդիկ նրա տեղում ուրիշ քաղաք են կառուցում և անվանում Դան։ Օգտագործելով Միքայի կուռքն ու նրա քահանային՝ նրանք Դանում երկրպագության մեկ այլ ձև են հաստատում։ Ակներևաբար, Լայիսը գրավվում է նախքան Հեսուի մահը (Յեսու 19։47)։

Երկրորդ դեպքը պատահում է Հեսուի մահից կարճ ժամանակ անց։ Բենիամինի ցեղի Գաբաա քաղաքի տղամարդկանցից ոմանք խմբակային սեռական հանցագործություն են կատարում, ինչի պատճառով քիչ է մնում, որ Բենիամինի ամբողջ ցեղը բնաջինջ լինի. փրկվում է միայն վեց հարյուր տղամարդ։ Այդուհանդերձ, հատուկ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի Բենիամինի ցեղի տղամարդիկ հնարավորություն ստանան կին առնելու։ Դրա շնորհիվ նրանց թիվը աճում է և Դավիթ թագավորի կառավարման շրջանում հասնում մինչև մոտ 60 000 ռազմիկի (Ա Մնացորդաց 7։6–11)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ.

17։6; 21։25 — Եթե «ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում», ապա արդյո՞ք սա նշանակում է, որ Իսրայելում անարխիա էր տիրում։ Անպայման չէ, քանի որ Եհովան բավականաչափ միջոցներ էր ձեռք առել իր ժողովրդին առաջնորդելու համար։ Որպեսզի իսրայելացիները կրթվեին իր ճանապարհներով, նա նրանց տվել էր Մովսիսական օրենքը, ինչպես նաև քահանայություն։ Ուրիմի և Թումիմի միջոցով քահանայապետը կարող էր դիմել Աստծուն կարևոր հարցերով (Ելից 28։30)։ Յուրաքանչյուր քաղաքում կային նաև ծերեր, որոնք ընդունակ էին խելացի խորհուրդներ տալ։ Եթե իսրայելացին օգտվում էր այս միջոցներից, ապա նա դրանով իսկ իր խղճի համար ճիշտ առաջնորդություն էր ստանում։ Այս կերպ «իր աչքին հաճելի եղածն» անելը դրական արդյունքներ էր բերում։ Մյուս կողմից՝ եթե անհատը անտեսում էր Օրենքը և վարքի ու երկրպագության վերաբերյալ իր անհատական որոշումներն էր կայացնում, հետևանքները վատ էին լինում։

20։17–48 — Ինչո՞ւ Եհովան Բենիամինի ցեղին թույլ տվեց երկու անգամ հաղթել մյուս ցեղերին, այն դեպքում, երբ հենց իրենք էին պատժի արժանի։ Թույլ տալով, որ հավատարիմ ցեղերը սկզբում մեծ կորուստներ ունենան՝ Եհովան ուզում էր տեսնել, թե որքանով են նրանք վճռական Իսրայելի միջից չարիքն արմատախիլ անելու։

Դասեր մեզ համար

19։14, 15. Այն փաստը, որ Գաբաա քաղաքի բնակիչները չկամեցան հյուր ընդունել, վկայում էր նրանց բարոյական ցածր մակարդակի մասին։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում ‘հյուրասիրության հետևել’ (Հռովմ. 12։13)։

Ազատագրումը մոտ է

Շատ շուտով Աստծու Թագավորությունը Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ կկործանի ամբարիշտ աշխարհը և մեծ ազատագրում կբերի ‘ուղիղներին’ ու ‘կատարյալներին’ (Առակաց 2։21, 22; Դանիէլ 2։44)։ Եհովայի ‘բոլոր թշնամիները կկորչեն, իսկ նրան սիրողները կլինեն ինչպես իր զորությամբ ծագող արև’ (Դատաւորաց 5։31)։ Եկեք լինենք Եհովային սիրողների թվում՝ կիրառելով «Դատաւորաց» գրքից մեր ստացած գիտելիքները։

«Դատաւորաց» գրքում կա բազմիցս կրկնվող մի հիմնական ճշմարտություն՝ Եհովային հնազանդվելը բերում է առատ օրհնություններ, իսկ չհնազանդվելը՝ դառը հետևանքներ (Բ Օրինաց 11։26–28)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ‘սրտով հնազանդվենք’ Աստծու՝ մեզ բացահայտված կամքին (Հռովմայեցիս 6։17; Ա Յովհաննէս 2։17)։

[ծանոթագրություն]

a Ղևտացիները Ավետյաց երկրում ժառանգություն չստացան, բացի 48 քաղաքներից, որոնք գտնվում էին Իսրայելի ամենատարբեր մասերում։

[քարտեզ 25–րդ էջի վրա]

(Ամբողջությամբ տեքստը տեսեք պարբերագրում)

«Տերը դատավորներ վերկացրեց, որոնք ազատեցին նորանց կողոպտիչների ձեռքից» (Դատաւորաց 2։16)

Դատավորներ

1. Գոթոնիել

2. Ավովդ

3. Սամեգար

4. Բարակ

5. Գեդեոն

6. Թովղա

7. Հայիր

8. Հեփթայե

9. Աբբեսան

10. Ելոն

11. Աբդոն

12. Սամսոն

Նեփթաղիմ

Ասեր

Զաբուղոն

Դան

Իսաքար

ՄԱՆԱՍԵ

ԵՓՐԵՄ

ԲԵՆԻԱՄԻՆ

ՀՈՒԴԱ

ԴԱՆ

ՄԱՆԱՍԵ

ԳԱԴ

ՌՈՒԲԵՆ

[նկար 26–րդ էջի վրա]

Ի՞նչ սովորեցիր այն բանից, որ Բարակը պնդեց, որ Դեբորան իր հետ գնա մարտի դաշտ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը