Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 2
Վերադարձ Բաբելոնից
Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։
ԱՅՍ հոդվածաշարի առաջին մասում քննեցինք Աբրահամի սերնդի վերաբերյալ երեք աստվածաշնչյան մարգարեություն։ Ինչպես տեսանք, փաստերը ցույց են տալիս, որ Աստված իրականացրեց այդ խոստումները հին Իսրայել ազգի միջոցով, ազգ, որ սերել էր Աբրահամից։
Հին Բաբելոնը հաջորդ ազգն էր, որ կարևոր դեր ունեցավ Աստվածաշնչի պատմության մեջ, հատկապես մ.թ.ա. 7-րդ դարում։ Հոդվածաշարի այս մասում կքննենք Բաբելոնի մասին երեք աստվածաշնչյան մարգարեություններ և կտեսնենք, թե արդյոք փաստեր կան, որ դրանք Աստծուց են ներշնչված։
Դարեր առաջ Մովսես մարգարեն նախազգուշացրել էր Իսրայել ազգին. «Եթե մոռանաս քո Աստված Եհովային, գնաս ուրիշ աստվածների հետևից, ծառայես նրանց ու խոնարհվես նրանց առաջ.... դու անհետ կվերանաս» (2 Օրենք 8։19; 11։16, 17)։ Սակայն իսրայելացիները շարունակ ըմբոստանում էին Աստծու դեմ՝ զբաղվելով կռապաշտությամբ (1 Թագավորներ 14։22–24)։
Ժամանակի ընթացքում Աստծու համբերությունը սպառվեց, և նա թույլ տվեց, որ իր անհավատարիմ ծառաներն ընկնեն բաբելոնացիների ձեռքը։ Նաբուգոդոնոսոր թագավորի (հայտնի է նաև Նաբուգոդորոսոր անունով) առաջնորդությամբ բաբելոնական զորքերը ուղղվեցին դեպի Իսրայել և պաշարեցին Երուսաղեմը։ Իսկ ինչո՞վ էր ուշագրավ այս պաշարումը։ Տեսնենք, թե ինչ գրեց Երեմիա մարգարեն դեպքից մոտ 20 տարի առաջ (Երեմիա 25։1)։
Մարգարեություն 1. «Քանի որ դուք [իսրայելացիները] չհնազանդվեցիք իմ [Աստծու] խոսքին, ահա ես ուղարկում եմ.... Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին.... Նրանց [բաբելոնացիներին] պիտի բերեմ այս երկրի վրա, նրա բնակիչների և շրջակա այս բոլոր ազգերի վրա.... Այս ամբողջ երկիրը ամայի վայր կդառնա, զարհուրելի տեսարան, և այս ազգերը յոթանասուն տարի Բաբելոնի թագավորին կծառայեն» (Երեմիա 25։8–11)։
Կատարում. Երկարատև պաշարումից հետո մ.թ.ա. 607 թ.-ին Նաբուգոդոնոսորը նվաճեց Երուսաղեմը։ Նա նաև գրավեց հրեական այլ քաղաքներ, այդ թվում նաև Լաքիսը և Ազեկան (Երեմիա 34։6, 7)։ Փրկվածներից շատերին նա տարավ Բաբելոն, որտեղ նրանք 70 տարի գերության մեջ մնացին։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Աստվածաշունչը հայտնում է, որ Երուսաղեմի կործանման ժամանակ Բաբելոնի թագավորը եղել է Նաբուգոդոնոսորը։ Հնագիտական փաստերը թիկունք են կանգնում նրա գոյության մասին Աստվածաշնչի արձանագրությանը։ Ֆլորենցիայի (Իտալիա) թանգարաններից մեկում օնիքս քարից պատրաստված մի մեդալիոն կա ցուցադրված։ Մեդալիոնի վրա կա հետևյալ մակագրությունը. «Մարոդաքի պատվին նրա տեր Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր կենդանության ժամանակ պատրաստել է սա»։ Նաբուգոդոնոսորը թագավորել է մ.թ.ա. 624–582 թթ.-ին։
● «Աստվածաշունչը և հնագիտությունը» գրքում ասվում է, որ Լաքիսում արված պեղումները և ուսումնասիրությունները փաստում են հետևյալը. «Վերջնական կործանումը սարսափելի էր, հրդեհը այնքան ուժգին էր, որ կործանեց [Լաքիս] քաղաքը, իսկ շինությունների կրաքարերը կիր դարձրեց» (The Bible and Archaeology)։
Մարգարեություն 2. «Երբ Բաբելոնում յոթանասուն տարին լրանա, ես [Եհովան] ուշադրություն կդարձնեմ ձեզ [հրեա գերիներին] և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ ձեզ այս վայրը [Հուդա] վերադարձնելով» (Երեմիա 29։10)։
Կատարում. 70 տարվա գերությունից հետո (մ.թ.ա. 607–537 թթ.) Պարսից Կյուրոս թագավորը ազատեց հրեա գերիներին և թույլ տվեց նրանց հայրենիք վերադառնալ Երուսաղեմի տաճարը վերակառուցելու նպատակով (Եզրաս 1։2–4)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Արդյո՞ք իսրայելացիները 70 տարի գերության մեջ մնացին Բաբելոնում, ինչպես որ կանխագուշակված էր Աստվածաշնչում։ Իսրայելի հնագետ պրոֆեսոր Եփրաիմ Սթերնը ասում է. «Մ.թ.ա. 604-ից 538 թթ.-ին բազմաթիվ փաստեր էին բացակայում ապացուցելու համար, որ բնակեցում է եղել։ Այդ ողջ ընթացքում բաբելոնացիների կողմից կործանված մեկ քաղաք անգամ չի վերաբնակեցվել»։ Փաստերի բացակայությունը, որ նվաճված տարածքներում վերաբնակեցում չի եղել, համընկնում է մ.թ.ա. 607-ից 537 թթ.-ին իսրայելացիների Բաբելոն գերեվարվելու ժամանակահատվածին (2 Տարեգրություն 36։20, 21)։
●Միջագետքի հին ազգերը փափուկ կավից պատրաստված տախտակների վրա են գրառումներ արել։ «Կյուրոսի գլան» անունով հայտնի կավե տախտակը թվագրվում է մ.թ.ա. մոտ 539 թվով, նույն տարին, երբ Պարսից Կյուրոս թագավորը տապալեց Բաբելոնյան կայսրությունը։ Մակագրությունը հետևյալն է. «Ես Կյուրոսն եմ.... Բաբելոնի թագավորը»։ Նույն մակագրությունը նշում է. «Ես Տիգրիսի մյուս կողմում գտնվող [նախկինում կոչվող] սուրբ քաղաքներին, որոնց սրբավայրերը երկար ժամանակ է, ինչ ավերակներ էին.... վերադարձրի այն կուռքերը, որ մի ժամանակ այնտեղ էին.... Ես (նաև) հավաքեցի բոլոր (նախկին) բնակիչներին և վերադարձրի (նրանց) իրենց բնակավայրերը»։
Այս պատմական աղբյուրի արձանագրությունը ներդաշնակ է Աստվածաշնչի մարգարեությանը, համաձայն որի՝ գերի հրեաները պետք է վերադառնային իրենց հայրենիք. մարգարեություն, որը գրի էր առնվել կատարումից մոտ 200 տարի առաջ։
Մարգարեություն 3. «Բաբելոնը՝ թագավորությունների զարդարանքը, քաղդեացիների գեղեցկությունն ու հպարտությունը, կդառնա այնպիսին, ինչպիսին որ Սոդոմն ու Գոմորը դարձան, երբ Աստված կործանեց դրանք։ Նա այլևս երբեք բնակեցված չի լինի» (Եսայիա 13։19, 20)։
Կատարում. Դեպքերը կտրուկ փոխվեցին, երբ մ.թ.ա. 539 թ.-ին մարերն ու պարսիկները գրավեցին հզոր աշխարհակալ ուժ հանդիսացող Բաբելոնըa։ Քաղաքը աստիճանաբար ամայացավ և երբեք չվերականգնվեց։ Այդ մասին Աստվածաշունչը կանխագուշակել էր. «Այնտեղ մարդ չի բնակվի» (Երեմիա 51։37)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Բաբելոնի կործանումն այնքան ամբողջական էր, որ աստվածաշնչագետ Թոմ Բոյը հիշատակում է 16-րդ դարից մինչև 18-րդ դարերի «Արևմուտքի պատմիչներին և ճամփորդողներին», որոնք գիտեին քաղաքի խորհրդանշական արժեքը, սակայն չէին կարողանում իմանալ, թե որն է նրա «ճշգրիտ տեղը»։
● 1919 թ.-ին Բրիտանական թանգարանի եգիպտական և ասորական հնությունների խնամատար Հ. Ռ. Հոլը Բաբելոնը նկարագրեց հետևյալ կերպ. «Այն փլատակ պարիսպների կույտ է.... մեծ մասը ավազի տակ»։
Ի՞նչ եզրակացության ենք գալիս այս մարգարեությունները քննելուց հետո։ Կրկին ապացուցվեց, որ Աստվածաշունչը ճշգրիտ մարգարեությունների գիրք է։ Հուդայի և Բաբելոնի մասին մարգարեական խոսքերը ճշգրտորեն կատարվել են, ինչպես կանխագուշակվել էր Աստվածաշնչում։
Երուսաղեմը կործանվեց, քանի որ մարդիկ ուշադրություն չդարձրին սխալ վարքը մերժելու վերաբերյալ Աստծու նախազգուշացումներին։ Բաբելոնի 70 տարվա գերությունից հետո, ինչպես որ մարգարեացվել էր, իսրայելացիները վերադարձան Երուսաղեմ։ Հին Բաբելոն քաղաքը կործանվեց հենց այնպես, ինչպես որ նկարագրվել էր մարգարեության մեջ, և մինչ օրս անմարդաբնակ է։ Սակայն սրանք Աստվածաշնչում գրված բազում մարգարեություններից ընդամենը մի քանիսն են։
Հաջորդ թողարկման մեջ կխոսվի, թե ինչ էր վաղօրոք կանխագուշակվել մ.թ. 1-ին դարում տեղի ունեցած դեպքերի մասին։ Կատարված այդ մարգարեությունները նաև վստահություն կներշնչեն, որ Աստվածաշունչը իսկապես ճշգրիտ է։
[ծանոթագրություն]
a Այն, որ Մարաստանը մեծ դեր էր ունենալու Բաբելոնը գրավելու հարցում, նույնպես կանխագուշակվել էր Եսայիա մարգարեի կողմից դեպքերի կատարումից մոտ 200 տարի առաջ (տե՛ս Եսայիա 13։17–19; 21։2)։
[աղյուսակ 12-րդ էջի վրա]
ԲԱԲԵԼՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Մ.թ.ա. մոտ 732 թ.-ին Եսայիան մարգարեացավ Բաբելոնի կործանման մասին
(Մ.թ.ա.)
647 Երեմիան մարգարե նշանակվեց
632 Բաբելոնը կործանեց Ասորեստանը
625 Նաբուգոդոնոսորը սկսեց իշխել
617 Դանիելը և Եզեկիելը գերի տարվեցին Բաբելոն
607 Նաբուգոդոնոսորը կործանեց Երուսաղեմը
582 Նաբուգոդոնոսորի իշխանությունը ավարտվեց
539 Մարերն ու պարսիկները տապալեցին Բաբելոնը
537 Հրեա գերիներին թույլ տրվեց վերադառնալ Երուսաղեմ
Հրեաները 70 տարի գերի եղան Բաբելոնում
[նկար 12-րդ էջի վրա]
Լաքիսյան նամակները թիկունք են կանգնում բաբելոնացիների կողմից Հուդայի նվաճման վերաբերյալ Երեմիայի նկարագրությանը
[նկար 13-րդ էջի վրա]
«Կյուրոսի գլանի» վրա արձանագրված է, թե ինչպես նա հայրենիք արձակեց բոլոր ռազմագերիներին
[նկարներ/թույլտվությամբ 13-րդ էջի վրա]
Page 12, Lachish Letter: Photograph taken by courtesy of the British Museum; page 13, Cyrus Cylinder: © The Trustees of the British Museum