Գաղաադ դպրոցի 108–րդ դասարանը քաջալերանքներ ստացավ շարունակելու իր սուրբ ծառայությունը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ պաշտամունք բառը երբեմն թարգմանված է «սուրբ ծառայություն» արտահայտությամբ։ Այն վերցված է հունարեն մի բառից, որը վերաբերում է Աստծուն ծառայություն մատուցելուն (Հռովմայեցիս 9։4)։ «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի» 108–րդ դասարանի ավարտական ծրագրին բոլոր 5 562 ներկա գտնվողները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ելույթներով հանդես եկող եղբայրների գործնական խորհուրդները, որոնք կիրառելով, շրջանավարտները կարող են Եհովա Աստծուն ընդունելի և սուրբ ծառայություն մատուցել։a
Հանդիպումը նախագահում էր Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչը։ Ծրագիրը սկսվեց «Մեր Հոր անունը» վերնագիրը կրող 52–րդ համարի երգով։ Երգի երկրորդ տունը սկսվում է հետևյալ բառերով. «Ուղիներ ենք փնտրում, որպեսզի մեծ անունդ սրբացնենք»։ Այս խոսքերը վառ կերպով արտահայտում էին շրջանավարտների (որոնք, ի դեպ, ներկայացնում էին տասը երկրներ) սրտի ցանկությունը, այն է՝ ստացած գիտելիքները կիրառել իրենց միսիոներական աշխատանքում։ Շրջանավարտները տասնյոթ երկրներում ծառայելու նշանակումներ ստացան։
Բացման խոսքում եղբայր Յարաչը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե շրջանավարտները սովորելու հինգ ամիսների ընթացքում Աստվածաշունչը ինչպիսի խորությամբ են ուսումնասիրել, որի շնորհիվ նրանք պատրաստ են ծառայելու օտար երկրներում։ Այն օգնել է նրանց ‘փորձելու ամեն ինչ’, այսինքն՝ Աստծո Խոսքի լույսի ներքո քննել նախկինում իրենց սովորածը և ‘ամուր պահել’ այն, ինչը «բարի» է (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Եղբայր Յարաչը քաջալերեց նրանց հավատարիմ մնալ Եհովային, նրա Խոսքին և այն նշանակմանը, որի համար նրանք ստացել են այդ կրթությունը։ Իսկ ի՞նչը կօգնի նրանց հավատարիմ մնալ։
Սուրբ ծառայությունը կատարելու գործնական խորհուրդ
Բեթելի գործունեության ապահովման կոմիտեի անդամ Լոն Շիլլինգը հանդես եկավ «Ամուր կմնա՞ս ողջամտությունդ փորձվելու պահին» թեմայով։ Եղբայր Շիլլինգը լուսաբանեց ողջամիտ կամ խոհեմ լինելու արժեքը. չէ՞ որ դա արտացոլում է Աստծո իմաստությունը (Յակոբոս 3։17, ՆԱ)։ «Լինել ողջամիտ»՝ նշանակում է լինել զիջող, արդար, զուսպ, հոգատար ու համբերատար։ «Ողջամիտ մարդիկ հավասարակշռված վերաբերմունք են ցույց տալիս ուրիշների հանդեպ։ Նրանք չեն ընկնում ծայրահեղությունների մեջ»,— ասաց նա։ Իսկ ի՞նչը կօգնի միսիոներին ողջամիտ լինել. սեփական անձի մասին համեստ կարծիքը, ուրիշներին լսելու և նրանցից սովորելու առիթներից օգտվելը և շրջապատի մարդկանց կարծիքները հաշվի առնելու պատրաստակամությունը՝ իհարկե, եթե դրանք չեն հակասում Աստծո սկզբունքներին (Ա Կորնթացիս 9։19—23)։
«Չմոռանա՛ք սնվել». այսպիսի ուշագրավ վերնագիր էր կրում ծրագրում ընդգրկված հաջորդ ելույթը, որով հանդես եկավ Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը։ Վերջինս ցույց տվեց, թե սուրբ ծառայության մեջ հարատևելու համար որքա՛ն կարևոր է հոգևոր լավ սնվելը։ «Քանի որ ձեր նոր նշանակմամբ սկսվում է ակտիվ հոգևոր գործունեության մի նոր շրջան, — ասաց նա,— ուստի հարկավոր է հոգևորապես ավելի ակտիվորեն սնվել, որպեսզի ծառայության մեջ ծախսված ձեր ուժերը մշտապես կարողանաք վերականգնել»։ Հոգևորապես սնվելու կայուն գրաֆիկ ունենալու դեպքում միսիոները կարող է խուսափել հոգևոր անկում ապրելուց և հաղթահարել կարոտի զգացումը։ Դա նաև կօգնի նրան, որպեսզի իր միսիոներական աշխատանքից բավարարվածություն զգա և է՛լ ավելի մեծ պատրաստակամությամբ շարունակի իր սուրբ ծառայությունը (Փիլիպպեցիս 4։13)։
Դպրոցում դասավանդող Լոուրենս Բոուենը շրջանավարտներին հորդորեց իր՝ «Ետ դառնալ դեպի սկիզբը» ելույթով։ Ի՞նչ «սկզբի» մասին էր խոսքը։ Նա ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Առակաց 1։7 խոսքի վրա, որտեղ ասվում է. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է»։ Նա բացատրեց, որ «Եհովայի գոյությունն անտեսող ցանկացած բան երբեք չի կարող իսկական գիտություն ու իմաստություն համարվել և կամ ճիշտ հասկացողություն կոչվել»։ Եղբայր Բոուենը Աստծո Խոսքի մանրամասնությունները համեմատեց նկար–հանելուկի հետ, որի կտորներն իրար միացնելիս ամբողջական պատկեր է ստացվում։ Որքան շատ կտորներ են հավաքվում, այնքան պատկերն ավելի հստակ է դառնում և ավելի լավ է հասկացվում, թե ինչ է նկարում պատկերված։ Այս օրինակը կարող է բոլորին օգնել Աստծուն սուրբ ծառայություն մատուցելիս։
Գաղաադ դպրոցի քարտուղար Ուոլլաս Լիվերընսի ելույթը՝ «Զոհաբերություններ անելիս գոհունակությունդ հայտնիր Աստծուն» թեմայով, եզրափակեց ելույթների այդ շարքը։ Եղբայր Լիվերընսը իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Հիսուսի բուժած տասը բորոտների մասին պատմող աստվածաշնչյան հատվածի վրա. նրանցից միայն մեկը վերադարձավ Հիսուսին շնորհակալություն հայտնելու (Ղուկաս 17։11—19)։ «Կասկած չկա, որ դա մնացածներին էլ ցնծություն էր պատճառել և նրանք ներքուստ շատ ուրախ էին դրա համար,— ընդգծեց եղբայրը,— բայց, ինչպես երևում է, միակ բանը, որին նրանք ձգտում էին, դա հնարավորին չափ շուտ քահանայի մոտ հասնելն ու նրա կողմից «մաքուր» հայտարարվելն էր»։ Ճշմարտությունը ճանաչելու շնորհիվ հոգևորապես մաքրվելու հետ զուգահեռ՝ մեր մեջ երախտագիտության զգացում է առաջանում, որից մղված պետք է մեր գոհունակությունը հայտնենք Աստծուն իր բարության համար։ Գաղաադի 108–րդ դասարանի շրջանավարտները խրախուսվեցին, որպեսզի իրենց ողջ կյանքի ընթացքում խորհրդածության առարկա դարձնեն Աստծո գործերն ու նրա կողմից դրսևորվող բարությունը, որովհետև միայն այդ դեպքում է, որ իրենց ծառայությունն ու զոհաբերությունները կլինեն նրա հանդեպ ունեցած խոր երախտագիտության արտահայտությունը (Սաղմոս 50։14, 23; 116։12, 17)։
Օրինակներ և հարցազրույցներ այն մասին, թե ինչպես կարելի է սուրբ ծառայություն մատուցել
Ծրագրի հաջորդ մասը վարեց Գաղաադ դպրոցի ուսուցիչ Մարկ Նումարը։ Այս հատվածում պատմվեցին դեպքեր ծառայությունից, որոնք տեղի էին ունեցել ուսանողների հետ նրանց ուսման ժամանակահատվածում։ Մինչև Գաղաադ գալը ուսանողներից յուրաքանչյուրը լիաժամ ծառայության մեջ անց էր կացրել միջին հաշվով տասներկու տարի։ Դպրոցում սովորելու ամիսներին նրանք Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ էին սկսել տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք գիտեն ինչպես ‘բոլորի հետ լինել ամեն ինչ’ (Ա Կորնթացիս 9։22)։
Ծրագրի այս մասից հետո Չարլզ Մոլոհենը և Վիլյամ Սեմյուելսընը հարցազրույց անցկացրեցին նախկինում Գաղաադի դպրոցն ավարտած Բեթելի ընտանիքի անդամներից և շրջագայող վերակացուներից մի քանիսի հետ։ Հարցազրույցին մասնակցողներից էր եղբայր Ռոբերտ Պևին, որը Գաղաադի 51–րդ դասարանն ավարտելուց հետո իր ծառայությունը շարունակել էր Ֆիլիպիններում։ Դիմելով շրջանավարտներին՝ եղբայր Պևին ասաց. «Որևէ խնդիր ծագելիս յուրաքանչյուրն իր առաջարկությունն է անում։ Եվ միշտ գտնվում է առավել բանիմաց մեկը, որն ավելի դիպուկ խորհուրդ է տալիս։ Բայց, եթե դիմեք Աստվածաշնչին ու ձգտեք հասկանալ, թե ինչպես է այդ հարցին նայում Աստված, ապա դա էլ հենց կլինի լավագույն խորհուրդը։ Նման որոշումը միշտ էլ կլինի ճիշտ պատասխանը»։
Այդ օրվա հոգևոր հարուստ ծրագիրը եզրափակեց Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը «Եհովային ընդունելի սուրբ ծառայություն մատուցեք» թեմայով։ Իր ելույթում եղբայր Բարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե սուրբ ծառայությունը ինչպես կարող է դրսևորվել քարոզչական աշխատանքում և օգնել, որպեսզի արդարամիտ անհատները Աստծուն երկրպագեն նրան ընդունելի ձևով։ Մատթէոս 4։10–ում արձանագրված Հիսուսի խոսքերը հիշատակելուց հետո նա ասաց. «Եհովային մաքուր երկրպագություն մատուցելու համար պետք է հեռու մնանք կռապաշտության այն աննկատ ձևերից, որոնք են՝ ագահությունը, հարստանալու և ուշադրության կենտրոնում լինելու ձգտումն։ Որքա՜ն ուրախալի է այն իրողությունը, որ 1940–ականներից ի վեր մեր միսիոներները հիանալի անուն են վաստակել։ Համոզված ենք, որ դո՛ւք՝ 108–րդ դասարանի շրջանավարտներ, նույնպես կհետևեք նրանց գովելի օրինակին։ Դուք պատրաստվում եք սուրբ ծառայություն մատուցել Եհովային, այն միակ Աստծուն, որն արժանի՛ է դրան»։
Այս ոգևորիչ խոսքերով եզրափակվեց այդ օրվա կազդուրիչ ծրագիրը։ Ժամանակ հատկացվեց նաև աշխարհի տարբեր մասերից փոխանցված ողջույններն ընթերցելուն, ինչպես նաև ավարտական վկայականները հանձնելուն։ Իր հերթին, շրջանավարտներից մեկը կարդաց դասարանի նամակը, որը պարունակում էր իրենց երախտագիտության խոսքը։ Շրջանավարտներին կոչ արվեց բարեխղճորեն վերաբերվել իրենց նշանակումներին և, իհարկե, Եհովային ծառայելուն։ Բոլոր ներկաները, այդ թվում նաև քսանհինգ երկրներից ժամանած հյուրեր, ծրագիրն ավարտեցին երգով ու աղոթքով։
[ծանոթագրություն]
a Միջոցառումն անց է կացվել 2000 թ. մարտի 11–ին Պատերսոնի Դիտարանի կրթական կենտրոնում (Նյու Յորք)։
[շրջանակ 23–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 10
Նշանակումներ ստացած երկրները թիվը՝ 17
Ուսանողների թիվը՝ 46
Միջին տարիքը՝ 34
Ճշմարտության մեջ միջինը՝ 16 (տարի)
Լիաժամ ծառայության մեջ միջինը՝ 12 (տարի)
[նկար 24–րդ էջի վրա]
Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի 108–րդ դասարանի շրջանավարտները։
Ներքոհիշյալ ցուցակի թվարկումը սկսվում է առաջին պլանում կանգնածներից, իսկ անունները՝ հերթականությամբ՝ ձախից աջ.
1) Ամադորի Է., Քուք Օ., Բըրն Մ., Լիի Ա., 2) Նյուսոմ Դ., Պեդերցոլի Ա., Բիգրա Հ., Քյատո Տ., Գեյթվուդ Դ., 3) Իդ Դ., Իդ Ջ., Ուելս Ս., Ջեյմիսոն Ջ., Գոնսալես Մ., Գոնսալես Ջ., 4) Քյատո Տ., Լոն Դ., Նիքլըս Ի., Փրայս Ս., Ֆոսթըր Փ., Իբարրա Ջ., 5) Ամադորի Մ., Մենինգ Մ., Ջեյմս Մ., Բոսթրում Ա., Գեյթվուդ Բ., Նյուսոմ Դ., 6) Ֆոսթըր Բ., Ջեյմիսոն Ռ., Հայֆինգըր Ա., Քոֆել Ս., Քոֆել Թ., Բըրն Ջ., 7) Հայֆինգըր Ք., Մենինգ Ք., Քուք Ջ., Բոսթրում Ջ., Լոն Է., Պեդերցոլի Ա., 8) Ջեյմս Է., Ուելս Լ., Փրայս Դ., Նիքլըս Ի., Լիի Մ., Իբարրա Պ., Բիգրա Ի.։