ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հիմա ես շատ եմ սիրում ծառայությունը»
ՄԵԾԱՑԵԼ եմ Բալկլութա գյուղաքաղաքում։ Այն գտնվում է Նոր Զելանդիայի Հարավային կղզում։ Երեխա ժամանակ շատ մտերիմ էի Եհովայի հետ և անչափ սիրում էի ճշմարտությունը։ Մեր հանդիպումներին հաճախելը ինձ համար բերկրանք էր. ժողովը ջերմ ընտանիք էր, որտեղ ապահով ու երջանիկ էի զգում։ Ճիշտ է, բնույթով շփվող չէի, բայց ամեն շաբաթ հաճույքով էի մասնակցում քարոզչական ծառայությանը։ Դպրոցում էլ չէի վարանում վկայություն տալ, որովհետև Եհովայի վկա լինելը ինձ համար պատիվ էր։ Ուստի տասնմեկ տարեկանում կյանքս նվիրեցի Աստծուն։
ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ
Ցավոք, երբ մոտ տասներեք տարեկան էի, Եհովայի հետ իմ ջերմ փոխհարաբերությունները սկսեցին սառչել։ Ինձ թվում էր, թե համադասարանցիներս գրեթե անսահմանափակ ազատություն ունեն, ու որ ես ինչ-որ բան եմ կորցնում կյանքում։ Քրիստոնեական չափանիշներն ու ծնողներիս դրած կանոնները սկսեցին ծանր բեռ թվալ ինձ, իսկ ծառայությունը՝ դժվար պարտականություն։ Թեև Եհովայի գոյությունը երբեք կասկածի տակ չեմ դրել, բայց իմ ու նրա միջև աստիճանաբար անդունդ առաջացավ։
Ճիշտ է, լիովին չէի դադարել մասնակցել քարոզչական գործին, բայց Եհովային տալիս էի իմ նվազագույնը։ Ծառայության գնալուց առաջ երբեք չէի պատրաստվում։ Դրա համար էլ զրույց սկսելն ու շարունակելը իսկական փորձություն էր ինձ համար։ Ուստի զարմանալի չէ, որ ծառայությունս անարդյունավետ էր և ուրախություն չէր բերում ինձ։ Դա էլ իր հերթին ավելի ու ավելի էր մեծացնում հակակրանքս այդ գործի հանդեպ։ Ինքս ինձ մտածում էի. «Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը շաբաթներ, ամիսներ, անգամ տարիներ շարունակ ուրախությամբ անել սա»։
17 տարեկանում անկախ լինելու ցանկությունս դարձավ անհաղթահարելի։ Կապեցի ճամպրուկներս, հեռացա տնից և տեղափոխվեցի Ավստրալիա։ Ծնողներիս համար շատ ծանր էր տեսնել, թե ինչպես եմ լքում հայրական տունս։ Նրանք մտահոգված էին, բայց հույս ունեին, որ չեմ հեռանա Եհովայից։
Ավստրալիայում հոգևորապես ավելի թուլացա։ Հաճախ էի բացակայում ժողովի հանդիպումներից։ Բացի այդ՝ մտերմացա այնպիսի երիտասարդների հետ, ովքեր ինձ պես մի օր գալիս էին ժողովի հանդիպման, իսկ հաջորդ օրերին գնում էին գիշերային ակումբներ՝ խմելու և պարելու։ Հայացք նետելով այդ օրերին՝ կարելի է ասել, որ մի ոտքով ճշմարտության մեջ էի, իսկ մյուս ոտքով՝ աշխարհում, բայց ոչ ճշմարտությունն էր հարազատ սրտիս, ոչ էլ աշխարհը։
ԱՆՍՊԱՍԵԼԻ, ԲԱՅՑ ՇԱՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԴԱՍ
Մոտ երկու տարի անց ծանոթացա մի քրոջ հետ, ով փոխեց կյանքս՝ նույնիսկ չիմանալով դրա մասին։ Այդ հանդիպումը պատճառ եղավ, որ մտածեմ, թե ուր է ընթանում իմ կյանքը։ Ապրում էի չորս ամուրի քույրերի հետ։ Մենք որոշեցինք մեկ շաբաթով հյուրընկալել շրջանային վերակացուին ու նրա կնոջը։ Մինչ շրջանային վերակացուն զբաղված էր ժողովի գործերով, նրա կինը՝ Թամարան, մեզ հետ էր ժամանակ անցկացնում։ Այդ օրերին հաճախ էինք ծիծաղում միասին։ Ինձ դա անչափ դուր էր գալիս։ Թամարան սուրբ չէր ձևանում, և նրա հետ շատ հեշտ էր զրուցել։ Աչքերիս չէի հավատում, որ հոգևորապես այդքան հասուն անձնավորության հետ հնարավոր է այդքան հաճելի ժամանակ անցկացնել։
Թամարայի խանդավառությունը հիացնում էր մեզ։ Ճշմարտության և ծառայության հանդեպ նրա սերը վարակիչ էր։ Թամարան Եհովային ուրախությամբ էր տալիս իր լավագույնը, մինչդեռ ես անգամ իմ նվազագույնն էի դժկամությամբ տալիս։ Այդ քրոջ դրական տրամադրվածությունն ու անկեղծ ուրախությունը անջնջելի հետք թողեցին իմ կյանքում։ Նրա օրինակը օգնեց, որ մի առանցքային ճշմարտություն հասկանամ. Եհովան ուզում է, որ բոլորս ծառայենք իրեն ուրախությամբ ու ցնծությամբ (Սաղ. 100։2)։
ԿՐԿԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑՍ
Ուզում էի Թամարայի պես ուրախ լինել, բայց դրա համար պետք է փոփոխություններ անեի։ Մոտ երեք տարի տևեց, մինչև կարողացա որոշ փոփոխություններ անել կյանքումս։ Ես սկսեցի պատրաստվել ծառայությունից առաջ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ենթառահվիրայություն անել։ Դա օգնեց, որ քարոզելիս առաջվա պես չլարվեմ և ավելի վստահ զգամ ինձ։ Նաև սկսեցի ավելի հաճախ օգտագործել Աստվածաշունչը, ու դա կրկնապատկեց ծառայությունից ստացած ուրախությունս։ Կարճ ժամանակ անց արդեն ամեն ամիս էի ենթառահվիրա ծառայում։
Ես ընկերացա տարբեր տարիքի մարդկանց հետ, ովքեր սրտանց էին ծառայում Եհովային և ուրախություն էին ստանում դրանից։ Նրանց օրինակը օգնեց, որ մտածեմ, թե կյանքում ինչին եմ առաջնային կարևորություն տալիս, և հոգևոր գործերի լավ գրաֆիկ կազմեմ։ Ծառայության հանդեպ սերս օր օրի ավելանում էր, և ես ռահվիրայություն սկսեցի։ Վերջապես, երկար տարիներ անց ժողովում գտա իմ տեղը և կրկին զգացի ինձ ինչպես տանը։
ԳՏԱ ԻՄ ՄՇՏԱԿԱՆ ԾԱՌԱՅԱԿՑԻՆ
Մի տարի անց ծանոթացա Ալեքսի հետ։ Նա շատ բարի ու անկեղծ մարդ է, ով անչափ սիրում է Եհովային և ծառայությունը։ Այդ ժամանակ նա ծառայող օգնական էր և արդեն վեց տարի էր, ինչ ռահվիրա էր ծառայում։ Նաև մոտ ութ ամիս Մալավիում էր ծառայել, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Այնտեղ Ալեքսը շփվել էր միսիոներների հետ, ովքեր խոր ազդեցություն էին թողել իր վրա և հորդորել էին, որ շարունակի նախ Աստծու Թագավորությունը փնտրել։
2003-ին ամուսնացանք և առ այսօր լիաժամ ծառայության մեջ ենք։ Այդ ծառայությունը մեզ շատ բան է սովորեցրել, Եհովան էլ անսահման օրհնել է մեզ։
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԴՈՒՌ Է ԲԱՑՎՈՒՄ ՄԵՐ ԱՌԱՋ
Գլենոյում քարոզելիս, Թիմոր Լեստե
2009-ին մեզ նշանակեցին որպես միսիոներներ՝ ծառայելու Թիմոր Լեստեում։ Դա ինդոնեզական կղզեխմբում գտնվող փոքր երկիր է։ Մենք ցնցված էինք, հուզված և միևնույն ժամանակ շատ շփոթված։ Հինգ ամիս անց ժամանեցինք Թիմոր Լեստեի մայրաքաղաք Դիլի։
Մեր կենսակերպը լիովին փոխվեց։ Պետք է հարմարվեինք տեղի մշակույթին, ապրելու պայմաններին և նոր լեզու սովորեինք։ Մեզ համար խորթ էր անգամ այդ երկրի խոհանոցը։ Ծառայության ժամանակ հաճախ էինք հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր գրեթե տառաճանաչ չէին, ծայրահեղ աղքատ էին ու տանջված։ Նրանցից շատերը ֆիզիկական և զգացական վերքեր ունեին, որոնց պատճառը պատերազմն ու բռնարարքներն էին։a
Ծառայությունն այնտեղ անմոռանալի էր։ Օրինակ՝ մի անգամ հանդիպեցինք 13 տարեկան մի աղջնակի, որի անունը Մարիա էր։b Նա շատ տխուր էր։ Մարիայի մայրը մահացել էր տարիներ առաջ, իսկ հորը հազվադեպ էր տեսնում։ Իր հասակակիցներից շատերի պես Մարիան կյանքում ոչ մի նպատակ չուներ։ Հիշում եմ, թե նա ինչպես դառնագին լաց եղավ և սիրտը բացեց իմ առաջ, բայց ես ոչինչ չհասկացա, քանի որ լավ չէի խոսում իրենց լեզվով։ Այդ պահին Եհովայից օգնություն խնդրեցի, որ կարողանամ քաջալերել այդ աղջնակին։ Ապա սկսեցի Աստվածաշնչից մխիթարական մտքեր կարդալ նրա համար։ Տարիների ընթացքում ականատես եղա, թե ճշմարտությունն ինչպես փոխեց Մարիայի տրամադրվածությունը, արտաքին տեսքը և ողջ կյանքը։ Այժմ նա Եհովայի վկա է և Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություններ է անցկացնում։ Մարիան այլևս միայնակ չէ, նա հոգևոր մեծ ընտանիք ունի, որտեղ իրեն սիրված ու գնահատված է զգում։
Եհովան առատապես օրհնում է Թիմոր Լեստեում ընթացող քարոզչական գործը։ Թեև այնտեղի քարոզիչների մեծ մասը մկրտվել է վերջին տասնամյակի ընթացքում, նրանցից շատերը ծառայում են որպես ռահվիրաներ, ծառայող օգնականներ կամ երեցներ։ Ոմանք էլ աշխատում են թարգմանչական գրասենյակում և աջակցում են տեղի լեզուներով հոգևոր սննդի թողարկման գործին։ Սիրտս ուրախությամբ էր լցվում, երբ ժողովի հանդիպման ժամանակ տեսնում էի նրանց ժպտացող դեմքերը, լսում էի, թե ինչպես էին երգով փառաբանում Եհովային, և օր օրի նկատում էի նրանց հոգևոր առաջադիմությունը։
Ալեքսի հետ գնում ենք չնշանակված տարածք՝ Հիշատակի երեկոյի հրավիրատոմսեր տարածելու
ԱՎԵԼԻ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՉԷԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՐԱԶԵԼ
Թիմոր Լեստեում մեր ապրելակերպը լիովին տարբերվում էր այն բանից, թե ինչպես էինք ապրում Ավստրալիայում, բայց ավելի գոհացուցիչ կյանքի մասին ես չէի էլ կարող երազել։ Օրինակ՝ տեղից տեղ գնալու համար սովորաբար օգտվում էինք փոքր ավտոբուսներից։ Դրանք լի էին ոչ միայն ուղևորներով, այլև տեղի շուկայի բազմազան ապրանքներով՝ սկսած չորացրած ձկներից, վերջացրած բանջարեղենի արկղերով։ Ուսումնասիրողներից ոմանք ապրում էին հյուղակներում, և պատահում էր, որ մեր քննարկումները անց էինք կացնում հենց հյուղակում, որտեղ տոթ էր, հատակը հողից էր, և մեր շուրջը հավեր էին վազվզում։ Բայց չնայած բոլոր դժվարություններին՝ ես վայելում էի այդ ծառայությունը։
Մեր քարոզչական տարածք գնալու ճանապարհին
Երբ մտածում եմ այն ուղու մասին, որ անցել եմ, սիրտս գնահատանքով է լցվում ծնողներիս նկատմամբ, ովքեր ջանք չեն խնայել, որ սովորեցնեն ինձ Եհովայի մասին, և շարունակել են աջակցել անգամ դժվարին պատանեկան տարիներիս։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ այն, ինչ գրված է Առակներ 22։6-ում, բացարձակ ճշմարտություն է։ Ծնողներս հպարտանում են մեզնով և շատ են ուրախանում՝ տեսնելով, թե ինչ հաճույքով ենք ծառայում Եհովային։ 2016 թվականից ի վեր շրջանային ծառայության մեջ ենք. ծառայում ենք Ավստրալասիայի մասնաճյուղի տարածքում։
Թիմորի մի քանի ժպտադեմ երեխաների ցույց եմ տալիս Կարենի ու Սոնայի մուլտֆիլմը
Անհավատալի է, որ մի ժամանակ քարոզչական գործը ծանր պարտականություն էի համարում։ Հիմա շատ եմ սիրում ծառայությունը։ Ես հասկացա, որ անկախ կյանքի վայրիվերումներից՝ իսկական ուրախությունը միայն ու միայն Եհովային ամբողջ սրտով ծառայելուց է բխում։ Այո՛, այս վերջին 18 տարիները, որ Ալեքսի հետ անցկացրել ենք լիաժամ ծառայության մեջ, կյանքիս ամենաերջանիկ տարիներն են եղել։ Հիմա հասկանում եմ, թե որքան ճշմարիտ են այն խոսքերը, որ Դավիթ թագավորն ասաց Եհովային. «Բոլոր քեզ մոտ ապաստան գտնողները կուրախանան, հավիտյան կցնծան ուրախությունից.... Եվ քո անունը սիրողները կհրճվեն քեզանով» (Սաղ. 5։11)։
Այդ խոնարհ մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրելը իսկական հաճույք էր
a Քաղաքական անկախություն ձեռք բերելու համար 1975 թ.-ից ի վեր Թիմոր Լեստեն ավելի քան 20 տարի պատերազմի մեջ է եղել։
b Անունը փոխված է։