Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 1/1 էջ 23–28
  • Եհովան տվեց «անսահման զորությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան տվեց «անսահման զորությունը»
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վատառողջ աղջիկն իր բազում հարցերով
  • «Այս գիրքը կործանել է քեզ»
  • Նոր կյանք
  • Օգնություն հալածանքների մեջ գտնվող եղբայրներին
  • Հաճախ ճանապարհորդությունների ու վտանգների մեջ
  • Լիարժեք կյանք՝ շնորհիվ Եհովայի զորության
  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ալբանիա և Կոսովո
    Դեպքեր ծառայությունից
  • «Հանցագործությունը և փողասիրությունը կրակի մեջ գցեցին ինձ»
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • Ես անցել եմ ծանր փորձությունների միջով
    2003 Դիտարան
2002 Դիտարան
w02 1/1 էջ 23–28

Կենսագրություն

Եհովան տվեց «անսահման զորությունը»

Պատմում է Հելեն Մարքսը

1986 թ. ամառային մի տոթ օր էր։ Ես միակ մարդն էի, որ սպասում էի Եվրոպայի ամենախաղաղ օդանավակայաններից մեկի մաքսատան փոքր սենյակում։ Ես գտնվում էի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որը հայտնի էր որպես «առաջին աթեիստական պետությունը աշխարհում»։

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ և վախի խառը զգացումներով համակված՝ նայում էի զինված սպային, որն իրերս էր ստուգում։ Եթե այդ պահին ես անեի կամ ասեի որևէ բան, ինչը կարող էր նրա մեջ կասկած առաջացնել, ապա հետևանքը կլիներ այն, որ կարող էին ինձ վտարել երկրից, իսկ ինձ սպասողներին՝ բանտարկել կամ ուղարկել ուղղիչ աշխատանքային գաղութ։ Բարեբախտաբար, երբ նրան ծամոն ու մի քանի կտոր թխվածք առաջարկեցի, նա իմ նկատմամբ դարձավ ավելի բարյացակամ։ Բայց ինչպե՞ս կարող էի ես՝ 6 տասնամյակն արդեն կիսած կինս, հայտնվել այդ իրավիճակում։ Ինչո՞ւ էի զրկել ինձ հարմարավետ կյանքից և, ռիսկի դիմելով, փորձում Թագավորության շահերն առաջ տանել մարքսիզմ–​լենինիզմի վերջին «ամրոցներից» մեկում։

Վատառողջ աղջիկն իր բազում հարցերով

Իմ ծննդից (1920 թ., Իերապետրա, Կրետե) երկու տարի անց հայրս մահացավ թոքերի բորբոքումից։ Մայրս խեղճ ու անգրագետ կին էր։ Մեր չորս երեխաների մեջ ես ամենակրտսերն էի, և այն բանից հետո, երբ հիվանդացա դեղնախտով, միշտ գունատ էի ու թուլակազմ։ Հարևանները խորհուրդ էին տալիս մորս, որ նա իր ողջ ուշադրությունն ու սահմանափակ միջոցները նվիրի իր երեք համեմատաբար ավելի առողջ երեխաներին և թողնի ինձ հանգիստ մեռնել։ Ուրախ եմ, որ նա չհետևեց նրանց խորհրդին։

Համոզվելու համար, որ հորս հոգին իր հանգիստն է գտել երկնքում, մայրս հաճախ էր այցելում նրա գերեզմանը՝ սովորաբար օգտվելով ուղղափառ եկեղեցու քահանայի ծառայությունից։ Այդ ծառայությունները, սակայն, նրա վրա թանկ նստեցին։ Այսօր էլ հիշում եմ, թե ինչպես Ծննդյան տոների մի ցրտաշունչ օր մայրս և ես, նրա կողքին ցրտից հազիվ ոտքերս քարշ տալով, վերադարձանք գերեզմաններից։ Քիչ առաջ քահանային էինք տվել մեր ունեցած վերջին դրամը։ Մայրս կանաչեղենից մեզ համար ճաշ պատրաստեց և հետո փակվեց մյուս սենյակում. նրա ստամոքսը դատարկ էր, իսկ հուսալքությունից՝ դեմքը՝ արտասուքներով թրջված։ Մի որոշ ժամանակ անց ես, հավաքելով ողջ քաջությունս, գնացի քահանայի մոտ ու հարցրի՝ ինչու հայրս մահացավ և ինչու իմ աղքատ մայրը պիտի փող վճարեր նրան՝ քահանային։ Որպես պատասխան՝ նա շփոթված շշնջաց. «Աստված տարավ նրան։ Դա այն է, ինչ որ պետք է լինի։ Ոչինչ, վիշտդ կթեթևանա»։

Ինձ համար դժվար էր ընդհանրություն գտնել նրա խոսքերի ու Տերունական աղոթքի միջև, որը ես լսել էի դպրոցում։ Մինչև օրս հիշում եմ, թե ինչ գեղեցիկ ու իմաստալից խոսքերով էր սկսվում այդ աղոթքը. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է» (Մատթէոս 6։9, 10)։ Եթե Աստված մտադրվել էր, որ իր կամքը կատարվի երկրի վրա, այդ դեպքում ինչո՞ւ էինք մենք այդքան տառապում։

Ես գրեթե ստացա իմ հարցի պատասխանը, երբ 1929 թ.–ին Եհովայի վկա Էմմանուել Լիոնուդակիսը, որն այդ ժամանակ լիաժամ քարոզիչ էր, այցելեց մեր տուն։a Երբ մայրս հարցրեց, թե նա ինչ է ուզում, Էմմանուելը ոչ մի բառ չասաց, դրա փոխարեն նրան մեկնեց վկայության քարտը (Վկաների գործունեության նպատակը ներկայացնող քարտ)։ Մայրս տվեց այն ինձ կարդալու։ Այդ ժամանակ ես ընդամենը 9 տարեկան էի և արդեն փոքր ինչ կարողանում էի կարդալ։ Ենթադրելով, որ դիմացինը համր էր՝ մայրս ասաց. «Խեղճ մարդ։ Դուք չեք կարող խոսել, իսկ ես՝ կարդալ»։ Ապա նա սիրալիր կերպով ձեռքի շարժումով դուռը ցույց տվեց։

Տարիներ անցան, և ես գտա իմ հարցերի պատասխանները։ Իմ եղբայր Էմմանուել Պատերակիսը հենց այդ նույն լիաժամ քարոզչից ստացավ «Որտե՞ղ են մահացածները» գրքույկը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։b Կարդալով այդ՝ ես ինձ թեթևացած զգացի՝ իմանալով, որ իմ հորը Աստված չի տարել։ Ես հասկացա, որ մահը մարդկային անկատարության հետևանք է, և որ իմ հայրը ետ՝ կյանքի հարություն է ստանալու երկրային դրախտում։

«Այս գիրքը կործանել է քեզ»

Աստվածաշնչի ճշմարտությունը բաց արեց մեր աչքերը։ Մենք գտանք մեր հորը պատկանող հին Աստվածաշունչը և սկսեցինք այն ուսումնասիրել, հաճախ մոմի լույսի տակ՝ բուխարիկի շուրջը նստած։ Չնայած ես այդ տարածքում միակ երիտասարդ աղջիկն էի, որը հետաքրքրված էր Աստվածաշնչով, սակայն ընդգրկված չէի տեղի Վկաների փոքր խմբի գործունեության մեջ։ Մի որոշ ժամանակ ամենայն անկեղծությամբ, բայց սխալմամբ, հավատում էի, որ այս կրոնը միայն տղամարդկանց համար է։

Իմ եղբոր խանդավառությունը քարոզչական գործում ինձ համար իսկական ներշնչման աղբյուր էր։ Բայց դա երկար չտևեց. շուտով ոստիկանությունը մեր ընտանիքն առավ իր հատուկ հսկողության տակ՝ ցերեկվա և գիշերվա ցանկացած ժամի կանոնավոր այցելություններ կատարելով մեր տուն՝ Էմմանուելին, ինչպես նաև գրականություն գտնելու նպատակով։ Պարզ հիշում եմ, թե ինչպես քահանան եկավ՝ համոզելու մեզ եկեղեցի վերադառնալ։ Երբ Էմմանուելը ցույց տվեց Աստվածաշնչում, որ Աստծո անունը Եհովա է, նա խլեց գիրքը, սպառնանքով թափահարեց այն եղբորս երեսի առաջ և բղավեց. «Այս գիրքը կործանել է քեզ»։

Երբ 1940–ին Էմմանուելը հրաժարվեց բանակում ծառայելուց, նրան ձերբակալեցին և ուղարկեցին Ալբանիայի ռազմաճակատ։ Մենք կորցրեցինք նրա հետ կապը և մտածեցինք, որ մահացել է։ Երկու տարի անց, սակայն, անսպասելիորեն նրանից նամակ ստացանք, որը գրել էր բանտից։ Նա կենդանի էր և գտնվում էր համեմատաբար լավ պայմաններում։ Իր նամակում գրություններից մի համար էր մեջբերել, որն անջնջելիորեն տպավորվել է իմ ուղեղում. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Ինչպե՜ս էինք զգում այսպիսի քաջալերական խոսքերի կարիքը։

Գտնվելով բանտում՝ Էմմանուելը կարողացել էր խնդրել որոշ եղբայրների այցելել ինձ։ Առանց հապաղելու՝ գաղտնի կերպով կազմակերպեցին ժողովի հանդիպումներ անցկացնել՝ որպես թաքստարան ընտրելով քաղաքից դուրս՝ ֆերմայում գտնվող տներից մեկը։ Մենք չգիտեինք, որ մեզ հետևում են։ Մի կիրակի օր զինված ոստիկանները շրջապատեցին մեզ։ Նրանք լցրեցին մեզ բոլորիս բաց բեռնատար մեքենայի մեջ և ի ցույց բոլորի քշել տվեցին քաղաքի միջով։ Հիմա էլ հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ մեզ ծաղրուծանակի ենթարկում ու արհամարհում, բայց Եհովայի ոգին օգնում էր մեզ ներքին խաղաղություն պահպանել։

Մեզ տեղափոխեցին ուրիշ քաղաք, որտեղ նետեցին շատ մութ ու կեղտոտ բանտախցերի մեջ։ Իմ բանտախցի զուգարանը մի բաց դույլ էր, որը դատարկվում էր օրը մեկ անգամ։ Ինձ դատապարտեցին ութ ամսվա բանտարկության, քանի որ կարծում էին, որ խմբի «ուսուցիչը» ես եմ։ Բայցևայնպես, մի բանտարկված եղբայր խնդրեց իր փաստաբանին հանձն առնել մեր գործը, և նա կարողացավ հասնել այն բանին, որ մեզ ազատ արձակեցին։

Նոր կյանք

Երբ Էմմանուելը ազատ արձակվեց բանտից, սկսեց այցելել Աթենքի ժողովները՝ որպես շրջագայող վերակացու։ Ես տեղափոխվեցի այնտեղ 1947–ին։ Վերջապես հանդիպեցի Վկաների մեծ խմբի՝ բաղկացած ոչ միայն տղամարդկանցից, այլ նաև կանանցից ու երեխաներից։ Ի վերջո, 1947–ի հուլիսին նվիրումս Եհովային խորհրդանշեցի ջրի մկրտությամբ։ Ես հաճախ եմ երազել միսիոներ դառնալու մասին։ Այդ նպատակով սկսեցի հաճախել երեկոյան դպրոց՝ անգլերեն լեզուն սովորելու համար։ 1950–ին ռահվիրայական ծառայություն սկսեցի։ Մայրս տեղափոխվեց ինձ մոտ՝ ապրելու. նա նույնպես ընդունեց Աստվածաշնչի ճշմարտությունը։ Եվ 34 տարի շարունակ՝ ընդհուպ մինչև իր մահը, ապրեց որպես Եհովայի վկա։

Այդ նույն տարվա մեջ ես հանդիպեցի Ջոն Մարքսին (Մարկոպուլոս), հարգված և հոգևոր հասուն մի անձնավորության՝ Միացյալ Նահանգներից։ Ջոնը ծնվել էր հարավային Ալբանիայում և Միացյալ Նահանգներ ներգաղթելուց հետո դարձել էր Եհովայի վկա։ 1950–ին նա եկել էր Հունաստան՝ փորձելով վիզա ձեռք բերել Ալբանիա մուտք ունենալու համար. կոմունիստական դաժան ռեժիմի տիրապետության տակ գտնվող մի երկիր, որի դռները փակ էին օտարերկրացիների առջև։ Չնայած այն բանին, որ Ջոնը չէր տեսել իր ընտանիքին 1936–ից ի վեր, նրան չթույլատրեցին մտնել Ալբանիա։ Ինձ անչափ տպավորեցին Եհովայի ծառայության մեջ նրա բոցավառ եռանդն ու եղբայրների հանդեպ տածած խոր սերը։ Մենք ամուսնացանք 1953–ի ապրիլի 3–ին։ Այնուհետև տեղափոխվեցինք Նյու Ջերսիում (ԱՄՆ) գտնվող մեր նոր տունը։

Քանի դեռ լիաժամ ծառայության մեջ էինք, մեր կարիքները հոգալու համար ես ու Ջոնը բացեցինք մեր փոքրիկ բիզնեսը Նյու Ջերսիի ծովափում. նախաճաշ էինք պատրաստում ձկնորսների համար։ Մենք աշխատում էինք միայն ամռան ամիսներին՝ արևածագից մինչև առավոտյան ժամը 9–ը։ Մեր պարզ ապրելակերպով ու կյանքում առաջնահերթությունը հոգևոր գործունեությանը տալով՝ մենք հնարավորություն ունեցանք մեր ժամանակի մեծ մասը անցկացնել քարոզչական ծառայության մեջ։ Տարիների ընթացքում մեզ խնդրեցին տեղափոխվել տարբեր քաղաքներ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Այնտեղ Եհովայի աջակցությամբ օգնում էինք հետաքրքրվող անհատներին, հիմնադրում էինք ժողովներ և օգնության մեր բաժինը ներդնում Թագավորության սրահների շինարարության գործում։

Օգնություն հալածանքների մեջ գտնվող եղբայրներին

Շուտով, սակայն, հուզիչ հեռանկարներ բացվեցին մեր առջև։ Պատասխանատու եղբայրները ցանկանում էին կապ հաստատել Բալկաններում ապրող մեր հավատակիցների հետ, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ էր։ Տարիներ շարունակ այդ երկրների Եհովայի վկաները կտրված են եղել միջազգային եղբայրությունից՝ ստանալով չնչին քանակությամբ հոգևոր սնունդ կամ ընդհանրապես ոչինչ չստանալով և հանդիպելով դաժան հակառակության։ Նրանց մեծամասնությունը մշտական հսկողության տակ է եղել, շատերը՝ բանտերում կամ կալանավայրերում։ Նրանք խիստ կարիք ունեին աստվածաշնչյան գրականության, առաջնորդության և խրախուսանքի։ Ահա Ալբանիայից ստացված մի ծածկագրով հաղորդակցության օրինակ. «Մեզ համար աղոթեցեք Տիրոջը։ Գրականության բռնագրավում տներում։ Արգելում են ուսուցում անցկացնել։ Երեք հոգի բանտում են գտնվում»։

Եվ այսպես, 1960–ի նոյեմբերին մենք վեցամսյա երկար ուղևորության մեկնեցինք՝ այցելելու բալկանյան երկրներից մի քանիսը։ Ակնհայտ էր, որ մենք «անսահման զորության», Աստծո կողմից մեզ տրվող խիզախության, համարձակության ու խորաթափանցության կարիքն ունեինք՝ իրականացնելու համար մեր միսիան (Բ Կորնթացիս 4։7, ԱՆԹ)։ Մեր առաջին նշանակումը Ալբանիան էր։ Մեքենա գնեցինք Փարիզում ու ճանապարհ ընկանք։ Հռոմ հասնելուց հետո միայն Ջոնը կարողացավ վիզա ձեռք բերել։ Ես պետք է շարունակեի ճանապարհս մինչև Աթենք և սպասեի նրան այնտեղ։

Ջոնը մտավ Ալբանիա 1961–ի փետրվարի վերջին և մնաց այնտեղ մինչև մարտի վերջը։ Տիրանայում նա հանդիպում ունեցավ 30 եղբայրների հետ։ Որքա՜ն հուզվեցին նրանք՝ ստանալով այնքան անհրաժեշտ գրականություն ու քաջալերանք։ 24 տարի էր, ինչ դրսի եղբայրներից ոչ մեկը նրանց չէր այցելել։

Եղբայրների ազնվությունն ու տոկունությունը Ջոնի վրա խոր տպավորություն թողեցին։ Նա իմացավ, որ շատերը կորցրել էին իրենց աշխատանքը և բանտարկվել, որովհետև հրաժարվել էին կոմունիստական այդ պետության գործընթացին մասնակցելուց։ Հատկապես նրան հուզեց այն, որ 80 տարեկան երկու եղբայր քարոզչական գործին նվիրաբերեցին մոտ 100 ամերիկյան դոլար։ Տարիների ընթացքում նրանք տնտեսել էին այդ գումարը իրենց աղքատիկ թոշակներից։

Ջոնի՝ Ալբանիայում գտնվելու վերջին օրը 1961 թ. մարտի 30–նն էր՝ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյի օրը։ Այդ կապակցությամբ Ջոնը ելույթ ունեցավ 37 ունկնդիրների առջև։ Ելույթի ավարտից հետո եղբայրները արագորեն դուրս հանեցին նրան ետևի դռնից ու մեքենայով տարան Դուրես նավահանգիստը։ Այնտեղ նա նստեց թուրքական առևտրական մի նավ, որը ուղղություն էր վերցրել դեպի Պիրեա (Հունաստան)։

Ես ուրախ էի՝ տեսնելով նրան անվնաս ու ապահով ետ վերադարձած։ Այժմ մենք կարող էինք շարունակել մեր վտանգավոր ճանապարհորդությունը։ Պետք է գնայինք նաև երեք ուրիշ բալկանյան երկրներ, որտեղ մեր գործունեությունն արգելված էր։ Դա մեր կողմից համարձակ քայլ էր, քանի որ մեզ հետ տանում էինք աստվածաշնչյան գրականություն, տպագրական մեքենաներ և այլ պետքական բաներ։ Այդ երկրներում մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու շատ նվիրված եղբայրների ու քույրերի հետ, ովքեր հանուն Եհովայի պատրաստ էին կորցնելու իրենց աշխատանքը, իրենց ազատությունը և նույնիսկ իրենց կյանքը։ Նրանց եռանդն ու անկեղծ սերը իսկական ոգեշնչման աղբյուր էին։ Մենք նաև տպավորված էինք այն բանից, որ Եհովան տալիս էր իր «անսահման զորությունը»։

Մեր ուղևորության հաջող ավարտից հետո վերադարձանք Միացյալ Նահանգներ։ Հաջորդող տարիներին շարունակեցինք տարբեր ուղիներ փնտրելով՝ գրականություն ուղարկել Ալբանիա և այնտեղից տեղեկություններ ստանալ մեր եղբայրների գործունեության մասին։

Հաճախ ճանապարհորդությունների ու վտանգների մեջ

Տարիներ անցան. 1981–ին՝ 76 տարեկան հասակում, Ջոնը մահացավ։ Մնացի մենակ։ Իմ ավագ քրոջ աղջիկը՝ Էվանգելիան, և իր ամուսին Ջորջ Օրֆանիդեսը սիրով ընդունեցին ինձ որպես կենվոր և մինչև օրս էլ արժեքավոր օգնություն ու աջակցություն են ցույց տալիս իմ հանդեպ։ Նրանք անձամբ զգացել են Եհովայի օգնությունը, երբ ծառայում էին Սուդանում՝ արգելքի տակ։c

Վերջապես նոր փորձ արվեց՝ կապ հաստատելու Ալբանիայի եղբայրների հետ։ Քանի որ ամուսնուս ազգականներն ապրում էին այնտեղ, ինձ հարցրեցին, թե արդյոք չէի ուզենա այդ երկիրը գնալ։ Ինչ, խոսք, ես համաձայն էի։

Ամիսներ տևած համառ ջանքերի արդյունքը եղավ այն, որ 1986 թ. մայիսին Աթենքում գտնվող ալբանական դեսպանատնից մուտքի թույլտվություն ստացա։ Դիվանագիտական անձնակազմի աշխատակիցները զգուշացրեցին ինձ, որ եթե որևէ անհաջողության հանդիպեմ, արտաքին աշխարհից ոչ մի օգնության չսպասեմ։ Երբ մոտեցա ճանապարհորդական բյուրոյի գործակալին՝ ինքնաթիռի տոմս գնելու համար, նա ապշեց։ Թույլ չտալով, որ վախի ու անհանգստության զգացումն ինձ կանգնեցնի՝ ես շուտով հայտնվեցի Աթենք–​Տիրանա շաբաթական միայն մեկ օր թռչող ինքնաթիռի մեջ։ Ընդամենը երեք ծեր ալբանացիներ էին ինձ հետ թռչում այդ նույն ինքնաթիռով. նրանք Հունաստան էին գնացել առողջական հարցերով։

Հենց որ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ինձ ուղեկցեցին մի դատարկ սենյակ, որը մաքսատան գրասենյակի դեր էր կատարում։ Ամուսնուս կրտսեր եղբայրն ու քույրը, չնայած որ Եհովայի վկաներ չէին, բայց հոժարակամ որոշել էին օգնել ինձ՝ կապ հաստատելու տեղի որոշ եղբայրների հետ։ Համաձայն գործող օրենքի՝ բարեկամներս իմ այցելության մասին պետք է տեղեկացնեին համայնքի ղեկավարին։ Արդյունքում՝ ոստիկանները ինձ իրենց անմիջական հսկողության տակ առան։ Այդ պատճառով բարեկամներս խորհուրդ տվեցին ինձ մնալ իրենց տանը, մինչև որ գտան Տիրանայում բնակվող եղբայրներից երկուսին և բերեցին նրանց ինձ մոտ։

Այդ ժամանակ ինը մկրտված եղբայրներ հայտնի էին ամբողջ երկրով մեկ։ Արգելքի տարիները, հետապնդումը և խիստ հսկողությունը ստիպել էին նրանց շատ զգույշ լինել։ Նրանց դեմքերին խորը ակոսներ կային դրոշմված։ Երբ ինձ վերջապես հաջողվեց շահել այդ երկու եղբայրների վստահությունը, առաջին հարցը, որ նրանք տվեցին, հետևյալն էր. «Որտե՞ղ են «Դիտարանները»»։ Տարիներ շարունակ նրանք նույնիսկ Աստվածաշունչ չունեին, այլ օգտվում էին ընդամենը հին գրքերի երկու պատճեններից։

Նրանք մանրամասնորեն պատմեցին, թե դաժանության աստիճանի հասնող ինչ միջոցներ էին կիրառում իրենց նկատմամբ։ Պատմեցին նաև մի դեպք՝ կապված իրենց սիրելի եղբայրներից մեկի հետ, որը քաղաքական հողի վրա վճռականորեն չեզոք դիրք էր բռնել՝ չմասնակցելով առաջիկա ընտրություններին։ Քանի որ պետությունը ամեն ինչ իր հսկողության տակ էր առել, նրա հրաժարականը նշանակում էր, որ ընտանիքը չէր ստանալու սննդի իր բաժինը։ Նրա ամուսնացած երեխաներին՝ իրենց ընտանիքների հետ միասին, պիտի բանտ նստեցնեին, չնայած նրանք ոչ մի առնչություն չունեին իրենց հոր կրոնի հետ։ Հայտարարվել էր, թե այդ եղբոր ընտանիքի անդամները, վախից դրդված, սպանել էին նրան ընտրություններին նախորդող գիշերը, գցել ջրհորը և հետո հայտարարել, թե նա վախից ինքնասպան է եղել։

Եղբայրների չքավորությունը սրտաճմլիկ էր։ Երբ փորձեցի նրանցից ամեն մեկին տալ 20 ամերիկյան դոլար, նրանք մերժեցին՝ ասելով. «Մենք միայն հոգևոր սննդի կարիք ունենք»։ Այս սիրելի եղբայրները տասնամյակներ շարունակ ապրել էին տոտալիտար ռեժիմի ներքո, որի ղեկավարներին հաջողվել էր ներշնչել բնակչության մեծամասնությանը դառնալ աթեիստ։ Սակայն եղբայրների հավատն ու վճռականությունը նույնքան ամուր էին, որքան աշխարհով մեկ ապրող Վկաներինը։ Եհովայի «անսահման զորություն» տալու կարողությունը, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, ինձ անչափ տպավորել էր, երբ երկու շաբաթ անց արդեն մեկնել էի Ալբանիայից։

Կրկին անգամ ես հնարավորություն ունեցա այցելել Ալբանիա 1989–ին և ապա՝ 1991–ին։ Խոսքի և դավանանքի ազատության վրա դրված սահմանափակումների հետզհետե վերացման հետ մեկտեղ երկրում արագորեն աճել էր Եհովայի երկրպագուների թիվը։ Ակտիվ քարոզիչների թիվը 1986–ին այնտեղ եղած մի բուռ քրիստոնյաներից այժմ հասել է ավելի քան 2 200–ի։ Այս թվի մեջ է նաև Մելփոն՝ ամուսնուս քույրը։ Մի՞թե որևէ կասկած կար, որ Եհովան օրհնել էր այն մի խումբ հավատարիմներին։

Լիարժեք կյանք՝ շնորհիվ Եհովայի զորության

Երբ ետ եմ նայում մեր անցած կյանքին, համոզվում եմ, որ մեր՝ Ջոնի ու իմ ջանքերը զուր չեն անցել։ Մենք օգտագործել ենք մեր երիտասարդական կորովը ամենաարդյունավետ կերպով։ Այն, ինչ արել ենք լիաժամ ծառայության մեջ, եղել է ավելին, քան կարող էինք ակնկալել։ Ինձ անսահման ուրախություն են պատճառել մեզ շատ սիրելի անհատներ, որոնց օգնել ենք սովորել Աստվածաշնչի ճշմարտությունները։ Այժմ գտնվելով այս պատկառելի տարիքում՝ ես ուզում եմ ամբողջ սրտով քաջալերել ինձնից ավելի երիտասարդներին ‘հիշել իրենց Ստեղծիչին իրենց երիտասարդության օրերում’ (Ժողովող 12։1)։

Չնայած արդեն 81 տարեկան եմ, սակայն դեռ ի վիճակի եմ ծառայել որպես բարի լուրի լիաժամ քարոզիչ։ Ես արթնանում եմ առավոտյան վաղ և դուրս եմ գալիս քարոզելու մարդկանց ավտոբուսի կանգառներում, ավտոկանգառներում, փողոցում, խանութների մեջ կամ զբոսայգիներում։ Ծերության հետ կապված խնդիրները կյանքս դարձնում են ավելի դժվար, բայց իմ սիրելի քույրերն ու եղբայրները՝ իմ մեծ հոգևոր ընտանիքը, ինչպես նաև քրոջս աղջկա ընտանիքը ինձ համար իսկական օգնություն ու օժանդակություն են։ Ամեն ինչից վեր, ես գիտեմ, որ «անսահման զորությունն Աստծուց է գալիս, և ոչ թե մեզնից» (Բ Կորնթացիս 4։7, ԱՆԹ)։

[ծանոթագրություններ]

a Էմմանուել Լիոնուդակիսի կյանքի պատմությանը կարող եք ծանոթանալ «Դիտարանի» 1999 թ. սեպտեմբերի 1–ի համարում, էջ 25–29 (ռուս.)։

b Էմմանուել Պատերակիսի կյանքի պատմությունը կարող եք կարդալ «Դիտարանի» 1996 թ. նոյեմբերի 1–ի համարում, էջ 22–27 (ռուս.)։

c Տես «1992 թվականի՝ Եհովայի վկաների Տարեգիրքը» (անգլ.), էջ 91, 92՝ տպագրված Եհովայի վկաների կողմից։

[նկար 25–րդ էջի վրա]

Վերևում՝ Ջոնը (ձախից), ես (կենտրոնում), ձախից՝ եղբայրս՝ Էմմանուելը, նրա ձախ կողքին՝ մայրս մի խումբ բեթելցիների հետ Աթենքում, 1950 թ.

[նկար 25–րդ էջի վրա]

Ձախ կողմում՝ Ջոնի հետ Նյու Ջերսիի ծովափին՝ զբաղված մեր փոքրիկ բիզնեսով, 1956 թ.

[նկար 26–րդ էջի վրա]

Մարզային համաժողով Տիրանայում, Ալբանիա, 1995 թ.

[նկար 26–րդ էջի վրա]

Բեթելի մասնաճյուղը Տիրանայում։ Շինարարությունն ավարտվել է 1996–ին

[նկար 26–րդ էջի վրա]

Աջից՝ քրոջս աղջկա՝ Էվանգելիա Օրֆանիդեսի և իր ամուսնու՝ Ջորջի հետ

[նկար 26–րդ էջի վրա]

Վերևում՝ մի հոդված 1940​թ. «Դիտարանից»՝ գաղտնաբար թարգմանված ալբաներեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը