Հավելված
Խոսք՝ քրիստոնյա ծնողներին
Որպես ծնող՝ դու ուզում ես օգնել երեխաներիդ սիրելու Եհովային և նվիրվելու նրան։ Ի՞նչ կարող ես անել նրանց մկրտության հասցնելու համար։ Ե՞րբ նրանք կարող են պատրաստ լինել այս կարևոր քայլին։
Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (Մատթ. 28։19)։ Այս խոսքերի համաձայն՝ մկրտության համար առաջին պահանջը աշակերտ լինելն է, նա, ով ոչ միայն հասկանում է Քրիստոսի սովորեցրած բաները, այլև հավատում և սերտորեն հետևում է դրանց։ Այսպես կարող են վարվել անգամ երեխաները։
Լավ օրինակ եղիր երեխաներիդ համար ու Եհովայի խոսքերը արմատավորիր նրանց մեջ (2 Օրենք 6։6–9)։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միջոցով սովորեցրու նրանց աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները, օգնիր տրամաբանելու սուրբգրային սկզբունքների շուրջ և ապրելու դրանց համաձայն։ Օգնիր երեխաներիդ իրենց բառերով բացատրել իրենց համոզմունքները (1 Պետ. 3։15)։ Այն գիտելիքները և քաջալերանքը, որ կստանան քեզնից, անձնական ուսումնասիրությունից, ընտանեկան երկրպագությունից, ժողովի հանդիպումներից և լավ ընկերներից, կօգնեն նրանց առաջադիմելու և մկրտվելու։ Օգնիր նրանց հոգևոր նպատակներ դնելու։
Առակներ 20։11-ում ասվում է. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ»։ Իսկ ո՞ր արարքները ցույց կտան, որ երեխան դարձել է Քրիստոսի աշակերտ և պատրաստ է մկրտվելու։
Այն երեխան, ով առաջադիմում է և ուզում է մկրտվել, պետք է հնազանդվի իր ծնող(ներ)ին (Գործ. 5։29; Կող. 3։20)։ Աստվածաշունչն ասում է, որ երբ Հիսուսը 12 տարեկան էր, «շարունակում էր ենթարկվել [իր ծնողներին]» (Ղուկ. 2։51)։ Ինչ խոսք, չես կարող ակնկալել, որ երեխան կատարյալ լինի։ Բայց եթե վերջինս ուզում է մկրտվել, պետք է ձգտի ընդօրինակել Հիսուսին և հայտնի լինի որպես ծնողներին հնազանդ երեխա։
Պետք է ակնհայտ լինի նաև, որ նա ուզում է սովորել Աստվածաշնչի ճշմարտությունները (Ղուկ. 2։46)։ Քո երեխան ցանկանո՞ւմ է հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցություն ունենալ (Սաղ. 122։1)։ Կանոնավորաբար կարդո՞ւմ է Աստվածաշունչը և անձնական ուսումնասիրություն անո՞ւմ է (Մատթ. 4։4)։
Մկրտության ձգտող երեխան ջանք է թափում, որ Թագավորության շահերը առաջին տեղում դնի (Մատթ. 6։33)։ Նա լրջորեն է վերաբերվում ուրիշներին իր հավատի մասին պատմելու իր պատասխանատվությանը։ Նա մասնակցում է ծառայության տարբեր ձևերի և համարձակորեն հայտնում է իր ուսուցիչներին ու դասընկերներին, որ Եհովայի վկա է։ Նա լրջորեն է վերաբերվում «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման իր հանձնարարություններին։
Նա նաև ձգտում է բարոյապես մաքուր մնալ՝ խուսափելով վատ ընկերակցությունից (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33)։ Բարոյապես մաքուր մնալու վճռականությունը ակնհայտ կլինի նաև այն բանից, թե ինչ երաժշտություն է երեխան լսում, ինչ հեռուստահաղորդումներ և ֆիլմեր է դիտում, համակարգչային ինչ խաղեր է խաղում և ինչպես է օգտվում ինտերնետից։
Շատ երեխաներ դրական են արձագանքել իրենց ծնողների թափած ջանքերին, ճշմարտությունը իրենցն են դարձրել և համապատասխանել են մկրտության պահանջներին։ Թող որ Եհովան օրհնի քեզ, մինչ օգնում ես երեխաներիդ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու Եհովայի հետ և իրենց կյանքը նվիրելու նրան։
Խոսք՝ չմկրտված քարոզչին
Մեծ առանձնաշնորհում է ժողովի հետ ծառայել որպես չմկրտված քարոզիչ։ Դու գովասանքի ես արժանի, քանի որ հոգևորապես առաջադիմել ես։ Աստծու Խոսքի ուսումնասիրության միջոցով դու ճանաչել ես Եհովային և հավատ ես ձեռք բերել նրա խոստումների հանդեպ (Հովհ. 17։3; Եբր. 11։6)։
Նախքան Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելը գուցե ուրիշ կրոնական կազմակերպության մեջ ես եղել։ Հնարավոր է՝ զբաղվել ես այնպիսի գործունեությամբ, որը չի համապատասխանել Աստվածաշնչի սկզբունքներին։ Սակայն այժմ ցույց ես տալիս քո հավատը, քանի որ զղջում ես, այսինքն՝ խորապես ցավում ես նախկինում կատարած քո սխալ արարքների համար։ Դու նաև ցույց ես տալիս, որ հավատ ունես, քանի որ փոխել ես նախկին ընթացքդ և վճռել ես անել այն, ինչը Աստծու տեսանկյունից է ճիշտ (Գործ. 3։19)։
Սակայն հնարավոր է՝ «վաղ մանկությունից» գիտես սուրբ գրքերը, ուստիև հեռու ես մնացել ոչ քրիստոնեական վարք դրսևորելուց ու լուրջ սխալներ գործելուց (2 Տիմոթ. 3։15)։ Դու սովորել ես դիմադրել հասակակիցներիդ ճնշմանը և խուսափել այնպիսի գործերի մեջ ներքաշվելուց, որոնք սխալ են Եհովայի աչքում։ Նաև հավատ ես ցուցաբերել՝ հաստատակամ լինելով ճշմարիտ երկրպագության մեջ և խոսելով քրիստոնեական համոզմունքների մասին ուրիշների հետ։ Բացի այդ, սովորել ես քարոզել և անձամբ որոշել ես ծառայել Եհովային որպես չմկրտված քարոզիչ։
Անկախ նրանից՝ դու Եհովային ճանաչել ես հասուն տարիքում, թե վաղ մանկությունից, գուցե այժմ մտածում ես ևս երկու քայլերի մասին՝ նվիրման և մկրտության։ Եհովային նվիրվում ես՝ աղոթելով նրան և հայտնելով, որ որոշել ես բացարձակ նվիրվածություն դրսևորել նրա հանդեպ հավիտյան (Մատթ. 16։24)։ Այնուհետև քո նվիրումը խորհրդանշում ես ջրի մկրտությամբ՝ ամբողջությամբ ընկղմվելով ջրի մեջ (Մատթ. 28։19, 20)։ Նվիրվելով և մկրտվելով՝ դու պաշտոնապես ճանաչվում ես որպես Եհովա Աստծու ծառա։ Ինչպիսի՜ հրաշալի առանձնաշնորհում։
Աստվածաշունչ ուսումնասիրելիս թերևս իմացել ես, որ տարբեր դժվարությունների կբախվես։ Հիշիր, որ երբ Հիսուսը մկրտվեց, կարճ ժամանակ անց նա «ոգու կողմից տարվեց անապատ, և այնտեղ Բանսարկուն սկսեց փորձել նրան» (Մատթ. 4։1)։ Որպես Հիսուսի աշակերտ՝ մկրտվելուց հետո դու նույնպես կարող ես ակնկալել, որ փորձություններ կունենաս (Հովհ. 15։20)։ Գուցե հակառակության հանդիպես ընտանիքում (Մատթ. 10։36)։ Հնարավոր է՝ դասընկերներդ, աշխատակիցներդ և նախկին ընկերներդ ծաղրեն քեզ։ Սակայն միշտ հիշիր Մարկոս 10։29, 30-ում արձանագրված Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ արտեր իմ անվան և բարի լուրի համար, որ այժմ՝ այս ժամանակում, չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր՝ հալածանքների հետ մեկտեղ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանք»։ Ուստի շարունակիր ջանքեր թափել, որ մոտ մնաս Եհովային և ապրես նրա արդար չափանիշներով։
Եթե ցանկանում ես մկրտվել, այդ մասին տեղյակ պահիր երեցների խորհրդի կոորդինատորին։ Նրանք քեզ հետ կքննարկեն այս ներածական խոսքերից հետո տեղ գտած հարցերը։ Արդյունքում երեցները կորոշեն, թե արդյոք համապատասխանում ես մկրտության չափանիշներին։ Դու կարող ես ծանոթանալ այդ հարցերին անձնական ուսումնասիրության ժամանակ։
Այդ քննարկումներին նախապատրաստված լինելու համար կարդա մեջբերված սուրբգրային համարները և խորհրդածիր դրանց շուրջ։ Գուցե ցանկանաս նշումներ անել այս գրքում կամ մեկ ուրիշ տեղում։ Երեցների հետ քննարկումների ժամանակ կարող ես բաց պահել գիրքը և օգտվել քո նշումներից։ Եթե դժվարանում ես հասկանալ որևէ հարց, ազատորեն դիմիր քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատին կամ երեցներին։
Մի՛ մտածիր, թե երեցների հետ քննարկումների ժամանակ հարցերին պետք է երկար կամ բարդ պատասխաններ տաս։ Հարցին պատասխանիր պարզ, կոնկրետ և քո բառերով։ Հարցերից շատերին պատասխանելիս լավ կլինի՝ մեկ կամ մի քանի աստվածաշնչյան համար մեջբերես ցույց տալու համար, որ պատասխանդ հիմնված է Սուրբ Գրքի վրա։
Եթե դեռ բավականաչափ գիտելիքներ չունես Աստվածաշնչի հիմնական ուսմունքների վերաբերյալ, երեցները հոգ կտանեն, որ քեզ օգնություն ցույց տրվի, որպեսզի կարողանաս ճիշտ հասկանալ աստվածաշնչյան ճշմարտությունները և քո բառերով բացատրել դրանք, իսկ հետագայում համապատասխանել մկրտվելու չափանիշներին։
[Ժողովի երեցներին. այն, թե ինչպես անցկացնել քննարկումները մկրտության թեկնածուների հետ, տես էջ 208–212։]