Հին ձեռագրեր. ինչպե՞ս են թվագրվում
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱԳԵՏ Կոնստանտին ֆոն Տիշենդորֆը 1844 թ.–ին եկավ Սբ Կատերինե վանք, որը գտնվում է Եգիպտոսում՝ Սինա լեռան ստորոտում։ Մանրամասնորեն հետազոտելով վանքի գրադարանը՝ նա գտավ մի քանի հետաքրքիր մագաղաթներ։ Քանի որ Տիշենդորֆը հնագրությունa էր ուսումնասիրում, նա հասկացավ, որ դրանք հատվածներ են Աստվածաշնչի «Յոթանասնից» թարգմանությունից («Յոթանասնից»–ը Աստվածաշնչի Եբրայերեն Գրությունների, կամ՝ «Հին Կտակարանի» հունարեն թարգմանությունն է)։ «Մինչ այդ իմ տեսած բոլոր մագաղաթները իրենց հնությամբ չէին կարող համեմատվել Սինայի մոտ իմ գտած էջերի հետ»,— գրեց նա։
Այդ մագաղաթները, որոնք հետագայում այլ մագաղաթների հետ հայտնի եղան «Սինայական ձեռագիր» անվանումով, թվագրվել են 4–րդ դարով։ Այն ընդամենը մեկն է Աստվածաշնչի Եբրայերեն և Հունարեն Գրությունների հազարավոր ձեռագրերից, որոնք հայտնվել են գիտնականների ուշադրության կենտրոնում։
Հունական հնագրության զարգացումը
Բենեդիկտյան միաբանության վանական Բեռնար դե Մոնֆոկոնը (1655–1741) դրեց հունարեն ձեռագրերի համակարգված ուսումնասիրության հիմքը։ Հետագայում ուրիշ գիտնականներ ևս սկսեցին հետազոտություններ կատարել այս բնագավառում։ Տիշենդորֆը ձեռնարկեց Աստվածաշնչի՝ Եվրոպայի գրադարաններում գտնվող հունարեն հնագույն ձեռագրերի ցուցակը կազմելու ահռելի աշխատանքը։ Բացի այդ, նա մի քանի անգամ գնաց Մերձավոր Արևելք և ուսումնասիրեց հարյուրավոր վավերագրեր, այնուհետև հրապարակեց իր հետազոտության արդյունքները։
20–րդ դարում հնագրագետների ձեռքի տակ հայտնվեցին լրացուցիչ միջոցներ՝ ուսումնասիրություններ կատարելու համար։ Դրանցից մեկը Մարսել Ռիշարի կազմած գրացուցակն էր, որն ընդգրկում էր մոտ 900 ցանկ։ Այդ ցանկերը նկարագրում էին 55 000 հունարեն աստվածաշնչային և ոչ աստվածաշնչային ձեռագրեր, որոնք պատկանում էին 820 գրադարանների և մասնավոր անձանց։ Այսպիսի մեծ քանակությամբ տեղեկությունները օգտակար են թարգմանիչներին, ինչպես նաև օգնում են հնագրագետներին հնարավորինս ճշգրտորեն թվագրելու ձեռագրերը։
Ինչպես են թվագրվում ձեռագրերը
Պատկերացրեք, որ դուք մաքրում եք հին տան վերնահարկը, և գտնում եք ձեռքով գրված մի նամակ, որն արդեն դեղնել է։ «Հետաքրքիր է, քանի՞ տարեկան է այս նամակը»,— թերևս զարմացած հարցնեք։ Բայց ահա մեկ ուրիշ նամակ եք գտնում։ Այն ընդհանուր ոճով, ձեռագրով, կետադրությամբ և այլ հատկանիշներով նման է առաջին նամակին։ Որքա՜ն եք ուրախանում՝ տեսնելով, որ երկրորդ նամակը թվագրված է։ Թեպետ չեք կարող որոշել, թե երբ է գրվել առաջին նամակը, այժմ դուք երկրորդ նամակի միջոցով կարող եք պարզել, թե մոտավորապես երբ է գրվել առաջինը։
Հին գրագիրների մեծամասնությունը Աստվածաշնչի ձեռագրերի վրա չի նշել որևէ թվական։ Ուստի ժամանակը որոշելու նպատակով գիտնականները այդ տեքստերը համեմատում են այնպիսի տեքստերի, այդ թվում նաև ոչ աստվածաշնչյան հին տեքստերի հետ, որոնց գրվելու ժամանակը հայտնի է։ Այնուհետև եզրակացություններ են անում՝ ելնելով գրելու ոճից, կետադրությունից, համառոտագրություններից և նման այլ բաներից։ Ամեն դեպքում, այսօր գոյություն ունեն մի քանի հարյուր թվագրված մագաղաթներ, որոնք գրվել են հունարեն լեզվով՝ սկսած մոտավորապես 510 թվականից մինչև 1593 թվականը։
Ձեռագրի ոճը՝ որպես բանալի
Հնագրագետները հին հունարեն ձեռագրերը բաժանում են երկու դասի՝ գրքային (շքեղ և պաշտոնական) և շեղագիր (արագ գրելու մի եղանակ, որն օգտագործվել է ոչ պաշտոնական փաստաթղթերում)։ Հույն գրագիրները օգտագործել են տարբեր տառատեսակներ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ մեծատառ, ունցիալային (մեծատառի մի ձև), շեղագիր և մինուսկուլ։ Գրքային դասին պատկանող տառատեսակներից մեկը՝ ունցիալային գիրը, օգտագործվել է մ.թ.ա. 4–րդ դարից մինչև մ.թ. 8–րդ կամ 9–րդ դարը։ Մինուսկուլը, որը գրքային գրի փոքր տեսակն է, կիրառության մեջ մտավ 8–րդ կամ 9–րդ դարից մինչև 15–րդ դարը, երբ Եվրոպայում հայտնագործվեց շարժական տառերով տպագրությունը։ Մինուսկուլը հնարավորություն էր տալիս գրելու արագ և սեղմ, ինչն էլ իր հերթին հնարավորություն էր տալիս խնայելու ժամանակն ու մագաղաթը։
Հնագրագետները նախընտրում են թվագրման որոշակի մեթոդներ։ Սովորաբար նրանք ձեռագիրը քննում են նախ որպես ամբողջություն, այսպես ասած՝ ընդհանուր հայացք նետելով, այնուհետև սկսում են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել՝ հետազոտելով յուրաքանչյուր տառը։ Բավական երկար ժամանակ էր անցնում, մինչև որ ձեռքով գրելու ոճի մեջ նշանակալի փոփոխություններ տեղի ունենային։ Այդ իսկ պատճառով, չնայած օգտակարությանը, տառերի մանրակրկիտ ուսումնասիրության միջոցով կարելի էր պարզել մագաղաթի գրման միայն մոտավոր ժամանակը։
Բարեբախտաբար, կան միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ճշգրտորեն որոշելու ձեռագրի «տարիքը»։ Դրանցից մեկն այն է, որ գիտնականները բնորոշում և թվագրում են գրելու ոճի մեջ մտած ինչ–որ փոփոխություն։ Օրինակ՝ 900 թ.–ից հետո գրագիրները հունարեն տեքստերում սկսեցին հաճախակի օգտագործել կցատառեր (երկու կամ ավելի միակցված տառեր)։ Նրանք կիրառության մեջ դրեցին նաև տողատակային տառեր (այսինքն՝ որոշ հունարեն տառեր տողի գծից ներքև էին գրում), ինչպես նաև այսպես կոչված շնչեղության նշաններ, որոնք հնարավորություն էին տալիս ճիշտ արտասանելու բառերը։
Անհատի ձեռագիրը սովորաբար նույնն է մնում նրա ողջ կյանքի ընթացքում։ Ուստի որևէ ձեռագրի համար կարելի է ասել, որ այն գրվել է ինչ–որ ժամանակ 50 տարվա ընթացքում։ Խնդիրը բարդանում է նրանով, որ գրագիրները երբեմն որպես օրինակ վերցրել են ավելի հին մագաղաթները, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե նրանց գրածը ավելի հին է, քան իրականում կա։ Այդուհանդերձ, չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Աստվածաշնչի մի շարք կարևոր ձեռագրեր հնարավոր է եղել թվագրել։
Աստվածաշնչի հունարեն ձեռագրերի թվագրումը
Ալեքսանդրյան ձեռագիրը, որն այժմ գտնվում է Բրիտանական գրադարանում, առաջինն է Աստվածաշնչի նշանակալի ձեռագրերից, որոնք մատչելի են դարձել գիտնականներին։ Այն պարունակում է Աստվածաշնչի մեծ մասը և գրված է հունարեն ունցիալային գրերով բարակ մագաղաթի վրա։ Այս մատյանը թվագրվում է 5–րդ դարի սկզբով, և դրա պատճառը հիմնականում այն փոփոխություններն են, որոնք կատարվել են ունցիալային գրերի մեջ 5–րդ և 6–րդ դարերում։ Դրանց օրինակն է մի թվագրված ձեռագիր, որը կոչվում է «Դիոսկորիդես Վիեննացի»b։
Երկրորդ նշանակալի մատյանը, որ մատչելի դարձավ մասնագետներին, Սինայական ձեռագիրն է։ Այն Սբ Կատերինե վանքից ձեռք բերեց Տիշենդորֆը։ Մատյանը գրվել է հունարեն ունցիալային տառերով և պարունակում է Եբրայերեն Գրությունների մի մասը (հունարեն «Յոթանասնից»), ինչպես նաև ամբողջ Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Այս մատյանի 43 թերթ գտնվում է Լեյպցիգում (Գերմանիա), 347–ը՝ Լոնդոնի Բրիտանական գրադարանում, իսկ 3 թերթի պատառիկներ էլ՝ Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան)։ Ձեռագիրը թվագրվում է 4–րդ դարի վերջով։ Այդ թվագրմանը թիկունք են կանգնում չորրորդ դարի պատմիչ Եվսեբիոս Կեսարացու մշակած ծանոթագրություններըc։
Երրորդ նշանակալի մատյանը Վատիկանյան ձեռագիրն է (№1209), որը սկզբնապես պարունակել է ամբողջական Աստվածաշունչը հունարեն լեզվով։ Այս ձեռագիրը առաջին անգամ Վատիկանի գրադարանի ցուցակներում հայտնվեց 1475 թ.–ին։ Այս մագաղաթը ունի 759 թերթ, գրվել է հունարեն ունցիալային գրով և պարունակում է ամբողջ Աստվածաշունչը՝ բացառությամբ «Ծննդոց»–ի մեծ մասի և «Սաղմոսներ»–ի ու Քրիստոնեական Հունարեն Գրությունների մի մասի։ Գիտնականները ձեռագիրը վերագրում են 4–րդ դարի սկզբին։ Ինչպե՞ս նրանք եկան այդ եզրակացությանը։ Վատիկանյան ձեռագիրը նման է Սինայական ձեռագրին, որը նույնպես 4–րդ դարին է պատկանում։ Բայց Վատիկանյանը փոքր–ինչ հին է համարվում։ Այս ձեռագրում չկան որոշ բաներ, օրինակ՝ Եվսեբիոսի կանոնների զուգահեռ հղումները։
Գանձ՝ աղբակույտի միջից
1920 թ.–ին Ջոն Ռայլենդսի գրադարանը (Անգլիա, Մանչեստր) մեծ քանակությամբ պապիրուսներ ստացավ, որոնք նոր էին հայտնաբերվել հին եգիպտական մի աղբակույտից։ Գիտնական Քոլին Ռոբերտսը, մինչ ուսումնասիրում էր գտածոն, որը պարունակում էր նամակներ, համառոտ գրություններ և մարդահամարի տվյալներ, նկատեց մի պատառիկ։ Նա իսկույն ճանաչեց պատառիկի վրա գրված տեքստը՝ մի քանի համարներ Հովհաննեսի Ավետարանի 18–րդ գլխից։ Դա Քրիստոնեական Հունարեն Գրությունների ամենահին ձեռագիրն է։
Այդ պատառիկն այսօր հայտնի է «Ջոն Ռայլենդսի պապիրուս 457» անվանումով, իսկ միջազգային դասակարգմամբ՝ P52։ Այն գրվել է հունարեն ունցիալային տառերով և թվագրվում է 2–րդ դարի սկզբով. դրանից ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Հովհաննեսը գրեց իր անունը կրող Ավետարանը։ Հետաքրքրական է, որ տեքստը գրեթե լիովին համապատասխանում է շատ ավելի ուշ գրված մագաղաթների տեքստերին։
Հին, սակայն ճշգրիտ
Աստվածաշնչյան ձեռագրերի մասնագետ բրիտանացի Ֆրեդերիկ Քենյոնը իր գրքում Քրիստոնեական Հունարեն Գրությունների վերաբերյալ գրեց. «Նոր կտակարանի գրքերի և՛ վավերականությունը, և՛ ամբողջականությունը կարելի է համարել վերջնականորեն հաստատված» (The Bible and Archæology)։ Իսկ Եբրայերեն Գրությունների ճշգրտության վերաբերյալ աստվածաշնչագետ Ուիլիամ Գրինն ասաց. «Կարելի է միանգամայն վստահ ասել, որ հին աշխարհի ուրիշ ոչ մի գործ այդպես ճշգրտորեն չի փոխանցվել մեզ»։
Այս մեկնաբանությունները մեզ հիշեցնում են Պետրոս առաքյալի խոսքերը. «Ամբողջ մարմինը խոտի պես է, և նրա ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի պես. խոտը չորանում է, և ծաղիկն՝ ընկնում, բայց Եհովայի խոսքը մնում է հավիտյան» (1 Պետրոս 1։24, 25)։
[Ծանոթագրություններ]
a «Հնագրությունը.... ուսումնասիրում է հնագույն և միջնադարյան ձեռագրերը։ Հնագրագետները հիմնականում գործ են ունենում քայքայման ենթակա գրանյութերի՝ պապիրուսի, մագաղաթի և թղթի հետ» (The World Book Encyclopedia)։
b «Դիոսկորիդես Վիեննացի»–ն գրվել է ոմն Յուլիանա Անիսիայի համար, որը մահացել է 527 կամ 528 թվականին։ Այդ ձեռագիրը «բարակ մագաղաթի վրա գրված ունցիալային գրի ամենավաղ օրինակն է, որի մոտավոր թվագրումը կարելի է տալ» (An Introduction to Greek and Latin Palaeography, E. Thompson)։
c Այսպես կոչված Եվսեբիոսի կանոնները ծանոթագրությունների շարք են, կամ՝ զուգահեռ հղումների համակարգ, որոնք «ցույց են տալիս, թե Ավետարանի ինչ–որ հատված մյուս Ավետարանների ո՛ր հատվածներին է նման» (Manuscripts of the Greek Bible, B. Metzger)։
[Նկար 11–րդ էջի վրա]
Մանրամասնորեն ուսումնասիրելով թվագրված ձեռագրերը՝ հնագրագետները կարողանում են որոշել, թե երբ են գրվել չթվագրված մագաղաթները
[Նկար 9–րդ էջի վրա]
Վերևում՝ Կոնստանտին ֆոն Տիշենդորֆ
[Նկար 9–րդ էջի վրա]
Աջում՝ Բեռնար դե Մոնֆոկոն
[Թույլտվությամբ]
© Réunion des Musées Nationaux/ Art Resource, NY
[Աղյուսակ/նկարներ 10–11–րդ էջերի վրա]
Հունարեն գիր
Գրքային (ունցիալային)
մ.թ.ա. 4–րդ դարից մինչև մ.թ. 8–րդ կամ 9–րդ դարը
Կարևոր ձեռագրեր
մ.թ.ա.
400
200
մ.թ.
100
300
400
500
700
800
Ջոն Ռայլենդսի պապիրուս 457
մ.թ. 125
Մեռյալ ծովի ձեռագրերից մեկը
մ.թ.ա. 2–րդ դարի վերջ
Մինուսկուլ
8–րդ կամ 9–րդ դարից մինչև 15–րդ դարը
Վատիկանյան ձեռագիր 1209
4–րդ դարի սկիզբ
Սինայական ձեռագիր
4–րդ դար
Ալեքսանդրյան ձեռագիր
5–րդ դարի սկիզբ
[Թույլտվությամբ]
Dead Sea Scroll: Shrine of the Book, Israel Museum, Jerusalem
Typographical facsimile of Vatican Manuscript No. 1209: From the book Bibliorum Sacrorum Graecus Codex Vaticanus, 1868; Reproduction of Sinaitic Manuscript: 1 Timothy 3:16, as it appears in the Codex Sinaiticus, 4th century C.E.; Alexandrine Manuscript: From The Codex Alexandrinus in Reduced Photographic Facsimile, 1909, by permission of the British Library
[Շրջանակ 10–րդ էջի վրա]
Մեռյալ ծովի ձեռագրերի թվագրումը
Մեռյալ ծովի ձեռագրերից առաջինը հայտնաբերվեց 1947 թ.–ին։ Այն պարունակում էր Աստվածաշնչի «Եսայիա» գիրքը, որը գրվել է կաշվի վրա մինչմասորեթական եբրայերեն գրով։ Ձեռագիրը թվագրվել է մ.թ.ա. 2–րդ դարի վերջով։ Ինչպե՞ս են գիտնականները եկել այս եզրակացությանը։ Նրանք այդ ձեռագիրը համեմատել են եբրայերեն ուրիշ տեքստերի և արձանագրությունների հետ։ Ըստ մասնագետների՝ այն գրվել է ինչ–որ ժամանակ մ.թ.ա. 125–100 թթ.-ին։ Մագաղաթի գրվելու ժամանակը հաստատվել է նաև ստուգման ածխածնային մեթոդով (ածխածին 14)։
Ապշեցուցիչ է, բայց ոչ մի ուսմունքային փոփոխություն չի եղել հետագայում արտագրված տեքստերի մեջ։ Դա երևում է Մեռյալ ծովի ձեռագրերի և մասորեթական տեքստերի համեմատությունից (այդ տեքստերը շատ դարեր անց արտագրել են մասորեթներ կոչվող գրագիրները)d։ Նկատված տարբերություններից շատերը պարզապես առնչվում են ուղղագրությանն ու քերականությանը։ Բացի այդ, ուշագրավ է, որ քառագիրը (Եհովա Աստծու՝ եբրայերեն չորս բաղաձայններով գրված անունը) հետևողականորեն հանդիպում է Եսայիայի ձեռագրում։
[Ծանոթագրություն]
d Մասորեթները, որոնք բծախնդիր հրեա արտագրողներ էին, ապրել են մ.թ. առաջին հազարամյակի երկրորդ կեսին։