Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/12 էջ 16–19
  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 1
    2012 Արթնացե՛ք
  • Ընկերությո՞ւն, թե՞ ռոմանտիկ զգացումներ—Մաս 2։ Ի՞նչ նշաններ եմ ցույց տալիս
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչո՞ւ աղջիկները չեն հավանում ինձ
    2009 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 7/12 էջ 16–19

Երիտասարդները հարցնում են

Պարզապես ընկերնե՞ր ենք, թե՞... մաս 2

ՆԱԽՈՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ քննեցինք երկու պարզ ճշմարտություն։

● Եթե ռոմանտիկ զգացմունքներ են առաջանում քո մեջ, բայց դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, ապա ձեզնից մեկը կվնասվի (Առակներ 6։27)։

● Եթե էմոցիոնալ կապվածություն է առաջանում ձեր մեջ, բայց դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, կարող ես կորցնել ընկերությունըa (Առակներ 18։24)։

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ կքննենք

● ռոմանտիկ զգացմունքների հետ կապված երրորդ ճշմարտությունը,

● ինչպես կարող ես իմանալ, թե արդյոք անցել ես սահմանը։

ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։ Եթե ռոմանտիկ զգացմունքներ են առաջանում քո մեջ, բայց դու պատրաստ չես լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու, կարող ես արատավորել քո անունը։ Միանb ասում է. «Ես ճանաչում եմ տղաների, որոնք սիրում են միաժամանակ շատ աղջիկների հետ ընկերություն անել։ Եվ աղջիկներից յուրաքանչյուրը մտածում է, որ նա հետաքրքրված է իրենով, այնինչ տղան պարզապես «վայելում» է իգական սեռի ուշադրությունը»։

Մտածիր

● Անկախ նրանից՝ տղա ես, թե աղջիկ, ինչպե՞ս կարող է հակառակ սեռի հետ չափից շատ մտերիմ հարաբերությունը ազդել քո անվան վրա։

«Հակառակ սեռի հետ sms-ներով կապ պահելը վտանգավոր ծուղակ է։ Սկսում ես sms-ներ գրել ընդամենը մեկ հոգու, բայց կարճ ժամանակ անց տեսնում ես, որ արդեն շատ sms-ներ ես գրում ու շատերին։ Մինչև հասկանում ես, թե ինչ է կատարվում, պարզվում է, որ արդեն երեք տղաների հետ ընկերություն ես անում, և նրանցից յուրաքանչյուրը մտածում է, թե ինքը այն «յուրահատուկ տղան» է, որին դու ուզում ես ավելի լավ ճանաչել։ Բայց երբ իմանում են ճշմարտությունը, վիրավորվում են, իսկ դու ֆլիրտ անողի անուն ես ձեռք բերում» (Լառա)։

Աստվածաշունչն ասում է. «Տղայի [կամ աղջկա] արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11)։

Ամփոփում։ Սխալ չէ հակառակ սեռի հետ շփվել։ Բայց եթե սահման չդնես, կարող ես քեզ ցավ պատճառել, կորցնել լավ ընկերությունը և արատավորել քո անունը։

Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք անցել ես սահմանը։ Հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք հակառակ սեռի այդ անհատը ինձ համար դարձել է միակ մտերիմ ընկերը, որին վստահում եմ իմ գաղտնիքները»։ Էրին անունով մի աղջիկ ասում է. «Եթե ընկերություն ես անում մի տղայի հետ առանց հետին մտքի, ուրեմն նա չպետք է լինի առաջինը, ում հետ ուզում ես խոսել ամեն օր կամ առաջինը, ում ուզում ես հայտնել նոր բաներ։ Նա նաև չպետք է լինի այն միակը, որին ուզում ես քո «դարդերը» պատմել»։

Մտածիր

● Ինչո՞ւ կարող է հաճելի լինել հակառակ սեռի անհատին դարձնել քո միակ մտերիմը։ Սակայն ի՞նչ վտանգներ կան։

«Այն տղաները, որոնց ճանաչում եմ, իմ ամենամտերիմ ընկերները չեն։ Ես նրանց հետ հեռախոսով չեմ խոսում ժամերով, ինչպես որ կանեի ընկերուհիներիս հետ։ Բացի այդ, կան որոշ թեմաներ, որոնց մասին չեմ խոսի տղաների հետ» (Ռայեն)։

Աստվածաշունչն ասում է. «Իր բերանը հսկողը իր հոգին է պահպանում, իսկ նա, ով լայն բաց է անում իր շուրթերը, կկործանվի» (Առակներ 13։3)։

Նկատի առ հետևյալը։ Կա՞ արդյոք վտանգ, երբ հակառակ սեռի անհատին չափից շատ բան ես հայտնում քո մասին։ Իսկ եթե մի որոշ ժամանակ հետո ձեր ընկերությունը խզվի՞։ Կափսոսա՞ս, որ քո մասին տեղեկություններ ես տվել։

Ալեքսիս անունով մի պատանի աղջիկ ասում է. «Պետք չէ խուսափել տվյալ անհատից զուտ այն պատճառով, որ նա հակառակ սեռից է։ Բայց մյուս կողմից ինքդ քեզ մի՛ խաբիր՝ ասելով, թե դուք պարզապես ընկերներ եք, այն դեպքում, երբ դա իրականում այդպես չէ։ Հսկիր քո զգացմունքները և շատ ցավերից հեռու կմնաս»։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։

[ծանոթագրություններ]

a Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2012թ. հունիսի համարը, էջ 15–17։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

[շրջանակ 17-րդ էջի վրա]

ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ «Ես մի ընկեր ունեի, և մենք իրոք որ լավ ընկերություն էինք անում։ Ժամանակի ընթացքում նկատեցի, որ մեր զրույցները ավելի երկար են դառնում և ավելի անձնական։ Համաձայն եմ, որ մենք շատ մտերմացանք իրար հետ, քանի որ նա իր բոլոր մտահոգությունները պատմում էր ինձ։ Հետո մի օր էլեկտրոնային նամակ գրեց ու ասաց, որ զգացմունքներ ունի իմ հանդեպ։ Ես չգիտեի՝ ինչ ասեի։ Մի կողմից՝ հաճելի էր, որ ինչ-որ մեկի համար յուրահատուկ անձնավորություն եմ։ Բայց մյուս կողմից՝ անհանգստանում էի, քանի որ գիտակցում էի, որ այլևս չենք կարող «պարզապես ընկերներ» լինել։ Հասկանում էի, որ եթե ասեմ՝ դեռ շատ շուտ է, որ մենք ռոմանտիկ փոխհարաբերություններ զարգացնենք, ցավ կպատճառեմ նրան։ Ծնողներիս պատմեցի տեղի ունեցածը։ Նրանք ասացին, որ շատ կարևոր է սահմանափակել մեր շփումը։ Այդ դեպքից հասկացա, թե որքան արագ կարող է «անմեղ» փոխհարաբերությունը դառնալ լուրջ բան։ Դրանից հետո հակառակ սեռի հետ իմ շփումը սահմանափակում եմ, հատկապես sms-ներ գրելու հարցում։ Նաև սկսեցի հակառակ սեռի հետ շփվել մարդկանց ներկայությամբ, ոչ թե առանձին։ Այդպես մեր զրույցները չափից շատ անձնական բնույթ չեն ստանում, իսկ նրա հետ քո կապվածությունը չափից շատ չի խորանում» (Ելենա)։

[շրջանակ 18-րդ էջի վրա]

ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ

Հարցրու ծնողներիդ կարծիքը «Մտածիր» ենթավերնագրի տակ տրված հարցերի վերաբերյալ։ Տես, թե արդյոք նրանց կարծիքը տարբերվում է քո կարծիքից։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Ի՞նչ արժեքավոր մտքեր ես նկատում նրանց տեսակետի մեջ (Առակներ 1։8)։

[շրջանակ/նկարներ 18-րդ էջի վրա]

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Անդրե. «Ինչքան շատ ես ժամանակ անցկացնում աղջկա հետ, այնքան ավելի հեշտությամբ են զգացմունքներ առաջանում, և նա մտածում է, որ դու հետաքրքրված ես իրենով։ Բայց եթե կյանքում ունես նպատակներ և չես ուզում հենց այդ պահին լուրջ ընկերություն սկսել, այնպիսի տպավորություն մի՛ ստեղծիր, թե ուզում ես ընկերություն սկսել»։

Քասիդի. «Ես ընկերասեր մարդ եմ և քանի որ եղբայրներ ունեմ, ինձ անկաշկանդ եմ զգում տղաների ներկայությամբ, ինչը միշտ չէ, որ լավ է։ Տղայի հետ վերաբերվել այնպես, ինչպես ընկերուհու հետ, լավ չէ։ Դա կարող է սխալ տպավորություն ստեղծել։ Ինձ համար նախընտրելի է տղայի հետ վերաբերվել ինչպես իմ եղբոր»։

[շրջանակ 19-րդ էջի վրա]

ԾՆՈՂՆԵՐԻՆ

Պատշաճ հանգամանքներում սխալ չէ, որ երիտասարդները շփվեն հակառակ սեռի անհատների հետ։ Բայց եթե նրանք պատրաստ չեն լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու և ամուսնանալու, հարկավոր է սահմաններ դնելc։ Նրանց համար հակառակ սեռի հետ շփումը պետք է լինի միայն ընկերություն և ոչ ավելին։

Իսկ ի՞նչ է լինում, երբ ռոմանտիկ զգացմունքներ են առաջանում երկու անհատների միջև, բայց վերջիններս պատրաստ չեն լուրջ փոխհարաբերությունների մեջ մտնելու։ Սկզբնական ոգևորությունը շուտով դառնում է հիասթափություն։ Դա նման է այն բանին, որ նստած ես մի մեքենայի մեջ, որը անիվներ չունի։ Վաղ թե ուշ տղան և աղջիկը հասկանում են, որ այդպես չի կարող շարունակվել։ Որոշ երիտասարդներ գուցե սկսեն գաղտնի ընկերություն անել, մի հանգամանք, որը լի է վտանգավոր ծուղակներով։ Մյուսներն էլ վերջ են դնում ընկերությանը, ինչը երկու կողմին էլ ցավ է պատճառում, խաբված լինելու զգացում է առաջացնում, անգամ վհատության մեջ գցում։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային խուսափելու վաղաժամ ռոմանտիկ հարաբերություններ զարգացնելուց (Ժողովող 11։10)։

Ամենակարևոր բանը, որ կարող եք անել, հաղորդակցության դուռը բաց պահելն է։ Այդպես կիմանաք, թե ինչ է կատարվում ձեր երեխայի կյանքում, ինչպես նաև կկարողանաք օգնել նրան, եթե հակառակ սեռի հետ նրա ընկերությունը խորանա։

Որոշ ծնողներ անզգուշաբար փակում են այդ դուռը և թույլ չեն տալիս երեխային խոսել իր անձնական կյանքի մասին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասել «Արթնացե՛ք»-ին որոշ երիտասարդներ։

«Ես միշտ ցանկացել եմ ասել մորս, թե ում եմ համակրում, բայց հետ եմ քաշվել, որովհետև մտածել եմ՝ նա սուր կարձագանքի» (Կառա)։

«Երբ մորս ասում էի, որ ինձ մի տղա է դուր գալիս, նա պատասխանում էր. «Ուրեմն չսպասես, որ հարսանիքիդ կլինեմ», փոխանակ ասեր. «Պատմիր ինձ քո ընկերոջ մասին։ Ինչո՞ւ ես հավանում նրան»։ Եթե մայրս այդպիսի հարցեր տար, ես ավելի շատ հակված կլինեի ընդունելու նրա խորհուրդները» (Նադեն)։

Սակայն նկատի առեք, թե ինչ տարբերություն կա, երբ ծնողները համբերատարությամբ լսել են և հետո գործնական առաջնորդություն են տվել երեխային։

«Ծնողներս սուր չարձագանքեցին, երբ ասացի, որ ինձ մի տղա է դուր գալիս։ Նրանք խորհուրդներ տվեցին ինձ, բայց միևնույն ժամանակ հասկանում էին իմ զգացմունքները։ Այդ պատճառով էլ ինձ համար հեշտ էր ընդունել նրանց խորհուրդները և ավելի շատ բան ասել իմ մտքերի ու զգացմունքների վերաբերյալ» (Քորինա)։

«Երբ ծնողներս պատմեցին ինձ, թե ում են իրենք հավանել պատանեկան տարիքում և նույնիսկ բացատրեցին, թե ինչու ոչ մի բան չի ստացվել, ես հասկացա, որ նորմալ է նրանց ասել, որ ինչ-որ մեկի հանդեպ զգացմունքներ ունեմ» (Լինետ)։

Հաշվի առեք նաև, որ երբեմն ուրիշ պատճառներ կան, որ կարող են դրդել երեխային վաղաժամ ընկերություն սկսելու հակառակ սեռի հետ։

«Ես գաղտնի ընկերություն էի անում մի տղայի հետ, քանի որ նրա կողքին ինձ երջանիկ էի զգում, իսկ նա միշտ լսում էր ինձ» (Անետ)։

«Մի տղա կար, որի ներկայությամբ ինձ լավ էի զգում։ Նա իմ հանդեպ ուշադիր էր, իսկ դա իմ թուլությունն է։ Ես մեռնում եմ ուշադրության համար» (Էմի)։

«Երբ ծնողներս անկեղծորեն ասում են, որ գեղեցիկ տեսք ունեմ կամ այս շորը սազում է ինձ, տղաների կոմպլիմենտը ինձ արդեն չի գրավում» (Քերըն)։

Հարցրեք ինքներդ ձեզ

Ինչպե՞ս կարող եմ ավելի մատչելի լինել երեխայիս համար (Փիլիպպեցիներ 4։5)։

Արդյո՞ք «արագ եմ լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։

Ի՞նչ կարող եմ անել, որ տնից դուրս երեխաս սեր և ուշադրություն չփնտրի (Կողոսացիներ 3։21)։

Ամփոփում։ Սովորեցրեք ձեր երեխային, թե ինչպես կարող է հավասարակշռված և առանց ավելորդ խնդիրների շփվել հակառակ սեռի հետ։ Դա մի ունակություն է, որը պետք կգա նրան չափահասության շրջանում (Կողոսացիներ 3։5; 1 Թեսաղոնիկեցիներ 4։3–6)։

[ծանոթագրություն]

c Տե՛ս նախորդ հոդվածը, ինչպես նաև «Արթնացե՛ք»-ի 2012թ. հունիսի համարը՝ «Երիտասարդները հարցնում են» խորագրի հոդվածը։

[աղյուսակ 17-րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ՍԱՀՄԱՆՆԵՐ

ԿԱՐԵԼԻ Է

✔ շփվել մարդկանց մեջ

✔ ճանաչել իրար

✔ հաճույք ստանալ զրույցից

ՉԻ ԿԱՐԵԼԻ

X շփվել առանձին

X գաղտնի բաներ քննարկել

X ֆլիրտ անել

[գծագիր 18-րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ՇՓՈՒՄ

ՖԼԻՐՏ

ՀՊՈՒՄ

ԲՌՆԵԼ ՁԵՌՔԵՐԸ

ՀԱՄԲՈՒՐՎԵԼ

[]

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը