ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 34
ԵՐԳ 3 Մեր հույսի և ուժի աղբյուր
Ընդունիր, որ Եհովան ներել է քեզ
«Դու իմ օրինազանցությունն ու մեղքը ներեցիր» (ՍԱՂ. 32։5)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչու է կարևոր ընդունել, որ Եհովան ներել է մեզ, և ինչպես է Աստվածաշունչը հավաստիացնում, որ նա ներում է նրանց, ովքեր զղջում են։
1-2. Ի՞նչ ենք զգում՝ իմանալով, որ Եհովան ներել է մեզ (տես նաև նկարը)։
ԴԱՎԻԹ թագավորը գիտեր, թե ինչ է նշանակում տանջվել անցյալում գործած մեղքերի համար (Սաղ. 40։12; 51։3, խորագիր)։ Նա մի քանի լուրջ մեղքեր էր գործել իր կյանքի ընթացքում, սակայն հետո սրտանց զղջացել էր, և Եհովան ներել էր նրան (2 Սամ. 12։13)։ Դրա շնորհիվ Դավիթը նաև գիտեր, թե ինչ թեթևություն է զգում մարդը, երբ Եհովայի կողմից ներում է ստանում (Սաղ. 32։1)։
2 Դավթի պես մենք էլ կարող ենք թեթևություն զգալ՝ գիտակցելով, որ Եհովան գթասրտորեն ներել է մեզ։ Անչափ մխիթարական է իմանալ, որ Եհովան պատրաստ է ներել մեր մեղքերը, անգամ լուրջ մեղքերը, եթե անկեղծորեն զղջանք, խոստովանենք դրանք և ամեն ինչ անենք, որ չկրկնենք (Առակ. 28։13; Գործ. 26։20; 1 Հովհ. 1։9)։ Նաև քաջալերական է իմանալ, որ Եհովան այնպես է ներում մեր մեղքերը, ասես դրանք չեն էլ եղել (Եզեկ. 33։16)։
Դավիթ թագավորը Եհովայի ներողամտության մասին մի շարք սաղմոսներ է շարադրել (տես պարբերություններ 1-2)
3-4. Մի քույր ի՞նչ էր զգում մկրտությունից հետո, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Ժամանակ առ ժամանակ, սակայն, գուցե դժվար լինի ընդունել, որ Եհովան ներողամիտ է։ Ջենիֆեր անունով մի քույր, ով ճշմարտության մեջ է մեծացել, պատանեկան տարիքում սկսել էր սխալ գործեր անել և երկակի կյանքով ապրել։ Տարիներ անց նա վերադարձել էր Եհովայի մոտ և ի վերջո մկրտվել։ Քույրն ասում է. «Նախկինում մխրճված էի եղել նյութապաշտության, անբարոյականության ու հարբեցողության մեջ և ծայրահեղ բարկացկոտ էի։ Թեև գիտակցում էի, որ զղջալուց ու ներում աղերսելուց հետո Քրիստոսի զոհագործությունը մաքրել է ինձ, բայց չէի կարողանում սրտիս համոզել, որ Եհովան ինձ ներել է»։
4 Քեզ համար է՞լ է երբեմն դժվար սրտիդ համոզել, որ Եհովան ներել է անցյալում գործածդ սխալները։ Եհովան ուզում է, որ Դավթի պես մենք էլ, ճաշակելով իր գթասրտությունը, ապահով զգանք։ Այս հոդվածում կքննենք, թե ինչու է կարևոր ընդունել, որ Եհովան ներել է մեզ, և ինչը կօգնի համոզվել դրանում։
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՆԵՐԵԼ Է ՄԵԶ
5. Սատանան ուզում է, որ ինչի՞ն հավատանք։ Բեր օրինակ։
5 Եթե ընդունենք, որ Եհովան ներողամիտ է, չենք ընկնի Սատանայի ծուղակը։ Չմոռանանք, որ Սատանան պատրաստ է անելու ամեն բան, որ խանգարի մեզ ծառայել Եհովային։ Իր նպատակին հասնելու համար նա փորձում է համոզել, որ մեր մեղքերն աններելի են։ Քննենք Կորնթոսի ժողովում ծառայող այն մարդու օրինակը, ով անբարոյականության պատճառով հեռացվել էր ժողովից, բայց հետագայում զղջացել (1 Կորնթ. 5։1, 5, 13)։ Սատանան ուզում էր, որ ժողովի անդամները չներեն նրան և հետ չընդունեն։ Միևնույն ժամանակ նա ուզում էր, որ այդ մարդը մտածեր, թե արժանի չէ ներման, «ծայրահեղ տխրությամբ համակվեր ու վհատվեր» և ի վերջո դադարեր ծառայել Եհովային։ Սատանան չի փոխել ո՛չ իր նպատակը, ո՛չ էլ մարտավարությունը։ Բայց մենք «անտեղյակ չենք նրա հնարքներին» (2 Կորնթ. 2։5-11)։
6. Ինչպե՞ս կարող ենք մեր ուսերից թոթափել մեղավորության ծանր բեռը։
6 Եթե ընդունենք, որ Եհովան ներողամիտ է, մեր ուսերից կթոթափենք մեղավորության ծանր բեռը։ Երբ մեղք ենք գործում, բնականաբար մեղավոր ենք զգում մեզ, և դա վատ չէ (Սաղ. 51։17)։ Մեր խիղճը կարող է մղել, որ քայլեր ձեռնարկենք մեր սխալները շտկելու համար (2 Կորնթ. 7։10, 11)։ Սակայն եթե զղջալուց հետո այդ զգացումը երկար ժամանակ չլքի մեզ, գուցե թևաթափ լինենք և դադարենք ծառայել Եհովային։ Բայց եթե ընդունենք, որ Եհովան ներել է մեզ, կկարողանանք ազատվել մեղավորության ճնշող բեռից և Եհովային ծառայել այնպես, ինչպես ինքն է ուզում՝ մաքուր խղճով և բերկրանքով (Կող. 1։10, 11; 2 Տիմոթ. 1։3)։ Ուստի ինչպե՞ս կարող ենք համոզել մեր սրտին, որ Եհովան ներել է մեզ։
Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՆԵՐԵԼ Է ՄԵԶ
7-8. Եհովան իրեն ինչպե՞ս ներկայացրեց Մովսեսին, և դա ինչո՞ւմ է վստահեցնում (Ելք 34։6, 7)։
7 Մտածիր, թե Եհովան ինչպես է նկարագրել իրեն։ Նկատի առ, թե Սինա լեռան վրա Եհովան ինչ ասաց Մովսեսին (կարդա Ելք 34։6, 7)։a Թեև Եհովան բազմաթիվ հրաշալի հատկություններ ունի, բայց տեղին համարեց ներկայանալ որպես «գթառատ ու կարեկից Աստված»։ Մի՞թե այսպիսի Աստվածը կարող է չներել իր այն ծառային, ով իսկապես զղջում է։ Երբե՛ք։ Դա անգութ և անողոք արարք կլիներ, ինչը բնորոշ չէ Եհովայի էությանը։
8 Կարող ենք վստահ լինել, որ Եհովան երբեք չէր ներկայացնի իրեն այդպես, եթե դա ճշմարտություն չլիներ (Սաղ. 31։5)։ Ուստի նրա խոսքերը կասկածի տակ դնելու ոչ մի պատճառ չունենք։ Եթե դժվարանում ես հետևում թողնել անցյալիդ մեղքերը, հարցրու ինքդ քեզ. «Հավատո՞ւմ եմ, որ Եհովան իսկապես գթառատ ու կարեկից է, և միշտ ներում է ցանկացած մարդու, ով իսկապես զղջում է։ Ուրեմն մի՞թե չպետք է ընդունեմ, որ Եհովան ներել է ինձ»։
9. Սաղմոս 32։5 համարից ի՞նչ ենք սովորում Եհովայի ներողամտության մասին։
9 Մտածիր, թե Աստվածաշունչը գրողները Եհովայի ներշնչմամբ ինչ են գրել նրա ներողամտության մասին։ Ուշադրություն դարձրու Դավթի խոսքերին (կարդա Սաղմոս 32։5)։ Նա ասաց. «Դու իմ օրինազանցությունն ու մեղքը ներեցիր»։ «Ներել» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել նաև «բարձրացնել» կամ «տանել»։ Դավթին ներելով՝ Եհովան ասես վերցրեց նրա մեղքերը և հեռու տարավ դրանք։ Այդպես Դավիթը թեթևություն զգաց՝ ազատվելով մեղավորության ծանր բեռից (Սաղ. 32։2-4)։ Մենք նույնպես կարող ենք այդպիսի թեթևություն զգալ։ Երբ սրտանց զղջում ենք մեր մեղքերի համար, կարիք չկա այլևս ճկվելու այդ բեռի տակ. Եհովան վերցրել է այն ու հեռու տարել մեզնից։
10-11. Ի՞նչ է մեզ ասում «ներողամիտ» բառը Եհովայի մասին (Սաղմոս 86։5)։
10 Կարդա Սաղմոս 86։5։ Այս համարում Դավիթն ասում է, որ Եհովան «ներողամիտ» է։ Մի աշխատության մեջ այս բառի վերաբերյալ գրված է. «Եհովան ներող է. դա նրա էությունն է»։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Սաղմոս 86։5-ի երկրորդ մասում ասվում է. «Բոլոր քեզ կանչողների հանդեպ առատ է սերդ հավատարիմ»։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, Եհովան, հավատարիմ սիրուց մղված, խոր և հարատև կապվածություն է զարգացնում իրեն նվիրված ծառաների հանդեպ։ Հենց այդ սերն է մղում նրան «մեծահոգաբար ներել» բոլոր զղջացող մարդկանց (Ես. 55։7)։ Եթե դժվարանում ես ընդունել, որ Աստված ներողամիտ է, հարցրու ինքդ քեզ. «Հավատո՞ւմ եմ, որ Եհովան ներող է, այսինքն՝ պատրաստ է ներել բոլոր նրանց, ովքեր զղջում են ու գթասրտություն խնդրում նրանից։ Ուրեմն մի՞թե չպետք է ընդունեմ, որ նա ներել է ինձ, երբ աղերսել եմ նրան գթասիրտ լինել իմ հանդեպ»։
11 Մեզ համար մխիթարական է իմանալ, որ Եհովան լիովին հասկանում է, որ մենք մեղսավոր էություն ունենք (Սաղ. 139։1, 2)։ Այս միտքը հստակ երևում է Դավթի գրած մեկ այլ սաղմոսից, որը նույնպես կարող է օգնել ընդունելու, որ Եհովան ներողամիտ է։
ՀԻՇԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ԵՀՈՎԱՆ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ
12-13. Սաղմոս 103։14-ի համաձայն՝ Եհովան ի՞նչ չի մոռանում մեր մասին, և դա ի՞նչ անելու է մղում նրան։
12 Կարդա Սաղմոս 103։14։ Դավիթը Եհովայի մասին ասաց. «[Նա] չի մոռանում, որ հող ենք մենք»։ Այս խոսքերով Դավիթը բացատրում էր պատճառներից մեկը, թե ինչու է Եհովան պատրաստ ներելու իր զղջացող ծառաներին. նա միշտ հիշում է, որ մենք հակված ենք մեղքեր գործելու։ Սա ավելի լավ հասկանալու համար եկեք խորությամբ քննենք Դավթի խոսքերը։
13 Դավիթն ասաց, որ Եհովան «լավ գիտի, թե ինչից ենք կազմված»։ Նա Ադամին «հողից է կազմավորել» և անկասկած գիտի, որ անգամ կատարյալ մարդը որոշ կարիքներ ունի, օրինակ՝ սնվելու, քնելու և շնչելու (Ծննդ. 2։7)։ Բայց երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, «հողից կազմավորված» արտահայտությունը մեկ այլ իմաստ ստացավ։ Քանի որ մենք նրանց սերունդն ենք, նրանց մեղսավոր էությունը ժառանգաբար փոխանցվել է մեզ, ինչի պատճառով մենք հակված ենք մեղքեր գործելու։ Եհովան ոչ թե պարզապես գիտի, որ մեր էությունը մեղսավոր է, այլ, ինչպես Դավիթն ասաց, «չի մոռանում» այդ մասին։ Այս համարում օգտագործված եբրայերեն բառը կարող է ունենալ դրական քայլեր ձեռնարկելու իմաստ։ Դավթի խոսքերը կարող ենք ամփոփել հետևյալ կերպ. Եհովան հասկանում է, որ մենք սխալական ենք, ուստի երբ մեղք ենք գործում և սրտանց զղջում ենք, նա գթասրտություն ու ներողամտություն է դրսևորում (Սաղ. 78։38, 39)։
14. ա) Դավիթն ինչպե՞ս նկարագրեց Եհովայի ներողամտության չափը (Սաղմոս 103։12)։ բ) Դավթի օրինակը ի՞նչ է մեզ սովորեցնում Եհովայի ներողամտության մասին (տես «Ինչպես է Եհովան ներում և մոռանում» շրջանակը)։
14 Ինչպե՞ս է Եհովան ներում (կարդա Սաղմոս 103։12)։ Դավիթն ասաց, որ երբ Եհովան ներում է, հեռացնում է մեր մեղքերն այնքան, «որքան հեռու է արևելքը արևմուտքից»։ Արևմուտքը արևելքից միանգամայն հեռու է. այս երկու կողմերը երբեք չեն հատվում։ Ի՞նչ ենք հասկանում այս համեմատությունից։ Մի աշխատության մեջ ասվում է. «Եթե մեղքը այդ աստիճան հեռացվում է, կարող ենք վստահ լինել, որ դրա հոտը, հետքը և անգամ դրա մասին հիշողությունը իսպառ վերանում են»։ Մտածիր. հոտը կարող է հիշողություններ արթնացնել, բայց երբ Եհովան ներում է մեզ, մեր մեղքի «հոտի» նշույլն անգամ չի մնում, որը կարող է հիշեցնել նրան դրա մասին և պատճառ լինել, որ նա մեղադրի մեզ կամ պատժի (Եզեկ. 18։21, 22; Գործ. 3։19)։
15. Ի՞նչ կարող ենք անել, եթե անցյալի մեղքերը մեզ հանգիստ չեն տալիս։
15 Ինչպե՞ս են Սաղմոս 103-ում գրված Դավթի խոսքերը օգնում ընդունելու, որ Եհովան ներողամիտ է։ Եթե շարունակ տանջվում ենք անցյալում գործած մեղքերի պատճառով, կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Մոռացե՞լ եմ այն, ինչ Եհովան հիշում է. այն, որ մեղսավոր էություն ունեմ, և որ նա ներում է զղջացող մարդկանց, այդ թվում՝ ինձ։ Մի՞թե սա չի նշանակում, որ հիշում եմ այն, ինչ Եհովան որոշել է մոռանալ, այսինքն՝ իմ մեղքերը, որոնք Եհովան ներել է, և երբեք չի մեղադրելու ու չի պատժելու ինձ դրանց համար»։ Եհովան չի կենտրոնանում անցյալում գործած մեր մեղքերի վրա, ուրեմն մենք էլ չպետք է կենտրոնանանք (Սաղ. 130։3)։ Երբ ընդունում ենք, որ Եհովան մեզ ներել է, կարողանում ենք ներել ինքներս մեզ և առաջ շարժվել։
16. Օրինակով ցույց տուր, թե ինչու է վտանգավոր անցյալի մեղքերի պատճառով անընդհատ տանջվելը (տես նաև նկարը)։
16 Անցյալի մեղքերի պատճառով անընդհատ տանջվելը նման է շարունակ հետին տեսանելիության հայելուն նայելով մեքենա վարելուն։ Ինչ խոսք, հայելուն պարբերաբար հայացք նետելը ճիշտ է. եթե մեքենայի հետևում վտանգավոր իրավիճակ ստեղծվի, դրա շնորհիվ կարող ենք նկատել դա։ Բայց անվտանգ առաջ շարժվելու համար, պետք է կենտրոնանանք առջևում եղած ճանապարհի վրա։ Նմանապես՝ անցյալում գործած մեղքերին երբեմն հայացք նետելը կարող է օգտակար լինել. դրանցից կարող ենք դասեր քաղել և ամրացնել դրանք չկրկնելու մեր վճռականությունը։ Բայց եթե մեր հայացքը կենտրոնացնենք դրանց վրա, գուցե այնքան ճկվենք մեղավորության բեռի ծանրության տակ, որ ի վիճակի չլինենք լավագույնը անել ծառայության մեջ։ Փոխարենը եկեք կենտրոնանանք մեր առջևում եղած ճանապարհի վրա։ Մենք գնում ենք դեպի կյանք տանող ճանապարհով, կյանք Աստծու խոստացած նոր աշխարհում, որտեղ վատ հուշերն «այլևս մտքում չեն լինի» (Ես. 65։17; Առակ. 4։25)։
Ինչպես որ վարորդը կարիք ունի ավելի շատ կենտրոնանալու իր առջևում եղած ճանապարհի վրա, քան հետին տեսանելիության հայելու, այնպես էլ մենք կարիք ունենք ավելի շատ կենտրոնանալու ապագայում սպասվող օրհնությունների վրա, քան անցյալում գործած մեղքերի (տես պարբերություն 16)
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀԱՄՈԶԵԼ ՔՈ ՍՐՏԻՆ
17. Ինչո՞ւ կարիք կա համոզելու մեր սրտին, որ Եհովան սիրում է մեզ և ներել է։
17 Մենք կարիք ունենք համոզելու մեր սրտին, որ Եհովան սիրում է մեզ և ներել է (1 Հովհ. 3։19, ծնթ.)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Պատճառն այն է, որ Սատանան ամեն գնով փորձում է համոզել մեզ, որ Աստված մեզ չի սիրում, և մեր մեղքերն աններելի են։ Նրա նպատակն է ստիպել մեզ, որ դադարենք Եհովային ծառայելուց։ Ակնկալելի է, որ նա կուժգնացնի իր հարձակումները, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ ունի (Հայտն. 12։12)։ Եկեք թույլ չտանք, որ նա հաղթանակ տանի։
18. Ի՞նչ կարող ես անել քո սրտին համոզելու համար, որ Եհովան սիրում է քեզ և ներել է։
18 Որպեսզի ավելի վստահ լինես, որ Եհովան սիրում է քեզ, կիրառիր նախորդ հոդվածում նշված խորհուրդները։ Իսկ որպեսզի սրտիդ համոզես, որ Եհովան ներել է քեզ, մտածիր, թե նա ինչպես է ներկայացրել ինքն իրեն։ Խորհիր, թե Աստվածաշունչը գրողները նրա ներշնչմամբ ինչ են ասել նրա ներողամտության մասին։ Մի՛ մոռացիր, որ նա լավ գիտի, որ մեղսավոր էություն ունենք, և գթասիրտ կլինի քո հանդեպ։ Եվ հիշիր, որ երբ նա ներում է, ներում է լիարժեքորեն։ Այդ դեպքում Դավթի պես համոզված կլինես, որ Եհովան գթասիրտ է, ու վստահությամբ կասես. «Շնորհակալ եմ, Եհո՛վա, իմ մեղքերը ներելու համար» (Սաղ. 32։5)։
ԵՐԳ 1 Եհովայի էությունը
a Տես «Մոտեցեք Աստծուն. Եհովան խոսում է իր մասին» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. մայիսի 1-ի համարում։