Չափանիշները՝ փոխված, վստահությունը՝ չարաշահված
Անգլիայի թագավոր Հենրի I–ի օրոք (1100–1135) մեկ յարդը (երկարության միավոր) որոշվում էր «թագավորի քթի ծայրից մինչև բութ մատի ծայրն ընկած հեռավորությամբ՝ թևն առաջ պարզած դիրքում»։ Սակայն որքանո՞վ էին ճշգրիտ թագավորի հպատակների չափաձողերը։ Դա պարզելու միակ միջոցն, ըստ երևույթին, կլիներ միապետին անձամբ այցելելը։
Չափման միավորներն այսօր սահմանվում են մեծ ճշգրտության չափման միջոցներին՝ էտալոններին համապատասխան։ Այսպես. երկարության միավորը՝ մետրը հաշվում են վակուումում մեկ վայրկյանում լույսի անցած հեռավորությամբ՝ բաժանելով այն 299 792 458–ի։ Ի դեպ՝ այդ լույսը իրենից ներկայացնում է հաստատուն ալիքի երկարությամբ ճառագայթում, որն արձակվում է հատուկ լազերի միջոցով։ Էտալոնը ընդօրինակելու համար անհրաժեշտ սարքավորումն ունենալու դեպքում մարդիկ կարող են ստուգել, թե արդյո՞ք նրանց կիրառած երկարության միավորը համապատասխանում է համընդհանուր ստուգանմուշին։
Ընդունված միավորների թեկուզ չնչին փոփոխությունները կարող են անստուգության տեղիք տալ, ուստի դրանք պահպանելու ուղղությամբ մեծ ջանքեր են ներդրվում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում որպես զանգվածի չափման էտալոն ընդունված է պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված մի գլան, որը կշռում է մեկ կիլոգրամ։ Այս գլանը պահվում է Ազգային ֆիզիկայի լաբորատորիայում։ Ճանապարհային և օդային տրանսպորտի կողմից օդի աղտոտման հետևանքով կիլոգրամի այս ստուգանմուշի կշիռն աստիճանաբար ավելանում է։ Այնուամենայնիվ, մետաղյա այս գլանը պարզապես պատճենն է միջազգային նախատիպի, որը պահպանվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում (Չափերի և կշիռների միջազգային բյուրո) և գտնվում է հերմետիկորեն փակված երեք ապակյա անոթների «պաշտպանության» տակ՝ ստորերկրյա պահոցում։ Սակայն աղտոտման հետևանքով նույնիսկ այս օբյեկտի կշիռն էլ դարձյալ ենթակա է մանրադիտակային փոփոխությունների։ Ավելի կայուն ստուգանմուշ աշխարհում դեռևս չի ստեղծվել։
Թեև չնչին փոփոխությունները մարդուն կարող են թվալ ոչ էական, սակայն չափման միավորի ամբողջական փոփոխումը խառնաշփոթ է առաջացնում։ Մեծ Բրիտանիայում զանգվածի չափման ընդունված միավորների (ֆունտ և ունցիա) փոխարինումը մետրական համակարգի միավորներով (կիլոգրամ և գրամ) զգալի չափով անվստահություն առաջ բերեց, որն իհարկե անտեղի չէր։ Օգտվելով առիթից, որ հաճախորդները դեռևս ծանոթ չէին նոր համակարգին՝ որոշ անազնիվ խանութպաններ հաշվի մեջ խաբում էին նրանց։
Ընտանիքը և բարոյական չափանիշները
Իսկ ի՞նչ կարելի է ասել ընտանեկան նորմերի և բարոյական չափանիշների փոփոխության մասին։ Այդպիսի փոփոխությունները կարող են լինել ոչ միայն պարզապես վնասակար։ Ընտանիքների քայքայման, սեռային անկարգ վարքի և երեխաների սեռային շահագործման ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի մասին ընթացիկ լուրերը սարսափեցնում են շատերին և հաստատում, որ ապրում ենք անկում ապրող չափանիշների դարաշրջանում։ Միայնակ ծնողներով ընտանիքները, միասեռ «ծնողների» կողմից երեխաների դաստիարակումը, պետական հաստատությունների խնամքի տակ գտնվող երեխաների սարսափելի այլասերումը... այս ամենը արդյունք է այն բանի, որ մարդիկ մերժում են ընդունված չափանիշները։ Աստիճանաբար մարդիկ դառնում են ավելի «անձնասէր,.... անգութ,.... անբարեսէր,.... ավելի շատ հեշտասէր, քան աստուածասէր», այսինքն՝ իրականանում է մոտ երկու հազար տարի առաջ Աստվածաշնչում գրվածը (Բ Տիմոթէոս 3։1–4)։
Բարոյական չափանիշների անկումը ուղեկցվում է վստահության չարաշահման քարսիրտ դրսևորումներով։ Վերջերս Անգլիայի հյուսիսում գտնվող Հայդ քաղաքում, որի բնակիչները ընդունված հարգանք էին տածում դեպի իրենց բժիշկները, բացահայտվեց բժշկությանը հատուկ բարձր չափանիշներին անհարիր մի երևույթ։ Նրանց վստահությունը, դժբախտաբար, չարաշահվել էր։ Ինչպե՞ս։ Դատավարության հաղորդումներից իմացվեց, որ մի բժիշկ իր հաճախորդներից առնվազն 15 կանանց մահվան պատճառն էր դարձել։ Ոստիկանությունը ստիպված եղավ վերստին քննության ենթարկել մահվան ավելի քան 130 դեպքեր, որոնք տեղի էին ունեցել նույն բժշկի միջամտությամբ։ Վստահության չարաշահման աստիճանը պարզ եղավ հետագա միջոցառումներից, երբ բժշկին հանցավոր ճանաչեցին և ձերբակալեցին։ Բանտում աշխատող երկու եղբայրների, որոնց մայրը հավանաբար այդ բժշկի զոհն էր դարձել, ուրիշ աշխատանք տրվեց, որպեսզի ստիպված չլինեին հոգ տանել այդ անարգ բանտարկյալին։ Զարմանալի չէ, որ «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթում այդ դատավարության մասին մի հաղորդագրություն ոճրագործին նկարագրում էր որպես ««Սատանա» բժշկի»։
Տեսնելով, թե ինչպես՝ կյանքի տարբեր ոլորտներում փոփոխության են ենթարկվում և աղավաղվում չափանիշները՝ ո՞ւմ կարող եք համարձակորեն վստահել։ Որտե՞ղ կարող եք գտնել հաստատուն չափանիշներ՝ պաշտպանված այնպիսի հեղինակության կողմից, որն ունի իշխանություն՝ պահպանելու դրանք։ Հաջորդ հոդվածը պատասխանում է այս հարցերին։