Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w22 հուլիս էջ 26–30
  • Եհովան ուղղել է իմ շավիղները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան ուղղել է իմ շավիղները
  • 2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԵՎ ԾԽԻՑ ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ
  • ՄԱԼԱՎԻՈՒՄ ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ
  • ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
  • ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԱԼԱՎԻ
  • ԵՀՈՎԱՆ ԱՃԵՑՆՈՒՄ Է
  • ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ ԻՄ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  • Եհովան միշտ հոգ է տարել մեր մասին
    2003 Դիտարան
  • Օրհնություններ «թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ»
    2015 Դիտարան
  • Մեծ նվաճում Մալավիում. 1000 Թագավորության սրահներ
    2012 Արթնացե՛ք
2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w22 հուլիս էջ 26–30

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան ուղղել է իմ շավիղները

ՊԱՏՄՈՒՄ Է ՔԻՏ ԻԹԸՆԸ

Քիտ Իթընը երիտասարդ ժամանակ։

ԵՐԲ 16 տարեկան էի, սկսեցի զբաղվել մի գործով, որը շատ էի սիրում։ Բայց Եհովան առաջարկեց ինձ գնալ մեկ այլ ուղով՝ կարծես ասելով. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (Սաղ. 32։8)։ Քանի որ թույլ տվեցի Եհովային ուղղել իմ շավիղները, կարողացա կյանքս ամբողջովին նվիրել նրան ծառայելուն, ինչը հիանալի օրհնությունների դուռ բացեց իմ առաջ։ Դրանցից մեկն այն էր, որ 52 հրաշալի տարիներ ծառայեցի Աֆրիկայում։

ՍԵՎ ԾԽԻՑ ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՐԵՎ

Ծնվել եմ 1935 թ.-ին Դարլաստոնում (Անգլիա)։ Այդ քաղաքը գտնվում է մի շրջանում, որը այնտեղ գործող բազմաթիվ ձուլարանների և գործարանների պատճառով սև ծխով էր լցված։ Երբ մոտ 4 տարեկան էի, ծնողներս սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Պատանեկան տարիքում համոզվեցի, որ գտել եմ ճշմարտությունը, և 1952 թ.-ին՝ 16 տարեկանում, մկրտվեցի։

Գրեթե նույն ժամանակահատվածում սկսեցի որպես փորձնակ աշխատել մի մեծ գործարանում, որը արտադրում էր աշխատանքային գործիքներ և ավտոպահեստամասեր։ Ինձ պատրաստում էին, որ զբաղեցնեմ կազմակերպության քարտուղարի պաշտոնը։ Այդ գործն ինձ շատ էր դուր գալիս։

Բայց մի օր շրջագայող վերակացուն առաջարկեց, որ իմ մայր ժողովում, որը գտնվում էր Վիլենհոլում, անցկացնեմ ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումը։ Ես դժվար որոշման առաջ կանգնեցի։ Այդ ժամանակ երկու ժողովի հետ էի համագործակցում։ Շաբաթվա ընթացքում հաճախում էի իմ աշխատավայրին ամենամոտ ժողովը, որը Բրոմսգրով քաղաքում էր։ Այն մեր տնից հեռու էր մոտ 32 կմ (20 մղոն)։ Իսկ շաբաթ-կիրակի օրերին, երբ գնում էի տուն, հաճախում էի Վիլենհոլում գտնվող մեր ժողովի հանդիպումներին։

Շատ էի ուզում աջակցել Եհովայի կազմակերպությանը, ուստի ընդունեցի շրջագայող վերակացուի հրավերը։ Դա նշանակում էր, որ պետք է թողնեի աշխատանքս, որն այդքան սիրում էի։ Բայց ես թույլ տվեցի, որ Եհովան ուղղի իմ շավիղները, ինչի համար երբեք չեմ ափսոսացել, քանի որ դրա շնորհիվ հրաշալի կյանք եմ ունեցել։

Բրոմսգրովի ժողովում հանդիպեցի հոգևոր տրամադրվածություն ունեցող մի գեղեցիկ քրոջ՝ Էնին։ 1957 թ.-ին մենք ամուսնացանք։ Միասին պատիվ ենք ունեցել ծառայելու որպես ռահվիրա, հատուկ ռահվիրա, ինչպես նաև լինելու շրջանային և Բեթելի ծառայության մեջ։ Իմ ողջ կյանքի ընթացքում Էնը ուրախության աղբյուր է եղել ինձ համար։

Շատ ուրախացանք, երբ 1966 թ.-ին մեզ հրավիրեցին սովորելու «Գաղաադի» 42-րդ դասարանում։ Մեզ նշանակեցին Մալավի, որը շատերը կոչում են Աֆրիկայի ջերմ սիրտը, քանի որ մարդիկ այնտեղ շատ բարի են և հյուրասեր։ Մեր մտքով անգամ չէր անցնում, որ չենք կարողանալու երկար մնալ այնտեղ։

ՄԱԼԱՎԻՈՒՄ ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ

Մեր ամենագնացը (Kaiser Jeep), որով Մալավիում շրջանային ծառայություն էինք անում

1967 թ. փետրվարի 1-ին ժամանեցինք Մալավի։ Լեզվի մեկամսյա ինտենսիվ դասընթացից հետո սկսեցինք մեր շրջանային ծառայությունը։ Մենք ունեինք մի ամենագնաց, որը ոմանց կարծիքով կարող էր անցնել ցանկացած ճանապարհով, անգամ գետերի միջով։ Բայց դա այդպես չէր, այն կարողանում էր անցնել միայն շատ ծանծաղուտ տեղերով։ Երբեմն մնում էինք կավե հյուղակներում, որոնց տանիքը ծղոտից էր, և անձրևների սեզոնին հարկավոր էր բրեզենտից ծածկ պատրաստել, որպեսզի ջուրը տանիքից չլցվեր ներս։ Թեև մենք այնքան էլ հաճելի ձևով չսկսեցինք մեր միսիոներական ծառայությունը, բայց շատ սիրեցինք այն։

Ապրիլին տեղեկացա, որ կառավարությունը մեր գլխին սև ամպեր է կուտակում։ Ռադիոյով լսեցի Մալավիի նախագահ Հաստինգս Բանդայի ելույթը։ Նա պնդում էր, թե Եհովայի վկաները հարկեր չեն վճարում և խնդիրներ են ստեղծում պետության համար։ Իհարկե, նրա մեղադրանքներն անհիմն էին։ Մենք բոլորս շատ լավ գիտեինք, որ դրանց պատճառը մեր չեզոքությունն էր, ավելի կոնկրետ այն, որ հրաժարվում էինք կուսակցական տոմս գնել։

Սեպտեմբերին թերթերում տպեցին, որ նախագահը մեր եղբայրներին մեղադրում է ամենուր անկարգություններ հրահրելու մեջ։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ իրենք շուտով քայլեր են ձեռնարկելու, որպեսզի արգելեն Եհովայի վկաների գործունեությունը։ Արգելքը ուժի մեջ մտավ 1967 թ. հոկտեմբերի 20-ից։ Դրանից կարճ ժամանակ անց ոստիկանները և միգրացիոն ծառայության աշխատակիցները եկան մասնաճյուղ, որպեսզի փակեն այն և երկրից վտարեն միսիոներներին։

1967-ին մեզ, ինչպես նաև մեկ այլ միսիոներ զույգի՝ Ջեք և Լինդա Յոհանսոններին, ձերբակալեցին և վտարեցին Մալավիից

Երեք օր մեզ բանտում պահելուց հետո ուղարկեցին Մավրիկիոս, որը գտնվում էր Բրիտանիայի իշխանության տակ։ Բայց մեզ թույլ չտվեցին այնտեղ մնալ որպես միսիոներներ։ Ուստի նշանակվեցինք Ռոդեզիա (այժմ Զիմբաբվե)։ Երբ ժամանեցինք Ռոդեզիա, հանդիպեցինք միգրացիոն ծառայության մի աշխատակցի, որը թշնամաբար էր տրամադրված և թույլ չտվեց մեզ մուտք գործել երկիր։ Նա ասաց. «Ձեզ վտարել են Մալավիից, թույլ չեն տվել մուտք գործել Մավրիկիոս, և հիմա դուք եկել եք այստեղ, քանի որ ուրիշ տեղ չունեք գնալու»։ Էնը սկսեց լաց լինել։ Թվում էր, թե ոչ ոք չէր ուզում ընդունել մեզ։ Այդ պահին ուզում էի թողնել ամեն ինչ ու վերադառնալ տուն՝ Անգլիա։ Ի վերջո միգրացիոն ծառայությունից մեզ ասացին, որ կարող ենք մնալ իրենց մասնաշենքում, բայց հաջորդ օրը պետք է ներկայանանք իրենց գլխավոր վարչություն։ Մենք ուժասպառ էինք, բայց շարունակում էինք մեր հույսը Եհովայի վրա դնել։ Հաջորդ օրը կեսօրին անսպասելիորեն թույլտվություն ստացանք որպես այցելուներ մուտք գործել Զիմբաբվե։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ զգացումներ ունեի այդ օրը. համոզված էի, որ Եհովան ուղղում էր մեր շավիղները։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Քիտը և Էնը գրասենյակում միասին աշխատելիս։

Էնի հետ Զիմբաբվեի Բեթելում (1968 թ.)

Զիմբաբվեի մասնաճյուղում նշանակվեցի ծառայողական բաժին, որը հոգ էր տանում նաև Մոզամբիկի ու Մալավիի մասին։ Մալավիում մեր հավատակիցները դաժան հալածանքների էին ենթարկվում։ Իմ աշխատանքի մեջ էր մտնում Մալավիի շրջանային վերակացուների ուղարկած հաշվետվությունները թարգմանելը։ Մի օր մինչև ուշ երեկո աշխատում էի մի հաշվետվության վրա, որը այն մասին էր, թե ինչ անմարդկային վերաբերմունքի էին արժանանում հավատակիցներս։a Ես չդիմացա ու սկսեցի լաց լինել։ Բայց միևնույն ժամանակ հիացած էի նրանց դրսևորած նվիրվածությամբ, հավատով և դժվարություններին դիմանալու վճռականությամբ (2 Կորնթ. 6։4, 5)։

Մենք ամեն ինչ անում էինք, որպեսզի հոգևոր սննդով ապահովեինք այն հավատակիցներին, ովքեր մնացել էին Մալավիում, ինչպես նաև նրանց, ովքեր դաժան հալածանքի պատճառով փախել էին Մոզամբիկ։ Մալավիի ամենատարածված լեզվի՝ չիչևայի թարգմանիչները տեղափոխվեցին եղբայրներից մեկի հողատարածք, որը գտնվում էր Զիմբաբվեում։ Դա շատ մեծ տարածք էր, որտեղ այդ եղբայրը թարգմանիչների համար տներ ու գրասենյակ կառուցեց։ Այնտեղ նրանք շարունակեցին աստվածաշնչյան գրականությունը թարգմանելու կարևոր գործը։

Մենք քայլեր ձեռնարկեցինք, որ Մալավիի շրջանային վերակացուները ամեն տարի ներկա լինեն Զիմբաբվեում անցկացվող չիչևա լեզվով մարզային համաժողովին։ Այնտեղ նրանք ստանում էին համաժողովի ելույթների պլանները։ Եվ երբ վերադառնում էին Մալավի, դրանց հիման վրա քաջալերական ելույթներ էին ներկայացնում այնտեղի քույրերի ու եղբայրների համար։ Մի անգամ, երբ Մալավիի շրջանային վերակացուները նորից եկել էին Զիմբաբվե, մենք այդ քաջ եղբայրների համար Թագավորական ծառայության դպրոց կազմակերպեցինք, որպեսզի ոգևորենք նրանց։

Չիչևա և շոնա լեզուներով անցկացվող համաժողովի ժամանակ չիչևա լեզվով ելույթ եմ ներկայացնում

1975 թ. փետրվարին այցելեցի Մալավիից եկած Վկաներին, ովքեր ապաստան էին գտել Մոզամբիկի փախստականների ճամբարներում։ Այդ հավատակիցները համաքայլ էին ընթանում Եհովայի կազմակերպության հետ և հետևում էին թարմ առաջնորդություններին, այդ թվում՝ երեցների խորհուրդ ունենալու նոր կարգին։ Նորանշանակ երեցները հոգևոր ակտիվ գործունեությամբ էին զբաղվում. հանրային ելույթներ էին ներկայացնում, օրվա խոսքի քննարկումներ և «Դիտարանի» ուսումնասիրություն անցկացնում։ Այդ եղբայրները նույնիսկ համաժողովներ էին կազմակերպում։ Նրանք փախստականների ճամբարներում համաժողովների բաժինների նման բաժիններ էին կազմել, ինչպես, օրինակ, մաքրության, սննդի մատակարարման և անվտանգության։ Եհովայի օրհնությամբ այս հավատարիմ եղբայրները հսկայական գործ էին անում։ Դա տեսնելը անչափ քաջալերական էր ինձ համար։

1970-ականների վերջերին Զամբիայի մասնաճյուղը սկսեց հոգ տանել Մալավիի Վկաների մասին։ Բայց նրանք շարունակում էին մնալ իմ և շատ ուրիշների մտքում ու սրտում։ Մենք հաճախ էինք աղոթում այդ թանկագին եղբայրների ու քույրերի համար։ Լինելով Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեի անդամ՝ ես, ինչպես նաև Մալավիի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Զամբիայի պատասխանատու եղբայրները առիթ ենք ունեցել մի քանի անգամ հանդիպելու գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների ժամանակ մենք միշտ անդրադառնում էինք հետևյալ հարցին. «Էլ ի՞նչ կարող ենք անել Մալավիի մեր հավատակիցների համար»։

Ժամանակի ընթացքում հալածանքը թեթևացավ։ Մալավիից փախած Վկաները աստիճանաբար սկսեցին վերադառնալ, իսկ նրանք, ովքեր մնացել էին Մալավիում, վերջապես կարողացան մի փոքր շունչ քաշել։ Հարևան երկրներում Եհովայի Վկաները պետական գրանցում ստացան, և նրանց վրա դրված սահմանափակումները հանվեցին։ 1991 թ.-ին նույնը տեղի ունեցավ նաև Մոզամբիկում։ Մենք մտածում էինք. «Իսկ ե՞րբ են Մալավիում Եհովայի վկաները ազատ լինելու»։

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԱԼԱՎԻ

Ի վերջո Մալավիում քաղաքական իրավիճակը փոխվեց, և 1993 թ.-ին կառավարությունը հանեց Եհովայի վկաների գործունեության վրա դրված արգելքը։ Դրանից շատ չանցած՝ ես զրուցում էի միսիոներներից մեկի հետ, ով հարցրեց ինձ. «Դուք կվերադառնա՞ք Մալավի»։ Այդ ժամանակ ես 59 տարեկան էի, ուստի ասացի. «Ո՛չ, ես արդեն ծեր եմ դրա համար»։ Բայց հենց նույն օրը ֆաքսով նամակ ստացանք Կառավարիչ մարմնից։ Մեզ հրավիրում էին վերադառնալ Մալավի։

Մենք կանգնեցինք դժվար որոշման առաջ, քանի որ շատ էինք սիրում մեր ծառայությունը Զիմբաբվեում։ Մենք այնտեղ խոր արմատներ էինք գցել և հրաշալի ընկերներ ձեռք բերել։ Կառավարիչ մարմինը շատ բարի էր մեր հանդեպ. մեզ ասացին, որ եթե ուզում ենք, կարող ենք մնալ Զիմբաբվեում։ Մենք հեշտությամբ կարող էինք մեր ուզած ուղով ընթանալ և շարունակել մեր ծառայությունը Զիմբաբվեում։ Սակայն ես խորհրդածեցի տարիքն առած Աբրահամի ու Սառայի օրինակի շուրջ, ովքեր թողեցին իրենց հարմարավետ տունը, որպեսզի հետևեին Եհովայի առաջնորդությանը (Ծննդ. 12։1-5)։

Մենք որոշեցինք հետևել Եհովայի կազմակերպության առաջնորդությանը և 1995 թ. փետրվարի 1-ին վերադարձանք Մալավի։ 28 տարի առաջ հենց այդ օրն էր, որ առաջին անգամ ոտք դրեցինք Մալավի։ Այնտեղ մասնաճյուղի կոմիտե կազմվեց, որում ծառայելու էինք ես և երկու այլ եղբայր։ Մենք անմիջապես գործի անցանք, որպեսզի երկրում վերականգնենք Եհովայի վկաների գործունեությունը։

ԵՀՈՎԱՆ ԱՃԵՑՆՈՒՄ Է

Մեծ օրհնություն է տեսնել, թե որքան արագ է Եհովան աճեցնում ճշմարտության սերմերը։ Քարոզիչների թիվը 1993-1998 թթ. ընթացքում 30 000-ից հասավ 42 000-ի։b Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ դաշտի՝ գնալով աճող կարիքները հոգալու համար նոր մասնաճյուղ կառուցվի։ Մենք Լիլոնգվե քաղաքում ձեռք բերեցինք 12 հեկտար (30 ակր) հողատարածք, և ես նշանակվեցի ծառայելու շինարարական կոմիտեում։

2001 թ. մայիսին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Գայ Փիրսը ներկայացրեց նոր շինությունների նվիրման ելույթը, որին ներկա էին տեղի Վկաներից ավելի քան 2 000 հոգի։ Նրանց մեծ մասը ավելի քան 40 տարվա մկրտված էր։ Այս հավատարիմ եղբայրներն ու քույրերը աննկարագրելի դժվարությունների միջով էին անցել արգելքի տարիներին։ Նրանք աղքատ էին և նյութական քիչ բաներ ունեին, բայց հոգևորապես շատ հարուստ էին։ Նվիրման ժամանակ այս հավատակիցները ուրախությունից ցնծում էին, երբ շրջայց էին կատարում իրենց նոր Բեթելում։ Շրջայցի ընթացքում, ուր էլ որ գնային, նրանք աֆրիկյան ոճով երգում էին մեր Թագավորության երգերը, ինչը ամենահուզիչ տեսարանն էր, որին ես երբևէ ականատես եմ եղել։ Այդ իրադարձությունը կենդանի ապացույցն էր այն բանի, որ Եհովան առատապես օրհնում է նրանց, ովքեր հավատարմորեն տոկում են փորձությունների ներքո։

Մասնաճյուղի շինարարության ավարտից հետո ես մեծ ուրախություն ապրեցի, երբ ինձ հանձնարարեցին Թագավորության սրահների նվիրման ելույթներ ներկայացնել։ Մալավիի ժողովները օգտվեցին սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում Թագավորության սրահների շինարարության արագացված ծրագրից։ Նախկինում որոշ ժողովներ իրենց հանդիպումներն անցկացնում էին էվկալիպտի գերաններից պատրաստված ծածկի տակ, որի տանիքը ծածկված էր եղեգից հյուսված կարպետներով։ Նրանք նստում էին կավից պատրաստված երկար նստարանների վրա։ Այժմ եղբայրները ջանասիրաբար թրծավառարանի մեջ աղյուսներ էին պատրաստում, որպեսզի դրանցով երկրպագության գեղեցիկ նոր վայրեր կառուցեն։ Բայց նրանք դեռևս սիրում էին այդ հին կավե նստարանները, քանի որ, ինչպես ասում էին, նստարանի վրա միշտ էլ ևս մեկ հոգու համար տեղ կգտվնի։

Մեծ ուրախություն եմ ապրել նաև՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օգնում մարդկանց հոգևորապես առաջադիմել։ Ինձ վրա մեծ տպավորություն են թողել հատկապես երիտասարդ աֆրիկացի եղբայրները, ովքեր կամավոր իրենց տրամադրում էին ծառայությանը։ Նրանք շատ արագ փորձ էին ձեռք բերում՝ կրթվելով Եհովայի կազմակերպության կողմից և գործնականում կիրառելով իրենց սովորածը։ Արդյունքում կարողանում էին ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել Բեթելում և ժողովներում։ Շրջանային վերակացու նշանակված տեղի եղբայրները, որոնցից շատերը ամուսնացած էին, ամրացնում էին ժողովները։ Այս զույգերը վճռել էին լիարժեքորեն ծառայել Եհովային, ուստի հետաձգել էին երեխա ունենալը՝ չնայած իրենց մշակույթի և երբեմն նույնիսկ ընտանիքի կողմից եկող ճնշմանը։

ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ ԻՄ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Էնի հետ Բրիտանիայի Բեթելում

52 տարի Աֆրիկայում ծառայելուց հետո ես որոշ առողջական խնդիրներ ձեռք բերեցի։ Բայց Կառավարիչ մարմինը հավանություն տվեց մասնաճյուղի կոմիտեի այն երաշխավորությանը, որ մենք մեր ծառայությունը շարունակենք Բրիտանիայում։ Մենք տխրել էինք, որ պետք է թողնենք մեր սիրած նշանակումը, բայց Բրիտանիայի Բեթելի ընտանիքը շատ լավ հոգ է տանում մեր մասին մեր ծերության օրերին։

Ես համոզված եմ, որ իմ կյանքի լավագույն որոշումն է եղել թույլ տալ Եհովային ուղղել իմ շավիղները։ Եթե ապավինեի իմ սեփական հասկացողությանը, չգիտեմ, թե իմ ընտրած ուղին ինձ ուր կտաներ։ Եհովան միշտ իմացել է, թե ես ինչի կարիք ունեմ, որպեսզի կարողանամ «ուղղել [իմ] շավիղները» (Առակ. 3։5, 6)։ Երիտասարդ ժամանակ ես շատ ոգևորված էի, որ աշխատելու էի մի մեծ կազմակերպության համար։ Բայց Եհովայի համաշխարհային կազմակերպությունը ինձ շատ ավելի մեծ բավականություն պատճառող աշխատանք տվեց։ Ինձ համար Եհովային ծառայելը միշտ եղել և մնում է ամենաիմաստալից կյանքի ուղին։

a Մալավիի աստվածապետական պատմության մասին գրված է «Եհովայի վկաների 1999 թ. տարեգրքում», էջ 148-223 (անգլ., ռուս.)։

b Այժմ Մալավիում ավելի քան 100 000 քարոզիչ կա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը