Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 6/1 էջ 9–14
  • Արարչությունը պատմում է Աստծո փառքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արարչությունը պատմում է Աստծո փառքը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու «արդարացում» չունեն
  • Տիեզերքը պատմում է Աստծո փառքը
  • Աստղերն ու գալակտիկաները ակնածանք են ներշնչում
  • Երկիրը և նրանում գտնվող էակները փառաբանում են Եհովային
  • Արարելու զորություն. «երկնքի ու երկրի» Ստեղծիչը
    Մոտեցիր Եհովային
  • Ովքե՞ր են այսօր փառք տալիս Աստծուն
    2004 Դիտարան
  • Ինչպե՞ս է առաջ եկել Տիեզերքը. կարծիքները չեն համընկնում
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Արարչագործության վերաբերյալ հնագույն մի աղբյուր՝ արժանահավա՞տ է արդյոք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
2004 Դիտարան
w04 6/1 էջ 9–14

Արարչությունը պատմում է Աստծո փառքը

«Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը» (Սաղմոս 19։1)։

1, 2. ա) Ինչո՞ւ են մարդիկ անկարող ուղղակիորեն տեսնելու Աստծո փառքը։ բ) Ինչպե՞ս են քսանչորս երեցները փառք տալիս Աստծուն։

«ԴՈՒ իմ երեսը չես կարող տեսնել. որովհետեւ մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել» (Ելից 33։20)։ Ահա այսպիսի խոսքեր ասաց Եհովան Մովսեսին։ Քանի որ մարդիկ հողի փոշուց են ստեղծված, նրանք չեն կարող կենդանի մնալ, եթե անմիջականորեն տեսնեն Աստծո փառքը։ Սակայն Հովհաննես առաքյալին մի հափշտակիչ տեսիլք տրվեց, որում նա տեսավ Եհովային՝ իր փառավոր գահի վրա նստած (Յայտնութիւն 4։1–3)։

2 Ի տարբերություն մարդկանց՝ ոգեղեն հավատարիմ էակները ի վիճակի են տեսնել Եհովայի դեմքը։ Նրանց թվում են Հովհաննեսի տեսած երկնային տեսիլքի ‘քսանչորս երեցները’, որոնք ներկայացնում են 144 000–ին (Յայտնութիւն 4։4; 14։1–3)։ Ինչպե՞ս են նրանք արձագանքում՝ տեսնելով Եհովայի փառքը։ Համաձայն Յայտնութիւն 4։11–ի՝ նրանք ազդարարում են. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան»։

Ինչու «արդարացում» չունեն

3, 4. ա) Ինչո՞ւ հավատն Աստծո հանդեպ չի կարելի համարել ոչ գիտական։ բ) Որոշ դեպքերում մարդիկ ինչո՞ւ են մերժում հավատն Աստծո հանդեպ։

3 Մղո՞ւմ է քեզ քո սիրտը փառք տալու Աստծուն։ Մարդկանց ճնշող մեծամասնությունն այդպիսի մղում չունի, իսկ ոմանք նույնիսկ մերժում են Աստծո գոյությունը։ Օրինակ՝ մի աստղագետ գրել է. «Աստվա՞ծ է, որ միջամտել ու այդքան զմայլելի ձևով արարել է տիեզերքը մեր օգտի համար։ .... Արբեցուցիչ միտք է։ Ցավոք, կարծում եմ, որ դա ընդամենը պատրանք է։ .... Դրա բացատրությունը Աստված չէ»։

4 Գիտական հետազոտությունների հնարավորությունները սահմանափակ են. մարդիկ կարող են դա անել ուղղակիորեն տեսնելով կամ ուսումնասիրելով։ Այլապես նրանց նկրտումները մնում են տեսական հողի վրա կամ ենթադրություններից այն կողմ չեն անցնում։ Քանի որ Աստված Ոգի է, ուղղակի անհնար է նրան գիտական մանրակրկիտ հետազոտությունների ենթարկել (Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Ուստի մեծամտություն է համարել, որ Աստծո հանդեպ հավատը գիտական հիմք չունի։ Քեմբրիջի համալսարանի գիտնական Վինսենթ Վիգլզվորթը նկատում է, որ գիտական մեթոդն ինքնին «կրոնական մոտեցում» է։ Ինչպե՞ս։ «Այն հենվում է անբեկանելի հավատի վրա, որ բնության երևույթները ենթարկվում են «բնության օրենքներին»»։ Ուրեմն եթե մեկը մերժում է Աստծո հանդեպ հավատը, ապա դրանից չի՞ հետևում, որ նա պարզապես հավատի մի տեսակ փոխարինում է մեկ այլ տեսակով։ Որոշ դեպքերում անհատը Աստծո հանդեպ իր անհավատությունը դրսևորում է ճշմարտությունը գիտակցաբար մերժելով։ Սաղմոսերգուն գրեց. «Ամբարիշտը իր երեսին ամբարտաւանութեանը համար Աստուած չի փնտռեր. անոր մտքին մէջ բոլորովին Աստուած չկայ» (Սաղմոս 10։4, ԱԱ)։

5. Ինչո՞ւ Աստծուն հավատ չընծայող մարդիկ արդարացում չունեն։

5 Ինչ խոսք, հավատն Աստծո հանդեպ կույր չէ, քանզի անհամար ապացույցներ կան, որոնք հաստատում են Աստծո գոյությունը (Եբրայեցիս 11։1)։ Աստղագետ Ալան Սանդեյջը ասել է. «Ես միանգամայն անհավանական եմ համարում, որ [տիեզերքի] այսպիսի կարգավորվածությունը սկիզբ է առել քաոսից։ Պետք է որ ինչ–​որ կազմակերպական հիմք լինի այստեղ։ Թեև Աստված ինձ համար առեղծված է, բայց նա է այն հրաշքի բացատրությունը, թե ինչու ինչ–​որ բան գոյություն չունենալու փոխարեն գոյություն ունի»։ Պողոս առաքյալը հռոմեացի քրիստոնյաներին գրեց, որ «աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկությունները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ [անհավատները] որևէ արդարացում չունենան» (Հռովմայեցիս 1։20, ԱՆԹ)։ «Աշխարհի ստեղծումից ի վեր»՝ մասնավորապես բանական մարդ արարածի ստեղծումից սկսած, որն ի վիճակի էր ըմբռնել Աստծո գոյությունը, ակնհայտ է եղել, որ գոյություն ունի վիթխարի ուժի տեր Արարիչ՝ մի Աստված, որն արժանի է երկրպագության։ Ովքեր մերժում են ճանաչել Աստծո փառքը, նրանք, փաստորեն, արդարացում չունեն։ Սակայն արարչության մեջ ի՞նչ ապացույցներ կան, որոնք վկայում են Աստծո գոյությունը։

Տիեզերքը պատմում է Աստծո փառքը

6, 7. Ինչպե՞ս են երկինքները պատմում Աստծո փառքը։

6 Սաղմոս 19։1–ը հետևյալ պատասխանն է տալիս. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը»։ Դավիթը նկատել էր, որ աստղերն ու մոլորակները, որոնց արձակած լույսը, ‘հաստատության’, այսինքն՝ մթնոլորտի միջով անցնելով, հասնում էր երկիր, անհերքելիորեն ապացուցում են փառավոր Աստծո գոյությունը։ Նա շարունակում է. «Օրը օրին խօսք է բղխում. եւ գիշերը գիշերին գիտութիւն է ցոյց տալիս» (Սաղմոս 19։2)։ Երկինքները օրը օրին, գիշերը գիշերին ցուցադրում են Աստծո իմաստությունն ու ստեղծագործական ուժը։ Կարծես թե երկնքից Աստծուն փառաբանող խոսքեր են «բղխում»։

7 Սակայն խորաթափանցություն է անհրաժեշտ այդ վկայությունը «լսելու» համար։ Թեև «լեզու չ’կայ եւ խօսք չ’կայ. նորանց ձայնը լսելի չէ», այնուհանդերձ, երկինքների լուռ վկայությունը զորավոր է։ «Նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը» (Սաղմոս 19։3, 4)։

8, 9. Արեգակի առնչությամբ ի՞նչ հետաքրքիր փաստեր կան։

8 Այնուհետև Դավիթը նկարագրում է Եհովայի արարչագործության մեկ այլ հրաշք. «Արեգակի համար խորան [«վրան մը», ԱԱ] դրաւ նորանց [տեսանելի երկինքների] միջումը։ Եւ նա փեսայի նման դուրս է գալիս իր առագաստիցը, եւ զուարճանում է ինչպէս հսկայ [«հզօր մարդու պէս», ԱԱ] որ իր ճանապարհը գնայ։ Նորա ելքը երկնքի ծայրիցը, եւ նորա գնացքը մինչեւ նորա միւս ծայրը. եւ ոչինչ չէ ծածկվում նորա տաքութիւնիցը» (Սաղմոս 19։4–6)։

9 Արեգակը, մյուս աստղերի համեմատությամբ, ընդամենը միջին չափերի աստղ է։ Սակայն նա մի ուշագրավ աստղ է, որի շուրջ պտտվող մոլորակներն իրենց շատ փոքր են «զգում»։ Ըստ մի աշխատության՝ նրա զանգվածը հասնում է «2 միլիարդ անգամ միլիարդ անգամ միլիարդ տոննայի», որը կազմում է ամբողջ արեգակնային համակարգի 99,9 տոկոսը։ Նրա ձգողականության ուժը հնարավորություն է տալիս երկրին պտտվել նրա շուրջ 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա՝ առանց հեռանալու նրանից կամ մոտենալու նրան։ Արեգակի արձակած էներգիայի միայն մեկ միլիարդերորդ մասի կեսն է հասնում մեր մոլորակ, ինչը, սակայն, բավարար է կյանքի պահպանման համար։

10. ա) Ինչպե՞ս է արևը մտնում իր ‘վրանը’ ու դուրս գալիս այնտեղից։ բ) Ինչպե՞ս է նա գնում ինչպես ‘հզոր մարդ’։

10 Սաղմոսերգուն արեգակի մասին փոխաբերական լեզվով է խոսում՝ ներկայացնելով նրան ինչպես «հսկայ», ‘հզոր մարդ’, որն օրվա ընթացքում հորիզոնի մի կողմից գնում է դեպի մյուս կողմը, իսկ երեկոյան մտնում ‘վրանը’։ Երբ այդ հսկա աստղը իջնում է հորիզոնից ներքև, երկրից դիտողին թվում է, թե նա «վրան» մտավ հանգստանալու համար։ Իսկ առավոտյան նա կարծես թե անսպասելիորեն հայտնվում է՝ շլացուցիչ փայլ արձակելով «փեսայի նման[, որը] դուրս է գալիս իր առագաստիցը»։ Լինելով հովիվ՝ Դավիթը գիտեր, թե գիշերները որքան ցուրտ է լինում (Ծննդոց 31։40)։ Նա հիշում էր, թե ինչպես էին արևի ճառագայթներն արագորեն տաքացնում իրեն ու շրջապատը։ Հստակ է, որ արևը չէր հոգնում՝ արևելքից դեպի արևմուտք ճանապարհորդություն կատարելով, այլ, ինչպես մի «հսկայ», պատրաստ էր կրկնել իր ճանապարհորդությունը։

Աստղերն ու գալակտիկաները ակնածանք են ներշնչում

11, 12. ա) Ինչո՞վ է ուշագրավ այն փաստը, որ Աստվածաշունչը աստղերի քանակը նմանեցնում է ավազի քանակին։ բ) Որքա՞ն լայնարձակ կարող է լինել տիեզերքը։

11 Դավիթի ժամանակներում աստղադիտակ չկար, ու նա կարող էր տեսնել միայն մի քանի հազար աստղ։ Սակայն համաձայն վերջերս կատարված մի հետազոտության՝ ժամանակակից աստղադիտակների համար տեսանելի տիեզերքում աստղերի թիվը հասնում է 70 սեքստիլիոնի՝ մեկ յոթ, որին հետևում է քսաներկո՛ւ զրո։ Եհովան նման վիթխարի քանակ նկատի ուներ, երբ աստղերի քանակը նմանեցրեց «ծովեզերքում լինող աւազի» քանակին (Ծննդոց 22։17)։

12 Տարիներ շարունակ աստղագետները տեսնում էին այն, ինչ նկարագրվել է որպես «փոքրիկ լուսավոր շրջաններ, որոնք աղոտ, ոչ հստակ տեսք ունեն»։ Գիտնականները ենթադրում էին, որ այդ «գալարաձև միգամածությունները» գտնվում են մեր Ծիր կաթին գալակտիկայում։ 1924 թ.–ին հայտնաբերվեց, որ մեզ ամենամոտ գտնվող նման միգամածությունը՝ Անդրոմեդան, իրականում գալակտիկա է, որը մեզանից գտնվում է մոտ երկու միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Այժմ, ըստ գիտնականների հաշվարկների, գոյություն ունեն միլիարդավոր գալակտիկաներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հազարավոր աստղեր, իսկ որոշ գալակտիկաներում այդ թիվը միլիարդների է հասնում։ Այնուհանդերձ, Եհովան «համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը» (Սաղմոս 147։4)։

13. ա) Համաստեղությունների առնչությամբ ի՞նչն է ուշագրավ։ բ) Ի՞նչն է փաստում, որ գիտնականները չգիտեն «երկնքի կանոնները»։

13 Եհովան հետևյալ հարցը տվեց Հոբին. «Կարո՞ղ ես Բազմաստեղի [համաստեղության] կապերը կապել, կամ Հայկի [համաստեղության] կշկուռները՝ բանալ» (Յոբ 38։31)։ Համաստեղությունը աստղերի մի խումբ է՝ իր յուրօրինակ տեսքով։ Թեև այդ աստղերը կարող են ահռելի հեռավորության վրա գտնվել միմյանցից, նրանց դիրքը մեկը մյուսի հանդեպ շարունակում է անփոփոխ մնալ երկրից նայողի համար։ Քանի որ նրանց դիրքը այդքան ճշգրիտ է, ապա նրանք, ինչպես մի հանրագիտարանում է ասվում, «օգտակար առաջնորդություն են տալիս նավագնացներին, տիեզերագնացներին՝ որոշելու տիեզերական թռչող ապարատների դիրքը և ճանաչելու աստղերին» («The Encyclopedia Americana»)։ Բայցևայնպես, ոչ ոք լիովին չի հասկանում այն «կապերը», որոնք համաստեղությունները համախմբված են պահում։ Այո, գիտնականները մինչև հիմա չեն կարողանում պատասխանել Յոբ 38։33–ում տրված հարցին. «Գիտե՞ս երկնքի կանոնները»։

14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ այն, թե ինչպես է լույսը տարածվում, առեղծված է։

14 Գիտնականները չեն կարողանում պատասխանել ևս մեկ հարցի, որ տրվել էր Հոբին. «Այն ո՞ր ճանապարհն է, որով լոյսը բաժանվում է» (Յոբ 38։24)։ Մի հեղինակ լույսի վերաբերյալ այս հարցն անվանում է «բավական ժամանակակից գիտական հարց»։ Իսկ ահա հույն փիլիսոփաները կարծում էին, թե լույսը բխում է մարդու աչքից։ Ավելի մոտ անցյալում գիտնականները ենթադրում էին, որ լույսը բաղկացած է փոքր մասնիկներից։ Մյուսները ասում էին, թե լույսը շարժվում է ալիքներով։ Այսօր գիտնականները այն կարծիքին են, որ լույսը տարածվում է թե՛ ալիքներով, թե՛ մասնիկներով։ Այնուհանդերձ, լույսի բնույթը և այն, թե ինչպես է լույսը տարածվում, դեռևս լիովին հասկանալի չէ։

15. Երկինքների մասին խորհրդածելն ի՞նչ զգացումներ պետք է արթնացնի մեր մեջ, ինչպես որ դա արթնացրեց Դավիթի մեջ։

15 Խորհրդածելով այս ամենի շուրջ՝ մարդ պարզապես չի կարող չունենալ սաղմոսերգու Դավիթի զգացումները։ Նա ասաց. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար» (Սաղմոս 8։3, 4)։

Երկիրը և նրանում գտնվող էակները փառաբանում են Եհովային

16, 17. Ինչպե՞ս են անդունդների բնակիչները փառաբանում Եհովային։

16 Սաղմոս 148–ում թվարկվում է, թե արարչությունն ուրիշ ինչ ձևերով է պատմում Աստծո փառքը։ 7–րդ համարում կարդում ենք. «Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ [ծովային մեծ կենդանիներ] եւ ամեն անդունդներ»։ Այո, ‘անդունդները’ լի են հրաշքներով, որոնց մեջ արտացոլված է Աստծո իմաստությունն ու զորությունը։ Կապույտ կետի միջին քաշը հասնում է 120 տոննայի։ Դա հավասար է 30 փղի գումարային քաշին։ Նրա սիրտը միայն կշռում է ավելի քան 450 կիլոգրամ և ընդունակ է ամբողջ մարմնով մղել մոտ 6 400 կիլոգրամ արյուն։ Կարելի՞ է ասել, որ այս հսկայական կենդանիները դանդաղաշարժ են ու ճարպիկ չեն։ Դժվար թե։ Նրանք, ինչպես կետերի պահպանությամբ զբաղվող մի կազմակերպություն է տեղեկացնում, «սուրում են օվկիանոսներով մեկ» (European Cetacean Bycatch Campaign)։ Արբանյակային հետազոտությունները ցույց են տալիս, որ «կապույտ կետը կարող է տասը ամսում անցնել ավելի քան 16 000 կիլոմետր»։

17 Աֆալինա դելֆինը սովորաբար սուզվում է մինչև 45 մետր, սակայն այս դելֆինների սահմանած ռեկորդը 547 մետր է։ Ինչպե՞ս է այս կաթնասունը դիմանում ջրի ճնշմանը նման խորության մեջ։ Մինչ նա սուզվում է, նրա սրտի աշխատանքը սկսում է դանդաղել, արյունը կենտրոնանում է սրտում, թոքերում և ուղեղում։ Բացի այդ, նրա մկանները պարունակում են քիմիական նյութեր, որոնք կուտակում են թթվածինը։ Ծովափղերը և կաշալոտները կարող են նույնիսկ ավելի խոր սուզվել։ «Նրանք ճնշման դեմ չեն պայքարում,— ասվում է «Դիսքավր» հանդեսում,— դրա փոխարեն՝ թույլ են տալիս, որ իրենց թոքերը լիովին սեղմվեն» («Discover»)։ Նրանք անհրաժեշտ թթվածնի մեծ մասը պահում են մկաններում։ Միանգամայն հստակ է, որ այս արարածները ամենազոր Աստծո իմաստության կենդանի վկայությունն են։

18. Ինչպե՞ս են ծովաջրերը արտացոլում Եհովայի իմաստությունը։

18 Նույնիսկ ծովաջրերն են արտացոլում Եհովայի իմաստությունը։ «Սայենթիֆիք ամերիքըն» հանդեսում ասվում է. «Օվկիանոսի վերին 100 մետրում եղած ջրի ամեն մի կաթիլ պարունակում է հազարավոր միավորներից բաղկացած ազատորեն լողացող միկրոսկոպիկ ֆլորա, որը կոչվում է ֆիտոպլանկտոն»։ Այս «անտեսանելի անտառը» մաքրում է օդը՝ միլիարդավոր տոննաներով ներծծելով ածխաթթու գազ։ Ֆիտոպլանկտոնը արտադրում է մեր շնչած թթվածնի ավելի քան կեսը։

19. Ինչպե՞ս են կրակն ու ձյունը կատարում Եհովայի կամքը։

19 Սաղմոս 148։8–ում ասվում է. «Կրակ եւ կարկուտ, ձիւն եւ ծուխ եւ մրրիկ քամի, որ նորա խօսքը կատարում էք»։ Այո, Եհովան իր կամքն իրագործելու համար օգտագործում է նաև բնության անկենդան ուժերը։ Դիտարկենք կրակը։ Անցած տասնամյակներում համարվում էր, որ անտառային հրդեհները միայն կործանարար հետևանքներ են ունենում։ Սակայն հետազոտողները ներկայումս հակված են այն կարծիքին, որ հրդեհը կարևոր բնապահպանական դեր ունի. նա ոչնչացնում է հին և մեռնող ծառերը, նպաստում է շատ սերմերի ծլարձակմանը, սննդարար նյութերի շրջապտույտին և, որքան էլ որ տարօրինակ է, նվազեցնում է մեծ հրդեհներ ծագելու հավանականությունը։ Ձյունը նույնպես կենսական դեր ունի։ Նա ջրում ու պարարտացնում է հողը, սնում է գետերը ջրով, բույսերին ու կենդանիներին պահպանում է սառնամանիքից։

20. Ինչպե՞ս են լեռներն ու ծառերը օգուտ բերում մարդկանց։

20 «Սարեր եւ ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր»,— գրված է Սաղմոս 148։9–ում։ Վեհապանծ լեռները Եհովայի մեծ զորության վկայությունն են (Սաղմոս 65։6)։ Բայց նրանք նաև գործնական նպատակի են ծառայում։ Բեռնի աշխարհագրության ինստիտուտը (Շվեյցարիա) հետևյալն է ասում. «Աշխարհի բոլոր մեծ գետերը սկիզբ են առնում լեռներից։ Մարդկության կեսից ավելին կախում ունի լեռներում կուտակված քաղցրահամ ջրի պաշարներից.... Ջրի այս «աշտարակները» հույժ կարևոր են մարդկության բարօրության համար»։ Նույնիսկ սովորական ծառը փառք է բերում իր Արարչին։ Ծառերը, ըստ ՄԱԿ–ի շրջակա միջավայրի պահպանման ծրագրի, «կարևոր դեր ունեն մարդկանց բարօրության համար աշխարհի բոլոր երկրներում.... Շատ ծառատեսակներ տնտեսական կարևորագույն արժեք ունեն, քանի որ տալիս են զանազան պտուղներ՝ մրգեր, տարբեր տեսակի ընկույզներ, ինչպես նաև անտառանյութի, խեժի, սոսնձի աղբյուր են։ Ամբողջ աշխարհում երկու միլիարդ մարդ փայտ է օգտագործում ուտելիք պատրաստելու և ջեռուցման նպատակով»։

21. Բացատրեք, թե ինչպես է սովորական տերևը վկայում, որ ստեղծված է։

21 Ծառը վկայում է իմաստուն ստեղծչի գոյության մասին։ Քննենք հենց տերևը։ Արտաքինից այն պատված է մոմանման ծածկույթով, որն անհրաժեշտ է տերևը չորացումից պաշտպանելու համար։ Անմիջապես այդ ծածկույթի տակ տերևի վերին շերտում գտնվում է բջիջների մի խումբ, որը քլորոպլաստ է պարունակում։ Դրանց մեջ կա քլորոֆիլ, որը կլանում է լույսի էներգիան։ Ֆոտոսինթեզ կոչված պրոցեսի շնորհիվ տերևները դառնում են սննդի յուրօրինակ գործարաններ։ Բարդ «ջրամղիչ համակարգը» ծառի արմատներից ջուրը վեր է բարձրացնում ու հասցնում տերևներին։ Տերևի ստորին շերտում գտնվող հազարավոր մանր «փեղկերը» բացվում ու փակվում են՝ կլանելով ածխաթթու գազ։ Լույսի մատակարարած էներգիայի շնորհիվ ջուրն ու ածխաթթու գազը միանում են, ու ստացվում է ածխաջրածին։ Այժմ բույսը կարող է սնվել իր իսկ պատրաստած սննդով։ Այս «գործարանը» աշխատում է լուռ, հիասքանչ ձևով։ Շրջապատը աղտոտելու փոխարեն՝ նա որպես երկրորդական արդյունք թթվածին է արձակում։

22, 23. ա) Ի՞նչ ուշագրավ ընդունակություններ ունեն որոշ թռչուններ ու ցամաքային կենդանիներ։ բ) Ուրիշ ի՞նչ հարցեր կան, որոնք հարկավոր է քննարկել։

22 «Կենդանիներ եւ ամեն անասուններ, սողացողներ եւ թեւաւոր թռչուններ»,— գրված է Սաղմոս 148։10–ում։ Շատ ցամաքային կենդանիներ ու թռչուններ զարմանալի ունակություններ ունեն։ Ծովասուզակ թխամեջքը կարող է թռչելով անցնել վիթխարի տարածություններ (եղել է մի դեպք, երբ այս թռչունը ընդամենը 90 օրում անցել է 40 000 կիլոմետր)։ Խայտակուրծք անտառային երգեցիկ թռչունը անվայրէջք ճանապարհորդում է Հյուսիսային Ամերիկայից դեպի Հարավային Ամերիկա՝ օդում մնալով ավելի քան 80 ժամ։ Ուղտը ջուրը կուտակում է ոչ թե իր սապատում, ինչպես սովորաբար կարծվում էր, այլ մարսողական համակարգում, ինչը նրան հնարավորություն է տալիս երկար ժամանակ ջուր չխմել։ Մի՞թե զարմանալի է, ուրեմն, որ ինժեներները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում են կենդանական աշխարհը, երբ նախագծում են մեքենաներ կամ նոր նյութեր։ «Եթե ուզում եք կառուցել մի այնպիսի բան, որը արդյունավետ գործի.... ու չվնասի շրջակա միջավայրին,— ասում է գրող Գեյլ Քլերը,— ապա մեծ հնարավորություններ ունեք դրա օրինակը գտնել բնության մեջ»։

23 Այո՛, արարչությունն իսկապես պատմում է Աստծո փառքը։ Աստղազարդ երկինքը, բուսական ու կենդանական աշխարհը՝ ամեն մի ստեղծագործություն ուրույն ձևով փառաբանում է իր Արարչին։ Բայց ի՞նչ կարելի է ասել մեր՝ մարդկանց մասին։ Ինչպե՞ս կարող ենք միանալ բնությանը Աստծուն փառաբանություն տալու մեջ։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ նրանք, ովքեր մերժում են Աստծո գոյությունը, արդարացում չունեն։

• Ինչպե՞ս են աստղերն ու մոլորակները փառաբանում Աստծուն։

• Ինչպե՞ս են ծովային ու ցամաքային կենդանիները վկայում Արարչի սիրո մասին։

• Ինչպե՞ս են բնության անկենդան ուժերը կատարում Եհովայի կամքը։

[նկար 10–րդ էջի վրա]

Գիտնականների հաշվարկներով՝ տեսանելի աստղերի թիվը հասնում է 70 սեքստիլիոնի

[թույլտվությամբ]

Frank Zullo

[նկար 12–րդ էջի վրա]

Դելֆին աֆալինա

[նկար 13–րդ էջի վրա]

Ձյան փաթիլ

[թույլտվությամբ]

snowcrystals.net

[նկար 13–րդ էջի վրա]

Ծովասուզակ թխամեջքի ձագը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը