Ինչո՞ւ էր Եհովան պատերազմում քանանացիների դեմ
«Բնաջինջ անես Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրել է» (Բ ՕՐԻՆԱՑ 20։17)։
«Խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։18)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ այս համարները արդյոք չե՞ն հակասում իրար։ Շատերն են փորձում ընդհանուր եզրեր գտնել քանանացիներին բնաջինջ անելու Աստծու պատվերի և աստվածաշնչյան այն հորդորի միջև, որ պետք է խաղաղասեր լինելa (Եսայիա 2։4; 2 Կորնթացիներ 13։11)։ Նրանց համար այս երկու հրահանգները անհամատեղելի են։
Եթե այս համարների մասին Աստծու հետ խոսելու հնարավորություն ունենայիր, ի՞նչ կհարցնեիր նրան։ Եկեք միասին քննենք չորս հարցեր և փորձենք դրանց պատասխանները գտնել Աստվածաշնչում։
1. Ինչո՞ւ քանանացիներին դուրս արեցին երկրից։ Կարելի է ասել, որ քանանացիները այդ երկրի անօրինական բնակիչներն էին, քանի որ այն չէր պատկանում իրենց։ Ինչպե՞ս։ Մոտ 400 տարի առաջ Աստված խոստացել էր իր հավատարիմ ծառա Աբրահամին, որ նրա սերունդը կժառանգի Քանանի երկիրը (Ծննդոց 15։18)։ Աստված պահեց իր խոստումը, երբ օգնեց Իսրայելին՝ Աբրահամի սերունդին, գրավելու այդ տարածքները։ Գուցե ոմանք համաձայն չլինեն Եհովայի այս որոշման հետ՝ ասելով, որ քանանացիներն արդեն ապրում էին այդ տարածքներում, ուստիև այդտեղ բնակվելու իրավունք ունեին։ Բայց անխոս, որպես տիեզերքի Գերիշխան՝ Աստված ունի բացարձակ իրավունք որոշելու, թե ով որտեղ պետք է ապրի (Գործեր 17։26; 1 Կորնթացիներ 10։26)։
2. Ինչո՞ւ Աստված թույլ չտվեց, որ քանանացիներն ապրեն իսրայելացիների հետ։ Աստված զգուշացրեց իսրայելացիներին. «[Նրանք] քո երկրի մէջ չ’բնակուին, որ քեզ մեղք գործել չ’տան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կ’դառնայ» (Ելից 23։33)։ Իսկ Մովսես մարգարեն ավելի ուշ ասաց նրանց. «Այն ազգերի անօրէնութեան համար քո Եհովայ Աստուածը նորանց քո առաջիցը քշում է» (Բ Օրինաց 9։5)։ Իսկ որքա՞ն անօրեն էին այդ ազգերը։
Անբարոյությունը, կռապաշտությունը և մանուկների ողջակիզումը տարածված էին Քանանում։ Աստվածաշնչի պատմաբան Հենրի Հալլեյը նշում է, որ հնագիտական պեղումների ժամանակ այստեղ «գտնվել են մեծ քանակությամբ սափորներ, որոնց մեջ եղել են այն երեխաների մնացորդները, որոնք զոհաբերվել են Բահաղի [քանանացիների գերագույն աստծու] համար»։ Նա ավելացնում է. «Քանանը կարծես գերեզման էր նորածին երեխաների համար....։ Քանանացիները երկրպագում էին իրենց աստվածներին՝ նրանց առաջ անառակություն գործելով, որը համարվում էր կրոնական ծես, այնուհետև իրենց առաջնեկներին որպես զոհ մատուցում էին այդ նույն աստվածներին։ Թվում է, թե ամբողջ Քանանի երկիրը դարձել էր Սոդոմ ու Գոմոր....։ Հնագետները զարմանում են, թե ինչու Աստված ավելի շուտ չի բնաջնջել նրանց»։
