Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/1 էջ 8–13
  • Եհովան իր փառքը հայտնում է խոնարհներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան իր փառքը հայտնում է խոնարհներին
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված խոնարհություն է ցուցաբերում
  • Աստծո փառքը խոնարհներին է հայտնվում
  • Խոնարհություն մշակիր ու Աստծո բարեհաճությունը վայելիր
  • Զարգացրու իսկական խոնարհություն
    2005 Դիտարան
  • Եհովայի համար թանկ են իր խոնարհ ծառաները
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Խոնարհություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ինչպե՞ս կարող ես իսկական հեզություն ցուցաբերել
    1999 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 8/1 էջ 8–13

Եհովան իր փառքը հայտնում է խոնարհներին

«Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։

1, 2. ա) Ինչպե՞ս է «Գործք» գիրքը ցույց տալիս, որ Ստեփանոսը լի էր «Սուրբ Հոգով եւ հաւատքով»։ բ) Ի՞նչն է վկայում, որ Ստեփանոսը խոնարհ էր։

ՍՏԵՓԱՆՈՍԸ «Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր»։ Նա նաև լի էր «շնորհներով եւ զօրութեամբ»։ Լինելով Հիսուսի վաղ աշակերտներից մեկը՝ նա «մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ»։ Մի անգամ որոշ անձինք «վերկացան» ու սկսեցին վիճաբանել նրա հետ, սակայն «չէին կարողանում դէմ կենալ այն իմաստութեանը՝ եւ այն հոգուն, որով նա խօսում էր» (Գործք 6։5, 8–10)։ Պարզ երևում է, որ Ստեփանոսը Աստծո Խոսքի փութաջան ուսումնասիրող էր, և նա վարպետորեն պաշտպանեց այդ Խոսքը իր օրերի հրեա կրոնական առաջնորդների առջև։ Նրա տված հանգամանալի վկայությունը, որը արձանագրված է Գործք 7–րդ գլխում, փաստում է, որ նրան մեծապես հետաքրքրում էին Աստծո նպատակի մանրամասները։

2 Ի տարբերություն այդ կրոնական առաջնորդների, որոնք, ունենալով դիրք և գիտելիքներ, իրենց ավելի բարձր էին համարում մյուսներից՝ Ստեփանոսը խոնարհ էր (Մատթէոս 23։2–7; Յովհաննէս 7։49)։ Թեև նա շատ լավ գիտեր Գրությունները, այնուամենայնիվ, անչափ ուրախ էր, որ իրեն հանձնարարվել էր ‘սեղանին ծառայել’, որպեսզի առաքյալները ի վիճակի լինեին ‘հետևելու’ «աղօթքին եւ խօսքի պաշտամունքին»։ Ստեփանոսը լավ հեղինակություն ուներ եղբայրների մեջ, ուստիև ընտրվեց լինելու մեկն այն յոթ «վկայուած» մարդկանցից, որոնք հանձն էին առնելու սննդի ամենօրյա բաշխումը։ Նա խոնարհաբար ընդունեց նշանակումը (Գործք 6։1–6)։

3. Աստծո անարժան բարության ի՞նչ զմայլեցնող դրսևորում տեսավ Ստեփանոսը։

3 Ստեփանոսի խոնարհությունը, ինչպես նաև հոգևոր մտայնությունն ու անարատությունը չվրիպեցին Եհովայի աչքից։ Այն ժամանակ, երբ Ստեփանոսը Ատյանում վկայություն էր տալիս թշնամաբար տրամադրված հրեա առաջնորդներին, վերջիններս «նորա երեսը հրեշտակի երեսի նման տեսան» (Գործք 6։15)։ Նրա երեսը նման էր Աստծո պատգամաբերի երեսի, որի վրա արտացոլված էր մի խաղաղություն, որը բխում է փառքի Աստծուց՝ Եհովայից։ Ատյանի անդամներին համարձակորեն վկայություն տալուց հետո Ստեփանոսը անձամբ տեսավ Աստծո շնորհի՝ անարժան բարության, զմայլեցնող դրսևորումը։ «Նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը» (Գործք 7։55)։ Ստեփանոսը այս հափշտակիչ տեսիլքով մեկ անգամ ևս համոզվեց, որ Հիսուսը Աստծո Որդին ու Մեսիան է։ Տեսիլքը զորացրեց խոնարհ Ստեփանոսին ու վստահեցրեց նրան, որ Եհովան բարեհաճորեն է տրամադրված իր հանդեպ։

4. Ո՞ւմ է Եհովան հայտնում իր փառքը։

4 Ստեփանոսին տրված տեսիլքը փաստում է, որ Եհովան իր փառքը ու նպատակը հայտնում է այն անհատներին, ովքեր աստվածավախ են, խոնարհ ու բարձր են գնահատում իրենց փոխհարաբերությունները նրա հետ։ «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 22։4)։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ճշմարիտ խոնարհությունը, ինչպես կարող ենք մեր մեջ մշակել այդ կարևոր հատկությունը և ինչպես կարող ենք օգուտներ ստանալ՝ այն դրսևորելով մեր կյանքի բոլոր ասպարեզներում։

Աստված խոնարհություն է ցուցաբերում

5, 6. ա) Ի՞նչ է խոնարհությունը։ բ) Ինչպե՞ս է Եհովան խոնարհություն դրսևորել։ գ) Ինչպե՞ս պետք է մեզ վրա ազդի այն, որ Եհովան խոնարհություն է ցուցաբերում։

5 Ոմանք գուցե զարմանան, որ Եհովա Աստված՝ տիեզերքի բարձրագույն ու ամենափառավոր անձնավորությունը, խոնարհության մեծագույն օրինակն է։ Դավիթ թագավորը, դիմելով Եհովային, ասաց. «Տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը [«խոնարհությունը», ՆԱ] մեծացնում է ինձ» (Սաղմոս 18։35)։ Խոսելով Եհովայի մասին որպես խոնարհ անձնավորության՝ Դավիթն օգտագործում է մի եբրայերեն բառ, որի արմատը նշանակում է «կռացած լինել»։ Բացի «խոնարհություն» իմաստից, այդ արմատի հիման վրա կազմված այլ բառեր ունեն «ցածրություն», «հեզություն» և «ներողամտություն» իմաստները։ Եհովան խոնարհություն ցուցաբերեց, երբ «կռացավ», որպեսզի առնչություններ ունենա անկատար մարդ Դավիթի հետ ու նրան օգտագործի որպես իրեն ներկայացնող թագավոր։ 18–րդ սաղմոսին նախորդող գրությունը ցույց է տալիս, որ Եհովան պաշտպանել ու նեցուկ է կանգնել Դավիթին՝ ազատելով նրան «բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը»։ Դավիթը գիտեր, որ ինքը՝ որպես թագավոր, մեծություն կամ փառք կստանար միայն այն դեպքում, եթե Եհովան, խոնարհություն դրսևորելով, իր օգտին քայլեր ձեռնարկեր։ Այս բանի գիտակցումը օգնեց Դավիթին միշտ խոնարհ մնալ։

6 Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Եհովան հարմար է գտել, որ ճշմարտությունը մեզ սովորեցնի, ու նա իր կազմակերպության միջոցով մեզ գուցե շնորհել է հատուկ առանձնաշնորհումներ ծառայության մեջ կամ մեզ օգտագործել է ինչ–​որ ձևով իր կամքը կատարելու համար։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր մոտեցումը այս ամենին։ Չպե՞տք է խոնարհ լինենք։ Չպե՞տք է երախտապարտ լինենք Եհովային իր ցուցաբերած խոնարհության համար և խուսափենք ինքներս մեզ բարձրացնելուց, որը, անկասկած, դժբախտության կհանգեցնի (Առակաց 16։18; 29։23)։

7, 8. ա) Ինչպե՞ս է Եհովան իր խոնարհությունը ցույց տվել Մանասեի նկատմամբ։ բ) Ինչպե՞ս են Եհովան ու Մանասեն օրինակ թողել խոնարհություն ցուցաբերելու մեջ։

7 Եհովան ոչ միայն մեծ խոնարհություն է դրսևորել՝ անկատար մարդկանց հետ առնչություններ ունենալով, այլև պատրաստակամություն է հանդես բերել գթալու նրանց, ովքեր խոնարհամիտ են, և, նույնիսկ ավելին, բարձրացնելու նրանց, ովքեր իրենք իրենց խոնարհեցնում են (Սաղմոս 113։4–7)։ Վերցնենք, օրինակ, Հուդայի թագավոր Մանասեի դեպքը։ Չարաշահելով իր դիրքը՝ այդ թագավորը խրախուսեց կեղծ երկրպագությունը ու «շատ չարութիւն արավ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց»՝ վիրավորեց (Բ Մնացորդաց 33։6)։ Ի վերջո Եհովան պատժեց Մանասեին՝ Ասորեստանի թագավորին թույլ տալով, որ նրան գահընկեց անի։ Բանտում Մանասեն «խնդրեց իր Տէր Աստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ», ուստի Եհովան վերադարձրեց նրան Երուսաղեմ՝ իր գահին, և Մանասեն «իմացաւ, որ Եհովան է Աստուած» (Բ Մնացորդաց 33։11–13)։ Այո, Մանասեն վերջում խոնարհամտություն ցուցաբերեց, ու դա դուր եկավ Եհովային, որն էլ իր հերթին խոնարհություն ցուցաբերեց՝ ներելով նրան ու վերականգնելով նրա թագավորական իշխանությունը։

8 Եհովայի ներելու պատրաստակամությունը և Մանասեի զղջամտությունը մեզ համար խոնարհության վերաբերյալ կարևոր դասեր են։ Միշտ պետք է հիշենք, որ այն, թե ինչպես ենք վերաբերվում մեզ վիրավորող անձանց ու թե ինչ մտայնություն ենք հանդես բերում, երբ մեղք ենք գործում, կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես մեզ հետ կվարվի Եհովան։ Եթե պատրաստակամորեն ներում ենք ուրիշների սխալները ու խոնարհաբար ընդունում ենք մեր թերացումները, ապա կարող ենք Եհովայից գութ ակնկալել (Մատթէոս 5։23, 24; 6։12)։

Աստծո փառքը խոնարհներին է հայտնվում

9. Խոնարհությունը թուլությա՞ն նշան է։ Բացատրե՛ք։

9 Խոնարհությունն ու դրա հետ կապված հատկությունները չպետք է շփոթել թուլության կամ սխալը հանդուրժելու հակման հետ։ Սուրբ Գրությունները վկայում են, որ թեև Եհովան խոնարհ Աստված է, բայցևայնպես նա, եթե հարկ է լինում, արդարացիորեն վրդովվում է ու ահռելի զորություն է գործադրում։ Քանի որ Եհովան խոնարհ է, նա հատուկ ուշադրություն է դարձնում խոնարհամիտներին, սակայն իրեն հեռու է պահում հպարտներից (Սաղմոս 138։6, ՆԱ)։ Ինչպե՞ս է Եհովան նման ուշադրություն ցույց տալիս իր խոնարհ ծառաներին։

10. Համաձայն Ա Կորնթացիս 2։6 10-ի՝ ի՞նչ է Եհովան հայտնում խոնարհներին։

10 Իր որոշած ժամանակին ու ընտրած հաղորդակցման ուղու միջոցով Եհովան խոնարհներին հայտնում է իր նպատակի իրականացման փառավոր մանրամասնությունները։ Դրանք ծածկված են մնում նրանցից, ովքեր հպարտորեն ապավինում են մարդկային իմաստությանն ու մտածելակերպին կամ համառորեն կառչած են մնում դրանցից (Ա Կորնթացիս 2։6–10)։ Սակայն խոնարհները, Եհովայի նպատակի մասին ճշգրիտ հասկացողություն ունենալով, սրտանց ցանկանում են մեծարել նրան, քանի որ շատ բարձր են գնահատում նրա տպավորիչ փառքը։

11. Առաջին դարում ինչպե՞ս ոմանք խոնարհության պակաս ցուցաբերեցին, և ինչպե՞ս նրանք դրանով վնաս բերեցին իրենց։

11 Առաջին դարում շատերը, այդ թվում նրանք, ովքեր իրենց քրիստոնյա էին համարում, խոնարհության պակաս ցուցաբերեցին ու չկարողացան ընդունել Աստծո նպատակի վերաբերյալ Պողոս առաքյալի հայտնածը։ Պողոսը «հեթանոսների», այսինքն՝ ազգերի «առաքեալ» դարձավ, բայց դա իր ազգության, կրթության, տարիքի կամ բազմաթիվ լավ գործերի շնորհիվ չեղավ (Հռովմայեցիս 11։13)։ Հաճախ մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդիկ դրանք համարում են հանգամանքներ, որոնք որոշիչ դեր են խաղում, թե Եհովան ո՛ւմ կօգտագործի իր նպատակի մեջ (Ա Կորնթացիս 1։26–29; 3։1; Կողոսացիս 2։18)։ Բայց Պողոսին Եհովան էր ընտրել՝ իր սիրառատ բարության ու արդար նպատակին համահունչ (Ա Կորնթացիս 15։8–10)։ Նրանք, ում Պողոսն անվանեց «մեծամեծ առաքեալներ», ինչպես նաև մյուս հակառակորդները, մերժեցին ընդունել Պողոսին ու Գրությունների հիման վրա նրա բերած փաստարկները։ Խոնարհության պակասը խանգարեց նրանց գիտելիքներ ու հասկացողություն ստանալ այն մասին, թե ինչ փառավոր ձևով է Եհովան իրագործում իր նպատակը։ Եկեք երբեք չթերագնահատենք այն անձանց, ում Եհովան ընտրում է, որպեսզի նրանց միջոցով իրագործի իր կամքը, և նրանց մասին հապճեպ եզրակացություններ չանենք (Բ Կորնթացիս 11։4–6)։

12. Ինչպե՞ս է Մովսեսի օրինակը վկայում, որ խոնարհ անհատները արժանանում են Եհովայի բարեհաճությանը։

12 Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես են խոնարհ մարդիկ արժանացել Եհովայի փառքը որոշակի չափով տեսնելու պատվին։ Մովսեսը, որ «շատ հեզ էր.... բոլոր մարդկանցից աւելի», տեսավ Աստծո փառքը (Թուոց 12։3)։ Նա մտերիմ հարաբերություններ էր վայելում Աստծո հետ։ Այս խոնարհ մարդը, որը 40 տարի համեստորեն հովվություն արեց՝ այդ տարիների մեծ մասը հավանաբար անցկացնելով Արաբական թերակղզում, Արարչի մեծ բարեհաճությանն արժանացավ բազմաթիվ կերպերով (Ելից 6։12, 30)։ Եհովայի աջակցությամբ Մովսեսը դարձավ Իսրայել ազգի գլխավոր կազմակերպիչը և ներկայացուցիչը։ Նա երկկողմանի հաղորդակցություն էր վայելում Աստծո հետ։ Տեսիլքի միջոցով նա տեսավ «Եհովայի կերպարանքը» (Թուոց 12։7, 8; Ելից 24։10, 11)։ Ովքեր ընդունում էին Աստծո այս խոնարհ ծառային ու ներկայացուցչին, նույնպես օրհնվում էին։ Նման կերպով, մենք օրհնություններ կստանանք, եթե ընդունենք ու հնազանդվենք Մովսեսից ավելի մեծ մարգարեին՝ Հիսուսին, ինչպես նաև վերջինիս կողմից նշանակված ‘հավատարիմ և իմաստուն ծառային’ (Մատթէոս 24։45, 46; Գործք 3։22)։

13. Առաջին դարում ինչպե՞ս Եհովայի փառքը հայտնվեց խոնարհ հովիվներին։

13 Ո՞ւմ ‘շուրջը ծագեց Եհովայի փառքը’, երբ հրեշտակը ավետեց ‘Փրկչի՝ Քրիստոս Տիրոջ’ ծնունդը։ Այդ բարի լուրը չհայտնվեց մեծամիտ կրոնական առաջնորդներին կամ բարձր պաշտոն ունեցողներին, այլ խոնարհ հովիվների, որոնք «դաշտում[ն էին մնում ու] գիշերն իրանց հօտերը պահում էին» (Ղուկաս 2։8–11)։ Այդ մարդիկ առանձնապես բարձր համարում չունեին իրենց կատարած գործի և ունակությունների համար։ Սակայն Եհովան հենց նրանց նկատեց ու ընտրեց, որ առաջինը նրանց տեղեկացնի Մեսիայի ծնունդը։ Այո, Եհովան իր փառքը հայտնում է խոնարհ ու աստվածավախ մարդկանց։

14. Ի՞նչ օրհնություններ են խոնարհները ստանում Աստծուց։

14 Ի՞նչ են այս օրինակները սովորեցնում մեզ։ Դրանք փաստում են, որ խոնարհներն են արժանանում Եհովայի բարեհաճությանը և նրանից ստանում գիտելիքներ ու հասկացողություն նրա նպատակի վերաբերյալ։ Աստված ընտրում է այնպիսի անհատների, որոնք գուցե չեն համապատասխանում մարդկանց ինչ–​ինչ ակնկալիքների, և նրանց միջոցով իր փառավոր նպատակը հայտնում է ուրիշներին։ Այս տեղեկությունը պետք է մղի մեզ շարունակել առաջնորդության համար դիմել Եհովային, նրա մարգարեական Խոսքին և կազմակերպությանը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան կշարունակի իր խոնարհ ծառաներին տեղյակ պահել իր փառավոր նպատակի իրագործման մանրամասների մասին։ Ամովս մարգարեն ասաց. «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ամովս 3։7)։

Խոնարհություն մշակիր ու Աստծո բարեհաճությունը վայելիր

15. Ինչո՞ւ պետք է ձգտենք միշտ խոնարհ լինել, և ինչպե՞ս է սա ընդգծվում Իսրայելի թագավոր Սավուղի դեպքում։

15 Աստծո բարեհաճությունը մշտապես վայելելու համար մենք պետք է ամեն ժամանակ խոնարհ լինենք։ Մեկ անգամ խոնարհություն ցուցաբերել չի նշանակում միշտ խոնարհ լինել։ Հնարավոր է, որ անհատը թողնի իր խոնարհությունը ու դառնա հպարտ, ինքն իրեն բարձրացնող անձնավորություն, ինչը կարող է տանել ամբարտավանության և ի վերջո դժբախտության։ Իսրայելի առաջին օծյալ թագավորը՝ Սավուղը, հենց այդպես վարվեց։ Թագավոր ընտրվելու պահին նա ‘իր աչքում փոքր էր երևում’ (Ա Թագաւորաց 15։17)։ Բայց ընդամենը երկու տարի կառավարելուց հետո նա չափից դուրս ինքնավստահ քայլեր կատարեց։ Նա անտեսեց Եհովայի այն կարգադրությունը, որ զոհը Սամուել մարգարեն պետք է մատուցեր, ու ինչ–​ինչ արդարացումներ ներկայացրեց իր կատարածը հիմնավորելու համար (Ա Թագաւորաց 13։1, 8–14)։ Սա սկիզբն էր այն դեպքերի շղթայի, որոնք բացահայտեցին նրա խոնարհության պակասը։ Հետևանքը Աստծո բարեհաճության ու ոգու կորուստն էր, որն ի վերջո հանգեցրեց Սավուղի անարգական մահվան (Ա Թագաւորաց 15։3–19, 26; 28։6; 31։4)։ Միանգամայն հստակ է, թե ինչ դաս ենք քաղում. մենք պետք է ձգտենք միշտ խոնարհ ու հնազանդ լինել և ճնշենք մեր մեջ բարձրամտությունը։ Վարվելով այդպես՝ կխուսափենք չափազանց ինքնավստահ քայլերից, որոնք Եհովայի տհաճությունն են հարուցում։

16. Եհովայի ու մյուսների հետ մեր ունեցած հարաբերությունների մասին խորհրդածելն ինչպե՞ս կարող է օգնել, որ խոնարհություն մշակենք։

16 Թեև խոնարհությունը չի մտնում Աստծո սուրբ ոգու պտղի մեջ, դա Աստծո ցուցաբերած հատկություններից է, հետևաբար մենք պետք է այն մշակենք (Գաղատացիս 5։22, 23; Կողոսացիս 3։10, 12)։ Քանի որ խոնարհությունը կապված է մտքի հետ, այսինքն՝ թե ինչպես ենք դիտում ինքներս մեզ և ուրիշներին, այս հատկությունը մշակելը պահանջում է գիտակցական ջանքեր։ Տրամաբանորեն խորհրդածելով Եհովայի ու մյուսների հետ մեր ունեցած հարաբերությունների մասին՝ մենք կկարողանանք խոնարհ մնալ։ Աստծո աչքում բոլոր անկատար մարդիկ կանաչ խոտի պես են, որ մի որոշ ժամանակ աճում է, հետո թոշնում ու չորանում։ Մարդիկ նաև դաշտի մորեխների նման են (Եսայիա 40։6, 7, 22)։ Խոտի մի ծիլը հիմք ունի՞ հպարտանալու միայն այն պատճառով, որ ինքը մի քիչ ավելի երկար է մյուս ծիլերից։ Իսկ մորեխը հիմք ունի՞ պարծենալու իր հմտությամբ միայն այն պատճառով, որ կարող է մի քիչ ավելի հեռու ցատկել, քան մյուս մորեխները։ Անհեթեթ է նույնիսկ այս մասին մտածելը։ Ուստի Պողոս առաքյալն իր հավատակիցներին հիշեցրեց. «Ո՞վ է քեզ որոշում [«ո՞վ է ան որ քեզ տարբեր կ’ընէ ուրիշներէն», ԱԱ]. ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չ’առածի պէս» (Ա Կորնթացիս 4։7)։ Նման սուրբգրային համարների շուրջ խորհրդածելը կօգնի մեզ մշակել ու միշտ դրսևորել խոնարհություն։

17. Ի՞նչն օգնեց Դանիել մարգարեին խոնարհություն մշակելու, և ի՞նչը կարող է օգնել մեզ նույնը անելու։

17 Եբրայեցի մարգարե Դանիելը «ցանկալի մարդ» էր Աստծո աչքում, քանի որ նա ‘իր անձը խոնարհեցրեց’ (Դանիէլ 10։11, 12)։ Ի՞նչն էր օգնել Դանիելին իր մեջ խոնարհություն մշակելու։ Նախևառաջ՝ նա Եհովային լիովին ապավինում էր՝ կանոնավորաբար նրան աղոթելով (Դանիէլ 6։10, 11)։ Բացի այդ, Դանիելը ջանասիրաբար ու ճիշտ մղումներով էր ուսումնասիրում Աստծո Խոսքը, և այս հանգամանքն օգնեց նրան իր միտքը Աստծո փառավոր նպատակի վրա պահել։ Նաև նա պատրաստ էր ընդունելու իր թերացումները և ոչ միայն իր ժողովրդինը։ Դանիելը անկեղծորեն հետաքրքրված էր ոչ թե իր, այլ Աստծո արդարության ջատագովմամբ (Դանիէլ 9։2, 5, 7)։ Կարո՞ղ ենք Դանիելի ուշագրավ օրինակից ինչ–​որ բան սովորել և ձգտել մեր մեջ խոնարհություն մշակել ու այդ հատկությունը դրսևորել մեր կյանքի բոլոր ոլորտներում։

18. Ի՞նչ փառք է սպասում նրանց, ովքեր այսօր խոնարհություն են ցուցաբերում։

18 «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ [«փառք», ԱԱ] եւ կեանք»,— ասում է Առակաց 22։4–ը։ Այո, Եհովայի բարեհաճությանն են արժանանում նրանք, ովքեր խոնարհ են, և այդ հատկության ցուցաբերման արդյունքը փառք ու կյանք է։ Ասափ սաղմոսերգուն մի պահ գրեթե դադարել էր Աստծուն ծառայելուց, բայց հետո Եհովայի օգնությամբ շտկեց իր մտածելակերպը։ Դրանից հետո նա խոնարհաբար ընդունեց. «Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ’ընդունես ինձ» (Սաղմոս 73։24)։ Ի՞նչ կարելի է ասել մեր մասին այսօր։ Ի՞նչ փառք է սպասում նրանց, ովքեր խոնարհություն են դրսևորում։ Բացի այն, որ խոնարհները կարող են վայելել մտերիմ հարաբերություններ Եհովայի հետ, նրանք կարող են ակնկալել, որ կտեսնեն Դավիթ թագավորի ներշնչյալ խոսքերի իրականացումը. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը»։ Իսկապես, փառավո՛ր ապագա (Սաղմոս 37։11)։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞վ է Ստեփանոսը խոնարհ մարդու օրինակ, որին Եհովան հայտնեց իր փառքը։

• Ի՞նչ կերպերով է Եհովա Աստված խոնարհություն դրսևորում։

• Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովան իր փառքը խոնարհներին է հայտնում։

• Ինչպե՞ս կարող է Դանիելի օրինակը օգնել մեզ, որ խոնարհություն մշակենք։

[12-րդ էջի վրայի շրջանակը]

Հաստատ, բայց խոնարհ

1919 թ.–ին Սիդար Փոյնթում (Օհայո, ԱՄՆ) Աստվածաշունչ ուսումնասիրողները (այժմ հայտնի որպես Եհովայի վկաներ) համաժողով կազմակերպեցին։ 50–ամյա Ջոզեֆ Ռադերֆորդը, որն այդ ժամանակ գլխավորում էր նրանց գործունեությունը, հաճույքով էր ծառայում համաժողովի պատվիրակներին՝ ուղեկցելով նրանց դեպի իրենց սենյակները և օգնելով տանել իրերը։ Համաժողովի վերջին օրը նա 7 000–անոց լսարանին ցնցեց հետևյալ խոսքերով. «Դուք թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ պատվիրակներն եք, որ մարդկանց հռչակում եք.... մեր Տիրոջ փառավոր թագավորությունը»։ Թեպետ եղբայր Ռադերֆորդը հաստատ համոզմունքների տեր մարդ էր և հայտնի իր ազդու խոսքով, ինչպես նաև անզիջում էր այն բանում, ինչ նա համարում էր ճշմարտություն, նա իսկապես խոնարհ էր Աստծո առջև, ու այդ խոնարհությունը հաճախ արտացոլվում էր նրա աղոթքներում, որ նա ասում էր Բեթելում առավոտյան երկրպագության ժամանակ։

[նկար 9–րդ էջի վրա]

Ստեփանոսը, որ լավատեղյակ էր Գրություններին, խոնարհաբար սնունդ էր բաժանում

[նկար 10–րդ էջի վրա]

Մանասեի խոնարհամտությունը հաճելի էր Եհովային

[նկար 12–րդ էջի վրա]

Ինչի՞ շնորհիվ էր Դանիելը «ցանկալի մարդ»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը