Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/1 էջ 8–12
  • Դաս սովորենք Նիկոդեմոսից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դաս սովորենք Նիկոդեմոսից
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրան հրաշալի հնարավորություններ էին տրվել
  • Ինչո՞ւ նա գործի չանցավ
  • Նա կորցնելու շատ բան ուներ
  • Իսկ դո՞ւք
  • Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսն ուսուցանում է Նիկոդեմոսին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ընթերցողների հարցերը
    2006 Դիտարան
  • Նվիրվածություն
    Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
Ավելին
2002 Դիտարան
w02 2/1 էջ 8–12

Դաս սովորենք Նիկոդեմոսից

«ԵԹԷ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը [«տանջանքի ցիցը», ՆԱ] մշտապէս վերցնի եւ գայ իմ ետեւից» (Ղուկաս 9։23)։ Համեստ ձկնորսն ու բոլորի կողմից արհամարհված մաքսավորը պատրաստակամորեն ընդունեցին այդ հրավերը։ Նրանք ամեն ինչ թողեցին և հետևեցին Հիսուսին (Մատթէոս 4։18–22; Ղուկաս 5։27, 28)։

Հիսուսի հրավերն այսօր էլ ուժի մեջ է, և շատերն են դրան արձագանքում։ Սակայն Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո ոմանք դժվարանում են ‘ուրանալ իրենց անձերը և վերցնել իրենց տանջանքի ցիցը’։ Նրանք դժվարանում են իրենց վրա վերցնել Հիսուսի աշակերտը դառնալու պատասխանատվությունն ու առանձնաշնորհումը։

Ինչո՞ւ են ոմանք ետ կանգնում Հիսուսի հրավերն ընդունելուց և իրենց անձերը Եհովա Աստծուն նվիրելուց։ Հաշվի առնենք այն, որ նրանց համար, ովքեր չեն մեծացել այնպիսի միջավայրում, որտեղ տիրապետել է միաստվածության հուդայա–քրիստոնեական գաղափարը, գուցե որոշակի ժամանակ պահանջվի, մինչև որ գան այն վերջնական համոզման, որ գոյություն ունի ամենակարող Արարիչ, որն անձամբ հետաքրքրվում է յուրաքանչյուր անհատով։ Բայց նույնիսկ դրանում համոզվելուց հետո էլ ոմանք հրաժարվել են քայլել Հիսուսի հետքերով։ Գուցե անհանգստացել են, թե ինչ կմտածեն իրենց մասին հարազատներն ու ընկերները, եթե իրենք դառնան Եհովայի վկա։ Ուրիշներն էլ, մոռացության տված, թե ինչ ժամանակներում ենք ապրում, ընկել են փառքի և հաջողություն որոնելու ետևից (Մատթէոս 24։36–42; Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Ինչ էլ որ լինի պատճառը, բոլոր նրանք, ովքեր շարունակ հետաձգում են Հիսուսի հետևորդները դառնալու իրենց որոշումը, սովորելու բան ունեն Նիկոդեմոսի՝ Հիսուսի օրերի մի հարուստ կրոնական առաջնորդի օրինակից։

Նրան հրաշալի հնարավորություններ էին տրվել

Դեռ վեց ամիս էլ չէր անցել այն բանից հետո, ինչ Հիսուսը սկսել էր իր երկրային ծառայությունը, երբ Նիկոդեմոսը հասկացավ, որ Հիսուսը ‘Աստծուց է եկել որպես վարդապետ’։ Տպավորված այն հրաշքներից, որ Հիսուսը կատարել էր 30 թ. Պասեքի տոնին՝ Նիկոդեմոսը գիշերով գնաց նրա մոտ, որպեսզի խոստովաներ իր հավատը և ավելին իմանար այդ ուսուցչի մասին։ Հիսուսը Նիկոդեմոսին պատմեց խորիմաստ ճշմարտությունն այն մասին, թե ինչու է հարկավոր ‘վերստին ծնվել’ Աստծո Թագավորությունը մտնելու համար։ Այդ կապակցությամբ Հիսուսը նաև ասաց. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յավիտենական կեանքը» (Յովհաննէս 3։1–16)։

Ի՜նչ հրաշալի հեռանկար էր բացվել Նիկոդեմոսի առջև։ Նա կարող էր դառնալ Հիսուսի մոտ ընկերը՝ որպես անմիջական ականատես՝ հնարավորություն ունենալով բազմակողմանի վկայություն տալ Հիսուսի երկրային կյանքի մասին։ Լինելով հրեական առաջնորդներից և ուսուցիչներից մեկը Իսրայելում՝ Նիկոդեմոսը բավականին գիտելիքներ ուներ Աստծո մասին։ Նա նաև օժտված էր խորաթափանցությամբ, քանի որ հասկացավ, որ Հիսուսը ուսուցիչ էր՝ Աստծո կողմից ուղարկված։ Նիկոդեմոսը հոգևորի հանդեպ մեծ հետաքրքրություն ուներ և չափազանց խոնարհ անձնավորություն էր։ Կարելի է պատկերացնել, թե որքա՜ն դժվար կարող էր լինել հրեական բարձրագույն Ատյանի՝ Սինեդրիոնի անդամի համար՝ ընդունել, որ ինչ–որ մի համեստ հյուսնի որդի Աստծո կողմից ուղարկված մեկն է։ Բոլոր այս հատկությունները անգնահատելի էին Հիսուսի աշակերտը դառնալու համար։

Նիկոդեմոսի հետաքրքրվածությունը նազարեթցի այդ անձնավորության նկատմամբ ժամանակի ընթացքում չնվազեց։ Երկուսուկես տարի հետո՝ Տաղավարահարաց տոնի ժամանակ, նա ներկա էր Ատյանի ժողովին։ Այդ ժամանակ նա դեռ «նրանցից մէկն էր»։ Քահանայապետերն ու փարիսեցիները զինվորներ ուղարկեցին՝ Հիսուսին ձերբակալելու։ Բայց նրանք ետ վերադարձան՝ ասելով. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ Փարիսեցիները սկսեցին հանդիմանել նրանց. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»։ Այս խոսքերի վրա Նիկոդեմոսը այլևս չկարողացավ իրեն զսպել ու լուռ մնալ։ Նա անվախորեն ասաց. «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ Այս խոսքերից հետո փարիսեցիները սկսեցին նրան սաստիկ քննադատել՝ ասելով. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս» (Յովհաննէս 7։1, 10, 32, 45–52)։

Վեց ամիս հետո՝ մ.թ. 33 թ. Պասեքի օրը, Նիկոդեմոսը տեսավ Հիսուսին մահացած, երբ նրան տանջանքի ցցից արդեն իջեցրել էին։ Արիմաթիացի Հովսեփի հետ միասին, որը նույնպես Ատյանի անդամ էր, նա պատրաստեց Հիսուսի մարմինը թաղելու։ Այդ նպատակով Նիկոդեմոսը բերեց «զմուռս՝ հալուէի հետ խառնուած», որը կշռում էր մոտ 100 հռոմեական ֆունտ, որ համարժեք է մոտավորապես 33 կգ–ին։ Դա բավականին թանկ էր։ Նաև նրա կողմից մեծ խիզախություն էր «այդ մոլորեցնողի» կողքին իրեն դասելը, ինչպես փարիսեցիներն էին անվանում Հիսուսին։ Արագորեն պատրաստելով Հիսուսի մարմինը թաղելու՝ այդ երկու մարդիկ դրեցին նրան մոտակայքում գտնվող նոր գերեզմանի մեջ։ Սակայն, նույնիսկ այդ պահին Նիկոդեմոսը դեռ Հիսուսի աշակերտը չէր (Յովհաննէս 19։38–42; Մատթէոս 27։63; Մարկոս 15։43)։

Ինչո՞ւ նա գործի չանցավ

Թե ինչու Նիկոդեմոսը իրեն ետ պահեց ‘տանջանքի ցիցը վերցնելուց’ և չհետևեց Հիսուսին, այդ մասին Հովհաննեսը ոչինչ չի հայտնում։ Այնուամենայնիվ, նա նշել է որոշ մանրուքներ, որոնք օգնում են բացատրել այդ փարիսեցու անվճռականությունը։

Նախևառաջ՝ Հովհաննեսը նշում է, որ այդ հրեա առաջնորդը «գիշերով եկաւ նրա [Հիսուսի] մօտ» (Յովհաննէս 3։2)։ Մի աստվածաշնչագետ հետևյալ բացատրությունն է տալիս. «Նիկոդեմոսը գիշերով գնաց ոչ թե վախից դրդված, այլ որովհետև ուզում էր խուսափել մարդկանցից, ովքեր կարող էին խանգարել նրան զրուցելու Հիսուսի հետ»։ Մինչդեռ Հովհաննեսը, որ Նիկոդեմոսի մասին խոսում է որպես մեկի, որն «առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել», նույն համատեքստում վկայակոչում է նաև արիմաթիացի Հովսեփին, որը «Յիսուսի թաքուն աշակերտն էր հրեաների վախի պատճառով» (Յովհաննէս 19։38, 39)։ Հետևաբար, Նիկոդեմոսը գնաց Հիսուսի մոտ գիշերվա մթին՝ ‘վախենալով հրեաներից’, ինչպես ուրիշները, որ վախեցել էին այդ օրը որևէ գործ ունենալ Հիսուսի հետ (Յովհաննէս 7։13)։

Արդյոք հետաձգո՞ւմ ես Հիսուսի աշակերտը դառնալու որոշումդ լոկ այն պատճառով, որ անհանգստանում ես, թե ինչ կասեն ազգականներդ, ընկերներդ կամ աշխատակիցներդ։ «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ»,–ասում է «Առակացը»։ Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս վարվել։ Շարունակության մեջ կարդում ենք. «Բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի» (Առակաց 29։25)։ Որպեսզի կարողանաս ապավինել Եհովային, պետք է անձնական փորձով համոզվես, որ նեղության մեջ ընկնելիս Աստված քեզ նեցուկ կկանգնի։ Աղոթքով դիմիր Եհովային և խնդրիր նրան, որ քեզ համարձակություն տա երկրպագության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնել անգամ աննշան հարցերում։ Հետզհետե քո հավատն ու վստահությունը հանդեպ Եհովան այն աստիճանի կմեծանա, որ արդեն կկարողանաս կարևոր հարցերում որոշումներ կայացնել իր կամքի համաձայն։

Նիկոդեմոսի՝ իշխող դասակարգի այդ ներկայացուցչի ունեցած հասարակական դիրքն ու հեղինակությունը ևս կարող էին խոչընդոտել նրան իր անձն ուրանալու կարևոր քայլեր կատարել։ Այդ ժամանակ նա Ատյանի անդամ էր և պետք է որ դեռ ամուր կառչած լիներ իր պաշտոնին։ Դեռևս տատանվո՞ւմ ես քայլեր կատարել՝ դառնալու Քրիստոսի հետևորդը՝ մտածելով, թե կարող ես կորցնել հասարակության մեջ ունեցած բարձր դիրքդ կամ զոհաբերել առաջխաղացման որոշակի հեռանկարներ։ Սրանցից և ոչ մեկը չի կարելի համեմատել այն պատվի հետ, որ կարող ենք ունենալ՝ ծառայելով տիեզերքի Գերիշխանին՝ Բարձրագույն Էակին, որը պատրաստ է կատարելու քո այն խնդրանքները, որոնք ներդաշնակ են իր կամքին (Սաղմոս 10։17; 83։18; 145։18)։

Նիկոդեմոսի հապաղելու պատճառներից մեկն էլ, հավանաբար, կապված էր նրա ունեցվածքի հետ։ Լինելով փարիսեցի՝ նա կարող էր ընկնել ուրիշների ազդեցության տակ՝ ովքեր «արծաթասէր էին» (Ղուկաս 16։14)։ Այն փաստը, որ նա միջոցներ ուներ ձեռք բերելու թանկարժեք անուշահոտ խեժ և հալվե (ալոէ), արդեն վկայում է նրա հարուստ լինելու մասին։ Ոմանք այսօր դանդաղում են քրիստոնյայի պարտականություններն իրենց վրա վերցնելու որոշում կայացնել, որովհետև ավելի շատ մտահոգված են իրենց նյութական ունեցվածքով։ Հիսուսը, սակայն, զգուշացրեց իր հետևորդներին՝ ասելով. «Ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թե ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք.... քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթէոս 6։25–33)։

Նա կորցնելու շատ բան ուներ

Հետաքրքրական է, որ Նիկոդեմոսի մասին արձանագրությունը, որը կարելի է հանդիպել միայն Հովհաննեսի Ավետարանում, անպատասխան է թողնում հետևյալ հարցը՝ Նիկոդեմոսը երբևիցե դարձա՞վ Հիսուսի աշակերտը, թե՝ ոչ։ Ըստ մի ավանդության՝ Նիկոդեմոսը պաշտպան է կանգնել Հիսուսին, մկրտվել է, հալածվել է հրեաների կողմից, հեռացվել իր պաշտոնից և վերջնականապես աքսորվել Երուսաղեմից։ Իրականում ինչ էլ որ եղած լինի, մի բան հաստատ է. իր անվճռականության պատճառով նա շատ բան կորցրեց։

Եթե Նիկոդեմոսը Հիսուսի հետևորդը դառնար Տիրոջ հետ իր առաջին հանդիպումից անմիջապես հետո, նա կլիներ Հիսուսի մտերիմ աշակերտը։ Իր գիտելիքների, խորաթափանցության, խոնարհության և իր հոգևոր կարիքները գիտակցելու շնորհիվ՝ նա կարող էր դառնալ ամենքին հայտնի աշակերտ։ Այո, նա հնարավորություն կունենար լսելու Մեծ Ուսուցչի սքանչելի զրույցները և կարևոր դասեր քաղելու նրա բերած օրինակներից, ականատեսը կլիներ Հիսուսի գործած զարմանալի հրաշքների և զորություն կստանար հրաժեշտից առաջ Հիսուսի՝ իր աշակերտներին տված հորդորներից։ Բայց նա բաց թողեց այդ բոլոր հնարավորությունները։

Նիկոդեմոսը շատ բան կորցրեց իր անվճռականության պատճառով։ Այդ թվում նաև այն, որ չօգտվեց Հիսուսի ջերմ հրավերից. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։ Նիկոդեմոսը բաց թողեց այդ թարմությունը անմիջապես Հիսուսից ստանալու լավագույն հնարավորությունը։

Իսկ դո՞ւք

Սկսած 1914 թվականից՝ Հիսուս Քրիստոսը ներկա է որպես Աստծո երկնային Թագավորության Թագավոր։ Ապագայի վերաբերյալ մի շարք մարգարեություններ թվարկելիս նա ասաց նաև հետևյալը. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Մինչև վախճանի վրա հասնելը, քարոզչական այդ գործը պիտի կատարվի համաշխարհային մասշտաբով։ Հիսուս Քրիստոսին ուրախություն է պատճառում այն, որ մարդիկ, չնայած իրենց անկատարությանը, կատարում են այդ գործը։ Դու նույնպես կարող ես այդ աշխատանքի մեջ քո բաժինն ունենալ։

Նիկոդեմոսը գիտեր, որ Հիսուսն Աստծո կողմից է ուղարկված (Յովհաննէս 3։2)։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ թերևս դուք էլ եք եկել նման եզրակացության։ Թերևս փոփոխություններ եք կատարել ձեր կյանքում՝ ապրելով աստվածաշնչային սկզբունքների համաձայն։ Հավանաբար ներկա եք գտնվել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին՝ Աստվածաշնչի վերաբերյալ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Այս ամենի համար ձեր ներդրած ջանքերն արժանի են գովասանքի։ Բավական չէր միայն, որ Նիկոդեմոսն իր երախտագիտությունը ցույց տար Հիսուսի հանդեպ՝ որպես Աստծո կողմից ուղարկված մեկի. դրանից ավելին էր պահանջվում։ Հարկավոր էր, որ նա ‘ուրանար իր անձը և իր տանջանքի ցիցը մշտապես վերցներ ու գնար Հիսուսի հետևից’ (Ղուկաս 9։23)։

Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Աստծուն գործակից լինելով՝ աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինէք. որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրում օգնեցի քեզ»։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը» (Բ Կորնթացիս 6։1, 2)։

Հիմա է ժամանակը դրսևորելու հավատ, որը կմղի ձեզ քայլեր կատարել։ Դրա համար խորհրդածեք այն բաների շուրջ, ինչի մասին կարդում եք Աստվածաշնչում։ Աղոթքով դիմեք Եհովային և խնդրեք նրան, որ օգնի ձեզ այդպիսի հավատ դրսևորել։ Մինչ դուք կզգաք նրա հզոր բազուկի օգնական ուժը, ձեր երախտագիտությունն ու սերը նրա հանդեպ կմղի ձեզ ‘ուրանալ ձեր անձը և ձեր տանջանքի ցիցը մշտապես վերցնելով՝ հետևել Հիսուսին’։ Ինչո՞ւ անմիջապես գործի չանցնել։

[նկար 9–րդ էջի վրա]

Սկզբում՝ Նիկոդեմոսը խիզախորեն թիկունք կանգնեց Հիսուսին

[նկար 9–րդ էջի վրա]

Չնայած հակառակությանը՝ Նիկոդեմոսը պատրաստեց Հիսուսի մարմինը թաղելու

[նկար 10–րդ էջի վրա]

Անձնական ուսումնասիրությունը և աղոթքը կամրապնդեն ձեզ և կօգնեն՝ կարևոր քայլեր անելու

[նկար 10–րդ էջի վրա]

Օգտվո՞ւմ եք արդյոք Քրիստոսի կողմից ղեկավարվող գործին մասնակցելու առանձնաշնորհումից

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը