Կենսագրություն
Առատապես օրհնվել ենք միսիոներական ոգի պահպանելու համար
Պատմում է Թոմ Քուքը
Հրազենի կրակահերթը հանկարծ խզեց ետճաշյա անդորրը։ Գնդակները սուրում էին մեր այգու ծառերի միջով։ Ի՞նչ էր կատարվում... Շուտով իմացանք, որ տեղի է ունեցել հեղաշրջում, և որ Ուգանդան արդեն գտնվում էր գեներալ Իդի Ամինի իշխանության տակ։ 1971 թվականն էր։
ԻՆՉՈ՞Ւ էինք ես ու կինս՝ Աննան, թողել Անգլիայի անհամեմատ խաղաղ կյանքը ու բնակություն հաստատել Աֆրիկայի այս անկայուն ու վտանգավոր հատվածում։ Թեև բնույթով երևի փոքր–ինչ արկածախնդիր եմ, սակայն կարծում եմ, որ հիմնական պատճառը ծնողներիս օրինակն է եղել։ Թագավորության քարոզչի իրենց եռանդուն ծառայությամբ նրանք իմ մեջ դաստիարակել են միսիոներական ոգի։
Հիշում եմ 1946 թվականի օգոստոսյան այն շոգ օրը, երբ ծնողներս առաջին անգամ հանդիպեցին Եհովայի վկաներին։ Դռան շեմին կանգնած՝ նրանք երկա՜ր զրուցում էին երկու անծանոթ այցելուների հետ։ Այդ այցելուները՝ Ֆրեյզեր Բրադբուրին ու Մեյմի Շրիվը, դրանից հետո շատ անգամ եկան մեզ մոտ, ու հետագա ամիսներին մեր ընտանիքի կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան։
Ծնողներիս քաջության օրինակը
Ծնողներս հասարակական շարժումների ակտիվ մասնակիցներ էին։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց քիչ ժամանակ առաջ, օրինակ, մեր տան պատերը զարդարում էին Ուինստոն Չերչիլի մեծ մասշտաբի նկարները։ Ետպատերազմյա համազգային ընտրություններից առաջ մեր տունը դարձել էր մոտակայքում բնակվող Պահպանողական կուսակցության անդամների հավաքատեղի։ Մեր ընտանիքի ծանոթների թվում շատ կային նաև ճանաչված եկեղեցական ու հասարակական գործիչներ։ Թեև ընդամենը ինը տարեկան էի, սակայն նկատեցի, թե ինչ մեծ անակնկալի եկան մեր բարեկամները, երբ իմացան, որ պատրաստվում ենք դառնալ Եհովայի վկա։
Ջերմեռանդ ու խիզախ Վկաների հետ ընկերակցելը նպաստեց, որ ծնողներս ակտիվորեն զբաղվեին քարոզչության գործով։ Շուտով հայրս սկսեց բարձրախոսով բացօդյա ելույթներ ունենալ մեր հայրենի գյուղի՝ Սպոնդոնի գլխավոր վաճառավայրում, իսկ մենք՝ երեխաներս, կանգնում էինք աչքի ընկնող տեղերում՝ ձեռքներիս «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Պիտի խոստովանեմ, որ երբ ինձ մոտենում էին այն երեխաները, ում հետ սովորում էի դպրոցում, երանի էի տալիս, որ գետինը պատռվեր ու ինձ կուլ տար։
Ծնողներիս օրինակից քաջալերված՝ ավագ քույրս՝ Դեֆնին, ռահվիրայական ծառայություն սկսեց։ 1955 թվականին նա ընդունվեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը, որն ավարտելուց հետո նշանակվեց ծառայելու որպես միսիոներ Ճապոնիայում։a Սակայն կրտսեր քույրս՝ Զոին, դադարեց ծառայել Եհովային։
Այդ ժամանակներին ես արդեն վերջացնում էի ուսումնառությունս գեղարվեստական ձևավորման ու գրաֆիկայի բաժնում։ Իմ համակուրսեցիների շրջանում թեժ քննարկումներ էին լինում զինվորական պարտադիր ծառայության հետ կապված։ Երբ ես հայտնեցի, որ կրոնական համոզմունքներից ելնելով՝ հրաժարվել եմ զինվորական ծառայությունից, նրանք կարծեցին, թե կատակում եմ։ Այդ խոսակցությունը ինձ հնարավորություն տվեց աստվածաշնչյան թեմայով շատ զրույցներ ունենալ ուսանողներից մի քանիսի հետ։ Շուտով ինձ 12 ամսով ազատազրկման ենթարկեցին զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ Արվեստի քոլեջում սովորողներից մեկը, որ հետաքրքրություն դրսևորեց Աստվածաշնչի հանդեպ, հետագայում դարձավ իմ կինը։ Բայց թույլ տանք, որ Աննան պատմի, թե ինչպես է ընդունել ճշմարտությունը։
Ինչպես Աննան գտավ ճշմարտությունը
«Մեր ընտանիքը կրոնին նշանակություն չէր տալիս, և ինձ չէին մկրտել որևէ եկեղեցում։ Բայց իմ մեջ կրոնի հանդեպ հետաքրքրություն կար, և ընկերուհիներս որ եկեղեցին էլ գնային, ես նրանց հետ գնում էի։ Աստվածաշնչի հանդեպ իմ մեջ հետաքրքրություն առաջացավ, երբ լսեցի Թոմի ու մեկ այլ Վկայի աշխույժ քննարկումները քոլեջի մյուս ուսանողների հետ։ Ցնցվեցի, երբ իմացա, որ Թոմին ու մյուս Եհովայի վկային բանտ են նստեցրել։
Թոմի՝ բանտում գտնվելու ընթացքում ես նամակագրական կապ հաստատեցի նրա հետ. Աստվածաշնչի հանդեպ իմ հետաքրքրությունը գնալով խորանում էր։ Երբ գնացի Լոնդոն՝ ուսումս շարունակելու, համաձայնեցի, որ Մյուրիել Ալբրեկտ անունով մի կին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացներ ինձ հետ։ Մյուրիելը ծառայել էր Էստոնիայում որպես միսիոներ։ Թե՛ նա, և թե՛ նրա մայրը քաջալերության մեծ աղբյուր էին ինձ համար։ Մի քանի շաբաթ անց ես արդեն հաճախում էի ժողովներին և «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրեր էի առաջարկում Լոնդոնի «Վիկտորիա» կայարանի մոտ կանգնած։
Ես հաճախում էի Սաութվորքի ժողովը, որ գտնվում էր Լոնդոնի հարավում։ Այն բաղկացած էր ամենատարբեր ազգի հոգևոր եղբայրներից ու քույրերից, որոնցից շատերն ապրում էին նյութական սուղ պայմաններում։ Թեև օտարական էի, նրանք ինձ վերաբերվում էին որպես հարազատի։ Այդ ժողովում իմ տեսած սերը համոզեց ինձ, որ իրոք գտել եմ ճշմարտությունը։ 1960 թվականին ես մկրտվեցի»։
Նպատակները նույնն են, հանգամանքները՝ տարբեր
1960 թվականին, ավելի ուշ, ես ու Աննան ամուսնացանք և նպատակ դրեցինք անցնելու միսիոներական ծառայության։ Բայց շուտով հանգամանքները փոխվեցին. մենք իմացանք, որ երեխա ենք ունենալու։ Մեր դստրիկի՝ Սառայի ծնվելուց հետո էլ ես ու Աննան չկորցրինք մեր ցանկությունը ծառայելու այնպիսի երկրում, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Ես աշխատանք գտնելու նպատակով դիմեցի մի շարք երկրներ, և վերջապես 1966 թ. մայիսին նամակ ստացանք Ուգանդայի կրթության նախարարությունից, որով ինձ համապատասխան աշխատանք էր առաջարկվում։ Այդ ժամանակ, սակայն, մենք արդեն սպասում էինք մեր երկրորդ երեխային։ Ոմանք կասկածում էին, թե խելամիտ կլիներ նման ուղևորության մասին մտածելն անգամ։ Խորհրդակցեցինք մեր բժշկի հետ։ Նա ասաց. «Եթե գնալու եք, ապա պետք է թռչեք, քանի դեռ ձեր կնոջ հղիությունը չի հասել յոթ ամսվա»։ Եվ մենք իսկույն ուղևորվեցինք դեպի Ուգանդա։ Այդպիսով, մեր երկրորդ աղջկան՝ Ռաքելին, մեր ծնողները չտեսան մինչև նրա երկու տարեկան դառնալը։ Հիմա, երբ ինքներս ենք դարձել տատիկ ու պապիկ, ավելի խորությամբ ենք հասկանում ու գնահատում մեր սիրելի ծնողների անձնազոհությունը։
Երբ 1966 թվականին ժամանեցինք Ուգանդա, մենք միաժամանակ թե՛ ոգևորված էինք, թե՛ ուժասպառ։ Ինքնաթիռից դուրս գալուն պես մեզ շրջապատեցին ամենատարբեր գույները. այնքա՜ն վառվռուն էին նրանք այստեղ։ Մեր առաջին տունը գտնվում էր Իգանգա անունով մի փոքրիկ քաղաքի մոտակայքում, որից 50 կիլոմետր հեռավորության վրա Ջինջա քաղաքն էր, որն ընկած է Նեղոսի սկզբնահունի մոտ։ Դա ամենամոտ վայրն էր, որտեղ ապրում էին Եհովայի վկաներ։ Այնտեղ գործում էր մի մեկուսի խումբ։ Խմբին հոգ էին տանում միսիոներներ Գիլբերթ և Ժոան Ուոլտերսները, Սթիվեն ու Բարբարա Հարդիները։ Ես խնդրեցի, որ ինձ փոխադրեն աշխատելու Ջինջայում, որպեսզի մենք կարողանայինք ավելի մեծ չափով օգտակար լինել այդ խմբին։ Ռաքելի ծնվելուց քիչ ժամանակ անց մենք տեղափոխվեցինք Ջինջա։ Այնտեղ մենք ուրախությամբ ծառայեցինք հավատարիմ Վկաների այդ փոքրիկ խմբի հետ, որը աստիճանաբար աճեց ու դարձավ Ուգանդայում գործող երկրորդ ժողովը։
Ընտանիքով ծառայում ենք օտար երկրում
Ես ու Աննան այնպիսի զգացում ունեինք, թե մեր երեխաների դաստիարակության համար դժվար էր նույնիսկ պատկերացնել ավելի լավ միջավայր, քան այն, որում ապրում էինք։ Մեզ երջանկություն էր բաժին ընկել կողք–կողքի ծառայելու տարբեր երկրներից եկած միսիոներների հետ ու մեր աջակցությունը ցույց տալու նոր ձևավորված ժողովին։ Հաճելի էր ընկերակցել ուգանդացի եղբայրների ու քույրերի հետ, որ հաճախ էին լինում մեր տանը։ Հատկապես մեծ քաջալերանք էինք ստանում Սթանլի ու Էսինալա Մակումբաների հետ շփվելուց։
Բայց միայն եղբայրները չէ, որ գալիս էին մեզ այցելության։ Մենք շրջապատված էինք նաև կենդանական աշխարհի բազմազան ներկայացուցիչներով։ Գիշերը, պատահում էր, Նեղոս գետից դուրս էին գալիս գետաձիեր ու շրջում մեր տան մոտակայքում։ Այսօրվա պես հիշում եմ մեր պարտեզում «հայտնված» 6 մետրանոց մի պիթոնի։ Երբեմն կենդանիների աշխարհին ծանոթանալու համար ուղևորվում էինք արգելանոցները, որտեղ ազատ շրջում էին առյուծներ և այլ վայրի կենդանիներ։
Ծառայության գնալիս մենք հետաքրքրության առարկա էինք տեղի բնակիչների համար, որոնք երբեք մանկասայլակ չէին տեսել։ Տնից տուն ծառայելու ժամանակ միշտ շրջապատված էինք լինում փոքրիկ երեխաների խմբով։ Մարդիկ ուշադիր զննում էին մեզ ու ապա շոշափում սպիտակամորթ երեխային։ Այս սիրալիր մարդկանց վկայություն տալը իսկական բավականություն էր մեզ համար։ Այնքան հեշտությամբ էին սկսվում աստվածաշնչյան ուսումնասիրությունները, որ կարծում էինք, թե այնտեղ բոլորը կընդունեն ճշմարտությունը։ Սակայն շատերը դժվարանում էին հրաժարվել Սուրբ Գրություններին հակասող իրենց ավանդույթներից։ Այնուամենայնիվ, մեծ թվով մարդիկ որդեգրում էին աստվածաշնչյան վեհ բարոյական չափանիշները, և ժողովի անդամների թիվն աստիճանաբար աճում էր։ 1968 թվականին Ջինջայում տեղի ունեցած առաջին շրջանային համաժողովը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովի համար։ Թանկագին հիշողություններ են մնացել մկրտությունից, որը կատարվեց Նեղոս գետում։ Մկրտվողների թվում կային մի քանիսը, որոնց հետ մենք էինք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մեր խաղաղությունը, սակայն, խաթարվելու էր շուտով։
Արգելք. փորձվում է մեր հավատն ու հնարամտությունը
1971 թ.–ին իշխանության գլուխ անցավ գեներալ Իդի Ամինը։ Ջինջայում ստեղծվել էր քաոսային իրադրություն, ու երբ մենք պարտեզում նստած թեյում էինք, տեղի ունեցավ այն, ինչ նկարագրված է հոդվածի սկզբում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում ասիական խոշոր համայնքը երկրից դուրս հանվեց։ Օտարերկրացիներից շատերը որոշեցին հեռանալ, ինչի պատճառով մեծ վնաս կրեցին դպրոցներն ու բժշկական հիմնարկները։ Այնուհետև մեզ հասավ մի պարզ ու դաժան հայտարարություն այն մասին, որ Եհովայի վկաների գործունեությունը արգելվում է։ Մեր անվտանգությամբ մտահոգված՝ կրթության բաժինը մեզ փոխադրեց Կամպալա՝ երկրի մայրաքաղաքը։ Այս տեղափոխությունը օգտակար եղավ երկու պատճառով. նախ՝ որ մեզ Կամպալայում չէին ճանաչում, և մենք համեմատաբար ավելի ազատ կարող էինք գործել, նաև՝ որ շատ գործ կար անելու այնտեղի ժողովում ու քարոզչական տարածքներում։
Բրայեն ու Մարիոն Ուոլեսները՝ իրենց երկու երեխաների հետ, գտնվում էին գրեթե նույն իրավիճակում, ինչ մենք, ու նրանք նույնպես որոշել էին մնալ Ուգանդայում։ Մենք միասին ծառայում էինք Կամպալայի ժողովում, և նրանց ընկերակցությունը շատ ուրախալի էր մեզ համար այդ ծանր ժամանակներում։ Մեր կարդացած պատմությունները այն եղբայրների մասին, որոնք այլ երկրներում ծառայել էին արգելքի պայմաններում, այժմ հատուկ քաջալերանք էին հաղորդում մեզ։ Ժողովի հավաքվում էինք փոքրիկ խմբերով, իսկ ամիսը մեկ անգամ Էնտեբեի բուսաբանական այգում կազմակերպում էինք ավելի մեծ մասշտաբի հանդիպումներ՝ առերևույթ այդ հանդիպումներին ընկերական հավաքույթի տեսք տալով։ Մեր դուստրերին չափազանց շատ էր դուր գալիս այդ գաղափարը։
Քարոզչության մեթոդների մեջ պետք է խիստ զգույշ լինեինք։ Սպիտակամորթ մարդու այցելությունը ուգանդական տնակ կարող էր խիստ կասկածելի տպավորություն թողնել։ Այդ պատճառով էլ մեր քարոզչական տարածքն էին կազմում խանութները, բարձրահարկ շենքերը ու որոշ կրթական հաստատություններ։ Խանութում քարոզելու համար ես երբեմն օգտվում էի այսպիսի մեթոդից. հարցնում էի որևէ մթերքի մասին, որ գիտեի՝ վաղուց արդեն չկար խանութներում, օրինակ՝ շաքար կամ բրինձ։ Եթե վաճառողը ինչ–որ ձևով իր վիշտն էր արտահայտում երկրում տիրող իրավիճակի առնչությամբ, ես նրան ծանոթացնում էի Թագավորության լուրին։ Այս մեթոդը լավ գործում էր։ Այնպես էր լինում, որ խանութից դուրս էի գալիս ոչ միայն կրկնակի այցելության հեռանկարը մտքումս, այլ նաև հազվագյուտ մթերքի մի փոքրիկ պաշար ձեռքիս։
Իսկ բռնությունն այդ ընթացքում շարունակում էր իր ամբողջ ուժով փոթորկել մեր շուրջը։ Ուգանդայի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների խզման հետագա խորացման պատճառով կառավարությունը չվերահաստատեց ինձ հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, և 1974 թվականին՝ Ուգանդայում ութ տարիներ անցկացնելուց հետո, եկավ մեր եղբայրներին հրաժեշտ տալու տխուր պահը։ Միսիոներական ոգին, սակայն, դեռ չէր մարել մեր մեջ։
Դեպի Նոր Գվինեա
1975 թ. հունվարին, հարմար առիթը օգտագործելով, աշխատելու գնացինք Պապուա–Նոր Գվինեա։ Այդպես սկիզբ դրվեց Օվկիանիայի այս տարածքում մեր ուրախալի ծառայությանը, որը տևեց ութ տարի։ Այնտեղ եղբայրների հետ մեր կյանքն ու ծառայությունը հարուստ էր, բովանդակալից։
Պապուա–Նոր Գվինեայում անցկացրած տարիները մեր ընտանիքի համար դրամաների ժամանակաշրջան էր՝ աստվածաշնչյան բեմականացումների ժամանակաշրջան։ Ամեն տարի մենք մեր մասնակցությունն էինք բերում մարզային համաժողովում ցուցադրվելիք դրամաների պատրաստման գործին. ի՜նչ զվարճալի ժամանակներ էին։ Շփվում էինք հոգևոր մտածողությամբ աչքի ընկնող շատ ընտանիքների հետ, ու դա իր դրական ազդեցությունն էր թողնում աղջիկներիս կյանքում։ Մեր ավագ դուստրը՝ Սառան, ամուսնացավ Ռեյ Սմիթ անունով մի եղբոր հետ, որը հատուկ ռահվիրա էր։ Ամուսնանալուց հետո նրանք միասին ծառայում էին որպես հատուկ ռահվիրաներ Իրիան Ջայայի սահմանի մոտ (ներկայումս՝ Պապուա, պատկանում է Ինդոնեզիային)։ Նրանք ապրում էին գյուղում՝ եղեգնյա տանիքով մի հյուղակում։ Սառան ասում է, որ հրաշալի դասեր է քաղել իրենց ծառայության այդ ժամանակահատվածում։
Հարմարվում ենք հանգամանքների փոփոխությանը
Շուտով իմացանք, որ ծնողներս մեր հոգատարության կարիքն ունեին։ Մեզ Անգլիա կանչելու փոխարեն՝ նրանք համաձայնեցին գալ ու ապրել մեզ հետ, և 1983 թվականին բոլորս միասին տեղափոխվեցինք Ավստրալիա։ Նրանք որոշ ժամանակ ապրեցին նաև քրոջս՝ Դեֆնիի մոտ, որը դեռ ծառայում էր Ճապոնիայում։ Ծնողներիս մահից հետո ես ու Աննան որոշեցինք անցնել ընդհանուր ռահվիրայական ծառայության, ինչին հաջորդեց մի նոր առանձնաշնորհում, որը ես համարում էի բավականին դժվար։
Նոր էինք սկսել ծառայել որպես ռահվիրաներ, երբ մեզ հրավիրեցին շրջագայական ծառայության։ Դեռ մանկությունից շրջանային վերակացուի այցելությունը ընդունում էի որպես հատուկ իրադարձություն։ Այժմ ինքս էի դարձել շրջանային վերակացու։ Դա մեր ստացած բոլոր նշանակումներից ամենադժվարն էր, սակայն նորից ու նորից Եհովան օգնության էր հասնում, այն էլ աննախադեպ ձևերով։
Երբ 1990 թվականին եղբայր Թեոդոր Յարաչը եկավ Ավստրալիա՝ զոնալ այցելության, հարցրինք նրան, թե, իր կարծիքով, մենք շատ տարիքով չե՞նք անդրծովյան որևէ երկրում լիաժամ ծառայելու համար։ Նա պատասխանեց. «Ի՞նչ կասեիք Սողոմոնյան կղզիների վերաբերյալ»։ Եվ ահա վերջապես, կյանքի հինգերորդ տասնամյակում, ես և Աննան ուղևորվեցինք մի երկիր, որը պիտի դառնար մեր առաջին պաշտոնական միսիոներական նշանակման վայրը։
Ծառայում ենք «ուրախ կղզիներում»
Սողոմոնյան կղզիները հայտնի են որպես «ուրախ կղզիներ», և վերջին տասը տարիների մեր ծառայությունն այստեղ իրոք որ ուրախ ժամանակաշրջան է եղել։ Աննան ու ես ճաշակեցինք այս երկրում ապրող մեր եղբայրների և քույրերի բարի ու ջերմ վերաբերմունքը, երբ ծառայում էի այստեղ որպես մարզային վերակացու։ Մեզ խորապես տպավորեց նրանց հյուրընկալությունը և այն համբերատարությունը, որ նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում էր, երբ ես ջանքեր էի գործադրում հաղորդակցվելու (հուսով եմ՝ կարելի է դա հաղորդակցություն անվանել) նրանց հետ Սողոմոնյան կղզիների փիջին լեզվով, որն աշխարհում ամենափոքրիկ բառակազմ ունեցող լեզուներից մեկն է։
Մեր՝ Սողոմոնյան կղզիներ ժամանելուց կարճ ժամանակ անց հակառակորդները փորձեցին մեզ խանգարել օգտագործելու Համաժողովների սրահը։ Անգլիկան եկեղեցին մեղադրանք հարուցեց Եհովայի վկաների դեմ՝ հայտարարելով, որ Հոնիարայի մեր նոր Համաժողովների սրահի մի մասը կառուցվել է նրանց պատկանող հողակտորի վրա։ Կառավարությունը նրանց թիկունք կանգնեց, այնպես որ մեզ մնում էր վճիռը հանձնել բարձրագույն դատարանի քննությանը։ Նրանց որոշումից էր կախված՝ 1 200 տեղանոց մեր նոր սրահը պետք կլիներ քանդել, թե՝ ոչ։
Դատարանում հարցը քննվեց մի ամբողջ շաբաթ։ Մեր դեմ հարուցված գործը ներկայացնելիս հակառակ կողմի իրավաբանական պաշտոնյան դրսևորում էր գոռոզ ինքնավստահություն։ Բայց ահա երբ ելույթ ունենալու հերթը հասավ մեր իրավապաշտպանին՝ Նոր Զելանդիայից եկած եղբայր Ուորեն Քաթքերտին, նա մեկ առ մեկ մերկացրեց ու գետնին հավասարեցրեց հակառակ կողմի առաջադրած բոլոր փաստարկները։ Ուրբաթ օրը այդ իրադարձության վերաբերյալ լուրերը արդեն տարածվել էին բավականին հեռու, և դատարանը լեփլեցուն էր եկեղեցականներով, պետական պաշտոնյաներով ու մեր հավատակիցներով։ Հիշում եմ՝ մի վրիպում էր թույլ տրվել դատարանի օրակարգի նշումներում։ Այնտեղ գրված էր. «Սողոմոնյան կղզիների կառավարությունն ու Մելանեզիայի եկեղեցին՝ ընդդեմ Եհովայի»։ Մենք շահեցինք դատը։
«Ուրախ կղզիների» հարաբերական խաղաղությունն էլ, սակայն, երկար չտևեց։ Դարձյալ ես ու Աննան հայտնվեցինք քաղաքացիական անկարգությունների և բռնությունների լաբիրինթոսում։ Էթնիկական հակասությունները ծնունդ տվեցին քաղաքացիական պատերազմի։ 2000 թ. հունիսի 5–ին կառավարությունն ընկավ, ու մայրաքաղաքն անցավ զինված ապստամբների ձեռքը։ Մի քանի շաբաթով մեր Համաժողովների սրահը դարձել էր անտուն մարդկանց հավաքատեղի։ Պետության ներկայացուցիչները զարմացել էին՝ տեսնելով, որ հակամարտող էթնիկական խմբերի պատկանող մեր եղբայրները հաշտ ու խաղաղ ապրում էին մի հարկի տակ։ Մի հիանալի վկայություն էր դա։
Նույնիսկ ապստամբներն էին հարգում Եհովայի վկաների չեզոքության սկզբունքը։ Դա մեզ հնարավորություն տվեց համոզել նրանց հրամանատարներից մեկին, որ թույլ տար գրականությամբ և այլ անհրաժեշտ բաներով լցված մի բեռնատար մեքենա անցկացնել այն տարածքը, որտեղ մեր հավատակիցների մի փոքրիկ խումբ մնացել էր հակառակորդ զորքերին պատկանող տիրույթում։ Մենք գտանք այդ ընտանիքներին, որոնք մի քանի ամիս շարունակ կտրված էին եղել մեզանից։ Բոլորիս աչքերը արցունքով էին լցվել։
Երախտագիտության բազում պատճառներ
Երբ խորհում ենք մեր կյանքի մասին, որն անցել է Եհովային ծառայելով, շնորհակալ լինելու այնքա՜ն բան ունենք։ Որպես ծնողներ՝ մենք երջանկություն ենք ունեցել տեսնելու, որ մեր երկու դուստրերն էլ իրենց ամուսինների՝ Ռեյի ու Ջոնի հետ միասին, շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային։ Նրանք մեզ համար իսկական հենարան են եղել միսիոներական ծառայության մեջ։
Վերջին 12 տարիներին ես ու Աննան պատիվ ենք ունեցել ծառայելու Սողոմոնյան կղզիների մասնաճյուղում։ Այդ ընթացքում տեսել ենք, թե ինչպես է կրկնապատկվել Թագավորության քարոզիչների թիվը ու հասել ավելի քան 1 800–ի։ Վերջերս նաև առանձնաշնորհում ունեցա սովորելու մասնաճյուղի կոմիտեի անդամների համար կազմակերպվող Դպրոցում (Նյու Յորք, Պատերսոն)։ Իսկապես, մենք բովանդակալից կյանքով ենք ապրել և բազո՜ւմ օրհնություններ ենք վայելել միսիոներական ոգի պահպանելու համար։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարանի» 1977 թ. հունվարի 15–ի համարում տեղ գտած «Մենք չէինք ձգձգում» վերնագրով հոդվածը (անգլ.)։
[նկար 23–րդ էջի վրա]
1960 թվականին՝ մեր հարսանիքի օրը
[նկար 24–րդ էջի վրա]
Ուգանդայում։ Սթանլի ու Էսինալա Մակումբաները քաջալերանքի աղբյուր էին մեր ընտանիքի համար
[նկար 24–րդ էջի վրա]
Սառան մտնում է հարևանի հյուղակը
[նկար 25–րդ էջի վրա]
Նկարելու օգնությամբ ես ուսուցանում էի Սողոմոնյան կղզիների բնակիչներին
[նկար 25–րդ էջի վրա]
Հանդիպում՝ Սողոմոնյան կղզիներում գտնվող մեկուսի ժողովի հետ
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր ընտանիքն այսօր