Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 փետրվար էջ 26–30
  • Ծաղկում եմ հարուստ հոգևոր ժառանգության շնորհիվ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծաղկում եմ հարուստ հոգևոր ժառանգության շնորհիվ
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԻՐՈՂ ԾՆՈՂՆԵՐ
  • ՎԱՂ ՏԱՐԻՆԵՐ
  • ՈԳԵՎՈՐԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ
  • ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
  • Աստվածահաճո գոհունակությունը պաշտպանել է ինձ
    2004 Դիտարան
  • Եհովային վստահելով՝ ինձ իսկապես ապահով եմ զգացել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Միսիոներները նպաստում են աճին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 փետրվար էջ 26–30
Վուդվորդ Միլս

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծաղկում եմ հարուստ հոգևոր ժառանգության շնորհիվ

Պատմում է Վուդվորդ Միլսը

ՈՒՇ գիշեր էր։ Մեր առաջ ձգվել էր մոտ 1,5 կիլոմետր լայնություն ունեցող հորդահոս Նիգեր գետը։ Նիգերիայում քաղաքացիական պատերազմ էր, ուստի Նիգերն անցնելը կարող էր մահաբեր քայլ լինել։ Սակայն մենք պետք է այդ ռիսկին դիմեինք, այն էլ ոչ մեկ անգամ։ Բայց ինչո՞ւ։ Պատմությունս սկսեմ այն ժամանակներից, երբ ես դեռ չէի ծնվել։

Հայրս՝ Ջոն Միլսը, մկրտվել է 1913 թ.-ին Նյու Յորքում։ Այդ ժամանակ նա 25 տարեկան էր։ Մկրտության ելույթը ներկայացրել է եղբայր Ռասելը։ Կարճ ժամանակ անց հայրս տեղափոխվել է Տրինիդադ։ Այնտեղ նա ամուսնացել է մորս՝ Կոնստանս Ֆարմերի հետ, ով եռանդուն քարոզիչ էր։ Տրինիդադում հայրիկն իր ընկերոջը՝ Ուիլյամ Բրաունին, օգնել է ցուցադրել «Արարչության լուսադրաման»։ Այդպես շարունակվել է մինչև 1923 թ., երբ Բրաունները նշանակվել են Արևմտյան Աֆրիկա։ Իսկ հայրս ու մայրս, որոնք երկնային կյանքի հույս ունեին, շարունակել են ծառայել Տրինիդադում։

ՍԻՐՈՂ ԾՆՈՂՆԵՐ

Ծնողներս ինը երեխա են ունեցել։ Առաջնեկի անունը դրել են Ռադերֆորդ՝ ի պատիվ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության նախագահի։ Ես ծնվել եմ 1922 թ. դեկտեմբերի 30-ին։ Ինձ էլ կոչել են Վուդվորդ՝ ի պատիվ «Ոսկե դար» (այժմ՝ «Արթնացե՛ք») ամսագրի խմբագիր Քլեյթոն Վուդվորդի։ Ծնողներս հոգ են տարել, որ բոլորս էլ հիմնական կրթություն ստանանք։ Սակայն նրանց համար առավել կարևոր էր, որ մենք հոգևոր նպատակների ձգտեինք, և դրա համար հատուկ ջանքեր էին թափում։ Մայրս յուրահատուկ ունակություն ուներ. նա հրաշալի ձևով կարողանում էր տրամաբանել Աստվածաշնչի միջոցով ու համոզիչ փաստարկներ բերել։ Իսկ հայրս սիրում էր աստվածաշնչյան պատմություններ պատմել մեզ և դա անելիս այնպես էր մտնում դերի մեջ, որ դրանք կենդանանում էին մեզ համար։

Ծնողներիս ջանքերը հիանալի պտուղներ բերեցին։ Նրանց հինգ տղաներից երեքը սովորեցին «Գաղաադ» դպրոցում։ Իսկ քույրերիցս երեքը երկար տարիներ որպես ռահվիրա ծառայեցին Տրինիդադ և Տոբագոյում։ Ծնողներս իրենց տված դաստիարակության և թողած օրինակի շնորհիվ կարողացան մեզ՝ երեխաներիս, «Եհովայի տան մեջ տնկել»։ Նրանք նաև օգնեցին մեզ մնալ այնտեղ ու «մեր Աստծու գավիթներում.... ծաղկել» (Սաղ. 92։13)։

Մեր տունը քարոզչական գործունեության կենտրոն դարձավ։ Ռահվիրաները հաճախ էին հավաքվում այնտեղ և զրուցում հոգևոր թեմաներով։ Նրանք պատմում էին կանադացի միսիոներ Ջորջ Յանգի մասին, ով ծառայել էր Տրինիդադում։ Իսկ ծնողներս ոգևորությամբ պատմում էին Բրաունների մասին, ովքեր այդ ժամանակ արդեն Արևմտյան Աֆրիկայում էին։ Այս ամենի շնորհիվ ես ընդամենը 10 տարեկանում սկսեցի մասնակցել քարոզչական ծառայությանը։

ՎԱՂ ՏԱՐԻՆԵՐ

Այն ժամանակ մեր ամսագրերում բավականին կծու լեզու էր օգտագործվում. դրանցում խիստ քննադատության էին ենթարկվում կեղծ կրոնը, անհագ առևտրային համակարգը և կեղտոտ քաղաքականությունը։ Ի պատասխան՝ հոգևորականությունը 1936 թ.-ին Տրինիդադի ղեկավարին դրդեց արգելելու Դիտարանի ընկերության բոլոր հրատարակությունները։ Մենք թաքցրինք մեր ունեցած գրականությունը, բայց շարունակեցինք օգտագործել այն, մինչև որ դրա պաշարները սպառվեցին։ Այդ տարիներին մենք նաև ինֆորմացիոն երթերի ու հեծանվարշավների էինք մասնակցում՝ օգտագործելով տեղեկատու թերթիկներ և ազդագրեր։ Իսկ ձայնափողով ավտոմեքենա ունեցող մի խմբի հետ, որի քարոզիչները Տունապունա քաղաքից էին, բարի լուրը տանում էինք Տրինիդադի նույնիսկ ամենահեռավոր անկյունները։ Դրանք հրաշալի ժամանակներ էին։ Այդ հոգևոր միջավայրը նպաստեց, որ 16 տարեկանում մկրտվեմ։

Տունապունայի՝ ձայնափողով ավտոմեքենա ունեցող խումբը

Տունապունայի՝ ձայնափողով ավտոմեքենա ունեցող խումբը

Ընտանիքիս թողած հոգևոր ժառանգությունը և վաղ տարիների ծառայությունս իմ մեջ միսիոներ դառնալու ցանկություն բորբոքեցին։ Այդ ցանկությունը դեռ վառվում էր սրտումս, երբ 1944-ին մեկնեցի Արուբա՝ համագործակցելու եղբայր Էդմունդ Քամինգսի հետ։ Մեր ուրախությանը չափ չկար, երբ 1945 թ.-ին Հիշատակի երեկոյին տասը մարդ եկավ, իսկ հաջորդ տարի կղզում կազմավորվեց առաջին ժողովը։

Օրիս և Վուդվորդ Միլսերը՝ շատ տարիներ առաջ

Օրիսի շնորհիվ իմ կյանքը նոր գույներով լցվեց

Այդ ժամանակ էր, որ քարոզեցի Օրիս Ուիլյամս անունով մի աղջկա, որի հետ աշխատում էի։ Նա իր սովորած ուսմունքները պաշտպանելու համար լուրջ հակափաստարկներ էր բերում։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրելու շնորհիվ իմացավ, թե ինչ է այն իրականում սովորեցնում։ Նա մկրտվեց 1947 թ. հունվարի 5-ին։ Ժամանակի ընթացքում մեր միջև սեր արթնացավ, և մենք ամուսնացանք։ 1950 թ. նոյեմբերին Օրիսը ռահվիրայական ծառայություն սկսեց։ Նրա շնորհիվ իմ կյանքը նոր գույներով լցվեց։

ՈԳԵՎՈՐԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ

1955-ին ինձ ու Օրիսին հրավիրեցին սովորելու «Գաղաադ» դպրոցի 27-րդ դասարանում։ Դրա համար մենք դուրս եկանք աշխատանքից, վաճառեցինք մեր տունն ու իրերը, ապա հրաժեշտ տվեցինք Արուբային։ «Գաղաադն» ավարտեցինք 1956 թ. հուլիսի 29-ին և նշանակվեցինք Նիգերիա։

Վուդվորդ և Օրիս Միլսերը՝ Նիգերիայի Լագոս քաղաքում գտնվող Բեթելի ընտանիքի հետ (1957)

Բեթելի ընտանիքի հետ՝ Լագոսում (Նիգերիա, 1957)

Այդ տարիների մասին Օրիսն ասել է. «Եհովայի ոգին օգնում է չհուսահատվել միսիոներական կյանքում տեղի ունեցող վայրիվերումներից։ Ի տարբերություն ամուսնուս՝ ես երբեք չեմ ցանկացել միսիոներ դառնալ, այլ ուզել եմ իմ տունն ունենալ ու երեխաներ մեծացնել։ Բայց երբ հասկացա, թե քարոզչական գործը որքան հրատապ է, փոխեցի մտածելակերպս։ «Գաղաադն» ավարտելիս լի էի միսիոներական ծառայություն սկսելու վճռականությամբ։ Մեզ ճանապարհելու եկավ Ուորթ Թորնթոնը, ով աշխատում էր եղբայր Նորի գրասենյակում։ Երբ բարձրացանք «Քուին Մերի» նավը, նա մեզ բարի ճանապարհ մաղթեց և անակնկալի բերեց՝ ասելով, որ Նիգերիայի Բեթելում ենք ծառայելու։ «Օ՜, ո՛չ»,— հոգոց հանելով՝ ասացի ես։ Սակայն կարճ ժամանակ անց սիրեցի Բեթելը և հարմարվեցի այնտեղի կյանքին։ Բեթելում տարբեր նշանակումներ եմ ստացել։ Ինձ հատկապես դուր էր գալիս ընդունարանում աշխատելը։ Ես սիրում եմ մարդկանց, և այդ գործը հնարավորություն ընձեռեց սերտորեն շփվելու նիգերիացի հավատակիցներիս հետ։ Երբ նրանք գալիս էին Բեթել, հաճախ փոշոտված էին լինում, հոգնած, սոված ու ծարավ։ Ինձ համար հաճելի էր հոգ տանել նրանց մասին։ Այդ ձևով ես սուրբ ծառայություն էի մատուցում Եհովային, և դա ինձ իսկական երջանկություն էր պարգևում ու բավարարվածության զգացում տալիս»։ Այո՛, մեր բոլոր նշանակումները նպաստեցին, որ հոգևորապես ծաղկենք։

1961 թ.-ին ընտանիքով հավաքվեցինք Տրինիդադում։ Եղբայր Բրաունը իր ծառայությունից հետաքրքիր դեպքեր պատմեց, որոնք տեղի էին ունեցել Աֆրիկայում։ Ես էլ պատմեցի, թե Նիգերիայում ինչ աճ է նկատվում։ Նա ջերմորեն ձեռքն ուսովս գցեց և դիմելով հայրիկիս՝ ասաց. «Ջո՛նի, դու այդպես էլ չհասար Աֆրիկա, բայց Վուդվորդը հասավ»։ Հայրիկն էլ ասաց. «Ապրե՛ս, տղա՛ս։ Շարունակիր նույն ոգով»։ Այդ հոգևոր «վետերանների» քաջալերական խոսքերը ինձ թևեր տվեցին, որ շարունակեմ եռանդով կատարել ծառայությունս։

Վուդվորդ Միլս, Անտոնիա Բրաուն, Ուիլյամ Բայբլ Բրաուն և Օրիս Միլս

Ուիլյամ Բայբլ Բրաունը և իր կին Անտոնիան մեծապես քաջալերել են մեզ

1962-ին կրկին պատիվ ունեցա սովորելու «Գաղաադ» դպրոցում, այս անգամ՝ 37-րդ դասարանում։ Դասընթացը տևեց 10 ամիս։ Նիգերիայի մասնաճյուղի վերակացուն՝ Ուիլֆրեդ Գուչը, սովորեց 38-րդ դասարանում։ Քանի որ նրան նշանակեցին Անգլիա, Նիգերիայի մասնաճյուղի վերակացուի պարտականությունները ես ստանձնեցի։ Հետևելով եղբայր Բրաունի օրինակին՝ շատ էի ճանապարհորդում, ինչն էլ օգնում էր ճանաչել նիգերիացի թանկագին հավատակիցներին ու սիրել նրանց։ Թեև նրանք չունեին նյութական շատ բաներ, որոնք հասանելի են զարգացած երկրներում ապրող մարդկանց, բայց ուրախ էին ու գոհ իրենց կյանքից, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցում է, որ իմաստալից կյանքը կախված չէ փողից կամ ունեցվածքից։ Հաճելի էր տեսնել, որ չնայած իրենց հանգամանքներին՝ նրանք միշտ կոկիկ և արժանավայել տեսք ունեին հանդիպումների ժամանակ։ Շատերը համաժողովների գալիս էին բեռնատարներով և «բոլեկաջաներով»a՝ կողային ապակիներ չունեցող տեղական ավտոբուսներով։ Դրանց վրա հետաքրքրաշարժ կարգախոսներ էին գրված լինում, օրինակ. «Ահարկու օվկիանոսը ջրի փոքր կաթիլներից է գոյանում»։

Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Իրոք որ, յուրաքանչյուրի ջանքը նշանակություն ունի։ Մենք էլ մե՛ր լուման ներդրեցինք Աստծու գործում։ 1974 թ.-ին Նիգերիան դարձավ Միացյալ Նահանգներից հետո առաջին երկիրը, որտեղ քարոզիչները թիվը հասավ 100 000-ի։ Դա իսկապես աննախադեպ ծաղկունքի շրջան էր։

1967–1970 թթ.-ին Նիգերիայում քաղաքացիական պատերազմ էր։ Մեր եղբայրները, որոնք բնակվում էին Նիգեր գետի մյուս կողմում՝ Բիաֆրայի տարածքում, ամիսներ շարունակ կտրված էին մասնաճյուղից։ Մեր պարտքն էր հոգևոր սնունդ մատակարարել նրանց։ Դրա համար, աղոթելով Եհովային և ապավինելով նրան, մի քանի անգամ հատեցինք այդ գետը, ինչպես նշեցի նախաբանում։

Լավ հիշում եմ այդ վտանգավոր ճանապարհորդությունները։ Մենք կարող էինք մահանալ դյուրագրգիռ զինվորների գնդակից, հիվանդություններից և այլ պատահարներից։ Երբ անցնում էինք դաշնային զորքերի կասկածամիտ զինվորների շարքերի միջով, դա արդեն իսկ վախ էր ներշնչում, սակայն է՛լ ավելի սարսափելի էր, երբ հայտնվում էինք Բիաֆրայի շրջափակված տարածքում։ Մի անգամ, երբ ուզում էինք քաջալերել Էնուգու քաղաքի ժողովներում վերակացություն անող եղբայրներին, գիշերով հատեցինք Նիգեր գետը. Ասաբայից ուղևորատար նավակով հասանք Օնիչա, այնտեղից էլ գնացինք Էնուգու։ Մի ուրիշ անգամ երեցներին զորացնելու համար եղանք Աբայում, որտեղ երեկոյան ժամերին արգելված էր լույս միացնել։ Իսկ երբ նույն նպատակով Պորտ Հարքորթում էինք, մեր հանդիպման ժամանակ իմացանք, որ դաշնային ուժերը քաղաքից դուրս ճեղքել են Բիաֆրայի պաշտպանության գիծը, ուստի աղոթքով հապշտապ ավարտեցինք հանդիպումը։

Այդ հանդիպումները շատ կարևոր էին, քանի որ դրանց միջոցով Եհովան իր սերն ու հոգատարությունն էր դրսևորում մեր եղբայրների նկատմամբ, ինչպես նաև խորհուրդներ էր տալիս այն մասին, թե այդ օրհասական ժամանակներում ինչպես է հարկավոր չեզոքություն պահպանել և միասնական լինել։ Նիգերիայի մեր հավատակիցները այդ սարսափելի հակամարտության ժամանակ միասնական մնացին և իսկական սեր ցուցաբերեցին, սեր, որը վեր է միջցեղային ատելությունից։ Այդ փորձության ժամին նրանց կողքին լինելը մեզ համար մեծ պատիվ էր։

1969 թ.-ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցավ «Խաղաղություն երկրի վրա» խորագրով միջազգային համաժողովը, որի նախագահողը եղբայր Միլթոն Հենշելն էր։ Որպես նրա օգնական՝ ես շատ բան սովորեցի նրանից։ Եվ դա շատ ժամանակահարմար էր, քանի որ հաջորդ միջազգային համաժողովը, որի խորագիրն էր «Աստծու բարեհաճությունն ունեցող մարդիկ», տեղի ունեցավ Նիգերիայի Լագոս քաղաքում 1970 թ.-ին։ Քաղաքացիական պատերազմը նոր էր ավարտվել, ուստի այն, որ համաժողովը կայացավ, միայն ու միայն Եհովայի օրհնության շնորհիվ էր։ Համաժողովին ներկա եղավ 121 128 մարդ։ Ծրագիրը միաժամանակ հնչեց 17 լեզվով։ Նաթան Նորն ու Միլթոն Հենշելը, ինչպես նաև մյուս պատվիրակները, որոնք չարտերային չվերթներով Միացյալ Նահանգներից և Անգլիայից եկել էին համաժողովին, ականատես եղան Պենտեկոստեից ի վեր տեղի ունեցած ամենաբազմամարդ մկրտություններից մեկին, որի ժամանակ մկրտվեց 3 775 մարդ։ Այդ համաժողովը կազմակերպելու շրջանը իմ կյանքի թերևս ամենալարված ժամանակահատվածն էր։ Նիգերիայում քարոզիչների թիվը ոչ թե պարզապես աճում էր, այլ բյուրապատկվում։

«Աստծու բարեհաճությունն ունեցող մարդիկ» խորագրով միջազգային համաժողովը, որն անցկացվել է 1970-ին Նիգերիայի Լագոս քաղաքում

«Աստծու բարեհաճությունն ունեցող մարդիկ» խորագրով միջազգային համաժողովը, որի ծրագիրը հնչեց 17 լեզուներով, այդ թվում՝ իբո լեզվով

Նիգերիայում անցկացրած ավելի քան 30 տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ ծառայել եմ որպես շրջագայող վերակացու։ Նաև որպես զոնալ վերակացու այցելություններ եմ կատարել Արևմտյան Աֆրիկա։ Հիշում եմ, թե միսիոներները որքան էին ոգևորվում, երբ իրենց հանդեպ անհատական ուշադրություն էինք ցույց տալիս և քաջալերում։ Այնքա՜ն հաճելի էր նրանց հավաստիացնել, որ իրենք անտեսված չեն։ Այս ծառայությունը ինձ սովորեցրեց, թե որքան կարևոր է անձնական հետաքրքրություն ցույց տալ մարդկանց նկատմամբ։ Այդպես կարող ես նրանց օգնել, որ հոգևորապես ծաղկեն և նպաստեն Եհովայի կազմակերպության ամրությանն ու միասնությանը։

Բացառապես Աստծու օգնության շնորհիվ էր, որ կարողացանք դիմանալ քաղաքացիական պատերազմի ու հիվանդությունների պատճառով ծագած դժվարություններին։ Եհովայի օրհնությունը միշտ մեզ հետ էր։ Ահա թե է՛լ ինչ է պատմել Օրիսը.

«Երկուսս էլ մի քանի անգամ մալարիայով ենք հիվանդացել։ Մի անգամ Վուդվորդին անգիտակից վիճակում հասցրինք Լագոսի հիվանդանոց։ Ինձ ասացին, որ նա գուցե չապրի, բայց որքա՜ն ուրախացա, երբ ամուսինս դուրս եկավ այդ ծանր վիճակից։ Գիտակցության գալով՝ նա սկսել էր Աստծու Թագավորությունից խոսել իրեն խնամող բուժեղբոր հետ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց որոշ ժամանակ անց Վուդվորդի հետ գնացինք այցելելու այդ բուժեղբորը՝ պարոն Նվամբիվեին, որպեսզի զարգացնենք Աստվածաշնչի հանդեպ նրա հետաքրքրությունը։ Նա ընդունեց ճշմարտությունը, իսկ հետագայում նշանակվեց որպես երեց։ Ես նույնպես շատ մարդկանց եմ օգնել դառնալու Եհովայի հավատարիմ ծառաներ։ Նրանց թվում անգամ նախանձախնդիր մահմեդականներ են եղել։ Մենք անչափ ուրախ ենք, որ մոտիկից ճանաչեցինք նիգերիացիներին և սիրեցինք այդ մարդկանց, նրանց մշակույթը, սովորույթներն ու լեզուն»։

Մի կարևոր բան էլ կա, որ հասկացանք. եթե ուզում ենք օտար երկրում ծառայելիս հաջողության հասնել, պետք է սովորենք սիրել տեղացի եղբայրներին ու քույրերին՝ անկախ այն բանից, թե նրանց մշակույթը որքան է տարբերվում մերից։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Նիգերիայի Բեթելում ծառայելուց հետո 1987 թ.-ին նոր նշանակում ստացանք. որպես միսիոներ ծառայելու էինք Կարիբյան ծովի կղզիներից մեկում՝ գեղատեսիլ Սենտ Լյուսիայում։ Դա շատ հաճելի ծառայություն էր, սակայն իր ուրույն դժվարություններն ուներ։ Ի տարբերություն Աֆրիկայի, որտեղ մի տղամարդը շատ կանանց հետ էր ամուսնանում, այստեղ՝ Սենտ Լյուսիայում, մեկ ուրիշ ծայրահեղություն կար. զույգերը օրինականապես չէին գրանցում իրենց միությունը։ Սակայն այն մարդկանցից շատերը, ում հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, Աստծու Խոսքի զորեղ ազդեցության շնորհիվ իրենց կյանքում փոփոխություններ արեցին։

Վուդվորդ և Օրիս Միլսերը՝ մեծ տարիքում

Մեր համատեղ կյանքի բոլոր 68 տարիների ընթացքում ես անչափ սիրել եմ Օրիսին

Քանի որ տարիքի հետ մեր ուժերը աստիճանաբար լքեցին մեզ, Կառավարիչ մարմինը, հոգատարություն դրսևորելով, 2005 թ.-ին մեզ տեղափոխեց գլխավոր վարչություն, որը այդ ժամանակ գտնվում էր Բրուքլինում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ցավոք, 2015 թ.-ին Օրիսը մահացավ։ Բառերով չեմ կարող նկարագրել կորստի ցավը, որ այդ օրվանից բույն է դրել սրտումս։ Ամեն օր Եհովային շնորհակալություն եմ հայտնում կնոջս համար։ Նա գերազանց ընկեր էր և սիրող ու սիրելի կողակից։ Մեր համատեղ կյանքի բոլոր 68 տարիների ընթացքում ես անչափ սիրել եմ նրան։ Մենք հասկացել ենք, թե որն է երջանկության բանաձևը. ինչպես ընտանիքում, այնպես էլ ժողովում հարկավոր է հարգել գլխավորությունը, ի սրտե ներել, խոնարհ մնալ և դրսևորել սուրբ ոգու պտղի մաս կազմող հատկությունները։

Երբ հիասթափությունն ու հուսահատությունը թակում էին մեր դուռը, մենք ապավինում էինք Եհովային և խնդրում, որ օգնի մեզ՝ շարունակենք անարատ «զոհեր» մատուցել իրեն։ Երբ բարելավումներ էինք անում, միշտ էլ տեսնում էինք, որ ժամանակի ընթացքում ամեն բան փոխվում և իր տեղն է ընկնում, իսկ լավագույն փոփոխությունները դեռ առջևում են (Ես. 60։17; 2 Կորնթ. 13։11)։

Տրինիդադ և Տոբագոյում Եհովան օրհնել է իմ ծնողների և մեր մյուս հավատակիցների աշխատանքը. ամենաթարմ տվյալների համաձայն՝ այնտեղ այժմ 9 892 քարոզիչ է ապրում։ Արուբայում շատերը ջանքեր են թափել և ամուր են պահել այն ժողովը, որի անդամն եմ եղել հեռավոր անցյալում։ Այժմ այդ կղզում 14 ծաղկուն ժողով է գործում։ Ինչ վերաբերում է Նիգերիային, ապա այնտեղ քարոզիչները մի հսկայական բազմություն են դարձել. նրանց թիվը հասել է 381 398-ի։ Իսկ Սենտ Լյուսիա կղզում 783 մարդ է ծառայում Եհովային։

Այժմ ես 90-ն անց ծերունի եմ։ «Եհովայի տան մեջ տնկվածների» մասին Սաղմոս 92։14-ում ասվում է. «Ալևորության ժամանակ էլ նրանք կփթթեն, պարարտ ու դալար կլինեն»։ Անչափ երախտապարտ եմ այն կյանքի համար, որ անցկացրել եմ՝ Եհովային ծառայելով։ Իմ ստացած հարուստ հոգևոր ժառանգությունն է օգնել, որ այդ բոլոր տարիներին ամբողջ սրտով ծառայեմ մեր Աստծուն։ Իր սիրառատ բարությամբ նա թույլ է տվել, որ ծաղկեմ իր գավիթներում (Սաղ. 92։13)։

a Տես «Արթնացեք», 1972, մարտի 8, էջ 24–26, անգլ.։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը