Երիտասարդները հարցնում են
Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 1
ԵՐԲ ԿԱՐԴԱՑԻՐ ՎԵՐՆԱԳԻՐԸ, ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԱՆՑԱ՞Վ ՄՏՔՈՎԴ։
ԱՅՈ ↓ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿԱՐԴԱ ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ։ ԳՈՒՑԵ ՔԵԶ ԱՎԵԼԻՆ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ։
ՈՉ ↓ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԴԱ ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ։ ԱՅՆ ԿՕԳՆԻ ՔԵԶ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՀԱԿԱՌԱԿ ՍԵՌԻ ՀԵՏ ՔՈ ՇՓՈՒՄԸ ՉԱՓԻ ՄԵՋ Է։
Նշիր՝ հետևյալ միտքը ճի՞շտ է, թե՞ սխալ։
Ես չպետք է հակառակ սեռի ընկերներ ունենամ, եթե պատրաստ չեմ լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու և ամուսնանալու։
․․․․․ ՃԻՇՏ Է ․․․․․ ՍԽԱԼ Է
Նկատի առ հետևյալը։ Չնայած Հիսուսը ամուսնանալու նպատակ չուներ, այնուամենայնիվ հակառակ սեռի ընկերներ ուներ (Մատթեոս 12։46–50; Ղուկաս 8։1–3)։ Տիմոթեոսը նույնպես շփվում էր հակառակ սեռի անհատների հետ, այդ պատճառով էլ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց նրան, որ «երիտասարդ կանանց» վերաբերվի «ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթեոս 5։1, 2)։
Պողոսը հասկանում էր, որ Տիմոթեոսը ծառայում է տարբեր ժողովներում, ուստի հանդիպում է նաև երիտասարդ կանանց (Մարկոս 10։29, 30)։ Սխա՞լ կլիներ, որ Տիմոթեոսը շփվեր նրանց հետ։ Ո՛չ։ Բայց քանի որ նա այդ ժամանակ ամուսնանալու մտադրություն չուներ, ճիշտ կլիներ, որ հստակ սահմաններ դներ, որպեսզի ռոմանտիկ զգացմունքներ չարթնանային իր մեջ, ֆլիրտ չաներ ժողովի քույրերի հետ կամ նրանց զգացմունքների հետ չխաղար (Ղուկաս 6։31)։
Իսկ դու ի՞նչ մտադրություն ունես։ Ուզո՞ւմ ես ամուսնանալ։
Եթե ԱՅՈ ⇨ Հակառակ սեռի հետ քո շփումը կարող է օգնել քեզ կյանքի ընկեր գտնելու (Առակներ 18։22; 31։10)։
Եթե ՈՉ ⇨ Ուրեմն պետք է սահմաններ դնես (Երեմիա 17։9)։ Ինչ խոսք, հեշտ է ասելը։ «Դժվար է ընկերական փոխհարաբերություն պահել,— ասում է 18-ամյա Նիանa,— քանի որ հեշտ չէ իմանալ, թե որտեղ դնել սահմանը»։
Իսկ ինչո՞ւ է հարկավոր առհասարակ սահման դնել։ Որովհետև եթե չդնես, ապա ցավ կպատճառես թե՛ քեզ, թե՛ ուրիշներին։ Տեսնենք, թե ինչու։
ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։ Եթե ռոմանտիկ զգացմունքներ են առաջանում քո մեջ, բայց դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, ապա ձեզնից մեկը կվնասվի։ 19-ամյա Քելլին ասում է. «Երկու անգամ ինձ հետ նման բան է պատահել։ Մի անգամ ես զգացմունքներ ունեի մի տղայի հանդեպ, իսկ մյուս անգամ մի տղա զգացմունքներ ուներ իմ հանդեպ։ Երկու դեպքում էլ մեկն ու մեկս վնասվեց։ Մինչև հիմա իմ սրտում վերքեր են մնացել»։
Մտածիր
● Ի՞նչ հանգամանքներում ճիշտ կլինի, որ շփվես հակառակ սեռի անհատների հետ։ Ո՞ր իրավիճակներից լավ կլինի խուսափել։
● Ինչո՞ւ խելամիտ չէ անընդհատ մեկ հոգու հետ ժամանակ անցկացնել։ Ի՞նչ կմտածի այդ անհատը։ Ի՞նչ կմտածես դու։
«Երբեմն ինքս ինձ համոզում եմ՝ ասելով. «Դե, մենք ընդամենը ընկերներ ենք։ Նա ինձ համար եղբոր պես է»։ Բայց երբ տեսնում եմ, որ ուրիշ աղջկա հանդեպ ուշադիր է, վիրավորվում եմ, ասես նա ինչ-որ բան է պարտք ինձ» (Դենիզ)։
Աստվածաշունչն ասում է. «Խելամիտ մարդը տեսնում է մոտեցող փորձանքը և խուսափում է դրանից, իսկ անմիտ մարդը գնում է փորձանքին ընդառաջ ու հետո ափսոսում» (Առակներ 22։3, Good News Translation)։
ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։ Եթե էմոցիոնալ կապվածություն է առաջանում ձեր մեջ, բայց դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, կարող ես կորցնել ընկերությունը։ 16-ամյա Քեթին ասում է. «Ես մի տղայի հետ sms-ներով շփվում էի, բայց որոշ ժամանակ անց նա սկսեց ֆլիրտ անել։ Համարյա ամեն օր իրար sms-ներ էինք գրում։ Մի օր ասաց, որ շատ է հավանում ինձ և ուզում է, որ ավելի խորացնենք մեր կապերը։ Բայց խնդիրն այն էր, որ ես բացարձակ չէի համակրում նրան։ Երբ ասացի նրան այդ մասին, սկսեցինք քիչ շփվել ու կամաց-կամաց մեր ընկերությանը վերջ դրվեց»։
Մտածիր
● Քեթիի պարագայում ո՞վ վնասվեց և ինչո՞ւ։ Կարո՞ղ էր Քեթին կամ այդ տղան կանխել վատ հետևանքները։ Եթե այո, ապա ինչպե՞ս։
● Հաղորդագրություններ գրելիս ինչպե՞ս կարող է անհատը անմտածված կերպով այնպիսի տպավորություն ստեղծել, թե ուզում է ավելի խորացնել փոխհարաբերությունները։
«Երբեմն մի կերպ էի ինձ հետ պահում։ Տղաները կարող են ընտիր ընկերներ լինել, բայց չէի ուզում ռոմանտիկ փոխհարաբերություններ զարգացնել և կորցնել այդ ընկերությունը» (Լոռա)։
Աստվածաշունչն ասում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։
Ամփոփում. Հակառակ սեռի հետ շփվելու մեջ ինքնին սխալ բան չկա։ Բայց եթե դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, ինչը ի վերջո տանում է ամուսնության, պետք է հստակ սահման դնես։
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ» ԽՈՐԱԳՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ
Եթե զգացմունքներ ունես հակառակ սեռի հանդեպ, բայց պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, կարող ես արատավորել քո անունը։ Ինչպե՞ս։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։
[ծանոթագրություն]
a Այդ հոդվածում որոշ անուններ փոխված են։
[շրջանակ/նկար 16-րդ էջի վրա]
Ի՞ՆՉ ԿԱՆԵՍ ԴՈՒ
ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ «Ես sms-ներ էի գրում ընկերներիցս մեկին, որը 1500 կիլոմետր հեռու էր ապրում։ Մենք շաբաթը մեկ իրար գրում էինք։ Ես զգացմունքներ չունեի նրա հանդեպ ու մտածում էի, որ ինքն էլ իմ հանդեպ չունի։ Մի օր ինձ հաղորդագրություն ուղարկեց. «Բա՛րև, սիրուն աղջիկ։ Ի՞նչ կա-չկա։ Կարոտել եմ քեզ»։ Ես ապշել էի։ Ասացի նրան, որ մենք պարզապես ընկերներ ենք, և ես ռոմանտիկ հետաքրքրություն չունեմ նրա նկատմամբ։ Նա պատասխան ուղարկեց. «Դե լավ, անցած լինի»։ Ու էլ երբեք չգրեց ինձ» (Ջանեթ)։
● Եթե նպատակ չունես լուրջ փոխհարաբերություններ սկսելու, ինչպե՞ս կարձագանքես, եթե դու էլ այդպիսի հաղորդագրություն ստանաս։
● Եթե դու տղա ես, ի՞նչ ես կարծում, ճի՞շտ էր Ջանեթին այդպիսի sms ուղարկել։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ։
● Քո կարծիքով՝ sms-ներով ավելի՞ հեշտ է ռոմանտիկ զգացմունքներ զարգացնել, քան կենդանի շփման միջոցով։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ։
[շրջնանակ 17-րդ էջի վրա]
ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ
Հարցրու ծնողներիդ, թե ինչ կարծիք ունեն այս հոդվածի մասին։ Տես, թե արդյոք նրանց կարծիքը տարբերվում է քո կարծիքից։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Ի՞նչ արժեքավոր մտքեր ես նկատում նրանց տեսակետի մեջ (Առակներ 11։14)։
[շրջանակ/նկար 17-րդ էջի վրա]
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ
Ջոշուա. «Ինչքան շատ ես ժամանակ անցկացնում նույն մարդու հետ, այնքան ավելի շատ ես կապվում նրա հետ»։
Նատաշա. «Նույնիսկ եթե պարզապես ընկերական շփում է, բայց միշտ նույն մարդու հետ, վաղ թե ուշ մեկն ու մեկի մեջ զգացմունքներ կառաջանան»։
Քելսի. «Նույնիսկ եթե սկզբում ընկերական եք, զգացմունքները կարող են հեշտությամբ փոխվել, եթե իրար հետ շատ ժամանակ անցկացնեք։ Պարզապես ընկերներ լինելը հնարավոր է, բայց դրա համար հասունություն և խորաթափանցություն է պետք»։
[նկար 16-րդ էջի վրա]
Եթե էմոցիոնալ կապվածություն է առաջանում ձեր մեջ, բայց դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, փորձանքի մեջ կընկնես