Չեզոքությունը խոչընդոտո՞ւմ է քրիստոնեական սիրուն
ՔՐԻՍՏՈՆՅԱ լինելը չի սահմանափակվում Աստվածաշունչ կարդալով, աղոթելով և կիրակնօրյա օրհներգության մասնակցելով։ Հարկավոր է որոշ գործեր կատարել Աստծո և մարդկանց համար։ Աստվածաշնչում ասվում է. «Չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով» (Ա Յովհաննէս 3։18)։ Հիսուսը անկեղծորեն հոգ էր տանում ուրիշների մասին, և քրիստոնյաները ցանկանում են ընդօրինակել նրան։ Պողոս առաքյալը քաջալերում էր հավատակիցներին միշտ ‘ավելի առաջանալ Տիրոջ գործում’ (Ա Կորնթացիս 15։58)։ Սակայն ո՞րն է Տիրոջ գործը։ Արդյո՞ք դրա մեջ մտնում է աղքատների և կեղեքվածների համար պետության քաղաքականության վերափոխումը։ Արդյոք այդպե՞ս էր վարվում Հիսուսը։
Թեպետ Հիսուսին խրախուսում էին զբաղվել քաղաքականությամբ, նա հրաժարվում էր դա անել։ Հիսուսը մերժեց աշխարհի թագավորությունների վրա իշխանություն ստանալու մասին Սատանայի առաջարկը, չմիջամտեց հարկ վճարելու շուրջ ընթացող վիճաբանություններին և չհամաձայնվեց, որ ժողովուրդը իրեն թագավոր հռչակի (Մատթէոս 4։8–10; 22։17–21; Յովհաննէս 6։15)։ Սակայն չեզոք դիրք բռնելը չխանգարեց նրան օգնել ուրիշներին։
Հիսուսն իր ուժերը կենտրոնացրեց մի բանի վրա, որը մշտնջենական օգուտներ էր բերելու մարդկանց։ Ու թեպետ հինգ հազար մարդու կերակրելով և հիվանդներին բուժելով՝ նա ժամանակավոր թեթևացում բերեց որոշ անհատների, սակայն նրա ուսուցումները հավիտենական օրհնությունների դուռ բացեցին ողջ մարդկության համար։ Հիսուսը հայտնի դարձավ ոչ թե իբրև ազատագրական պայքարի կազմակերպիչ, այլ պարզապես իբրև ‘վարդապետ’՝ ուսուցիչ (Մատթէոս 26։18; Մարկոս 5։35; Յովհաննէս 11։28)։ Մի առիթով նա ասաց. «Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ» (Յովհաննէս 18։37)։
Քարոզել քաղաքականությունից ավելի լավ բան
Ճշմարտությունը, որ ուսուցանում էր Հիսուսը, քաղաքական տեսություն չէր։ Ընդհակառակը՝ նրա քարոզչության մեջ առանցքային դեր էր խաղում Թագավորությունը, որի Թագավորը անձամբ ինքն էր լինելու (Ղուկաս 4։44)։ Այս Թագավորությունը երկնային կառավարություն է, որը փոխարինելու է բոլոր մարդակերտ իշխանություններին և մնայուն խաղաղություն է բերելու մարդկությանը (Եսայիա 9։6, 7; 11։9; Դանիէլ 2։44)։ Ուստի իրականում սա է մարդկության միակ հույսը։ Մի՞թե սիրո ավելի մեծ արտահայտություն չէ քարոզել մարդկանց այս հիմնավոր հույսը և ոչ թե քաջալերել նրանց ապահով ապագա ունենալու հարցում հույս դնել մարդ արարածի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։ Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները։ Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է» (Սաղմոս 146։3–5)։ Այդ իսկ պատճառով Հիսուսը չուղարկեց իր աշակերտներին քարոզել պետական կառավարման ավելի լավ համակարգ ստեղծելու մասին, այլ սովորեցրեց նրանց հռչակել ‘արքայության ավետարանը’ (Մատթէոս 10։6, 7; 24։14)։
Հետևաբար հենց սա է ‘Տիրոջ գործը’, որ հանձնարարված է քրիստոնյա քարոզիչներին։ Աստծո Թագավորության հպատակներից պահանջվում է սիրել միմյանց։ Դրա շնորհիվ Թագավորությունը կկարողանա վերջ դնել աղքատությանը, քանի որ մարդկության միջոցները բոլորի միջև կբաշխվեն հավասարապես (Սաղմոս 72։8, 12, 13)։ Սա բարի լուր է, որն իսկապես արժե քարոզել։
Այսօր Եհովայի վկաները կազմակերպված են, որպեսզի կատարեն ‘Տիրոջ գործը’ 235 երկրներում։ Հետևելով Հիսուսի խորհրդին՝ նրանք հարգանք են ցուցաբերում բոլոր կառավարությունների հանդեպ (Մատթէոս 22։21)։ Սակայն Վկաները կատարում են նաև Հիսուսի կողմից իր աշակերտներին ուղղված հետևյալ խոսքերը. «[Դուք] աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը» (Յովհաննէս 15։19)։
Քաղաքականությամբ զբաղվող որոշ մարդիկ Աստվածաշունչը մանրազնին ուսումնասիրելուց հետո դադարեցրին իրենց այդ գործունեությունը։ Մի իտալացի քաղաքական գործիչ, որը եկեղեցու հսկողության տակ գտնվող Կաթոլիկական շարժման անդամ էր, պատմում է. «Ես սկսեցի զբաղվել քաղաքականությամբ, քանի որ զգում էի, որ մարդը պետք է ակտիվորեն աջակցի հասարակության քաղաքական ու սոցիալական զարգացմանը»։ Հետագայում նա հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից, որպեսզի Եհովայի վկաների հետ քարոզի Աստծո Թագավորության մասին։ Նա բացատրում է, թե ինչու են ձախողվում քաղաքականության մեջ անկեղծորեն գործադրված ջանքերը. «Աշխարհն այսպիսին է ոչ թե այն պատճառով, որ ազնիվ մարդիկ սոցիալական պայմանները բարելավելու փորձ չեն կատարում, այլ որովհետև մի քանիսի անկեղծ ջանքերը խորտակվում են շատերի չարության մեջ»։
Մարդկության միակ իրական հույսի մասին քարոզելու նպատակով քաղաքականապես չեզոք դիրք բռնելը չի խանգարում ճշմարիտ քրիստոնյաներին գործնական օգնություն ցույց տալ մերձավորին։ Այն անհատները, որոնց նրանք օգնում են դառնալ Աստծո Թագավորության հպատակներ, սովորում են փոխել իրենց վնասաբեր համոզմունքները, հարգել իշխանություններին, բարելավել ընտանեկան կյանքը և հավասարակշռված տեսակետ ունենալ նյութականի հանդեպ։ Իսկ որ ավելի կարևոր է, Եհովայի վկաներն օգնում են մարդկանց մտերիմ հարաբերություններ վայելել Աստծո հետ։
Աստծո Թագավորության քարոզիչները օգուտ են բերում այն հասարակությանը, որում ապրում են։ Դեռ ավելին, նրանք օգնում են ուրիշներին հույս դնել մի իրական կառավարության վրա, որը հարատև խաղաղություն կբերի բոլոր աստվածավախ մարդկանց։ Չեզոքություն պահպանելու շնորհիվ քրիստոնյաները ազատորեն ցուցաբերում են այն օգնությունը, որ ամենամնայունն ու ամենագործնականն է մեր օրերում։
[7–րդ էջի վրայի շրջանակը]
Քաղաքականությունից՝ Թագավորության քարոզմանը
Ազատագրության աստվածաբանությանը Աթիլան ծանոթ էր դեռևս փոքրուց։ Նրան այդ մասին սովորեցրել էին Բելենի (Բրազիլիա) իր ծխական քահանաները։ Աթիլային բավականություն էր պատճառում այն միտքը, որ մարդկությունն ի վերջո ազատագրվելու է կեղեքումից։ Այս նպատակով նա միացավ ակտիվիստների մի խմբի և սովորեց երթեր ու բողոքի արտահայտման այլ գործողություններ կազմակերպել։
Նրան բավականություն էր պատճառում նաև խմբի երեխաներին ուսուցանելը, ինչը Աթիլան անում էր «Լսեցեք Մեծ Ուսուցչին» գրքիa օգնությամբ, որ մի անգամ տվել էին նրան։ Գրքում խոսվում էր լավ վարք դրսևորելու և իշխանություններին հնազանդվելու մասին։ Սա մտածելու առիթ տվեց Աթիլային. ինչո՞ւ ազատագրության աստվածաբանության կողմնակիցները չեն հետևում Հիսուսի ուսուցանած բարոյական բարձր չափանիշներին, և ինչո՞ւ են ոմանք մոռանում կեղեքվածների մասին իշխանություն ձեռք բերելուց հետո։ Աթիլան հեռացավ խմբից։ Մի օր նրա դուռը թակեցին Եհովայի վկաները և խոսեցին Աստծո Թագավորության մասին։ Կարճ ժամանակ անց Աթիլան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ և սովորել, թե որն է կեղեքումից ազատագրվելու իրական միջոցը։
Այդ ընթացքում Աթիլան հաճախում էր կրոնին և քաղաքականությանը առնչվող կաթոլիկական դասընթացների։ Մի առիթով ուսուցանողներից մեկը այսպիսի խոսքեր էր ասել. «Դրանք [կրոնն ու քաղաքականությունը] միևնույն բանի երկու կողմերն են»։ Աթիլան հաճախում էր նաև Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Ինչպիսի՜ տարբերություն էր տեսնում նա։ Թագավորության սրահում, օրինակ, չէին ծխում, չէին խմում, չէին պատմում անվայել կատակներ։ Նա որոշեց Եհովայի վկաների հետ մասնակցել նրանց քարոզչական գործունեությանը և շատ չանցած՝ մկրտվեց։ Այժմ Աթիլան հասկանում է, թե ինչու ազատագրության աստվածաբանությունը աղքատ մարդկանց խնդիրների իրական լուծումը չէ։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկարներ 6–րդ էջի վրա]
Քրիստոնյա քարոզիչների չեզոք դիրքը չի խանգարում նրանց օգնել ուրիշներին