3. Աշխարհում ուրիշ չար ժողովուրդ չկա՞ր այդ ժամանակ։ Ինչո՞ւ միայն քանանացիները պետք է բնաջինջ լինեին։ Աստված երբեմն վերացրել է չար մարդկանց։ Երբ Նոյի օրերում «երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ», Աստված ջրհեղեղի միջոցով բնաջինջ արեց բոլորին, բացի Նոյի ընտանիքից (Ծննդոց 6։11; 2 Պետրոս 2։5)։ Աստված կործանեց Սոդոմ ու Գոմոր քաղաքները, երբ նրանց բնակիչների մեղքը «շատ ծանրացաւ» (Ծննդոց 18։20; 2 Պետրոս 2։6)։ Նա նաև կործանման դատապարտեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն՝ «արիւնհեղութեանց քաղաքը», թեև չիրականացրեց իր որոշումը, երբ այնտեղի բնակիչները զղջացին իրենց չարության համար (Նաում 3։1; Յովնան 1։1, 2; 3։2, 5–10)։ Ինչ վերաբերում է քանանացիներին, Աստված բնաջնջեց նրանց՝ պաշտպանելու համար Իսրայելին, այն ազգին, որից սերելու էր Մեսիան (Սաղմոս 132։11, 12)։
4. Քանանացիներին բնաջնջելու պատվերը մի՞թե չի հակասում աստվածաշնչյան այն խոսքին, որ Աստված սեր է։ Առաջին հայացքից գուցե չհասկանանք, թե ինչպես կարող էր սիրո Աստվածը նման պատվեր տալ (1 Հովհաննես 4։8)։ Սակայն եթե ուշադիր ուսումնասիրենք այս հարցը, կհամոզվենք, որ Աստված սեր է։
Աստված վաղուց գիտեր, որ Քանանի բնակիչները սխալ ընթացք են բռնել։ Սակայն փոխարեն նրանց անմիջապես վերացնելու՝ նա թույլ տվեց, որ 400 տարի անցնի, քանի որ նրանց անօրենությունը «կատարյալ չէր» (Ծննդոց 15։16)։
Երբ քանանացիների չարությունը հասավ գագաթնակետին ու այլևս ոչ մի հույս չկար, որ նրանք կբարեփոխվեն, Եհովան նրանց բնաջինջ արեց։ Սակայն նա անխտիր բոլորին չբնաջնջեց։ Ինչո՞ւ։ Որովհետև ոմանք պատրաստ էին զղջալու։ Նրանցից էին Ռախաբը և գաբավոնացիները, որոնց Եհովան ողորմեց (Յեսու 9։3–11, 16–27; Եբրայեցիներ 11։31)։
5. Ինչպե՞ս կարող է սիրո Աստվածը սպանել որևէ մարդու։ Բնական է, որ մեր մտքում նման հարց է ծագում։ Պատճառն այն է, որ սպանությունն ինքնին վատ բան է։ Սակայն իրականում Աստծու սերն է ստիպում նրան կործանելու չարերին։ Բերենք մի օրինակ։ Երբ հիվանդի օրգանիզմում փտախտ է սկսվում, բժիշկները ստիպված անդամահատում են նրա վերջույթը, քանի որ այլ ելք չկա։ Մարդուն վիրահատելը, ինչ խոսք, հաճույք չի պատճառում բժշկին, քանի որ նա հասկանում է, որ եթե չգնա այդ քայլին, ապա ախտը կտարածվի, և հետևանքը ավելի աղետալի կլինի։ Ուստի անհանգստանալով հիվանդի առողջության մասին՝ նա վիրահատության է դիմում։
Նմանապես, Եհովային հաճույք չէր պատճառում քանանացիներին բնաջնջելը։ Նա ասում է. «Ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում» (Եզեկիէլ 33։11)։ Միևնույն ժամանակ, նա նպատակ ուներ Իսրայել ազգի հետ կապված. այդ ազգից էր սերելու Մեսիան, նա, ով փրկության դուռ կբացեր բոլոր նրանց համար, ովքեր հավատ կդրսևորեին (Հովհաննես 3։16)։ Այդ պատճառով Աստված չէր կարող թույլ տալ, որ իսրայելացիները «վարակվեն» այն գարշելի գործերով, որ անում էին քանանացիները։ Ուստի նա պատվիրեց իսրայելացիներին, որ քանանացիներին բնաջինջ անեն կամ վտարեն այդ երկրից։ Այսպես վարվելով՝ Աստված ցուցաբերեց իր մեծ սերը, որը մղեց նրան գնալու այդ քայլին, որպեսզի պաշտպանի իր հավատարիմ ծառաներին։
Օգուտներ մեզ համար
Արդյոք քանանացիների կործանման մասին պատմությունը կարո՞ղ է ինչ–որ առումով օգտակար լինել մեզ համար։ Այո՛, որովհետև Հռոմեացիներ 15։4 համարում ասվում է. «Բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար, որպեսզի մեր տոկունությամբ և Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Ի՞նչ է մեզ սովորեցնում քանանացիների հետ պատահածը, և ինչպե՞ս է դա մեզ հույս տալիս։
Այս պատմությունը մեզ շատ բան է սովորեցնում։ Օրինակ՝ իմանում ենք, որ Աստված ողորմածությամբ խնայեց Ռախաբի և գաբավոնացիների կյանքը, երբ նրանք հավատացին ու դարձան դեպի իրեն։ Այն հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր ոք, ով իսկապես ցանկանում է, կարո՛ղ է հաճեցնել Աստծուն, անկախ այն բանից, թե նախկինում ինչպիսի անձնավորություն է եղել և ինչ մեղքեր է գործել (Գործեր 17։30)։
Քանանացիների կործանման մասին արձանագրությունը նաև մեզ հույս է ներշնչում՝ ցույց տալով, թե ինչ կանի Աստված մոտ ապագայում։ Մենք համոզվում ենք, որ նա թույլ չի տա, որ չարը հաղթի բարուն։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ երբ Եհովան երկրի երեսից բնաջնջի չար մարդկանց, բոլոր իրեն սիրողները կապրեն արդար նոր աշխարհում (2 Պետրոս 2։9; Հայտնություն 21։3, 4)։ Այդ ժամանակ իրականացած կլինեն հետևյալ խոսքերը. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրացնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս» (Սաղմոս 37։34)։
[Ծանոթագրություն]
a Բոլոր այն ազգերը, որոնց բնաջնջելու պատվեր ստացան իսրայելացիները Եհովայի կողմից, հոդվածում կոչվում են «քանանացիներ»։
[Շրջանակ 14–րդ էջի վրա]
Աստված հավանություն տալի՞ս է պատերազմներին այսօր
Արդյոք այն, որ Աստված պատվիրեց բնաջնջել քանանացիներին, նշանակո՞ւմ է, որ նա հավանություն է տալիս պատերազմներին այսօր։ Ո՛չ։ Աստվածաշունչը նշում է երեք հիմնավոր պատճառներ։
▪ Ոչ մի ազգ այսօր չունի Եհովայի առանձնահատուկ հավանությունը։ Երբ իսրայելացիները մերժեցին Հիսուսին որպես Մեսիայի, նրանք դադարեցին Աստծու ներկայացուցիչները լինելուց և այլևս չէին իրագործում նրա դատաստանները (Մատթեոս 21։42, 43)։ Եհովան սկսեց նրանց վերաբերվել այնպես, ինչպես ուրիշ ազգերին էր վերաբերվում (Ղեւտացոց 18։24–28)։ Ուստի ոչ մի ազգ չի կարող ասել, որ պատերազմների ժամանակ Աստված աջակցում է իրենց։
▪ Եհովան իր ծառաներին այլևս չի առանձնացնում որևէ հատուկ տարածքում կամ աշխարհագրական վայրում։ Նրա ծառաները երկրի «բոլոր ազգերից ու ցեղերից» են (Հայտնություն 7։9; Գործեր 10։34, 35)։
▪ Հիսուսը հստակ ասաց, որ իր հետևորդները պատերազմի չեն մասնակցի։ Երբ իր աշակերտներին զգուշացնում էր Երուսաղեմի կործանման մասին, նա չասաց, որ պետք է մնան ու կռվեն, այլ պատվիրեց նրանց փախչել։ Նրանք էլ հետևեցին Հիսուսի խոսքին (Մատթեոս 24։15, 16)։ Զենք վերցնելու փոխարեն՝ ճշմարիտ քրիստոնյաները ամբողջությամբ ապավինում են Աստծուն, որը շուտով իր Թագավորության միջոցով կվերացնի չարությունը երկրի վրայից (Դանիէլ 2։44; Հովհաննես 18։36)։
[Նկար 15–րդ էջի վրա]
Ռախաբի օրինակը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում բոլորն էլ կարող են հաճեցնել Աստծուն