Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 10/15 էջ 26–31
  • Զարգացրու իսկական խոնարհություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զարգացրու իսկական խոնարհություն
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խոնարհության մեծագույն օրինակը
  • Ինչու էր Հիսուսը խոնարհ
  • Ինչու է դժվար խոնարհ լինել
  • Զարգացնենք և դրսևորենք իսկական խոնարհություն
  • Խոնարհությունը լուծում է խնդիրները
  • Եհովան իր փառքը հայտնում է խոնարհներին
    2004 Դիտարան
  • Եհովայի համար թանկ են իր խոնարհ ծառաները
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Խոնարհություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Հիսուսը խոնարհության օրինակ թողեց
    2012 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 10/15 էջ 26–31

Զարգացրու իսկական խոնարհություն

«Դու վշտացած [«խոնարհ», ՆԱ] ժողովրդին փրկում ես» (Բ ԹԱԳԱՒՈՐԱՑ 22։28)։

1, 2. Ի՞նչ ընդհանուր բան ունեին շատ կառավարիչներ։

ԵԳԻՊՏՈՍԻ բուրգերը վկայում են այն մարդկանց մասին, ովքեր մի ժամանակ կառավարել են այդ երկիրը։ Պատմության մեջ իրենց հետքն են թողել նաև Սենեքերիմը (Ասորեստան), Ալեքսանդր Մակեդոնացին (Հունաստան) և Հուլիոս Կեսարը (Հռոմ)։ Այս բոլոր կառավարիչներն էլ մեկ ընդհանուր բան ունեին. նրանք խոնարհ անձնավորություններ չէին (Մատթէոս 20։25, 26)։

2 Կարո՞ղ ես պատկերացնել, որ այս կառավարիչներից որևէ մեկը, ըստ սովորության, իր թագավորության մեջ փնտրեր հասարակ հպատակների՝ նրանց մխիթարելու նպատակով։ Դա անհնար է։ Անհնար է նաև պատկերացնել, որ նրանք գնային կոտրված սրտով քաղաքացիների հասարակ բնակարանները, որպեսզի նրանց զորացնեին և քաջալերեին։ Այս առումով որքա՜ն է նրանց ցուցաբերած վերաբերմունքը տարբերվում տիեզերքի Գերիշխանի՝ Եհովա Աստծու ցուցաբերած վերաբերմունքից։

Խոնարհության մեծագույն օրինակը

3. Ինչպե՞ս է Գերիշխանը վերաբերվում իր երկրային հպատակներին։

3 Թեև Եհովան անքննելիորեն մեծ է ու վեհ, այնուամենայնիվ, նրա «աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Ի՞նչ է անում Եհովան, երբ տեսնում է այնպիսի խոնարհ երկրպագուների, որոնց սիրտը տարբեր փորձությունների պատճառով կոտրված է։ Նա «լինում» է այդպիսի մարդկանց հետ իր սուրբ ոգու միջոցով, «որ խոնարհների հոգին կենդանացն[ի], եւ կենդանացն[ի] սրտով կոտրուածներին» (Եսայիա 57։15)։ Ուստի նրա ‘կենդանացած’ երկրպագուներն ի վիճակի են լինում ուրախությամբ և ավելի մեծ թափով ծառայելու նրան։ Ինչպիսի՜ խոնարհություն Աստծու կողմից։

4, 5. ա) Ի՞նչ էր զգում սաղմոսերգուն այն բանի հետ կապված, թե ինչպես է Աստված կառավարում։ բ) Ի՞նչ է նշանակում այն, որ Աստված «խոնարհվում» է, որպեսզի օգնի «խեղճին»։

4 Ամբողջ տիեզերքում ուրիշ ոչ ոք իրեն այնպես չի խոնարհեցրել մեղավոր մարդկանց օգնելու համար, ինչպես Գերիշխան Տերը։ Ուստի սաղմոսերգուն բոլոր հիմքերն ուներ գրելու. «Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։ Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։ Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։ Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը» (Սաղմոս 113։4–7)։

5 Եհովան անարատ է և սուրբ, ուստի նրա մեջ բոլորովին չկա «ամբարտաւանութիւն» (Մարկոս 7։22, 23)։ «Խոնարհվում» բառը կարող է նշանակել՝ իջնել սոցիալապես ցածր դիրք ունեցող մարդու աստիճանին, կամ ստորադաս անձնավորության հետ ինչ–​որ առնչություն ունենալու համար իջնել սեփական բարձր դիրքից։ Որքա՜ն լավ է Սաղմոս 113։6–ը նկարագրում մեր խոնարհ Աստծուն, Աստված, որը սիրով լի ուշադրություն է դարձնում իր անկատար երկրպագուների կարիքներին (Բ Թագաւորաց 22։36, ՆԱ)։

Ինչու էր Հիսուսը խոնարհ

6. Ո՞րն էր Եհովայի խոնարհության մեծագույն դրսևորումը։

6 Աստծու խոնարհության և սիրո մեծագույն դրսևորումն այն էր, որ նա իր սիրելի առաջնեկ Որդուն ուղարկեց երկիր՝ ծնվելու որպես մարդ և մահանալու մարդկանց փրկության համար (Յովհաննէս 3։16)։ Հիսուսը մարդկանց սովորեցրեց ճշմարտությունը իր երկնային Հոր մասին և տվեց իր կատարյալ մարդկային կյանքը, որպեսզի ‘վեր առնի աշխարհի մեղքը’ (Յովհաննէս 1։29; 18։37)։ Կատարելապես արտացոլելով իր Հոր հատկությունները, այդ թվում նրա խոնարհությունը՝ Հիսուսը պատրաստ էր կատարելու Աստծու կամքը։ Նա խոնարհության և սիրո մեծագույն օրինակն է Աստծու ստեղծած բանական էակների մեջ։ Բոլորը չէ, որ գնահատեցին Հիսուսի խոնարհությունը. նրա թշնամիները նրան նույնիսկ համարում էին ‘մարդկանց անարգը’ (Դանիէլ 4։17)։ Սակայն, ի տարբերություն նրանց, Պողոս առաքյալը գիտակցում էր, որ իր հավատակիցները պետք է ընդօրինակեն Հիսուսին և միմյանց հանդեպ խոնարհությամբ վարվեն (Ա Կորնթացիս 11։1; Փիլիպպեցիս 2։3, 4)։ Պողոսն ընդգծում է Հիսուսի ուշագրավ օրինակը՝ գրելով.

7, 8. ա) Ինչպե՞ս է Հիսուսը խոնարհություն սովորել։ բ) Ի՞նչ կոչ է ուղղում Հիսուսն իր հավանական աշակերտներին։

7 «Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել [«նրա մտքով չանցավ հափշտակություն կատարել՝ Աստծուն հավասար լինել», ՆԱ]։ Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2։5–8)։

8 Ոմանք գուցե հարցնեն. «Ինչպե՞ս է Հիսուսը խոնարհություն սովորել»։ Անթիվ–​անհամար տարիներ Հիսուսը սերտ հաղորդակցության մեջ է եղել իր երկնային Հոր հետ, և այդ ամբողջ ժամանակ նա բոլոր բաների արարչության ‘ճարտարապետն’ էր Աստծու մոտ (Առակաց 8։30)։ Եդեմի ապստամբությունից հետո Աստծու Առաջնեկը կարող էր տեսնել, թե ինչպես է իր Հայրը խոնարհաբար վարվում մեղավոր մարդկանց հետ։ Ուստի պատահական չէ, որ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ արտացոլեց իր Հոր խոնարհությունը և մարդկանց կոչ արեց. «Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք» (Մատթէոս 11։29; Յովհաննէս 14։9)։

9. ա) Ի՞նչ գրավիչ բան էր տեսնում Հիսուսը երեխաների մեջ։ բ) Երեխային որպես օրինակ բերելով՝ ի՞նչ սովորեցրեց Հիսուսը։

9 Քանի որ Հիսուսն իսկապես խոնարհ անձնավորություն էր, երեխաները չէին վախենում նրանից։ Ավելին, նրանք ցանկանում էին Հիսուսի մոտ լինել։ Իսկ Հիսուսը քնքշանքով էր վերաբերվում երեխաներին և նրանց ուշադրություն էր դարձնում (Մարկոս 10։13–16)։ Ի՞նչ գրավիչ բան էր տեսնում Հիսուսը երեխաների մեջ։ Անշուշտ, երեխաներն ունեին այնպիսի ցանկալի հատկություններ, որոնք Հիսուսի չափահաս աշակերտներից մի քանիսը միշտ չէ, որ դրսևորում էին։ Բոլորին է հայտնի, որ երեխաները մեծերին իրենցից բարձր են համարում։ Դա երևում է հենց այն բանից, որ նրանք շատ հարցեր են տալիս։ Այո, շատ չափահասների համեմատությամբ՝ երեխաներն ավելի են տրամադրված ինչ–​որ բան սովորելու և նրանց պես հակված չեն հպարտության։ Մի անգամ Հիսուսը, մի երեխայի կանչելով իր մոտ և ցույց տալով նրան, իր հետևորդներին ասաց. «Եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը»։ Հետո շարունակեց. «Ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ» (Մատթէոս 18։3, 4)։ Հիսուսը հետևյալ կանոնը նշեց. «Ամեն ով որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի, եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանայ» (Ղուկաս 14։11; 18։14; Մատթէոս 23։12)։

10. Ի՞նչ հարցեր կքննարկենք։

10 Այս ճշմարտությունը կարևոր հարցեր է առաջ քաշում։ Գիտենք, որ մեր հավիտենական կյանքի հեռանկարը մասամբ կախված է այն բանից, թե արդյոք իսկական խոնարհություն կզարգացնենք մեր մեջ։ Բայց քրիստոնյաները երբեմն դժվարանում են խոնարհ լինել։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է մեզ համար դժվար ճնշել մեր հպարտությունը և փորձության ժամանակ խոնարհություն դրսևորել։ Ի՞նչը կօգնի մեզ, որ հաջողության հասնենք իսկական խոնարհություն զարգացնելու հարցում (Յակոբոս 4։6, 10)։

Ինչու է դժվար խոնարհ լինել

11. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ մենք պայքարում ենք խոնարհ լինելու համար։

11 Եթե պայքարում ես, որ խոնարհ լինես, իմացիր, որ միայն դու չես այդպիսի պայքար մղում։ Դեռևս 1920 թ.–ին «Դիտարան» պարբերագրում քննարկվեց մի աստվածաշնչային խորհուրդ խոնարհություն դրսևորելու անհրաժեշտության մասին։ Այնտեղ ասվում է. «Տեսնելով, թե ինչ մեծ կարևորություն է տալիս Տերը խոնարհ լինելուն՝ բոլոր ճշմարիտ աշակերտները մղվում են ամեն օր աշխատելու այս հատկության վրա»։ Այնուհետև անկեղծորեն նշվում է. «Չնայած Գրությունների այս բոլոր հորդորներին՝ մարդու արատավոր էությունը, թվում է, այնպիսին է, որ նրանք, ովքեր մտնում են Տիրոջ ժողովրդի մեջ և խոստանում են գնալ Տիրոջ ճանապարհով, ավելի շատ դժվարանում և ավելի շատ պայքար են մղում այս հատկությունը մշակելու հարցում, քան թե մեկ ուրիշ»։ Այս խոսքերում արտացոլված է պատճառներից մեկը, թե ինչու ճշմարիտ քրիստոնյաները պետք է պայքարեն խոնարհ լինելու համար, այն է՝ մեր մեղավոր էությունը բուռն կերպով ձգտում է ոչ վայել փառքի։ Ինչո՞ւ. քանի որ հետնորդներն ենք մեղավոր մարդկանց՝ Ադամի ու Եվայի, որոնք անձնատուր եղան իրենց եսասիրական փափագներին (Հռովմայեցիս 5։12)։

12, 13. ա) Ինչպե՞ս է աշխարհը խոչընդոտում, որ քրիստոնյաները խոնարհություն դրսևորեն։ բ) Ո՞վ է ավելի դժվարացնում խոնարհություն զարգացնելու մեր պայքարը։

12 Կա ևս մեկ պատճառ, որը խոնարհ լինելու հարցում դժվարություն է ստեղծում մեզ համար։ Դա այն է, որ մենք շրջապատված ենք մի աշխարհով, որը քաջալերում է մարդկանց գերազանցել մյուսներին։ Այս աշխարհում տարածում գտած նպատակներից է «մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը» բավարարելու և ‘երկրային հարստությամբ հպարտանալու’ (ԱՆԹ) ձգտումը (Ա Յովհաննէս 2։16բ)։ Հիսուսի աշակերտները չպիտի թույլ տան, որ աշխարհիկ ցանկությունները տիրապետեն իրենց։ Նրանք պետք է իրենց աչքը պարզ պահեն և ուշադրությունը կենտրոնացնեն Աստծու կամքը կատարելու վրա (Մատթէոս 6։22–24, 31–33; Ա Յովհաննէս 2։17)։

13 Երրորդ պատճառը, թե ինչու է դժվար զարգացնել և դրսևորել խոնարհություն, այն է, որ ամբարտավանության հեղինակը՝ Բանսարկու Սատանան, իշխում է աշխարհի վրա (Բ Կորնթացիս 4։4; Ա Տիմոթէոս 3։6, ԷԹ)։ Սատանան ամեն ինչ անում է, որ մարդիկ որդեգրեն իր չար հատկությունները։ Օրինակ՝ նա փորձեց Հիսուսին դրդել, որ երկրպագի իրեն՝ փոխարենը նրան առաջարկելով «աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը»։ Միշտ լինելով խոնարհ՝ Հիսուսը կտրականապես մերժեց Սատանայի առաջարկը (Մատթէոս 4։8, 10)։ Նման ձևով Սատանան փորձում է քրիստոնյաներին դրդել փառատենչության։ Բայց խոնարհ քրիստոնյաները ջանում են հետևել Հիսուսի օրինակին և նրա պես փառքն ու պատիվը ուղղել Աստծուն (Մարկոս 10։17, 18)։

Զարգացնենք և դրսևորենք իսկական խոնարհություն

14. Ի՞նչ է ‘կեղծ խոնարհությունը’։

14 Կողոսացիներին գրած իր նամակում Պողոս առաքյալը նրանց զգուշացրեց, որ մարդկանց տպավորելու նպատակով ձևական խոնարհություն չցուցաբերեն։ Պողոսը դա անվանեց ‘կեղծ խոնարհություն’ (ԱՆԹ)։ Ովքեր պարզապես խոնարհ են ձևանում, նրանք հոգևոր մարդիկ չեն։ Նման մարդիկ դրանով իրականում ցույց են տալիս, որ «գոռոզացած» ու հպարտ են (Կողոսացիս 2։18, 23)։ Հիսուսը այդպիսի կեղծ խոնարհության օրինակներ նշեց։ Նա փարիսեցիներին հանդիմանեց ցուցադրական աղոթքների համար, ինչպես նաև այն բանի համար, որ նրանք ծոմ էին պահում տխուր և տանջահար դեմքերով, որպեսզի նկատվեն մարդկանց կողմից։ Ի տարբերություն նրանց՝ մենք պետք է մեր աղոթքները խոնարհաբար մատուցենք Աստծուն, եթե ուզում ենք, որ դրանք ընդունելի լինեն (Մատթէոս 6։5, 6, 16)։

15. ա) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խոնարհ լինենք։ բ) Խոնարհության ի՞նչ լավ օրինակներ կարող եք բերել։

15 Քրիստոնյաները կկարողանան իսկապես խոնարհ լինել, եթե իրենց միտքը կենտրոնացնեն խոնարհության լավագույն օրինակների՝ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի վրա։ Դրա համար անհրաժեշտ է կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված այն հրատարակությունները, որ տալիս է «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթէոս 24։45)։ Շատ կարևոր է, որ այդպիսի ուսումնասիրություն կատարեն քրիստոնյա վերակացուները, որպեսզի ‘նրանց սիրտը իրենց եղբայրների վրա չհպարտանա’ (Բ Օրինաց 17։19, 20; Ա Պետրոս 5։1–3)։ Կարող ենք խորհրդածել այն բազմաթիվ անձանց օրինակների շուրջ, ովքեր օրհնվել են իրենց խոնարհության համար. նրանցից են՝ Հռութը, Աննան, Եղիսաբեթը և շատ ուրիշներ (Հռութ 1։16, 17; Ա Թագաւորաց 1։11, 20; Ղուկաս 1։41–43)։ Ուշադրության են արժանի նաև խոնարհության այն հրաշալի օրինակները, որ Եհովայի ծառայության մեջ թողել են շատ հեղինակավոր անձինք, որոնցից են՝ Դավիթը, Հովսիան, Հովհաննես Մկրտիչը և Պողոս առաքյալը (Բ Մնացորդաց 34։1, 2, 19, 26–28; Սաղմոս 131։1; Յովհաննէս 1։26, 27; 3։26–30; Գործք 21։20–26; Ա Կորնթացիս 15։9)։ Հապա խորհենք խոնարհության այն բազում օրինակների շուրջ, որ գտնում ենք այսօր քրիստոնեական ժողովում։ Դրանք կարող են օգնել ճշմարիտ քրիստոնյաներին, որ «միմեանց հանդէպ խոնարհութիւն ունե[նան]» (Ա Պետրոս 5։5, ԷԹ)։

16. Ինչպե՞ս է քրիստոնեական ծառայությունն օգնում մեզ խոնարհ լինել։

16 Կանոնավորաբար քրիստոնեական ծառայությանը մասնակցելը նույնպես կարող է օգնել, որ խոնարհ լինենք։ Խոնարհություն դրսևորելով՝ կարող ենք տնետուն և այլ տեսակի ծառայության ժամանակ արդյունավետորեն քարոզել մեզ անծանոթ մարդկանց, հատկապես եթե բնակիչը հենց սկզբից անտարբեր կամ կոշտ արձագանք է տալիս Թագավորության լուրին։ Հաճախ մարդիկ մեր համոզմունքների դեմ առարկություններ են բերում, սակայն խոնարհությունը կարող է մեզ օգնել, որ անհատի հարցերին պատասխանենք մեղմությամբ և խոր հարգանքով (Ա Պետրոս 3։15, ՆԱ)։ Աստծու խոնարհ ծառաները տեղափոխվել են նոր տարածքներ և օգնել տարբեր մշակույթի և տարբեր կենսամակարդակ ունեցող մարդկանց։ Նրանցից շատերը խոնարհաբար սովորել են նոր լեզու, ինչը հեշտ գործ չէ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ունենան բարի լուրը հաղորդելու այդ լեզուներով խոսող մարդկանց։ Որքա՜ն գովելի է (Մատթէոս 28։19, 20)։

17. Քրիստոնեական ո՞ր պարտականությունները կատարելու համար խոնարհություն է պահանջվում։

17 Խոնարհություն դրսևորելով և ուրիշների շահերը սեփական շահերից վեր դասելով՝ շատերը կատարում են իրենց քրիստոնեական պարտականությունները։ Օրինակ՝ խոնարհություն է պահանջվում քրիստոնյա հորից, որպեսզի նա ամբողջ ժամանակ զբաղված չլինի իր գործերով, այլ որոշակի ժամանակ առանձնացնի՝ պատրաստվելու և իր երեխաների հետ Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություն անցկացնելու համար։ Իսկ երեխաներին խոնարհությունն օգնում է պատվել և հնազանդ լինել իրենց անկատար ծնողներին (Եփեսացիս 6։1–4)։ Կանայք, ովքեր անհավատ ամուսին ունեն և ցանկանում են պարկեշտ վարքով և խոր հարգանքով ‘շահել’ իրենց կողակցին, հաճախ են բախվում այնպիսի իրավիճակների, երբ հարկավոր է խոնարհություն դրսևորել (Ա Պետրոս 3։1, 2 ՆԱ)։ Խոնարհություն ու անձնազոհ սեր է անհրաժեշտ ցուցաբերել նաև այն ժամանակ, երբ հոգում ենք մեր տկար ու ծեր ծնողների կարիքները (Ա Տիմոթէոս 5։4)։

Խոնարհությունը լուծում է խնդիրները

18. Ինչպե՞ս կարող է խոնարհությունը մեզ օգնել, որ լուծենք խնդիրները։

18 Աստծու բոլոր ծառաներն էլ անկատար են (Յակոբոս 3։2)։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է տարաձայնություններ առաջանան քրիստոնյաների միջև։ Նրանցից մեկը գուցե մյուսից դժգոհ լինելու հիմնավոր պատճառ ունենա։ Նման իրավիճակում սովորաբար խնդիրը կարելի է լուծել՝ կիրառելով հետևյալ խորհուրդը. «Իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն [«Եհովան», ՆԱ] էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք» (Կողոսացիս 3։13)։ Ճիշտ է, այս խորհրդին հետևելը հեշտ չէ, բայց խոնարհությունը կօգնի անհատին, որ կիրառի այն։

19. Ի՞նչ պետք է հիշենք, երբ ուզում ենք մոտենալ մեզ վիրավորած անձնավորությանը և խոսել նրա հետ։

19 Որոշ դեպքերում քրիստոնյան գուցե զգա, որ իր դժգոհության հիմնավոր պատճառը շատ լուրջ է տվյալ արարքը ծածկելու համար։ Այդ դեպքում խոնարհությունը կօգնի նրան խաղաղությունը վերականգնելու նպատակով մոտենալ այն անձնավորությանը, որը, ինչպես ինքն է կարծում, վիրավորել է իրեն (Մատթէոս 18։15)։ Պատճառներից մեկը, որ քրիստոնյաների միջև խնդիրը երբեմն շարունակում է չլուծված մնալ, այն է, որ կողմերից մեկը կամ երկուսն էլ չափազանց հպարտ են և չեն ցանկանում ընդունել իրենց սխալը։ Կամ նա, ով մոտենում է մյուսին, թերևս դա անում է իր ճշտության մեջ համոզված ու քննադատական կեցվածքով։ Այնինչ իսկական խոնարհությունը շատ բան կարող է անել տարաձայնությունները հարթելու հարցում։

20, 21. Խոնարհ լինելու համար մեզ տրված ամենամեծ օգնություններից մեկը ո՞րն է։

20 Խոնարհություն զարգացնելու մեջ կարևոր քայլերից է Աստծուն աղոթելն այն մասին, որ օգնի մեզ և իր սուրբ ոգին տա։ Բայց հիշիր, որ Աստված խոնարհներին է տալիս «անարժան բարություն» (ՆԱ), այդ թվում՝ իր սուրբ ոգին (Յակոբոս 4։6)։ Ուստի եթե տարաձայնություններ ունես հավատակցիդ հետ, աղոթքով Եհովային խնդրիր, որ օգնի քեզ խոնարհաբար ընդունել քո մեղքի բաժինը՝ մեծ թե փոքր։ Եթե դու վիրավորվել ես, և քեզ անկեղծորեն ասում են՝ ներիր, ապա խոնարհաբար ներիր։ Եթե դժվարանում ես ներել, ուրեմն աղոթիր Եհովային, որ քեզ օգնի սիրտդ մաքրելու «իր դիրքերը չզիջող» ամբարտավանությունից։

21 Հասկանալով, թե ինչ բազում օրհնություններ է բերում խոնարհությունը՝ մենք պետք է մեծ ցանկություն ունենանք մեր մեջ զարգացնելու և ամեն ժամանակ դրսևորելու այդ հրաշալի հատկությունը։ Այս նպատակին հասնելու համար մենք Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի գերազանց օրինակներն ունենք։ Միշտ հիշիր Աստծու հավաստիացումը. «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։

Խորհրդածելու հարցեր

• Ովքե՞ր են խոնարհության լավագույն օրինակները։

• Ինչո՞ւ է դժվար խոնարհություն զարգացնելը։

• Ի՞նչը կարող է օգնել մեզ խոնարհ լինել։

• Ինչո՞ւ է շատ կարևոր խոնարհ լինել։

[նկար 26–րդ էջի վրա]

Հիսուսն իսկապես խոնարհ էր

[նկար 28–րդ էջի վրա]

Աշխարհը մարդկանց քաջալերում է ձգտել գերազանցելու մյուսներին

[նկար 28–րդ էջի վրա. թույլտվությամբ]

WHO photo by L. Almasi/K. Hemzǒ

[նկար 29–րդ էջի վրա]

Խոնարհությունն օգնում է, որ ծառայության ժամանակ մոտենանք անծանոթ մարդկանց

[նկարներ 30–րդ էջի վրա]

Տարաձայնությունները հաճախ կարելի է հարթել՝ խոնարհաբար և սիրառատորեն դիմացինի արարքը ծածկելով

[նկարներ 31–րդ էջի վրա]

Քրիստոնյաները խոնարհություն են դրսևորում շատ հարցերում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը