Պե՞տք է երեխաները մկրտվեն
«ԱՅՆՔԱ՜Ն ուրախ եմ, որ աղջիկս այժմ Եհովայի ծառա է, ու ես գիտեմ, որ նա էլ է շատ ուրախ»,— ասաց Ֆիլիպիններում ապրող Կառլոսըa, որը քրիստոնյա հայր է։ Հունաստանում ապրող մի հայր էլ գրեց. «Ես ու կինս երջանիկ ենք, որ մեր երեք երեխաները իրենց պատանեկության տարիներին մկրտվել են ու դարձել Եհովայի վկա։ Նրանք հոգևորապես առաջադիմում են և ուրախ են, որ ծառայում են Եհովային»։
Քրիստոնյա ծնողները ուրախ լինելու պատճառ են ունենում, երբ իրենց երեխաները մկրտվում են, սակայն երբեմն նրանց ուրախությանը միախառնվում է անհանգստության զգացումը։ «Ես շատ երջանիկ էի, բայցև շատ մտահոգ»,— ասաց մի մայր։ Ինչո՞ւ նա այդքան հակասական զգացումներ ուներ։ «Գիտակցում էի, որ այժմ տղաս լիովին հաշվետու է Եհովային»։
Բոլոր երեխաները պետք է նպատակ ունենան ծառայելու Եհովային որպես նրա մկրտված Վկա։ Այդուհանդերձ, աստվածավախ ծնողները գուցե մտածեն. «Ես գիտեմ, որ երեխաս առաջադիմում է, բայց արդյոք նա բավականաչափ ուժե՞ղ է, որ դիմադրի անբարո ճնշումներին և մաքուր մնա Եհովայի առաջ»։ Ուրիշներն էլ գուցե հարցնեն. «Եթե երեխաս կանգնի նյութապաշտության գայթակղության առաջ, կշարունակի՞ ուրախությամբ ու նախանձախնդրությամբ ծառայել Աստծուն»։ Ինչպիսի՞ առաջնորդություն է տալիս Աստվածաշունչը ծնողներին՝ որոշելու, թե արդյոք իրենց երեխաները պատրաստ են մկրտվելու։
Գլխավոր պահանջը աշակերտ լինելն է
Փոխարեն կոնկրետ նշելու, թե որ տարիքում անհատը պետք է մկրտվի՝ Աստծու Խոսքը ասում է, թե հոգևոր ինչ վիճակում պետք է լինի նա, որ կատարի այդ քայլը։ Հիսուսն իր հետևորդներին հետևյալ պատվերը տվեց. «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (Մատթ. 28։19)։ Ուստի մկրտվում են նրանք, ովքեր արդեն Քրիստոսի աշակերտներ են։
Իսկ ի՞նչ է նշանակում լինել աշակերտ։ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը բացատրում է. «Այս բառը գլխավորապես վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ոչ միայն հավատում են այն ամենին, ինչ սովորեցնում էր Քրիստոսը, այլև սերտորեն հետևում են նրա քայլերին»։ Իսկ երիտասարդները կարո՞ղ են լինել Քրիստոսի աշակերտներ։ Մի քույր, որը ավելի քան 40 տարի որպես միսիոներ է ծառայել Լատինական Ամերիկայում, իր և իր երկու քույրերի մասին գրեց. «Մենք բավականին մեծ էինք հասկանալու համար, որ ուզում ենք ծառայել Եհովային ու ապրել դրախտում։ Մեր նվիրումը օգնեց մեզ ուժեղ լինելու, երբ ունեցանք այնպիսի փորձություններ, որոնց բախվում են պատանիները։ Չենք ափսոսում, որ Աստծուն նվիրվել ենք վաղ տարիքում»։
Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք երեխադ դարձել է Քրիստոսի աշակերտ։ Աստվածաշունչն ասում է. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակ. 20։11)։ Նկատի առ որոշ գործեր, որոնք ցույց են տալիս, որ պատանին՝ որպես աշակերտ, իր «առաջադիմությունը հայտնի» է դարձնում (1 Տիմոթ. 4։15)։
Աշակերտ լինելու ապացույցը
Երեխադ հնազանդվո՞ւմ է քեզ (Կող. 3։20)։ Կատարո՞ւմ է իրեն հանձնարարված տան գործերը։ Աստվածաշունչը 12-ամյա Հիսուսի մասին ասում է. «Նա... շարունակում էր ենթարկվել [իր ծնողներին]» (Ղուկ. 2։51)։ Իհարկե, այսօր ոչ մի երեխա կատարելապես չի հնազանդվում ծնողներին։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները պետք է «սերտորեն [Հիսուսի] հետքերին հետևեն»։ Այսպիսով պետք է ակնհայտ լինի, որ մկրտվել ցանկացող պատանիները հնազանդ են իրենց ծնողներին (1 Պետ. 2։21)։
Ուշադրություն դարձրու հետևյալ հարցերին. երեխադ շարունակո՞ւմ է «նախ թագավորությունը... փնտրել»՝ լիարժեքորեն մասնակցելով ծառայությանը (Մատթ. 6։33)։ Ցանկանո՞ւմ է բարի լուրը հայտնել ուրիշներին, թե՞ դու ստիպված ես անընդհատ քաջալերել նրան գնալու քարոզչական ծառայության, հատկապես տնից տուն։ Բարեխղճորեն կատարո՞ւմ է չմկրտված քարոզչի իր պարտականությունները։ Ուզո՞ւմ է վերայցելել հետաքրքրվող անհատներին, որոնց հանդիպում է իր տարածքում։ Դասարանցիներին և ուսուցիչներին հայտնո՞ւմ է, որ Եհովայի վկա է։
Ժողովի հանդիպումներին հաճախելը կարևո՞ր է իր համար (Սաղ. 122։1)։ Սիրո՞ւմ է մեկնաբանություններ տալ «Դիտարանի» ուսումնասիրության և Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպման ժամանակ։ Խանդավառությամբ մասնակցո՞ւմ է Աստվածապետական ծառայության դպրոցին (Եբր. 10։24, 25)։
Ձգտո՞ւմ է բարոյապես մաքուր մնալ՝ խուսափելով վատ ընկերակցությունից դպրոցում կամ այլ վայրերում (Առակ. 13։20)։ Ի՞նչ երաժշտություն է նախընտրում լսել, ի՞նչ ֆիլմեր, հեռուստահաղորդումներ է սիրում դիտել, ի՞նչ տեսախաղեր է խաղում և ինչպե՞ս է օգտվում ինտերնետից։ Նրա խոսքերից ու գործերից երևո՞ւմ է, որ ցանկանում է ապրել աստվածաշնչյան չափանիշներով։
Երեխադ լա՞վ գիտի Աստվածաշունչը։ Իր բառերով կարո՞ղ է արտահայտել սովորածը ընտանեկան երկրպագության երեկոյի ժամանակ։ Կարո՞ղ է բացատրել աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները (Առակ. 2։6–9)։ Հետաքրքրությա՞մբ է Աստվածաշունչ կարդում և ուսումնասիրում հավատարիմ և իմաստուն ծառայի հրատարակությունները (Մատթ. 24։45)։ Հարցեր տալի՞ս է աստվածաշնչյան ուսմունքների ու համարների վերաբերյալ։
Այս հարցերը կարող են օգնել քեզ տեսնելու, թե ինչ հոգևոր առաջադիմություն ունի երեխադ։ Դրանք քննելուց հետո թերևս գաս այն եզրակացության, որ մկրտվելուց առաջ նա դեռ պետք է որոշ բարելավումներ անի։ Սակայն եթե նրա ապրելակերպն ապացուցում է, որ աշակերտ է, և նա նվիրվել է Աստծուն, կարող ես թույլ տալ, որ մկրտվի։
Երեխաները կարող են փառաբանել Եհովային
Աստծու շատ ծառաներ հավատարմություն և նվիրվածություն են դրսևորել նրա հանդեպ թե՛ պատանեկան հասակում, թե՛ ավելի վաղ տարիքում։ Մտածիր Հովսեփի, Սամուելի, Հովսիայի և Հիսուսի մասին (Ծննդ. 37։2; 39։1–3; 1 Սամ. 1։24–28; 2։18–20; 2 Տար. 34։1–3; Ղուկ. 2։42–49)։ Իսկ Փիլիպոսի չորս աղջիկները, որոնք մարգարեանում էին, հավանաբար փոքր հասակից էին հոգևոր կրթություն ստացել (Գործ. 21։8, 9)։
Հունաստանում բնակվող մի Վկա ասաց. «Ես մկրտվել եմ 12 տարեկանում։ Երբեք չեմ ափսոսել իմ որոշման համար։ Արդեն անցել է 24 տարի, որոնցից 23-ը անցկացրել եմ լիաժամ ծառայության մեջ։ Եհովայի հանդեպ իմ սերը միշտ օգնել է ինձ դիմագրավելու պատանեկության դժվարությունները։ 12 տարեկանում չունեի աստվածաշնչյան այն գիտելիքները, որ ունեմ հիմա։ Սակայն գիտեի, որ սիրում եմ Եհովային, և ուզում էի հավիտյան ծառայել նրան։ Ուրախ եմ, որ նա օգնել է ինձ շարունակելու ծառայել իրեն»։
Անկախ իր տարիքից՝ անհատը, որը ցույց է տալիս, որ ճշմարիտ աշակերտ է, պետք է մկրտվի։ Պողոս առաքյալը գրեց. «Մարդը սրտով հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է փրկության համար» (Հռոմ. 10։10)։ Երբ Քրիստոսի պատանի աշակերտը մկրտվում է, դա նրա և իր ծնողների համար մեծ նվաճում է։ Թող ոչ մի բան չխանգարի քեզ ու երեխաներիդ զգալու այն ուրախությունը, որ սպասում է ձեզ։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
Ճիշտ տեսակետ մկրտության վերաբերյալ
Որոշ ծնողներ կարծում են, որ թեև լավ է, որ երեխաները մկրտվում են, բայց առկա է նաև ռիսկի գործոնը, ինչը կարելի է նմանեցնել վարորդական իրավունք ձեռք բերելուն։ Սակայն արդյոք մկրտությունն ու սուրբ ծառայությունը երբևէ կարո՞ղ են վտանգել անհատի հետագա հաջողությունները։ Աստվածաշունչն ասում է՝ ո՛չ։ Առակներ 10։22-ում կարդում ենք. «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան»։ Իսկ Պողոսը երիտասարդ Տիմոթեոսին գրեց. «Եվ իրոք, Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով» (1 Տիմոթ. 6։6)։
Ճիշտ է, Եհովային ծառայելը հեշտ չէ։ Երեմիան շատ դժվարությունների բախվեց՝ ծառայելով որպես նրա մարգարե։ Այդուհանդերձ, ճշմարիտ Աստծուն մատուցած իր երկրպագության մասին նա գրեց. «Քո խոսքը ինձ համար ուրախություն և իմ սրտին ցնծություն եղավ, քանի որ քո անունով եմ ես կոչված, ո՛վ Եհովա, Զորքերի՛ Աստված» (Երեմ. 15։16)։ Երեմիան գիտեր, որ Աստծուն ծառայելը ուրախություն է բերում։ Իրականում, Սատանայի աշխարհն է դժվարությունների առաջ կանգնեցնում։ Եվ ծնողները պետք է օգնեն իրենց երեխաներին տեսնելու այդ տարբերությունը (Երեմ. 1։19)։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
Երեխաս պե՞տք է հետաձգի իր մկրտությունը
Երբեմն, նույնիսկ երբ երեխաները համապատասխանում են մկրտության պահանջներին, ծնողները որոշում են, որ մկրտությունը պետք է հետաձգել։ Ինչո՞ւ։
Վախենում եմ, որ եթե երեխաս մկրտվի, հետագայում կարող է լուրջ մեղք գործել և զրկվել ընկերակցությունից։ Արդյոք խելամի՞տ է մտածել, որ եթե պատանին հետաձգի մկրտությունը, հաշիվ չի տա Աստծուն իր պահվածքի համար։ Սողոմոնը հետևյալ խոսքերը ուղղեց երիտասարդներին. «Իմացիր, որ ճշմարիտ Աստված [քո արարքների] համար քեզ դատաստանի է կանչելու» (Ժող. 11։9)։ Իսկ Պողոսը, առանց տարիքային սահմանափակումներ դնելու, հիշեցրեց. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։
Թե՛ մկրտված, թե՛ չմկրտված ծառաները հաշվետու են Աստծուն։ Մի՛ մոռացիր, որ Եհովան պաշտպանում է իր ծառաներին՝ թույլ չտալով, որ իրենց «կարողությունից վեր փորձվեն» (1 Կորնթ. 10։13)։ Քանի դեռ նրանք «պահպանում են իրենց զգոնությունը» և պայքարում փորձության դեմ, կարող են վստահ լինել, որ Աստված կաջակցի իրենց (1 Պետ. 5։6–9)։ Մի քրիստոնյա մայր գրեց. «Մկրտված երեխաները ավելի շատ պատճառներ ունեն հեռու մնալու վատ բաներից։ Տղաս, որը մկրտվել է 15 տարեկանում, համարում է, որ մկրտությունը պաշտպանություն է։ «Չես մտածում Եհովայի օրենքին հակառակ որևէ բան անելու մասին»,— ասում է տղաս։ Մկրտությունը հզոր մղիչ ուժ է արդար գործեր անելու համար»։
Եթե քո խոսքերով ու պահվածքով սովորեցրել ես երեխաներիդ հնազանդվել Եհովային, կարող ես վստահ լինել, որ նրանք մկրտությունից հետո էլ կշարունակեն այդպես վարվել։ Առակներ 20։7-ում ասվում է. «Արդարն իր անարատությամբ է քայլում։ Երջանիկ են նրանից հետո եկող նրա որդիները»։
Ուզում եմ, որ երեխաս նախ հասնի որոշ նպատակների։ Երեխաները պետք է սովորեն աշխատել, որ հետագայում կարողանան բավարարել իրենց կարիքները։ Սակայն վտանգավոր է խրախուսել նրանց ճշմարիտ երկրպագության վրա կենտրոնանալու փոխարեն՝ կենտրոնանալ կրթություն ստանալու և ֆինանսական ապահովություն ձեռք բերելու վրա։ Հիսուսը «սերմի» կամ Թագավորության խոսքի մասին, որը չի աճում, ասաց. «Փշերի մեջ ցանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են խոսքը, և նա դառնում է անպտուղ» (Մատթ. 13։22)։ Այն նպատակները, որոնց պատճառով հոգևոր գործերը երկրորդական են դառնում, կարող են նվազեցնել Աստծուն ծառայելու երեխայի ցանկությունը։
Խոսելով մկրտության պահանջներին համապատասխանող երեխաների մասին, որոնց ծնողները համաձայն չեն, որ նրանք մկրտվեն՝ մի փորձառու երեց ասաց. «Եթե թույլ չտաս երեխային մկրտվել, դա կարող է կանգնեցնել նրա հոգևոր աճը և վհատության մեջ գցել»։ Իսկ մի շրջագայող վերակացու գրեց. «Երեխան կարող է իրեն հոգևոր առումով անապահով զգալ և մտածել, որ վատն է։ Գուցե նա աշխարհ գնա զգալու համար, որ հասել է ինչ-որ բանի»։
[նկար]
Արդյոք համալսարանական կրթությունը պե՞տք է առաջին տեղում դնել
[նկար 3-րդ էջի վրա]
Երեխան կարող է ապացուցել, որ աշակերտ է
[նկարներ 3-րդ էջի վրա]
Հանդիպումներին պատրաստվել ու մասնակցել
[նկար 4-րդ էջի վրա]
Հնազանդվել ծնողներին
[նկար 4-րդ էջի վրա]
Մասնակցել ծառայությանը
[նկար 4-րդ էջի վրա]
Անձնական աղոթք