«Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից»
Հիսուսն իր աշակերտներին նախազգուշացրեց. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ կեղծավորությունից» (Ղուկ. 12։1)։ Զուգահեռ արձանագրությունը պարզաբանում է, որ նա դատապարտում էր փարիսեցիների «ուսմունքները» (Մատթ. 16։12)։
Երբեմն Աստվածաշունչը «թթխմոր» բառը օգտագործում է որպես ապականության խորհրդանիշ։ Անկասկած, թե՛ փարիսեցիների ուսմունքները, թե՛ նրանց մտավիճակը ապականիչ ազդեցություն ունեին նրանց ունկնդիրների վրա։ Ինչո՞ւ էին փարիսեցիների ուսմունքները վտանգավոր։
1 Փարիսեցիները հպարտանում էին, թե իրենք արդար են, և վերևից էին նայում հասարակ ժողովրդին։
Հիսուսի առակներից մեկում հստակ երևում է այս իրողությունը։ Նա ասաց. «Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մտքում աղոթել. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»։ Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»» (Ղուկ. 18։11–13)։
Հիսուսը գովեց հարկահավաքին խոնարհության համար՝ ասելով. «Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված, քան [փարիսեցին], որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18։14)։ Թեև հարկահավաքները անազնիվ մարդկանց համբավ ունեին, Հիսուսը ջանում էր օգնել նրանց, ովքեր լսում էին իրեն։ Առնվազն երկու հարկահավաք՝ Մատթեոսն ու Զաքեոսը, դարձան նրա հետևորդները։
Իսկ ի՞նչ է հարկավոր անել, եթե մեր աստվածատուր կարողությունների, առանձնաշնորհումների կամ ուրիշների թերությունները տեսնելու պատճառով կարծում ենք, որ մյուսներից ավելի լավն ենք։ Պետք է անմիջապես վանենք այդպիսի մտքերը, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար» (1 Կորնթ. 13։4–6)։
Մենք պետք է ունենանք Պողոս առաքյալի մտայնությունը։ Նշելով, որ «Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու»՝ նա ավելացրեց. «Որոնց մեջ առաջինը ես եմ» (1 Տիմոթ. 1։15)։
Հարցեր խորհրդածելու համար
Ընդունո՞ւմ եմ, որ մեղավոր եմ և որ իմ փրկությունը կախված է Եհովայի անզուգական բարությունից։ Թե՞ մտածում եմ, որ կարող եմ ուրիշներից ինձ վեր դասել, քանի որ երկար տարիներ հավատարմորեն ծառայում եմ Աստծուն, նրա կազմակերպության մեջ առանձնաշնորհումներ ունեմ կամ բնատուր կարողություններով եմ օժտված։
2 Փարիսեցիները ձգտում էին տպավորել ուրիշներին՝ հանրորեն ցուցադրելով իրենց արդարությունը։ Նրանք փափագում էին բարձր դիրք ու պատվական տիտղոսներ ունենալ։
Հիսուսը զգուշացրեց. «Բոլոր գործերը, որ նրանք անում են, մարդկանց երևալու համար են անում. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում են իրենց հանդերձների ծոպերը, ընթրիքների ժամանակ սիրում են ամենապատվավոր տեղը, իսկ ժողովարաններում՝ առաջին աթոռները, հրապարակներում՝ ողջույնները և մարդկանց կողմից «Ռաբբի» կոչվելը» (Մատթ. 23։5–7)։ Համեմատիր նրանց մտավիճակը Հիսուսի մտավիճակի հետ։ Թեև նա Աստծու կատարյալ Որդին էր, սակայն խոնարհ էր։ Երբ մի մարդ նրան «բարի» անվանեց, նա ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված» (Մարկ. 10։18)։ Մի ուրիշ անգամ Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ այդպիսով իր հետևորդների համար խոնարհության օրինակ թողնելով (Հովհ. 13։1–15)։
Ճշմարիտ քրիստոնյան պետք է ծառայի իր հավատակիցներին (Գաղ. 5։13)։ Այդպես են վարվում հատկապես նրանք, ովքեր ցանկանում են համապատասխանել ժողովում վերակացու ծառայելու չափանիշներին։ Տեղին է «ձգտել վերակացուի պարտականության», բայց այդ նպատակին հարկավոր է ձգտել ուրիշներին օգնելու ցանկությունից մղված։ Այս «պարտականությունը» դիրքի հասնելու կամ իշխանություն բանեցնելու համար չէ։ Նրանք, ովքեր ծառայում են որպես վերակացուներ, պետք է Հիսուսի պես «սրտով խոնարհ» լինեն (1 Տիմոթ. 3։1, 6; Մատթ. 11։29)։
Հարցեր խորհրդածելու համար
Առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալի՞ս եմ նրանց հանդեպ, ովքեր ժողովում պատասխանատվություններ ունեն՝ թերևս հույս ունենալով, որ աչքի կընկնեմ ու հավելյալ առանձնաշնորհումներ կստանամ։ Հակվա՞ծ եմ գլխավորապես կենտրոնանալու ծառայության այն երեսակների վրա, որոնց շնորհիվ ճանաչում կունենամ և գովասանքի կարժանանամ։ Փորձո՞ւմ եմ փայլել ուրիշների առաջ։
3 Փարիսեցիների կանոնների ու ավանդույթների պատճառով Օրենքը կատարելը բեռ էր դարձել հասարակ ժողովրդի համար։
Մովսիսական օրենքը ընդհանուր պատկերացում էր տալիս իսրայելացիներին, թե ինչպես պետք է երկրպագեն Եհովային։ Սակայն չնչին մանրամասներ տրված չէին։ Օրինակ՝ Օրենքն արգելում էր շաբաթ օրը աշխատել, բայց մանրամասնորեն չէր սահմանում, թե ինչն էր համարվում աշխատանք, ինչը՝ ոչ (Ելք 20։10)։ Փարիսեցիները այս ենթադրյալ ճեղքվածքները ձգտում էին փակել իրենց օրենքների, սահմանումների ու ավանդույթների միջոցով։ Թեև Հիսուսն անտեսում էր նրանց պարտադրողական կանոնները, սակայն պահում էր Մովսիսական օրենքը (Մատթ. 5։17, 18; 23։23)։ Նա ոչ թե կառչում էր Օրենքի տառից, այլ տեսնում էր Օրենքի ոգին և հասկանում ողորմածություն ու կարեկցանք դրսևորելու անհրաժեշտությունը։ Հիսուսը ողջամիտ էր, նույնիսկ երբ իր հետևորդները չէին արդարացնում իր սպասումները։ Թեև իր ձերբակալության գիշերը նա հորդորեց առաքյալներից երեքին արթուն ու զգոն մնալ, նրանք նորից ու նորից քնով էին ընկնում։ Այդուհանդերձ, նա կարեկցանքով նշեց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկ. 14։34–42)։
Հարցեր խորհրդածելու համար
Փորձո՞ւմ եմ պարտադրողական, անթեք կանոններ դնել և իմ անձնական կարծիքը օրենք դարձնել։ Ուրիշներից ունեցած ակնկալիքներս ողջամի՞տ են։
Խորհիր այն մասին, թե ինչ տարբերություն կա Հիսուսի ու փարիսեցիների ուսուցանած բաների միջև։ Տեսնո՞ւմ ես ոլորտներ, որոնցում բարելավվելու կարիք ունես։ Եթե այո, վճռիր փոփոխություններ անել։
[նկար 28-րդ էջի վրա]
Փարիսեցիները գրապանակներ էին կրում, որոնցում դրվում էին Օրենքից որոշ հատվածներ (Մատթ. 23։2, 5)
[նկարներ 29-րդ էջի վրա]
Ի տարբերություն հպարտ փարիսեցիների՝ խոնարհ երեցները ծառայում են ուրիշներին
[նկար 30-րդ էջի վրա]
Հիսուսի պես՝ ողջամի՞տ ակնկալիքներ ունես ուրիշներից