Կավե անդորրագիր, որը հաստատում է Աստվածաշնչի արձանագրությունը
◼ 1870–ականներին Բաղդադի մոտ (Իրաք) պեղումների ժամանակ հայտնաբերվեց 5,5 սանտիմետր լայնությամբ կավե հուշատախտակ։ 2007 թ.–ին Վիեննայի (Ավստրիա) համալսարանի պրոֆեսոր Մայքլ Յուրսան Բրիտանական թանգարանում հետազոտություններ կատարելիս պատահաբար տեսավ այս հուշատախտակը։ Պրոֆեսորը տախտակի վրա կարդաց Նաբավ–սարսեքիմ անունը (բաբելոնական արտասանությամբ՝ Նաբու–շարուսուքին)։ Ըստ Երեմիա 39։3–իa՝ այս անձնավորությունը եղել է բաբելոնացի մի պաշտոնյա։
Սարսեքիմը Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանատարներից մեկն է եղել և, ըստ հուշատախտակի, ունեցել է «ներքինապետի» պաշտոն։ Դեռ ավելին, այն, որ ներքինապետի պաշտոնը զբաղեցնում էր միայն մեկը, անհերքելի փաստ է, որ Սարսեքիմը այն նույն անձնավորությունն է, որի մասին խոսվում է Աստվածաշնչում։
Հուշատախտակի արձանագրության մեջ նշվում է, որ Սարսեքիմը Մարդուկի, կամ՝ Մարովդաքի՝ Բաբելոնի գլխավոր աստծու (այս անունը գրված է նաև Աստվածաշնչում) տաճարին ոսկի է տվել (Երեմիա 50։2)։ Սակայն դա ոչ մի առնչություն չունի Երուսաղեմի կործանման հետ, որը տեղի ունեցավ տարիներ հետո (Դ Թագաւորաց 25։8–10, 13–15)։ Անդորրագիրը թվագրվում է Նաբուգոդոնոսորի իշխանության տասներորդ տարվա տասնմեկերորդ ամսի տասնութերորդ օրով։ Այդուհանդերձ, «այն, որ այսպիսի հուշատախտակի արձանագրության մեջ հիշատակվում է մի անձնավորություն, ում մասին նաև խոսվում է Աստվածաշնչում, և այն, որ Բաբելոնի տաճարին ոսկի տալը սովորական բան է եղել, ինչպես նաև գրվել է կոնկրետ տարեթիվը, արտասովոր բան է»,— ասում է պրոֆեսոր Յուրսան։ Իսկ բրիտանական թերթերից մեկում ասվում էր, որ այս հուշատախտակը, որը համարվում է մեր օրերի աստվածաշնչյան ամենանշանավոր հայտնագործություններից մեկը, «թիկունք է կանգնում այն բանին, որ Հին Կտակարանի պատմական գրքերը հիմնված են փաստերի վրա»։
Սակայն Աստվածաշնչի ճշգրտությունը կախված չէ հնագիտական հայտնագործություններից։ Իրականում զորեղ ապացույցները գտնվում են հենց Աստվածաշնչում, հատկապես մարգարեություններում (2 Պետրոս 1։21)։ Օրինակ՝ ավելի քան 100 տարի առաջ Եհովա Աստված Եսայիա մարգարեի միջոցով կանխագուշակել էր, որ Երուսաղեմի բոլոր գանձերը «պիտի տարվեն Բաբելոն» (Եսայիա 39։6, 7)։ Իսկ Երեմիա մարգարեի միջոցով Նա կանխագուշակեց. «Այս քաղաքի [Երուսաղեմի] ամեն մթերքը [ամբողջ պաշարները, ՆԱ].... պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի կողոպտեն նորանց, եւ նորանց առնեն ու տանեն Բաբիլոն» (Երեմիա 20։4, 5)։
Նաբավ–սարսեքիմը այդ թշնամիներից մեկն էր։ Վերջինս ականատես է եղել Աստծու Խոսքի իրականացմանը։ Անկախ այն բանից՝ նա գիտակցել է դա, թե ոչ, մասնակցել է մարգարեության կատարմանը։
[Ծանոթագրություն]
a Երեմիա 39։3–ում նշված «Սամեգարնաբաւ, Սարսեքիմ ներքինապետ» անունը համապատասխանում է եբրայերեն մասորեթական տեքստի կետադրությանը։ Սակայն եբրայերեն բաղաձայններով գրված տեքստը կարելի է գրել հետևյալ կերպ՝ Սամեգար, Նաբավ–սարսեքիմ ներքինապետ [կամ՝ բարձրաստիճան պաշտոնյա]։ Այս գրելաձևը համընկնում է սեպագիր հուշատախտակի արձանագրությանը։
[Թույլտվությամբ 31–րդ էջի վրա]
Copyright The Trustees of the British Museum