Կենսագրություն
Փոքր զոհողությունները մեզ բերեցին մեծ օրհնություններ
Պատմում են Ջորջ և Էն Ալջյանները
Որքան էլ ցնորալի երևակայություն ունենայինք, երբեք չէինք պատկերացնի, որ մի օր «ուսուցիչ» բառը կշփոթենք «մուկ» բառի հետ։ Երբեք մեր մտքով չէր անցնում, որ 60 տարեկան հասակում պետք է մտածենք տարօրինակ գրեր սովորելու մասին՝ փորձելով հաղորդակցվել Հեռավոր Արևելքում բնակվող մարդկանց հետ։ Հենց սա էր, որ ես ու Էնը անում էինք 1980–ական թվականների վերջերին։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես տարիների ընթացքում կատարած մեր փոքր զոհողությունները մեծ օրհնությունների դուռ բացեցին մեր առջև։
ԾԱԳՈՒՄՈՎ հայ եմ, հաճախում էի հայկական եկեղեցի։ Էնը Հռոմի կաթոլիկ եկեղեցու անդամ էր։ Երկուսս էլ հրաժարվեցինք մեր կրոնական համոզմունքներից, երբ 1950 թ.–ին ամուսնացանք։ Ես 27 տարեկան էի, իսկ Էնը՝ 24։ Մենք որոշեցինք ապրել Ջերսի Սիթիում (Նյու Ջերսի, ԱՄՆ) գտնվող մի բնակարանում, որը իմ քիմմաքրման կետի վերևի հարկում էր։ Այդ ժամանակ արդեն մոտ չորս տարի էր, ինչ այդ գործին էի անցել։
1955 թ.–ին մենք մի գեղեցիկ, երեք սենյականոց տուն գնեցինք Միդլթաունում (Նյու Ջերսի)։ Այդ տունը գտնվում էր իմ աշխատավայրից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ես շաբաթվա վեց օրերին աշխատում էի։ Ամեն օր գիշերն էի տուն վերադառնում։ Եհովայի վկաների հետ շփվում էի միայն այն ժամանակ, երբ նրանք պարբերաբար գալիս էին աշխատավայրս և աստվածաշնչյան գրականություն տալիս ինձ։ Ես մեծ հետաքրքրությամբ էի ընթերցում այդ գրականությունը։ Թեև աշխատանքս ինձնից շատ ժամանակ էր խլում և ուշադրություն էր պահանջում, ես խորը հարգանք մշակեցի Աստվածաշնչի հանդեպ։
Շուտով ես հայտնաբերեցի, որ «Դիտարան» ընկերության WBBR ռադիոկայանը աստվածաշնչյան դասախոսություններ էր հեռարձակում հենց այն ժամերին, երբ ես ավտոմեքենայով գնում էի աշխատանքի և վերադառնում տուն։ Ես ուշադրությամբ լսում էի այդ դասախոսությունները, և հետաքրքրությունս հետզհետե աճեց այն աստիճան, որ խնդրեցի Վկաներին այցելել ինձ։ 1957 թ. նոյեմբերին Ջորջ Բլենտոնը եկավ իմ տուն և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց ինձ հետ։
Մեր ընտանիքը միավորվում է մաքուր երկրպագության մեջ
Իսկ Էնը ինչպե՞ս էր վերաբերվում այս ամենին։ Թույլ տանք, որ նա ինքը ձեզ պատմի այդ մասին.
«Սկզբում ես խիստ դեմ էի։ Ջորջին այնքան էի խանգարում Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ, որ նա որոշեց ուրիշ տեղ ուսումնասիրել, և այդպես՝ ութ ամիս շարունակ։ Այդ ժամանակահատվածում Ջորջը սկսել էր հանդիպումների հաճախել կիրակի օրերին Թագավորության սրահում։ Ես հասկացա, որ նա լրջորեն էր վերաբերվում Աստվածաշնչի ուսումնասիրությանը. չէ՞ որ կիրակին նրա միակ հանգստյան օրն էր։ Ինչևէ, նա մնում էր լավ ամուսին և հայր, նույնիսկ ավելի լավն էր դառնում, ու իմ վերաբերմունքը սկսեց փոխվել։ Դեռ ավելին, երբեմն սուրճի սեղանի փոշին սրբելիս, երբ ոչ ոք չէր տեսնում, վերցնում էի «Արթնացե՛ք» պարբերագիրը, որը Ջորջը միշտ այնտեղ էր թողնում, և կարդում էի։ Լինում էին դեպքեր, երբ Ջորջն էր ինձ համար «Արթացե՛ք»–ից կարդում հոդվածներ, որոնք թեև ուղղակիորեն կապված չէին ուսմունքների հետ, բայց միշտ նշում էին Արարչի մասին։
Մի օր՝ երեկոյան, երբ Ջորջը գնացել էր եղբայր Բլենտոնի մոտ՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու, ես մի հրատարակություն վերցրի, որը մեր երկամյա Ջորջն էր թողել սեղանին, որ անկողնուս դիմաց էր։ Այնտեղ խոսվում էր այն մասին, թե ինչ հույս կա մահացածների վերաբերյալ։ Թեպետ հոգնած էի, բայց սկսեցի կարդալ, որովհետև տատս նոր էր կյանքից հեռացել, և ես շատ ընկճված վիճակում էի։ Ես անմիջապես տեսա ու հասկացա աստվածաշնչյան ճշմարտությունն այն մասին, որ մահացածները ոչ մի տեղ չեն տառապում, որ ապագայում՝ հարության ժամանակ, նրանք դարձյալ կյանքի են վերադառնալու։ Եվ ահա, անկողնու մեջ նստած, ագահաբար կարդում էի՝ ընդգծելով այն մտքերը, որ ցանկանում էի ցույց տալ Ջորջին, երբ նա տուն վերադառնար Աստվածաշնչի ուսումնասիրությունից։
Ամուսինս իր աչքերին չէր հավատում, որ այդ ես եմ։ Երբ նա հեռացավ տնից, ես նրան հակառակվում էի, իսկ հիմա ոգևորվել էի Աստվածաշնչի այն ճշմարտություններից, որ իմացել էի։ Մինչև կեսգիշեր մենք արթուն մնացինք՝ զրուցելով Աստվածաշնչի մասին։ Ջորջը բացատրեց, թե Աստված ինչ նպատակ ունի երկրի առնչությամբ։ Ես հարցրեցի նրան, թե արդյոք հարմար կլինի, որ ամեն երեկո իր ուսումնասիրությունը անցկացվի մեր տանը, որպեսզի ես նույնպես կարողանամ մասնակցել այդ ուսումնասիրությանը։
Եղբայր Բլենտոնը խորհուրդ տվեց, որ երեխաները ներկա լինեն ուսումնասիրությանը։ Մեզ թվում էր, թե նրանք դեռ շատ փոքր էին դրա համար. մեկն ընդամենը երկու տարեկան էր, իսկ մյուսը՝ չորս։ Այնուհանդերձ, եղբայր Բլենտոնը մեզ ցույց տվեց Բ Օրինաց 31։12–ում արձանագրված խոսքերը, որտեղ ասվում է. «Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը.... որ լսեն, եւ որ սովորեն»։ Մենք բարձր գնահատեցինք այդ առաջնորդությունը և նույնիսկ քայլեր ձեռք առանք, որ երեխաները Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում մեկնաբանություններ տան։ Մենք միասին էինք նախապատրաստում մեր մեկնաբանությունները, բայց երբեք չէինք ասում նրանց, թե ինչ պատասխանեն։ Մենք կարծում ենք, որ սա օգնեց մեր երեխաներին յուրացնելու ճշմարտությունը։ Մենք միշտ էլ բարձր կգնահատենք եղբայր Բլենտոնի տված առաջնորդությունը, որի շնորհիվ մեր ընտանիքը հոգևորապես աճեց»։
Զոհողություններ պահանջող դժվարություններ
Եվ այսպես, երբ արդեն միավորվել էինք ուսումնասիրելու Աստվածաշունչը, նոր խնդիրների բախվեցինք։ Քանի որ իմ քիմմաքրման կետը հեռու էր, սովորաբար տուն էի հասնում երեկոյան ժամը իննին։ Այդ իսկ պատճառով չէի կարողանում աշխատանքային օրերին հաճախել հանդիպումներին, այլ միայն կարողանում էի դա անել կիրակի օրերին։ Այդ ժամանակամիջոցում Էնը գնում էր բոլոր հավաքույթներին և արագորեն առաջադիմում։ Ես նույնպես ցանկություն ունեի հաճախել բոլոր հանդիպումներին, ինչպես նաև բովանդակալից ընտանեկան ուսումնասիրություն անցկացնել։ Ես գիտեի, որ պետք է որոշ զոհողությունների գնամ։ Ուստի որոշեցի կրճատել աշխատանքային ժամերս, նույնիսկ հաճախորդներիցս ոմանց կորցնելու գնով։
Իմ այս քայլն իրեն արդարացրեց։ Մենք ընտանեկան ուսումնասիրությանը վերաբերվում էինք այնքան լրջորեն, որքան Թագավորության սրահում անցկացվող շաբաթական մյուս հինգ հանդիպումներին։ Մենք անվանում էինք այն վեցերորդ հանդիպում։ Դրա համար հատուկ օր և ժամ սահմանեցինք՝ ամեն չորեքշաբթի՝ երեկոյան ժամը 8–ին։ Երբեմն ընթրիքից հետո, լվանալով ամենավերջին ափսեն, մեզնից մեկը ասում էր. «Արդեն հանդիպման ժամն է»։ Եթե ես ուշանում էի, Էնն էր սկսում ուսումնասիրությունը, բայց հենց որ ես հասնում էի տուն, ինքս էի շարունակում այն։
Մյուս միջոցառումը, որը մեզ հոգևորապես ամուր էր պահում և միավորում էր որպես ընտանիք, օրվա խոսքի առավոտյան ընթերցանությունն էր։ Սակայն այն պլանավորելը իրենից խնդիր էր ներկայացնում. ամեն մեկս տարբեր ժամերի էինք արթնանում։ Մենք քննարկեցինք այս հարցը և որոշեցինք, որ բոլորս կարթնանանք միևնույն ժամին, կնախաճաշենք առավոտյան 6։30–ին և միասին կքննարկենք օրվա խոսքը։ Սա մեզ բոլորիս օգուտներ բերեց։ Երբ մեր որդիները մեծացան, որոշեցին ծառայել Բեթելում։ Այն կարծիքին ենք, որ մեր ամենօրյա քննարկումները բարերար ազդեցություն են թողել նրանց հոգևոր վիճակի վրա։
Առանձնաշնորհումներ մկրտությունից հետո. պահանջվում են ավելի մեծ զոհողություններ
Ես մկրտվեցի 1962 թ.–ին ու այնուհետև վաճառեցի քիմմաքրման կետս, որտեղ 21 տարի շարունակ աշխատել էի, ու մեր տարածքում մի աշխատանք գտա ընտանիքիս ավելի մոտ լինելու համար, որպեսզի բոլորս միասին կարողանայինք ծառայել Եհովային։ Սա բազում օրհնությունների դուռ բաց արեց մեր առջև։ Բոլորս նպատակ դրեցինք անցնել լիաժամ ծառայության։ Դա սկսվեց 1970–ական թվականների սկզբին, երբ մեր ավագ որդին՝ Էդվարդը, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո դարձավ լիաժամ ծառայող՝ ընդհանուր ռահվիրա։ Մի փոքր ուշ ռահվիրայություն սկսեց մեր մյուս որդին՝ Ջորջը, որին կարճ ժամանակ անց միացավ Էնը։ Ես մեծ քաջալերանք էի ստանում նրանց կողմից, երբ պատմում էին քարոզչական ծառայության մեջ իրենց հետ տեղի ունեցած դեպքերի մասին։ Մենք ընտանիքով քննարկում էինք, թե ինչպես կարող ենք պարզեցնել մեր կյանքը, որպեսզի բոլորս էլ լինենք լիաժամ ծառայության մեջ։ Որոշեցինք տունը վաճառել։ Այդ տանն ապրել էինք 18 տարի, այնտեղ մեծացրել մեր երեխաներին։ Մենք իսկապես շատ էինք սիրում մեր տունը, բայց Եհովան օրհնեց մեր որոշումը։
Էդվարդին հրավիրեցին Բեթել 1972 թ.–ին, իսկ Ջորջին՝ 1974 թ.–ին։ Թեև ես ու Էնը կարոտում էինք նրանց, բայց չէինք կենտրոնանում այն մտքի վրա, թե ինչքան լավ կլիներ, եթե նրանք մեզ հետ մնային, ամուսնանային և երեխաներ ունենային։ Դրա փոխարեն՝ ուրախանում էինք, որ մեր որդիները Բեթելում ծառայում են Եհովային։a Մենք համաձայն ենք Առակաց 23։15–ում արձանագրված խոսքերին, որտեղ ասվում է. «Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ»։
Անցնում ենք հատուկ ռահվիրայական ծառայության
Մեր երկու որդիները ծառայում էին Բեթելում, իսկ մենք շարունակում էինք ռահվիրայությունը։ Մի օր նամակ ստացանք (դա 1975 թ.–ին էր). մեզ հրավիրում էին ծառայելու որպես հատուկ ռահվիրաներ Քլինթոն Սիթիի չնշանակված մի տարածքում (Իլինոյս)։ Ինչպիսի՜ անակնկալ։ Սա նշանակում էր, որ մենք պետք է մեկնեինք Նյու Ջերսիից, որտեղ մոտ էինք Նյու Յորքում ապրող մեր որդիներին, նաև ընկերներին ու հարազատներին։ Ինչևէ, մենք դա ընդունեցինք որպես Եհովայի կողմից տրված նշանակում և արեցինք այդ զոհողությունը, որը նոր օրհնություններ բերեց մեզ։
Չնշանակված տարածքում մի քանի ամիս ծառայելուց հետո մեր հանդիպումները սկսեցինք անցկացնել Քարլայլ քաղաքում (Իլինոյս) գտնվող հասարակական ակումբում։ Բայց ցանկանում էինք հանդիպումների համար մշտական տեղ ունենալ։ Տեղաբնակ եղբայրներից մեկը իր կնոջ հետ հողատարածք գտան, որտեղ կար մի շատ փոքրիկ քոտեջ, որը մենք ի վիճակի էինք վարձելու։ Այն ներսից ու դրսից մաքրեցինք և դարձրինք փոքրիկ մի վայր մեր հանդիպումների անցկացման համար։ Մենք հաճույքով հիշում ենք մի ձիու, որը շատ էր «հետաքրքրվում» մեզնով։ Հաճախ նա իր գլուխը մտցնում էր պատուհանից ներս՝ տեսնելու համար, թե այդ ինչ է կատարվում հանդիպման ժամանակ։
Ժամանակի ընթացքում Քարլայլ քաղաքում ժողով հիմնվեց, և մենք շատ երջանիկ էինք այդ գործի մեջ բաժին ունենալու համար։ Մեզ օգնեց մի երիտասարդ ամուսնական զույգ՝ Սթիվ և Կարիլ Թոմփսոնները, որ լիաժամ ռահվիրաներ էին և նույնպես եկել էին ծառայելու չնշանակված տարածքում։ Այդտեղ Թոմփսոնները մնացին մի քանի տարի, այնուհետև մեկնեցին սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում և նշանակում ստացան ծառայելու որպես միսիոներներ Արևելյան Աֆրիկայում, որտեղ հիմա գտնվում են շրջագայական ծառայության մեջ։
Շուտով մեր հանդիպումների փոքրիկ տեղը դարձավ մարդաշատ մի վայր, և ավելի մեծ սրահի կարիք առաջացավ։ Տեղաբնակ այն եղբայրն ու քույրը նորից օգնության ձեռք մեկնեցին և մի հողատարածք գնեցին, որն ավելի համապատասխան էր Թագավորության սրահ կառուցելու համար։ Որքա՜ն մեծ էր մեր ուրախությունը, երբ մի քանի տարի անց հրավիրվեցինք Քարլայլ նորակառույց Թագավորության սրահի նվիրմանը։ Ինձ համար մեծ առանձնաշնորհում էր նվիրման ելույթը ներկայացնելը։ Այնտեղի մեր նշանակումը հրաշալի մի փորձառություն էր մեզ համար, Եհովայից տրված օրհնություն։
Մեր առջև նոր դաշտ է բացվում
Մենք 1979 թ.–ին նոր նշանակում ստացանք ծառայելու Հարիսոն քաղաքում (Նյու Ջերսի)։ Այնտեղ ծառայեցինք մոտ 12 տարի։ Այդ ընթացքում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք մի չինացի կնոջ հետ, և դա նպաստեց, որ շատ ուրիշ չինացիների հետ ուսումնասիրություններ սկսվեն։ Իմացանք նաև, որ մեր տարածքում ապրում էին հազարավոր չինացի ուսանողներ և ընտանիքներ։ Այս պատճառով մեզ քաջալերեցին սովորել չինարեն լեզուն։ Թեև սա նշանակում էր ամեն օր ժամանակ հատկացնել սովորելու համար այդ լեզուն, բայց արդյունքում ուրախություն պատճառող բազմաթիվ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսվեցին չինացիների հետ մեր տարածքում։
Այդ տարիների ընթացքում բազում ծիծաղաշարժ իրավիճակների մեջ ընկանք, հատկապես չինարեն լեզվով խոսելու հետ կապված։ Մի անգամ Էնը ներկայացավ որպես Աստվածաշնչի «մուկ»՝ Աստվածաշնչի «ուսուցիչ» բառի փոխարեն այդ բառն օգտագործելով։ Այս երկու բառերը չինարենում շատ նման են իրար։ Տանտերը ժպտաց և ասաց. «Խնդրեմ, ներս համեցեք։ Ես մինչև օրս երբեք չեմ զրուցել Աստվածաշնչի «մկան» հետ»։ Մենք մինչև հիմա դժվարությունների ենք հանդիպում այդ լեզուն սովորելիս։
Այնուհետև մենք նշանակվեցինք քարոզելու Նյու Ջերսիում գտնվող մեկ ուրիշ տարածքում, որտեղ ի վիճակի կլինեինք շարունակել ծառայել չինական դաշտում։ Ավելի ուշ մեզ հրավիրեցին Բոսթոն (Մասաչուսեթս նահանգ), որտեղ արդեն երեք տարի էր, ինչ գործում էր չինարեն լեզվով մի խումբ։ Մենք առանձնաշնորհում ունեցանք յոթ տարի աջակցել այդ խմբին և ուրախություն ապրեցինք՝ տեսնելով, թե ինչպես այն ժողով դարձավ 2003 թ. հունվարի 1–ին։
Անձնազոհ կյանքի օրհնությունները
Մաղաքիա 3։10–ում Եհովան հրավիրում է իր ժողովրդին բերել իրենց բոլոր ընծաներն ու զոհերը, որպեսզի նա իր օրհնությունները թափի այնքան, մինչև որ այլևս տեղ չլինի։ Մենք հրաժարվեցինք բիզնեսից, որով ես շատ էի հետաքրքրված, վաճառեցինք մեր տունը, որն այնքա՜ն հարազատ էր մեզ համար, հրաժարվեցինք նաև ուրիշ բաներից։ Այնուհանդերձ, օրհնությունների հետ համեմատած՝ մեր կատարած զոհողությունները չնչին էին։
Ինչ խոսք, Եհովան առատ օրհնություններ թափեց մեզ վրա։ Հաճելի էր տեսել, թե ինչպես մեր երեխաները արձագանքեցին ճշմարտությանը, մենք ուրախություն գտանք լիաժամ ծառայության մեջ, որը կյանքեր է փրկում, նաև տեսանք, թե Եհովան ինչպես է հոգ տանում մեր կարիքների մասին։ Իրոք որ, մեր կատարած փոքր զոհողությունները մեծ օրհնություններ բերեցին։
[ծանոթագրություն]
a Նրանք մինչև օրս շարունակում են հավատարմորեն ծառայել Բեթելում. Էդվարդը և իր կինը՝ Կանին, Պատերսոնում, իսկ Ջորջն ու իր կինը՝ Գրեյսը, Բրուքլինում։
[նկար 25–րդ էջի վրա]
Լուիզ և Ջորջ Բլենտոնները Էնի հետ, 1991 թ.
[նկար 26–րդ էջի վրա]
Թագավորության սրահ Քարլայլում, որի նվիրումը տեղի ունեցավ 1983 թ. հունիսի 4–ին
[նկար 27–րդ էջի վրա]
Բոսթոնում գտնվող չինական նորաստեղծ ժողովի հետ
[նկար 28–րդ էջի վրա]
Էդվարդի, Կանիի, Ջորջի և Գրեյսի հետ միասին