Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 2/1 էջ 25–30
  • Ես անցել եմ ծանր փորձությունների միջով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ես անցել եմ ծանր փորձությունների միջով
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աղքատ տղայի վեհ նպատակը
  • «Այդ մարդը սատանա է»
  • Առաջին հալածանքները
  • Դաժան մարդասպանների ձեռքում
  • «Հնոցի» մեջ
  • Անսպասելի օրհնություն և նորից դժվարություններ
  • Նոր հնարավորություններ ու դժվարություններ
  • Եհովան նեցուկ եղավ մեզ
  • Վճռել եմ Քրիստոսի զինվոր լինել
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Լքված որբը սիրող հայր է գտնում
    2005 Դիտարան
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Եհովան տվեց «անսահման զորությունը»
    2002 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 2/1 էջ 25–30

Կենսագրություն

Ես անցել եմ ծանր փորձությունների միջով

Պատմում է Պերիկլիզ Յանուրիսը

Բանտախցի բորբոսնած պատերի խոնավությունից դողում էի։ Մենակ նստած էի՝ վրաս մի բարակ վերմակ։ Հիշում էի, թե ինչպես էր կինս սառը հայացքով նայում, երբ երկու օր առաջ աշխարհազորի անդամներից մեկը քարշ տալով տարավ ինձ տնից, ու ես իմ երիտասարդ կնոջն ու երկու հիվանդ երեխաներին թողեցի մենակ։ Հետագայում կինս, որը չէր կիսում իմ համոզմունքները, ուղարկեց մի փաթեթ ու մի երկտող, որում ասվում էր. «Այս հացերը քեզ։ Երեխաներիդ պես հիվանդանաս»։ Կենդանի կմնա՞մ արդյոք ու նորից կտեսնե՞մ իմ ընտանիքին...

ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ մի դրվագն է այն երկար ու դժվարին պայքարի, որ մղել եմ քրիստոնեական հավատիս համար, և որն իր մեջ ընդգրկել է ընտանիքի և հասարակության հակառակություն, դատական պայքար ու դաժան հալածանք։ Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ ինձ նման հանգիստ ու աստվածավախ մարդը հայտնվեց նման թշվառ իրավիճակում։ Հիմա կպատմեմ։

Աղքատ տղայի վեհ նպատակը

Ես ծնվել եմ 1909 թ.–ին Ստավրոմենո գյուղում (Կրետե)։ Այդ ժամանակ երկրում մոլեգնում էին պատերազմը, չքավորությունը, սովը։ Ես և իմ փոքր եղբայրներն ու քույրերը, որոնք չորսն էին, հազիվ փրկվեցինք «իսպանկա» գրիպից։ Հիշում եմ, որ ծնողներս շաբաթներով փակում էին մեզ տանը, որպեսզի հանկարծ չվարակվենք։

Հայրս, որ մի աղքատ հողագործ էր, անչափ կրոնասեր մարդ էր, բայց՝ ազատ հայացքների տեր։ Ժամանակին նա ապրել էր Ֆրանսիայում և Մադագասկարում, որտեղ ծանոթացել էր կրոնական որոշ առաջադեմ գաղափարների։ Այնուամենայնիվ, մեր ընտանիքը հավատարիմ էր Հունական ուղղափառ եկեղեցուն. մենք ամեն կիրակի գնում էինք պատարագի, իսկ երբ տեղի եպիսկոպոսն իր տարեկան այցելությունն էր կատարում, մնում էր մեր տանը։ Ես երգում էի երգչախմբում և նպատակ էի դրել դառնալ քահանա։

1929 թ.–ին աշխատանքի անցա ոստիկանությունում։ Այդ ընթացքում հայրս մահացավ. նրա մահվան մասին իմացա հերթապահության ժամանակ Թեսաղոնիկեում, որ գտնվում է Հունաստանի հյուսիսում։ Մխիթարություն գտնելու և հոգևորապես կրթվելու հույսով միջոցներ ձեռնարկեցի, որ ինձ տեղափոխեն Աթոս լեռան մոտակայքում ծառայելու։ Ուղղափառ քրիստոնյաները, այդ տեղանքում գտնվող վանականների համայնքի նկատմամբ հարգանքից մղված, Աթոսն անվանում են «Սուրբ լեռ»։a Այնտեղ ծառայեցի 4 տարի, ինչի շնորհիվ հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու վանականների կյանքին։ Դա, սակայն, չնպաստեց, որ մոտենամ Աստծուն։ Ընդհակառակը՝ ես ցնցված էի վանականների բացահայտ անբարոյականությունից ու կաշառակերությունից։ Իսկ երբ իմ կողմից հարգված մի վարդապետ իմ հանդեպ սկսեց սեռական հետաքրքրություն հանդես բերել, ես ուղղակի գարշանք զգացի։ Չնայած որ հիասթափություն ապրեցի, սակայն Աստծուն ծառայելու և քահանա դառնալու իմ անկեղծ ցանկությունը չկորավ։ Մի անգամ նույնիսկ քահանայի շորեր հագա և որպես հիշատակ՝ նկարվեցի։ Որոշ ժամանակ անց վերադարձա Կրետե։

«Այդ մարդը սատանա է»

1942 թ.–ին ամուսնացա Ֆրոսինի անունով մի հաճելի աղջկա հետ՝ շատ հարգված ընտանիքից։ Ամուսնությունն ամրապնդեց իմ մեջ քահանա դառնալու վճռականությունը, քանի որ կնոջս ընտանիքի անդամները նույնպես շատ կրոնասեր մարդիկ էին։b Ես որոշեցի գնալ Աթենք՝ հոգևոր սեմինարիայում սովորելու։ 1943 թ.–ի վերջն էր. ես ժամանեցի Իրակլիոնի (Կրետե) նավահանգիստ, բայց Աթենք չմեկնեցի։ Պատճառը թերևս այն էր, որ այդ ընթացքում հոգևոր թարմություն ստանալու մեկ ուրիշ աղբյուր էի գտել։ Ի՞նչ էր պատահել...

Արդեն մի քանի տարի էր, ինչ Կրետեում աստվածաշնչյան լուսավորիչ ճշմարտություններն էր ուսուցանում մի եռանդուն Եհովայի վկա. այդ երիտասարդի անունը Էմմանուել Լիոնուդակիս էր։c Ծանոթանալով Եհովայի վկաների աստվածաշնչյան հստակ մեկնաբանություններին՝ ոմանք մերժեցին կեղծ կրոնը։ Մեր մոտակայքում գտնվող Սիտիա քաղաքում մի խումբ եռանդուն Վկաներ սկսեցին անցկացնել իրենց հանդիպումները։ Դա անհանգստություն պատճառեց տեղի եպիսկոպոսին, որն ապրել էր Միացյալ Նահանգներում և սեփական փորձից գիտեր, թե որքան արդյունավետ քարոզիչներ են Եհովայի վկաները։ Նա որոշեց վերացնել այդ «հերետիկոսությունը» իր տարածքից։ Եպիսկոպոսի դրդմամբ՝ ոստիկանները Վկաներին անընդհատ բանտ էին տանում և կանգնեցնում ատյանի առջև նրանց դեմ ուղղված տարբեր կեղծ մեղադրանքների պատճառով։

Այդ Վկաներից մեկը փորձեց աստվածաշնչյան ճշմարտությունը պատմել նաև ինձ։ Հետս խոսելուց հետո, սակայն, եզրակացրեց, թե դա ինձ չի հետաքրքրում։ Նա ինձ մոտ ավելի պատրաստված Վկայի ուղարկեց։ Հավանաբար իմ կոպիտ պատասխանի պատճառով երկրորդ Վկան վերոհիշյալ փոքր խմբի անդամներին ասել էր. «Անհնար է, որ Պերիկլիզը դառնա Վկա։ Այդ մարդը սատանա է»։

Առաջին հալածանքները

Որքան ուրախ եմ, որ Եհովան նրանց նման չէր մտածում։ 1945 թ.–ի փետրվարին իմ եղբայրը՝ Դիմաստենեզը, համոզված լինելով, որ Եհովայի վկաները ուսուցանում են ճշմարտությունը, տվեց ինձ մի թերթիկ՝ «Մխիթարություն՝ բոլոր սգավորներին» անվանումով։d Այնտեղ գրվածը տպավորեց ինձ։ Մենք անմիջապես դադարեցինք հաճախել ուղղափառ եկեղեցի, միացանք Սիտիայում հավաքվող խմբին ու մեր մյուս եղբորն ու քույրերին պատմեցինք մեր նոր հավատի մասին։ Նրանք բոլորն էլ ընդունեցին աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ինչպես սպասվում էր, կեղծ կրոնը մերժելու իմ որոշման պատճառով արժանացա կնոջս ու նրա հարազատների հակառակությանն ու թշնամական վերաբերմունքին։ Որոշ ժամանակ իմ կնոջ հայրը նույնիսկ չէր խոսում ինձ հետ։ Տանն անընդհատ տարաձայնություններ էին լինում, և իրավիճակը միշտ լարված էր։ Չնայած այդ ամենին՝ 1945 թ. մայիսի 21–ին Դիմաստենեզն ու ես մկրտվեցինք։ Մեզ մկրտեց եղբայր Մինոս Կոկինակիսը։e

Վերջապես կարողացա իրականացնել իմ երազանքը՝ դառնալ Աստծո իսկական ծառա։ Մինչև օրս հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ գնացի տնից տուն ծառայության։ Պայուսակիս մեջ 35 թերթիկ դրած՝ ավտոբուսով մենակ մեկնեցի մի գյուղ։ Սկզբում անվստահ էի, բայց գնալով համարձակություն ձեռք բերեցի ու սկսեցի ավելի անկաշկանդ խոսել։ Որքան ավելի շատ էի քարոզում, այնքան ավելի համարձակ էի դառնում։ Երբ տեղի քահանան զայրացած եկավ մոտս, ես մնացի անկոտրում։ Ու թեև նա համառորեն պահանջում էր, որ հետը գնամ ոստիկանատուն, չհամաձայնեցի անել դա՝ ասելով, որ կհեռանամ միայն այն դեպքում, երբ այցելեմ գյուղի բոլոր բնակիչներին։ Ես այդպես էլ արեցի։ Ուրախությանս չափ չկար, այնպես որ տուն վերադառնալու համար նույնիսկ ավտոբուսի չսպասեցի. 15 կմ ճանապարհն անցա ոտքով։

Դաժան մարդասպանների ձեռքում

1945 թ.–ի սեպտեմբերին ես լրացուցիչ պատասխանատվություններ ստացա Սիտիայի մեր նոր կազմավորված ժողովում։ Կարճ ժամանակ անց Հունաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Պարտիզանական խմբերը վայրի կատաղությամբ կռվում էին միմյանց դեմ։ Ստեղծված իրավիճակից օգտվելով՝ տեղի եպիսկոպոսը խրախուսեց մեր տեղանքում գործող պարտիզանական խմբին միջոցներ ձեռնարկել՝ Վկաներից ազատվելու, ընդ որում՝ այն ճանապարհով, որը նրանք հարմար կգտնեին (Յովհաննէս 16։2)։ Պարտիզանները գյուղ եկան ավտոբուսով։ Նույն ավտոբուսում կար մի կին, որ բարյացակամորեն էր տրամադրված մեր հանդեպ։ Նա պատահաբար լսեց պարտիզանների զրույցը մի ծրագրի մասին, որն իրենց խոսքերով՝ հանձնարարված էր Աստծո կողմից։ Այդ կինը մեզ նախազգուշացրեց, ինչի շնորհիվ թաքնվեցինք։ Մեր բարեկամներից մեկը հօգուտ մեզ միջամտեց։ Այդպես փրկվեցինք։

Այս միջադեպը ճանապարհ հարթեց նոր դժվարությունների համար։ Ծեծն ու սպառնալիքները սովորական բան դարձան։ Հակառակորդները փորձում էին ստիպել մեզ գնալ եկեղեցի, կնքել մեր երեխաներին ու խաչակնքվել։ Մի անգամ նրանք ծեծեցին իմ եղբորն այնքան, մինչև որ թվաց, թե նա մահացել է։ Մեծ ցավ զգացի, երբ երկու քույրերիս պատառոտված հագուստներով ու ծեծված տեսա։ Այդ ընթացքում եկեղեցին ստիպողաբար կնքեց 8 հոգու՝ Եհովայի վկաների երեխաներից։

1949 թ.–ին մահացավ մայրս։ Դա հետապնդումների նոր առիթ տվեց։ Քահանան սկսեց մեղադրել մեզ այն բանում, որ չենք հնազանդվել թաղման համար օրենքով նախատեսված պահանջներին։ Ես կանգնեցի դատարանի առջև, բայց ինձ արդարացրին։ Դա մեծ վկայության առիթ հանդիսացավ, քանի որ Եհովայի անունը շոշափվեց դատավարության բացման խոսքերի ժամանակ։ Պետք է նշել, որ մեր թշնամիները դեռ չէին փորձարկել «մեզ ուշքի բերելու» վերջին միջոցը. դա մեզ ձերբակալելն ու աքսորելն էր։ 1949 թ.–ի ապրիլին նրանք դիմեցին նաև այդ մեթոդին։

«Հնոցի» մեջ

Երեք եղբայրների, այդ թվում նաև ինձ, ձերբակալեցին։ Կինս նույնիսկ ոստիկանության տեղի բաժանմունք չեկավ՝ ինձ տեսնելու։ Աքսորավայր մեկնելու ճանապարհին առաջին անգամ կանգ առանք Իրակլիոնի բանտում։ Ինչպես արդեն նկարագրել էի սկզբում, ես մենակ էի և ընկճված։ Իմ ետևից թողել էի հավատս չկիսող երիտասարդ կնոջ ու երկու փոքրիկների։ Եհովային թախանձագին աղոթում էի և օգնություն խնդրում։ Հետո հիշեցի Եբրայեցիս 13։5–ում արձանագրված խոսքերը, որտեղ Աստված ասում է. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»։ Ես հասկացա, որ իմաստություն կլինի վստահել Եհովային (Առակաց 3։5)։

Մենք իմացանք, որ աքսորվելու ենք Մակրոնիսոս՝ Ատտիկայի (Հունաստան) ափից ոչ հեռու գտնվող մի ամայի կղզի։ Այդ կղզու անունն անգամ սարսափեցնում էր, քանի որ այնտեղ գտնվող բանտում մարդկանց տանջում էին ու ստրկական աշխատանքի ենթարկում։ Ճանապարհին մենք կանգ առանք Պիրեա քաղաքում։ Այնտեղ մեր հավատակիցներից ոմանք բարձրացան նավ ու մեզ գրկեցին։ Շնորհիվ դրա՝ շատ քաջալերվեցինք, չնայած որ մեր ձեռքերին ձեռնաշղթաներ էին հագցված (Գործք 28։14, 15)...

Կյանքը Մակրոնիսոսում նման էր մղձավանջի։ Զինվորները առավոտից երեկո տանջում էին բանտարկյալներին։ Վկա չհանդիսացող շատ կալանավորներ կորցնում էին իրենց հոգեկան հավասարակշռությունը, մահանում էին կամ դառնում հաշմանդամ։ Գիշերները լսվում էին տանջանքների ենթարկվող մարդկանց աղաղակն ու տնքոցները։ Ցուրտ գիշերներին իմ բարակ վերմակը քիչ տաքություն էր տալիս։

Աստիճանաբար ճամբարում բոլորը սկսեցին ճանաչել Եհովայի վկաներին, քանի որ ամեն առավոտ՝ անվանականչի ժամանակ, նշվում էր այդ անվանումը։ Ուստի մենք վկայություն տալու շատ հնարավորություններ էինք ունենում։ Ես նույնիսկ պատիվ ունեցա մկրտելու մի քաղաքական բանտարկյալի, որը հոգևորապես այնքան էր առաջադիմել, որ իր կյանքը նվիրել էր Եհովային։

Աքսորավայրում եղած ժամանակ անընդհատ նամակ էի գրում իմ թանկագին կնոջը՝ առանց նրանից պատասխան ստանալու։ Սակայն դա չէր խանգարում, որ նրան քնքուշ խոսքեր գրեի, մխիթարեի՝ հավաստիացնելով, որ սա ընդամենը ժամանակավոր խոչընդոտ է, և որ մենք կրկին երջանիկ կլինենք։

Մենք գնալով շատանում էինք, քանի որ ժամանում էին նորանոր եղբայրներ։ Շնորհիվ այն բանի, որ աշխատում էի գրասենյակում, ծանոթություն հաստատեցի ճամբարի ավագ գնդապետի հետ։ Քանի որ նա հարգում էր Վկաներին, ես համարձակվեցի հարցնել, թե արդյոք չենք կարող աստվածաշնչյան որոշ գրականություն ստանալ Աթենքի մեր գրասենյակից։ «Դա անհնար է,— պատասխանեց նա։— Բայց Աթենքի ձեր Վկաները կարող են գրականությունը փաթեթավորել և ուղարկել իմ անունով»։ Ապշած՝ տեղումս կանգնած մնացի։ Մի քանի օր անց, երբ բեռնաթափում էինք կղզի ժամանած նավը, մի ոստիկան ողջունեց գնդապետին ու զեկուցեց. «Պարո՛ն, ձեր ուղեբեռը տեղ է հասել»։ «Ի՞նչ ուղեբեռ»,— հարցրեց նա։ Ես պատահաբար այնտեղ էի ու լսեցի խոսակցությունը, ուստի շշուկով ասացի. «Հավանաբար, դա մեր գրկանությունն է՝ ձեր անունով ուղարկված. ինչպես որ ասել էիք»։ Այսպիսի և նման ուրիշ ձևերով Եհովան հոգ էր տանում մեր հոգևոր սնունդի մասին։

Անսպասելի օրհնություն և նորից դժվարություններ

1950 թ. վերջում ես ազատ արձակվեցի։ Տուն վերադարձա հիվանդ, գունատ և հյուծված՝ չիմանալով, թե ինչ ընդունելության կարժանանամ։ Որքա՜ն երջանիկ էի կնոջս ու երեխաներիս նորից տեսնելու համար։ Ավելին՝ ինձ զարմանք պատճառեց այն, որ Ֆրոսինիի թշնամական վերաբերմունքն անհետացել էր։ Բանտից գրված նամակներս հասել էին իրենց նպատակին. Ֆրոսինին զգացվել էր իմ ցուցաբերած տոկունությունից ու հաստատակամությունից։ Հետո ես նրա հետ մի երկար, հաշտությանը նպաստող զրույց ունեցա։ Նա համաձայնեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ֆրոսինիի հավատը Եհովայի ու նրա խոստումների հանդեպ գնալով աճեց։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը 1952 թ.–ին էր, երբ ես մկրտեցի նրան՝ որպես Եհովայի նվիրված ծառայի։

1955 թ.–ին մենք մի քարոզարշավ ձեռնարկեցինք, որի ժամանակ բոլոր քահանաներին բաժանեցինք «Քրիստոնեական աշխա՞րհ, թե՞ քրիստոնեություն. ո՞րն է ‘աշխարհի լույսը’» թերթիկը։ Ինձ ձերբակալեցին և մի շարք ուրիշ Վկաների հետ կանգնեցրին ատյանի առջև։ Եհովայի վկաների դեմ բացված գործերն այնքան շատ էին, որ դատարանը որոշեց հատուկ դատավարություն անցկացնել և բոլոր գործերը լսել միասին։ Այդ օրը ներկա էր մարզի ողջ իրավաբանական կազմը, իսկ սրահը լեփ–​լեցուն էր քահանաներով։ Եպիսկոպոսը նյարդայնացած՝ շարքերի միջով այս ու այն կողմ էր քայլում։ Քահանաներից մեկը բողոք էր ներկայացրել իմ դեմ, թե ես զբաղվում եմ դավանափոխությամբ։ Դատավորը հարցրեց. «Մի՞թե ձեր հավատն այնքան թույլ է, որ ինչ–​որ մի գրքույկ կարդալուց հետո կփոխեք ձեր կրոնը»։ Քահանան ոչինչ չկարողացավ պատասխանել։ Ինձ ազատ արձակեցին, բայց որոշ եղբայրների դատապարտեցին 6–ամսյա ազատազրկման։

Հետագա տարիներին մեզ նորից ու նորից էին ձերբակալում և կանգնեցնում դատարանի առջև, ինչի հետևանքով մեր դատապաշտպանները անընդհատ զբաղված էին։ Ընդհանուր առմամբ՝ ատյանի առջև կանգնել եմ 17 անգամ։ Չնայած հակառակությանը՝ կանոնավորապես մասնակցում էինք քարոզչական գործունեությանը։ Մենք ուրախությամբ ընդունեցինք փորձությունները, և անցնելով այդ ծանր դժվարությունների միջով՝ զտեցինք մեր հավատը (Յակոբոս 1։2, 3)։

Նոր հնարավորություններ ու դժվարություններ

1957 թ.–ին մենք տեղափոխվեցինք Աթենք։ Շուտով ինձ նշանակեցին ծառայելու նոր կազմավորված մի ժողովում։ Շնորհիվ կնոջս սրտանց աջակցության՝ կարողանում էինք պարզ կյանք վարել՝ կենտրոնացած հոգևոր գործունեության վրա։ Այդպես՝ մեր ժամանակի մեծ մասը նվիրում էինք քարոզչական գործունեությանը։ Հետագա տարիներին մեզ խնդրեցին տեղափոխվել տարբեր ժողովներ, որտեղ կարիք կար։

1963 թ.–ին որդիս, որ արդեն 21 տարեկան էր, պետք է ներկայանար զորակոչի։ Զորակոչի կանչված բոլոր Վկաները չեզոք դիրք պահպանելու համար ծեծի ու ծաղրանքների էին ենթարկվում և արժանանում վիրավորանքի։ Նույնը տեղի ունեցավ նաև որդուս հետ։ Որպեսզի քաջալերեմ տղայիս հետևել անարատություն պահպանած անհատների օրինակին, տվեցի նրան Մակրոնիսոսի իմ վերմակը՝ իբրև խորհրդանիշ։ Զորակոչի կանչված եղբայրները կանգնում էին զինվորական դատարանի առջև և սովորաբար դատապարտվում երկուսից չորս տարվա ազատազրկման։ Ազատագրվելուց հետո նրանց նորից կանչում էին բանակ և նորից ձերբակալում։ Որպես հոգևոր գործունեությամբ զբաղվող անձ՝ ես կարողանում էի այցելել տարբեր բանտեր և սահմանափակ շփման հնարավորություն ունենալ որդուս, ինչպես նաև հավատարիմ մյուս Վկաների հետ։ Իմ որդին բանտում անցկացրեց ավելի քան 6 տարի։

Եհովան նեցուկ եղավ մեզ

Այն բանից հետո, երբ Հունաստանում վերականգնվեց կրոնական ազատությունը, ես պատիվ ունեցա ժամանակավորապես ծառայել Հռոդոս կղզում՝ որպես հատուկ ռահվիրա։ Սակայն 1986 թ.–ին քարոզիչների կարիք առաջացավ Սիտիայում, որտեղ սկսել էի իմ քրիստոնեական ուղին։ Ես շատ ուրախացա, երբ նորից նշանակվեցի ծառայել այնտեղ՝ իմ թանկագին հավատակիցների հետ, որոնց ճանաչում էի երիտասարդ տարիքից...

Այսօր, որպես գերդաստանի նահապետ՝ ուրախ եմ տեսնելու, որ մեր հարազատներից գրեթե 70 հոգի հավատարմորեն ծառայում են Եհովային։ Եվ այդ թիվը գնալով աճում է։ Նրանցից ոմանք երեցներ են, ոմանք էլ՝ ծառայող օգնականներ, ռահվիրաներ, Բեթելի ընտանիքի անդամներ և շրջագայող վերակացուներ։ Իմ հավատը ծանր փորձությունների է ենթարկվել ավելի քան 58 տարի։ Հիմա 93 տարեկան եմ։ Ետ նայելով՝ կարող եմ ասել, որ չեմ զղջում Եհովային ծառայելու համար։ Նա ինձ ուժ է տվել, որ կարողանամ արձագանքել իր հետևյալ սիրառատ հրավերին. «Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները» (Առակաց 23։26)։

[Ծանոթագրություններ]

a Տե՛ս «Դիտարան», դեկտեմբերի 1, 1999 թ., էջ 30, 31։

b Հունական ուղղափառ եկեղեցու քահանաներին թույլատրվում է ամուսնանալ։

c Էմմանուել Լիոնուդակիսի կենսագրությանը ծանոթանալու համար, տե՛ս «Դիտարան», սեպտեմբերի 1, 1999 թ., էջ 25–29, ռուս.։

d Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ, սակայն, չի տպագրվում։

e Մինոս Կոկինակիսի հետ կապված դատական հաղթանակի մասին կարելի է կարդալ «Դիտարանում», սեպտեմբերի 1, 1993 թ., էջ 27–31, ռուս.։

[շրջանակ 27–րդ էջի վրա]

Մակրոնիսոս՝ սարսափի կղզի

Ամայի և չորային Մակրոնիսոս կղզին տասը տարի (1947–1957 թթ.) հանդիսացել է ավելի քան 100 000 բանտարկյալների բնակատեղի։ Նրանց թվում են եղել նաև բազում հավատարիմ Վկաներ, որոնք այնտեղ էին ուղարկվել քրիստոնեական չեզոքություն պահպանելու համար։ Վկաների աքսորմանը հիմնականում նպաստել են Հունական ուղղափառ եկեղեցու հոգևորականները, որոնք ամբաստանել են նրանց կոմունիստ լինելու մեջ։

Մակրոնիսոսում տեղի ունեցած «բարեփոխումների» գործընթացի կապակցությամբ՝ հունական հանրագիտարանում ասվում է. «Տանջանքների ենթարկելու դաժան մեթոդները, ....կենսապայմանները, որ անընդունելի են քաղաքակիրթ ժողովրդի համար, և բանտարկյալների հանդեպ բանտապահների ստոր վերաբերմունքը.... Հունաստանի պատմության խայտառակ էջերից են» («Papyros Larousse Britannica»)։

Վկաներից ոմանց ասվել էր, որ եթե նրանք չհրաժարվեն իրենց համոզմունքներից, երբեք ազատ չեն արձակվի։ Չնայած դրան՝ նրանք պահպանել են իրենց անարատությունը։ Ավելին՝ Վկաների հետ շփվելով՝ քաղբանտարկյալներից ոմանք ընդունել են աստվածաշնչյան ճշմարտությունը։

[նկար 27–րդ էջի վրա]

Մինոս Կոկինակիսը (աջից՝ երրորդը) և ես (ձախից՝ չորրորդը) բանտարկյալների Մակրոնիսոս կղզում

[նկար 29–րդ էջի վրա]

Մի Վկայի հետ քարոզում եմ Սիտիայում (Կրետե), որտեղ ծառայել եմ երիտասարդ տարիքում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը