Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ էր Դավիթը՝ Եհովայի հավատարիմ ծառան, թույլ տալիս իր կին Մեղքողին «արձան» («թերափիմ», ԱԱ, ծան.), այսինքն՝ կուռք ունենալ, ինչպես այդ մասին նշվում է Ա Թագաւորաց 19։12, 13–ում։
Նախ՝ հակիրճ քննենք համատեքստը։ Երբ Դավիթի կինն իմացավ, որ Սավուղ թագավորը մտադիր է սպանել իր ամուսնուն, իսկույն գործի անցավ։ Աստվածաշունչն ասում է. «Մեղքողը Դաւիթին վայր իջեցրեց պատուհանիցը. եւ նա գնաց՝ փախաւ եւ պրծաւ։ Եւ Մեղքողը մէկ արձան («թերափիմ», ԱԱ, ծան.) առաւ [որը, ակներևաբար, մարդու ձև ու չափ ուներ], եւ նորան անկողինի մէջ դրաւ, եւ նորա գլխի տակ այծի մազի բարձ դրաւ, եւ նորան ծածկոցով ծածկեց»։ Երբ Սավուղի մարդիկ եկան Դավիթին բռնելու, Մեղքողը ասաց նրանց. «Հիւանդ է»։ Այս հնարքի շնորհիվ Մեղքողը ժամանակ շահեց, ու Դավիթը հասցրեց փախչել (Ա Թագաւորաց 19։11–16)։
Ելնելով հնագիտական հայտնագործություններից՝ կարելի է ենթադրել, որ հին ժամանակներում մարդիկ թերափիմներ էին օգտագործում ոչ միայն կրոնական, այլև իրավական նպատակներով։ Թերափիմները ունեին այնպիսի դեր, ինչպիսին որ ունեն այսօր այն փաստաթուղթը կամ գրավոր կտակը, որը հաստատում է տվյալ անհատի ժառանգական իրավունքները։ Ըստ երևույթին, թերափիմ ունենալով՝ օրինակ, փեսան որոշ հանգամանքներում կարող է իր աներոջ մահվան դեպքում օրինական հավակնություններ ունենալ նրա ժառանգության նկատմամբ։ Հնարավոր է, սա էր պատճառը, որ երբ Ռաքելը վերցրեց իր հոր թերափիմները, վերջինս խիստ անհանգստացավ ու ջանք էր անում ետ ստանալ դրանք։ Այս դեպքում Ռաքելի ամուսինը՝ Հակոբը, տեղյակ չէր, թե ինչ էր արել իր կինը (Ծննդոց 31։14–34)։
Երբ իսրայելացիները ազգ դարձան, ստացան Տասը պատվիրանները, որոնցից երկրորդը բավական որոշակիորեն արգելում էր կուռքեր պատրաստելը (Ելից 20։4, 5)։ Հետագայում Սամուել մարգարեն այս օրենքին ակնարկեց Սավուղ թագավորի հետ խոսելիս։ Նա ասաց. «Ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան [«թերափիմ», ԱԱ, ծան.] պէս է» (Ա Թագաւորաց 15։23)։ Այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ իսրայելացիները թերափիմներ օգտագործեին իրենց ժառանգական հարցերը լուծելու համար։ Այդուհանդերձ, այս հին հրեական սնոտիապաշտությունը, ըստ էության, շարունակեց տիրապետել որոշ իսրայելական ընտանիքներում (Դատաւորաց 17։5, 6; Դ Թագաւորաց 23։24)։ Այն, որ Մեղքողը թերափիմ ուներ իր անձնական իրերի մեջ, մտածել է տալիս, որ նրա սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ չէր։ Դավիթը կա՛մ չգիտեր թերափիմի մասին, կա՛մ հանդուրժում էր դա այն պատճառով, որ Մեղքողը Սավուղ թագավորի աղջիկն էր։
Դավիթի տեսակետը, որ հարկավոր է անվերապահորեն նվիրված լինել Եհովային, արտահայտված է հետևյալ խոսքերում. «Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Եհովան արաւ երկինքը» (Ա Մնացորդաց 16։25, 26)։
[նկար 29–րդ էջի վրա]
Տասը պատվիրաններից երկրորդը արգելում էր պատրաստել կուռքեր, ինչպիսին որ այս թերափիմն է
[թույլտվությամբ]
From the book The Holy Land, Vol. II, 1859