Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 10/1 էջ 18–20
  • Վատիկանյան ձեռագիր. անկրկնելի գանձ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վատիկանյան ձեռագիր. անկրկնելի գանձ
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անմատչելի գանձ
  • «Ճշգրտորեն արտագրված» ձեռագիր
  • Գանձ՝ թարգմանիչների համար
  • «Աստծու Խոսքը կմնա հավիտյան»
  • Եփրեմյան ձեռագիր՝ արժեքավոր մագաղաթ
    2009 Դիտարան
  • Հին ձեռագրեր. ինչպե՞ս են թվագրվում
    2008 Արթնացե՛ք
  • Գլանաձև փաթեթից՝ մատյան. ինչպես Աստվածաշունչը դարձավ գիրք
    2007 Դիտարան
2009 Դիտարան
w09 10/1 էջ 18–20

Վատիկանյան ձեռագիր. անկրկնելի գանձ

ՎԱՏԻԿԱՆԸ ասես մի գանձարան լինի։ Գեղեցիկ որմնանկարները, շքեղ քանդակները և վեհաշուք ճարտարապետությունը հիացնում են շատերին։ Բայց այդ քաղաքի անգին գանձերից մեկը դարեր շարունակ մնացել էր թաքնված։ Վատիկանի գրադարանում պահված այդ գանձն օգնեց ավելի ճշգրիտ հասկանալու Աստծու Խոսքը, որը գրի է առնվել հազարավոր տարիներ առաջ։ Այն հայտնի է Վատիկանյան ձեռագիր անվամբa։

Մեզ հայտնի չէ Վատիկանյան ձեռագրի ծագումը։ Մինչդեռ գիտնականներին հայտնի է երկու հին ձեռագրերի՝ Ալեքսանդրյան և Սինայական մատյանների հայտնաբերման հետաքրքիր պատմությունը։ Նրանք նաև գիտեն, թե ինչպես են դրանք փրկվել ոչնչացումից։

Անմատչելի գանձ

Վատիկանյան ձեռագրի մասին առաջին անգամ հիշատակվում է Վատիկանի գրադարանի ցանկում (15–րդ դար)։ Աստվածաշնչագետների կարծիքով՝ ձեռագիր մատյանը գրվել է կա՛մ Եգիպտոսում, կա՛մ Կեսարիայում, կա՛մ էլ Հռոմում։ Քննելով այս վարկածները՝ Բիրմինգհեմի համալսարանի (Անգլիա) պրոֆեսոր Նեվիլ Բրդսոլը եզրակացնում է. «Մենք չենք կարող ճշգրտությամբ ասել, թե երբ և որտեղ է գրվել Վատիկանյան ձեռագիրը։ Չնայած գիտնականների ջանքերին՝ այդ ձեռագրի պատմությունը մինչև 15–րդ դար մնում է անհայտ»։ Ինչևէ, Վատիկանյան ձեռագիրը համարվում է Աստվածաշնչի կարևոր ձեռագրերից մեկը, որը կրկնօրինակ չունի։

Դարերի ընթացքում գրագիրները Աստվածաշնչի տեքստն արտագրելիս սխալներ են թույլ տվել։ Հետևաբար, ովքեր ձգտել են ճշգրտորեն թարգմանել Աստծու Խոսքը, փնտրել են այնպիսի ձեռագրեր, որոնք հնարավորինս մոտ կլինեին բնագրին։ Ուստի կարելի է պատկերացնել, թե բնագրագետները որքան են ցանկացել ուսումնասիրել Վատիկանյան ձեռագիրը, որը գրվել է հունարենով մ.թ. 4–րդ դարում՝ Աստվածաշունչն ամբողջությամբ գրի առնելուց գրեթե 300 տարի անց։ Այս մատյանն ընդգրկում է Եբրայերեն և Հունարեն Գրությունները, բացառությամբ որոշ հատվածների, որոնք կորել են ժամանակի ընթացքում։

Երկար ժամանակ Վատիկանի իշխանությունները ձեռագիրը թաքցրել են աստվածաշնչագետներից։ Հայտնի բնագրագետ Ֆրեդերիկ Քենյոնը գրում է. «1843 թ.–ին [աստվածաբան Կոնստանտին ֆոն] Տիշենդորֆը այս ձեռագիրն ուսումնասիրելու համար թույլտվություն խնդրեց։ Նա ստիպված եղավ սպասել մի քանի ամիս։ Ի վերջո նրան թույլ տրվեց ուսումնասիրել այն ընդամենը 6 ժամ։ ....1845 թ.–ին անգլիացի աստվածաբան Թրեգիլեսը նույնպես թույլտվություն ստացավ տեսնելու ձեռագիրը՝ առանց մի բառ անգամ արտագրելու պայմանով»։ Տիշենդորֆը խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն։ Սակայն այս անգամ 20 էջ արտագրելուց հետո նրան արգելեցին շարունակել աշխատանքը ու նա ընդամենը 8 օր ուսումնասիրեց ձեռագիրը։ Քենյոնը նշում է նաև, որ «Տիշենդորֆը կարողացավ ուսումնասիրել ձեռագիրը ևս 6 օր։ Ընդհանուր հաշվով՝ նա աշխատեց 14 օր՝ օրական 3 ժամ։ Լավագույնս օգտագործելով իրեն ընձեռված հնարավորությունը՝ Տիշենդորֆը 1867 թ.–ին հրատարակեց այս ձեռագրի օրինակը»։ Ավելի ուշ Վատիկանը լույս ընծայեց ձեռագրի ավելի հաջող օրինակ։

«Ճշգրտորեն արտագրված» ձեռագիր

Ինչպիսի՞ն է Վատիկանյան ձեռագիրը։ Աստվածաշնչի պատմության մասին մի գրքում ասվում է. «Ուղղագրությունը, ճշգրիտ կրկնօրինակումը և տեքստի բարձր որակը խոսում է այն մասին, որ ձեռագիրը ուշադրությամբ է արտագրվել։ ....Կարելի է ասել, որ աստվածաշնչյան տեքստի կրկնօրինակման ավանդույթները պահպանված են» (The Oxford Illustrated History of the Bible)։

Երկու ճանաչված բնագրագետներ՝ Վեստկոտը և Հորտը, իրենց հիացմունքն են արտահայտել Վատիկանյան ձեռագրի առանձնահատկությունների վերաբերյալ։ Նրանք 1881 թ.–ին հրատարակեցին Նոր կտակարանի հունարեն տեքստը, որը հիմնված էր Վատիկանյան և Սինայական ձեռագրերի վրա։ Այն առայսօր համարվում է ամենավստահելի աղբյուրը Հունարեն Գրությունների ժամանակակից թարգմանությունների, ինչպես օրինակ՝ Ռոդերհամի Աստվածաշնչի անգլերեն թարգմանության (The Emphasised Bible) և «Նոր աշխարհ թարգմանության» (անգլ.) համար։

Որոշ քննադատներ, սակայն, կարծում են, որ Վեստկոտը և Հորտը գերագնահատել են Վատիկանյան ձեռագիրը։ Արդյոք այն ճշգրտորեն պահպանե՞լ է բնագրի տեքստը։ 1956–ին և 1961–ին լույս տեսան Բոդմերական պապիրուսները, որոնք գրվել էին մ.թ. 3–րդ դարի սկզբին։ Գիտնականների համար դա մեծ հայտնագործություն էր, որովհետև դրանք ընդգրկում էին հատվածներ Ղուկասից և Հովհաննեսից։ Ի՞նչ ցույց տվեց համեմատությունը։

Մի հանդեսում Ֆիլիպ Փեյնը և Փոլ Կանարտը գրում են. «Ապշեցուցիչ նմանություն կա Վատիկանյան ձեռագրի և Բոդմերական պապիրուսների՝ մեզ հասած տեքստի միջև։ Այս նմանությունը տեսնելով՝ կարելի է եզրակացնել, որ Վատիկանյան ձեռագրի գրագիրը օգտվել է Բոդմերական պապիրուսների ժամանակահատվածին պատկանող մի ձեռագրից։ Այսինքն՝ գրագիրը հավանաբար արտագրել է մի հին ձեռագրից կամ այնպիսի մատյանից, որը արտագրվել է ավելի հին ձեռագրից» (Novum Testamentum)։ Իսկ պրոֆեսոր Բրդսոլը նշում է. «Երկուսն էլ շատ նման են իրար։ ....[Վատիկանյան ձեռագիրը] ուշադիր է արտագրված. տեքստի արտագրման ոճը ցույց է տալիս, որ գրագիրները փորձել են ճշգրտությամբ արտագրել իրենց հասած տեքստը»։

Գանձ՝ թարգմանիչների համար

Վատիկանյան ձեռագիրը համեմատելով այլ ձեռագրերի հետ՝ գիտնականները կարողացել են որոշել, թե ինչ է գրված եղել բնագրում։ Իհարկե, այն, որ ձեռագիրը շատ հին է, դեռ չի նշանակում, որ համապատասխանում է բնագիր տեքստին։ Օրինակ՝ Սինայական ձեռագիրը թեև նույնպես գրվել է մ.թ. 4–րդ դարում, սակայն չի ընդգրկում «Գ Թագաւորաց» և «Դ Թագաւորաց» գրքերը։ Բայց քանի որ այդ գրքերը կան Վատիկանյան և Ալեքսանդրյան ձեռագրերում, դրանք մտել են Աստվածաշնչի կանոնի մեջ։ Հետաքրքիր է, որ հետագայում այդ գրքերից պատառիկներ գտնվեցին նաև Մեռյալ ծովի ձեռագրերում։

Ինչպես նշվում էր Աստվածաշնչի պատմության մասին մի գրքում, Վատիկանի ձեռագիրն օգնեց աստվածաշնչագետներին պարզաբանելու վիճահարույց «այն հատվածները, որոնք առնչվում էին Քրիստոսի էությանը և սուրբ Երրորդության ուսմունքին» (The Oxford Illustrated History of the Bible)։

Քննենք մի օրինակ։ Հովհաննես 3։13 համարում կարդում ենք. «Ոչ մի մարդ չի բարձրացել երկինք, այլ միայն նա, որ երկնքից իջավ՝ մարդու Որդին»։ Որոշ թարգմանիչներ ավելացրել են «նա, որ երկնքում է» խոսքերը։ Այդ պատճառով համարից հասկացվում է, որ Հիսուսը միաժամանակ և՛ երկնքում էր, և՛ երկրի վրա։ Այս միտքը թիկունք է կանգնում Երրորդության ուսմունքին։ Թեև 5–10-րդ դարերի որոշ ձեռագրերում կան այս խոսքերը, սակայն Վատիկանյան և Սինայական ձեռագրերում, որոնք ավելի հին են, դրանք չկան։ Ուստի ժամանակակից շատ թարգմանիչներ չեն թարգմանել այդ հատվածը։ Այս ձեռագրերի շնորհիվ Քրիստոսի էության մասին սխալ պատկերացումը ճշտվեց, և Աստվածաշնչի այս համարը դարձավ ներդաշնակ ողջ Գրություններին, այսինքն՝ Հիսուսը ոչ թե միաժամանակ երկու տեղում էր, այլ եկավ երկնքից և վերադարձավ երկինք՝ «բարձրացավ» իր Հոր մոտ (Հովհաննես 20։17)։

Վատիկանյան ձեռագիրը օգնեց նաև հասկանալու, թե որն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ։ Օրինակ՝ Աստվածաշնչի Արարատ թարգմանությունում Պետրոսի մարգարեական խոսքերը գրված են այսպես. «Երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին» (2 Պետրոս 3։10)։ Այլ թարգմանություններ ևս նույն միտքն են հաղորդում, քանի որ թարգմանիչները օգտվել են 5–րդ դարի Ալեքսանդրյան ձեռագրից և ավելի ուշ գրված մատյաններից։ Այդ պատճառով շատ ընթերցողներ եզրակացրել են, թե Աստված կործանելու է երկիրը։

Ալեքսանդրյան ձեռագրից մոտ մեկ դար առաջ գրված Վատիկանյան ձեռագրում (նաև Սինայական ձեռագրում) Պետրոսի խոսքերը գրված են հետևյալ կերպ. «Երկիրն ու նրանում եղած գործերը կբացահայտվեն»։ Արդյոք այս միտքը ներդաշնա՞կ է Աստվածաշնչին։ Իհա՛րկե։ Սաղմոս 104։5–ում կարդում ենք. «Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան»։ Իսկ ի՞նչ իմաստով երկիրը պետք է «բացահայտվի»։ Աստվածաշնչի այլ համարներ օգնում են հասկանալու, որ երկիր բառը նաև փոխաբերական իմաստով է օգտագործվում։ Օրինակ՝ «երկիրը» կարող է խոսել և երգել (Ծննդոց 11։1; Սաղմոս 96։1)։ Այսինքն՝ «երկիրը» խորհրդանշում է մարդկային հասարակությունը։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստված չի կործանի մեր մոլորակը, այլ կբացահայտի մարդկանց չար գործերը և կվերացնի չարագործներին։

«Աստծու Խոսքը կմնա հավիտյան»

Ինչ խոսք, ցավալի է, որ Վատիկանյան ձեռագիրը դարեր շարունակ մնացել է փակի տակ, և Աստծու Խոսքն ընթերցողները հաճախ սխալ են հասկացել որոշ հատվածներ։ Սակայն այսօր Վատիկանյան ձեռագիրը, ինչպես նաև Աստվածաշնչի ժամանակակից վստահելի թարգմանությունները ճշմարտությունը փնտրողներին օգնում են իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։

Հնում որոշ գրագիրներ հաճախ մատյանների վրա գրել են հետևյալ խոսքերը. «Ձեռքն այս կփտի գերեզմանում, բայց գիրն այս կապրի դարեր»։ Այս անհայտ գրագիրները մեզ արժեքավոր գանձ են թողել, և մենք գնահատում ենք նրանց տքնաջան աշխատանքը։ Սակայն Աստծու Խոսքի պահպանման համար մենք երախտապարտ ենք Աստվածաշնչի Հեղինակին, որը դեռ շատ վաղուց իր մարգարեի միջոցով գրել է. «Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։

[ծանոթագրություն]

a Վատիկանյան ձեռագիրը, որը երբեմն կոչվում է Վատիկանյան կոդեքս (1209), կամ՝ Codex Vaticanus (լատ.), բնագրագետներին ծանոթ է նաև “B” տեքստային նշանով։ Կոդեքսը՝ մատյանը, շատ նման է եղել ժամանակակից գրքերին։ Տե՛ս նաև 2007 թ. հունիսի 1–ի «Դիտարանի»՝ «Գլանաձև փաթեթից՝ մատյան. ինչպես Աստվածաշունչը դարձավ գիրք» հոդվածը։

[շրջանակ 20–րդ էջի վրա]

Հին ձեռագրերի թվագրումը

Թեև որոշ գրագիրներ մատյանների վրա գրել են տարեթվեր, բազմաթիվ հունարեն ձեռագրերում դրանք գրված չեն։ Այդ դեպքում ինչպե՞ս են գիտնականները որոշում աստվածաշնչյան ձեռագրերի տարեթվերը։ Ինչպես որ լեզուն և արվեստն են տարբերվել սերնդեսերունդ, այնպես էլ տարբեր ժամանակներում տարբեր գրեր են օգտագործվել։ Օրինակ՝ ունցիալային գրերը՝ ուղիղ տողերի վրա գրվող մեծատառերը, օգտագործվել են՝ սկսած չորրորդ դարից։ Գիտնականները կարողանում են ավելի ճշգրտորեն թվագրել հին մատյանները՝ ուշադրությամբ ուսումնասիրելով և համեմատելով թվագրված ու անհայտ տարեթվով ձեռագրերը։

Սակայն այս մեթոդը ունի նաև թերություններ։ Փրինսթոնի Աստվածաբանական սեմինարիայի պրոֆեսոր Բրյուս Մեցգերը նշում է. «Քանի որ մարդու ձեռագիրը կյանքի ընթացքում գրեթե չի փոխվում, հնարավոր է որոշել ձեռագրի տարիքը, սակայն ոչ բացարձակ ճշգրտությամբ։ Սխալվելու հավանականությունը առնվազն հիսուն տարի է»։ Այս հաշվարկներից ելնելով՝ բնագրագետների մեծ մասը եկել է համաձայնության, որ Վատիկանյան ձեռագիրը պատկանում է չորրորդ դարին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը