Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/07 էջ 18–21
  • «Եհո՛վա, թո՛ւյլ տուր, որ քեզ ծառայեմ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Եհո՛վա, թո՛ւյլ տուր, որ քեզ ծառայեմ»
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Փորձություններ դպրոցում
  • Քաջալերական նամակ
  • Դրական փոփոխություններ
  • Հերթական աղոթքներիս պատասխանը
  • Ծառայություն՝ օտար երկրում
  • Գտել եմ իսկական սեր ու խաղաղություն
    2012 Արթնացե՛ք
  • «Հիմա ես շատ եմ սիրում ծառայությունը»
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ես ոչինչ էլ չէի փոխի»
    2002 Դիտարան
2007 Արթնացե՛ք
g 10/07 էջ 18–21

«Եհո՛վա, թո՛ւյլ տուր, որ քեզ ծառայեմ»

ՊԱՏՄՈՒՄ Է ԴԱՆԻԵԼԱ ՀՈԼԸ

Երբ փոքր էի, սիրում էի այցելել տատիկիս, որն ապրում էր հարևանությամբ։ Կեսօրին նա սովորաբար հանգստանում էր։ Եթե տատիկիս մոտ գնում էի այդ ժամանակ, միասին նստում էինք մահճակալին, ու նա ինձ համար ընթերցում էր Աստվածաշնչի պատմությունները։ Հաճախ նա ասում էր. «Հիշիր, որ Եհովան սիրում է քեզ։ Եվ եթե դու էլ նրան սիրես, նա միշտ հոգ կտանի քո մասին»։ Տատիկիս այս խոսքերը անջնջելիորեն տպավորվեցին իմ սրտում և մտքում։

ՏԱՏԻԿՍ մահացավ 1977 թ., երբ ես ընդամենը չորս տարեկան էի։ Նա Եհովայի վկա էր։ Վկաներ էին նաև հորս կողմի բարեկամները։ Մենք բոլորս ապրում էինք Մոե քաղաքում (Ավստրալիա)։ Թեև ծնողներս Վկաներ չէին, հայրս լավ էր վերաբերվում նրանց։ Հետագայում մենք ընտանիքով տեղափոխվեցինք Թինթընբար փոքր քաղաքը, որը գտնվում է Նոր Հարավային Ուելսի ափամերձ շրջանում։ Այնտեղ ես ու մեծ եղբայրս՝ Ջեյմին, մեր հայրիկի հետ ժամանակ առ ժամանակ մասնակցում էինք Վկաների հանդիպումներին։

Երբ ես ութ տարեկան էի, ծնողներս ամուսնալուծվեցին։ Հայրս վերադարձավ Մոե, իսկ ես ու Ջեյմին մնացինք մայրիկի հետ։ Մորս չէր հետաքրքրում Աստվածաշունչը, և նա չէր ուզում, որ մենք հաճախեինք Վկաների հանդիպումներին։ Սա ինձ շատ էր տխրեցնում, քանի որ տատիկիս խոսքերը խորը արմատներ էին գցել իմ սրտում։ Ես իսկապես սիրում էի Եհովային ու ցանկանում էի ծառայել նրան։ Ուստի իմ աղոթքներում նրան ասում էի, որ ես էլ եմ իր Վկաներից մեկը։ Ջեյմին նույնն էր մտածում։

Փորձություններ դպրոցում

Մի անգամ դպրոցում ուսուցիչներից մեկը մեր դասարանի երեխաներից յուրաքանչյուրին հարցրեց, թե որ կրոնին են պատկանում, որպեսզի մատյանում դա գրանցեր։ Երբ հերթը հասավ Ջեյմիին, նա բարձրաձայն ասաց. «Ես Եհովայի վկա եմ»։ Ուսուցիչը մի պահ լռեց և ապա խնդրեց կրկնել պատասխանը։ Եղբայրս կրկնեց նույն խոսքերը։ Այդ ժամանակ ուսուցիչն ասաց. «Ես այդպես չեմ կարծում, բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք»։ Երբ հերթը հասավ ինձ, ես նույնպես բարձրաձայն ասացի, որ Եհովայի վկա եմ։ Պարզ երևում էր, որ ուսուցչին չբավարարեց մեր պատասխանը, ուստի նա կանչեց դպրոցի տնօրենին։

Վերջինս իրավիճակին ծանոթանալուց հետո վճռականորեն ասաց. «Ինձ մոտ են ձեր փաստաթղթերը, և ձեր ծնողներն այնտեղ չեն նշել, որ Եհովայի վկաներ եք»։ «Բայց մենք այդ կրոնին ենք հետևում»,— հարգանքով պատասխանեցինք ես ու եղբայրս։ Դրանից հետո ո՛չ տնօրենը, ո՛չ էլ ուսուցիչը այս հարցին այլևս չանդրադարձան։

Դպրոցում փորձում էի պատմել համադասարանցիներիս այն, ինչ գիտեի Աստվածաշնչից, չնայած որ գիտելիքներս սահմանափակ էին։ Ինձ հետ դպրոց էի տանում «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքըa, ինչի շնորհիվ ժամանակ առ ժամանակ հաջողվում էր այնտեղից որևէ պատմություն ընթերցել դասընկերուհիներիցս մեկի համար, որը հավատում էր Աստծուն։ Քանի որ ձգտում էի ապրել քրիստոնեական չափանիշներով, երեխաներն ինձ չէին սիրում, և երբեմն ինձ շատ միայնակ էի զգում։

Ես այնքան հաճախակի և ջերմեռանդորեն էի աղոթում Եհովային, որ նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը։ Դասերից հետո միշտ նստում էի մահճակալիս և Աստծուն ամենայն մանրամասնությամբ պատմում այդ օրվա ընթացքում տեղի ունեցածը։ Հաճախ լաց էի լինում ու աղաչում. «Եհո՛վա, խնդրում եմ, թույլ տուր, որ քեզ ծառայեմ քո ժողովրդի հետ»։ Աղոթելուց հետո ինձ միշտ թեթևացած էի զգում։

Քաջալերական նամակ

Երբ տասը տարեկան էի, Ջեյմին գնաց Մոե՝ հորս մոտ։ Դրանից հետո ինձ է՛լ ավելի մեկուսացած զգացի։ Մի անգամ, երբ հարևանի տանն էի, տեսա Եհովայի վկաների հրատարակած մի քանի պարբերագրեր։ Ոգևորված՝ փորձեցի մտապահել Ավստրալիայի մասնաճյուղի հասցեն և շտապեցի տուն՝ այն գրի առնելու։ Ես մասնաճյուղին մի սրտառուչ նամակ գրեցի, որում նկարագրեցի իմ հանգամանքները և հոգևոր օգնություն խնդրեցի։ Կարճ ժամանակ անց երկուէջանոց հուզիչ պատասխան ստացա։ Հատուկ ինձ համար գրված այդ նամակը ընթերցեցի արտասուքն աչքերիս։ Ես վերջնականապես համոզվեցի, որ Եհովան ինձ թանկ է գնահատում։

Ինձ խրախուսում էին ընդօրինակել հնում ապրած իսրայելացի աղջկան, որը գերի էր ընկել ասորական զորագլուխ Նեեմանին։ Թեև աղջիկը ստրկության մեջ էր՝ իր երկրից հեռու, նա մտերիմ հարաբերություններ պահպանեց իր Աստծու՝ Եհովայի հետ։ Նա ցույց տվեց, որ Աստծու ճշմարիտ վկան է՝ համարձակորեն պատմելով իր հավատի մասին (Դ Թագաւորաց 5։1–4)։

Բացի դրանից, մասնաճյուղի ուղարկած նամակում ասվում էր. «Քանի դեռ փոքր ես, Եհովային կարող ես ծառայել՝ ծնողներիդ հնազանդվելով և դպրոցում ջանադրաբար սովորելով։ Շատ կարևոր է նաև, որ պահպանես քո մտերիմ հարաբերությունները նրա հետ։ Իսկ դրա համար պետք է աղոթես և ուսումնասիրես նրա Խոսքը»։ Նամակի վերջում նշվում էր. «Դանիե՛լա, հիշիր, որ ուր էլ ապրենք, Եհովան միշտ մեր կողքին է։ Վստահ ենք, որ հավատում ես դրան» (Հռոմեացիներ 8։35–39)։ Այդ նամակը, որ արդեն հին է ու պատառոտված, մինչև հիմա պահում եմ Աստվածաշնչիս մեջ։ Տարիների ընթացքում այն հաճախ եմ ընթերցել, և երբեք չի եղել այնպես, որ չարտասվեմ։

Կարճ ժամանակ անց մեկ այլ նամակ ստացա։ Այնտեղ ասվում էր, որ հորս նախաձեռնությամբ ինձ այդուհետ փոստով ուղարկելու էին «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Իմ ուրախությանը չափ չկար։ Ես սկսեցի կանոնավորաբար հոգևոր սնունդ ստանալ։ Ծայրից ծայր կարդում էի պարբերագրերի յուրաքանչյուր համարը։ (Մինչև հիմա ինձ մոտ պահում եմ այդ հրաշալի պարբերագրերի առաջին օրինակները։) Նաև այդ ընթացքում տեղի ժողովից մի քրիստոնյա երեց սկսեց այցելել ինձ։ Չնայած նրա այցելությունները երկար չէին տևում, սակայն շատ քաջալերական էին ինձ համար։

Դրական փոփոխություններ

Թեպետ արդեն ավելի մեծ հնարավորություն ունեի հոգևորով զբաղվելու, սակայն փափագում էի Եհովային ծառայել՝ առանց որևէ խոչընդոտի։ Ուստի երբ դարձա 13 տարեկան, մայրիկիցս թույլտվություն խնդրեցի՝ ապրելու հորս հետ։ Ես շատ էի սիրում մորս, ինչպես և նա ինձ։ Սակայն վճռել էի ծառայել Աստծուն։ Երբ մայրս տվեց իր համաձայնությունը, մեկնեցի Մոե։ Այնտեղ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը տեղի ժողովի անդամների հետ։ Հորս թույլտվությամբ ես և Ջեյմին հաճախում էինք բոլոր հանդիպումներին։ Տեղի Վկաները մեծ ջանքեր էին գործադրում մեզ օգնելու համար։ Մենք արագորեն հոգևորապես աճեցինք և ընդամենը մի քանի ամսվա տարբերությամբ մկրտվեցինք։ Ես ստացա՛ մանուկ ժամանակվա աղոթքիս պատասխանը։ Այժմ ծառայում էի Աստծուն նրա ժողովրդի հետ։

Այդ ընթացքում շատ մտերմացա հորաքրոջս ու նրա ամուսնու հետ՝ Ֆիլիպ և Լոուրեն Թեյլորների, որոնք նույնպես Մոեի ժողովից էին։ Նրանք ինձ սիրում էին իրենց դստեր պես։ Որոշ ժամանակ անց Թեյլորները որոշեցին տեղափոխվել Բուգենվիլ կղզի (Պապուա Նոր Գվինեա)՝ այնտեղ ծառայելու համար, քանի որ այդ վայրում Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Նրանք առաջարկեցին ինձ գնալ իրենց հետ, ինչին ես առանց հապաղելու համաձայնվեցի։ Ես ընդամենը 15 տարեկան էի։ Բայց հայրս ու մայրս թույլատրեցին, որ գնամ։

Բուգենվիլում դպրոցս շարունակում էի նամակագրության միջոցով։ Մնացած ժամանակ զբաղվում էի քարոզչական գործով։ Ի՜նչ ուրախություն էր ծառայել միսիոներների և ռահվիրաների հետ։ Իսկ տեղի բնակիչները ամենախոնարհ մարդիկ էին, որ երբևէ հանդիպել էի։ Նրանցից շատերը մեծ եռանդով ուսումնասիրում էին Աստվածաշունչը։

Որոշ ժամանակ հետո կղզում քաղաքական դրությունը սրվեց։ Իմ այնտեղ մնալն արդեն վտանգավոր էր, ուստի ինձ տուն ուղարկեցին։ Ես սրտի խոր ցավով հեռացա այդ կղզուց և նրա գեղեցիկ ժողովրդից։ Երբ մեր փոքրիկ ինքնաթիռը պոկվեց գետնից, տեսա քեռի Ֆիլիպին, որն ինձ ձեռքով էր անում։ Ես լաց եղա ու Եհովային լուռ աղաչեցի, որ ինձ մի օր թույլ տա միսիոներական ծառայություն կատարել օտար երկրում։

Հերթական աղոթքներիս պատասխանը

Ավստրալիայում դպրոցս ավարտելուց հետո ստաժավորում անցա մի իրավաբանական ֆիրմայում։ Այդ ընթացքում հայրս նորից ամուսնացավ և սկսեց հոգ տանել մի մեծ ընտանիքի։ Ջեյմին ապրում էր մայրիկի հետ, իսկ ես՝ մերթ մորս, մերթ հորս։ Կյանքը մի տեսակ բարդ էր թվում։ Հարկավոր էր պարզեցնել այն և կենտրոնանալ հոգևոր նպատակների վրա։ Ուստի 1994 թ. Մոեում լիաժամ ռահվիրայական ծառայություն սկսեցի։

Ես նորից երջանիկ էի։ Ընկերություն էի անում մեր ժողովի այն երիտասարդների հետ, ովքեր հոգևոր նպատակներ ունեին։ Նրանք մեծապես աջակցում էին ինձ։ Այդ երիտասարդներից մեկը Վիլն էր՝ մեղմ, խոնարհ ու բարի մի անձնավորություն, որի հետ և ամուսնացա 1996 թ.։ Նա մի իսկական պարգև էր Եհովայի կողմից։

Մեր համատեղ կյանքը լավ էր ընթանում, և մենք երջանիկ էինք։ Մի օր, երբ Վիլը տուն եկավ շրջանային վերակացուի հետ ծառայելուց հետո, առաջարկեց, որ նստեմ, և ապա հարցրեց. «Դեմ չե՞ս լինի, եթե մեկ ուրիշ ժողով տեղափոխվենք նրանց օգնելու համար»։ Սրտումս անմիջապես ասացի՝ այո՛։ Սակայն կատակով հարցրի. «Ո՞ւր։ Վանուա՞տու։ Ֆի՞ջի»։ Երբ նա պատասխանեց՝ Մորուել, ես, ինքս ինձ մատնելով, բացականչեցի. «Բայց դա մեզանից ընդամենը մի քանի քայլ է հեռու»։ Մենք ծիծաղեցինք և մեծ ուրախությամբ համաձայնվեցինք տեղափոխվել հարևան ժողով՝ այնտեղ ռահվիրայություն անելու։

Մորուելում երեք երջանիկ ու արդյունավետ տարիներ անցկացրինք։ Ապա անակնկալ տեղի ունեցավ։ Ավստրալիայի մասնաճյուղը մեզ առաջարկեց ծառայել որպես հատուկ ռահվիրաներ Արևելյան Թիմորում, որը փոքրիկ մի երկիր է Ինդոնեզիայի կղզիներից մեկում։ Հուզմունքից աչքերս արցունքով լցվեցին։ Ես շնորհակալություն հայտնեցի Եհովային իմ բոլոր աղոթքներին պատասխանելու համար։ Նա թույլ տվեց ինձ ոչ միայն դառնալ իր ծառան, այլև ամուսնուս հետ ծառայել օտար երկրում։

Ծառայություն՝ օտար երկրում

Արևելյան Թիմորի մայրաքաղաք Դիլի հասանք 2003 թ. հուլիսին։ Երկրում կար ընդամենը մի ժողով, որը բաղկացած էր Ավստրալիայից ժամանած 13 հատուկ ռահվիրաներից և մի քանի տեղացի Վկաներից։ Թիմորացի եղբայրներն ու քույրերը շատ աղքատ էին։ Նրանց մեծ մասը կորցրել էր հարազատներին և ունեցվածքը 24 տարի տևած քաղաքացիական պատերազմում, որն ավարտվել էր 1999 թ.։ Բացի այդ, շատերը հալածվում էին հարազատների կողմից իրենց նոր հավատի համար։ Սակայն չնայած իրենց չքավորությանն ու նեղություններին՝ այդ եղբայրները հոգևորապես հարուստ էին ու երջանիկ (Հայտնություն 2։8, 9)։

Թիմորի բնակիչների մեծ մասը աստվածավախ էր ու հարգանքով էր վերաբերվում Աստվածաշնչին։ Կարճ ժամանակ անց այնքան ուսումնասիրություններ սկսեցինք, որ չէինք հասցնում բոլորն անցկացնել։ Ժամանակի ընթացքում մեր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատներից մի քանիսը մկրտվեցին և սկսեցին մեզ հետ ծառայել Եհովային։ Նրանց հոգևոր առաջադիմությունը տեսնելով՝ մեծ ուրախություն էինք ապրում։

2006 թ. Դիլիում իրավիճակը նորից անկայուն դարձավ։ Էթնիկական խմբերի միջև եղած լարվածության պատճառով մեծ հակամարտություն սկսվեց։ Բազմաթիվ տներ կողոպտվեցին և հիմնահատակ այրվեցին։ Տեղացի Վկաները ապաստան գտան հատուկ ռահվիրաների տներում։ Մեր տունն ու բակը ժամանակավորապես վերածեցինք փախստականների ճամբարի։ Որոշ ժամանակ այնտեղ մեզ հետ բնակվում էր 100 հոգի։ Մեր ավտոմեքենայի մեծ կայանատեղին, որը ծածկ ուներ, դարձավ խոհանոց, ճաշարան և ժամանակավոր Թագավորության սրահ։

Թեպետ շուրջը կրակոցներ էին լսվում, և ռումբեր էին պայթում, մեր ռահվիրայական տունը խաղաղության հանգրվան էր։ Բոլորս էլ զգում էինք Եհովայի պաշտպանությունը։ Մենք օրը սկսում էինք աստվածաշնչյան խոսքի քննարկումով։ Սովորականի պես հանդիպումներ էինք անցկացնում։ Նաև օգնում էինք հետաքրքրվող անհատներին ուսումնասիրել Աստվածաշունչը։

Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ այն Վկաներին, ովքեր ծագումով երկրի արևելյան շրջաններից էին, վտանգավոր կլինի մնալ Դիլիում։ Ուստի պատասխանատու եղբայրները որոշեցին փախստականների նոր խումբ ստեղծել Բաուկաուում՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքում, որտեղ հասնելու համար Դիլիից պետք էր երեք ժամ մեքենայով գնալ դեպի արևելք։ Այդ պատճառով մենք նոր նշանակում ստացանք՝ ծառայել Բաուկաուում։

Բաուկաու հասանք 2006 թ. հուլիսին՝ գրեթե երեք տարի անց այն ժամանակից, երբ եկանք Արևելյան Թիմոր։ Մեր նոր խումբը բաղկացած էր չորս հատուկ ռահվիրաներից և թիմորացի վեց Վկաներից։ Թեպետ վերջիններս Դիլիում էին թողել իրենց ողջ ունեցվածքը, սակայն իրենց դեմքերը լուսավորված էին պայծառ ժպիտով։ Մենք պարզապես հիանում ենք նրանց հավատարմությամբ և անձնազոհությամբ։

Այսօր ես և Վիլը ծառայում ենք Բաուկաուում։ Մենք շատ ենք սիրում այս ծառայությունը և համոզված ենք, որ սա Եհովայի հերթական օրհնությունն է։ Այժմ տեսնում եմ, որ տատիկս իրավացի էր։ Եհովան անդադար հոգ է տարել իմ մասին այս բոլոր տարիների ընթացքում։ Ես անընդհատ շնորհակալություն եմ հայտնում նրան այն բանի համար, որ ինձ արժանացրել է իր ժողովրդի հետ ծառայելու պատվին։ Նաև անհամբերությամբ սպասում եմ տատիկիս հարությանը։ Ես ուզում եմ նրան էլ շնորհակալություն հայտնել, որ ինձ ցույց տվեց իսկական երջանկության և բովանդակալից կյանքի այս ուղին։

[Ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 18–րդ էջի վրա]

Ես ու տատիկս

[Նկար 21–րդ էջի վրա]

Ամուսնուս՝ Վիլի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը